
Գլուխ Ա. - Քրիստոսի կյանքի պատմական աղբյուրները. Հեթանոս աղբյուրներ
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Մենք որտեղի՞ց գիտենք Քրիստոսի կյանքի պատմությունը։ Քրիստոսի կյանքի մասին պատմական արժեք ներկայացնող գրությունները կարելի է գլխավոր երեք մասերի բաժանել. 1) Հեթանոս, 2) Հրեա, 3) Քրիստոնյա աղբյուրներ։
Գիտենք, որ հին ազգերի՝ հնդկական, եգիպտական, հունական, ասորական, պարսկական և ա՛յլ կրոնները և դրանց չաստվածներն առասպելական ծագում ունեն։
Բրահմայի, Օսիրիսի, Արամազդի, Զրադաշտի, Միհրի և ուրիշ անթիվ չաստվածների պատմությունը երևակայությամբ հերյուրված, հին դարերի մշուշով է պարուրված։
Դրանց հակառակ՝ Քրիստոսն ապրել է այնպիսի մի դարում, որի պատմությունը լավ գիտենք։ Հիսուսի կյանքն ընդելուզված է մի շարք պատմական անձանց՝ Օգոստոս և Տիբերիոս կայսրերի, Պիղատոսի, Հերովդեսի, Աննա և Կայիափա քահանայապետերի կյանքի հետ։
Նա ապրել և գործունեություն է ծավալել մինչև այսօր գոյություն ունեցող քաղաքներում և գյուղերում։ Քրիստոսի կյանքի զանազան փուլերն այնպիսի ձևով են շաղախված Պաղեստինի աշխարհագրության, հրեա ժողովրդի ավանդությունների, հոգեբանության հետ, և այնքան բնականորեն են դրանք իրար հետ ներդաշնակվում, որ մեզ իրական պատմության դիմաց գտնվելու վստահությունն են ներշնչում։
Այն ժամանակաշրջանում արդեն իսկ գոյություն ունեին – բառիս լավագույն առումով – հեղինակավոր պատմիչներ, որոնց գլխավոր նպատակը եղած ճշմարիտ պատմությունը գրելն էր և ո՛չ թե առասպելներ հորինելը։
Հույները, հռոմեացիները Քրիստոսից շատ առաջ արդեն քիչ թե շատ վստահելի պատմաբաններ են ունեցել, ինչպիսիք են՝ Հերոդոտոսը (Ք.ա. 480-425), Թուկիդիդեսը (Ք.ա. 460-395), Քսենոփոնը (Ք.ա. 427-355), Սալուստիոսը (Ք.ա. 86-35), Տիտոս Լիվիոսը (Ք.ա. 59 - Ք.հ. 19) և այլն, ովքեր պատմագրական աշխատություններ են հեղինակել՝ մեր արդի ընկալմամբ։
Քրիստոսը ծնվեց հռոմեական կայսրության քաղաքական և գրական ոսկեդարի շրջանում։ Օգոստոսի իմաստուն և հզոր իշխանության վերևում շողում էր խաղաղության ծիածանը։ Լատին գրականությունն իր գագաթնակետին էր հասել։
Պրպտելով նույն ժամանակաշրջանի հեթանոս և հրեա պատմիչների գործերը՝ Հիսուսի կյանքի մասին ցաքուցիր եղած փշուրներ պիտի գտնենք միայն։ Եվ սա շատ բնական երևույթ է պետք նկատել, քանի որ վերոհիշյալ պատմիչները նպատակ չեն ունեցել ուղղակի զբաղվել Քրիստոսի անձով կամ Նրա հիմնած կրոնով, այլ՝ միայն անցողակի են հիշատակել այն դեմքերն ու դեպքերը, որոնք քրիստոնյաների հետ կապ ունեն։
Նախ հարկավոր է ի նկատի առնել, որ նոր սկզբնավորված լինելով՝ Քրիստոնեությունը Հռոմեական Կայսրության սիրտը թափանցելու հրե ճարակի հատկություն դեռ չուներ, այլ՝ հնոցի միջից դուրս ցայտող կայծերի պատկերն ուներ միայն։ Դրա համար էլ նույն շրջանի պատմագրության մեջ ուշագրավ տեղ չի զբաղեցրել։ Մի կողմ թողնենք նաև այն փաստը, որ նույն շրջանի հռոմեացի պատմիչների գործերից մեզ շատ բան չի հասել։
Քննադատ Յոհան Ուայսն[1] ասում է. «Ովքե՞ր են հռոմեացի այն բազմաթիվ ժամանակագիրները, որոնց գործերն ի զուր այնքան թերթվում են՝ որևէ վկայություն գտնելու համար։ Անկեղծ ասած՝ դրանք ո՛չ իսկ գոյություն ունեն, որովհետև բացի Տակիտոսից ու Սվետոնիոսից, հին կայսրության մասին գրավոր ամբողջ ավանդությունը կորստյան է մատնվել։ Ուրեմն ի վիճակի չենք իմանալու, թե հռոմեացի հին պատմիչներն ինչքա՛ն խորությամբ են քրիստոնեությունը և Հիսուսի անձն ուսումնասիրել, որ արժանի լինի հիշատակության»[2]։