- 02 -
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
04
-
05
-
Տյուբինգենի դպրոցի հիմնադիր Ֆերդինանդ Բաուռը[1], Ֆրիդրիխ Շլայեռմախեռի ազդեցության ներքո, իմաստասիրական ու կրոնական անթիվ գրություններ հրատարակեց, օրինակ՝ «Պողոսը Հիսուս Քրիստոսի առաքյալ» (1845), ուր խոսում է Առաջին դարի քրիստոնյաների մասին։
Բաուռը տարիներ անց Շլայեռմախեռի ազդեցությունից հեռանալով՝ հարեց Հեգելին և նրա իմաստասիրական սկզբունքները ջանաց հարմարեցնել առաջին քրիստոնյաների կյանքին։
Նրա համաձայն՝ Ավետարաններում նկարագրված Հիսուսի պատմությունը սերտ առնչություն ունի առաջին քրիստոնյաների կրոնական զանազան զգացումների և դրանց համապատասխանող հանգրվանների հետ։
Բաուռն ասում է, թե Հիսուսի առաջին հավատացյալների շրջանում գոյություն ունեցող այլազան ձգտումները, օրինակ՝ Պետրոս Առաքյալի հրեական հակումները, Պողոսի հելլենասիրությունը, և այլն, իրենց հետքն են թողել և բյուրեղացել են Ավետարաններում։ Նոր Կտակարանը հավատարմորեն հայելացնում է առաջին քրիստոնյաների բարեպաշտությունը, սովորությունները և կրոնական զգացումները։
Շտռաուսի նման, Բաուռն էլ է կարծում, թե առասպելի ձևավորումը երկար ժամանակի կարիք ունի։ Հետևաբար, Ավետարաններն աստիճանաբար են կատարելագործվել և վերջնականապես Երկրորդ դարում են գրի առնվել։
Շտռաուսի և Բաուռի հետ սերտորեն կապված է Բռունո Բաուեռ[2] բանասերի անունը։
Բաուեռն իր երկու գաղափարակիցների նման հարում է Հեգելի իմաստասիրությանը և քայլում է նրանց գծած ուղիով։ Սակայն պարսավում է նրանց, կես ճանապարհին մնացած լինելու պատճառով։ Բաուեռի նախորդները մերժում էին հրաշքի, գերբնականի գոյությունը, սակայն ընդունում էին Հիսուսի պատմականությունը։ Բաուեռը, մի քայլ առաջ գնալով, մերժում է նաև պատմական Հիսուսի գոյությունը։ Նա մերժում է նաև չորս Ավետարանների պատմականությունը և Պողոս Առաքյալի նամակների վավերականությունը։
Սույն շրջանում ստեղծվում է «Ազատական դպրոցը» (Լիբերալ դպրոց), որի անդամները որոշ չափով հեռանում են իրենց նախորդներից և նոր գաղափարներ են հրապարակ նետում։
Ազատական հեղինակները՝ Թեոդոր Ցանը, Բեռնարդ Վայսսը[3], Հայնրիխ Հոլթցմաննը, Դանիել Շենկելը[4], Յոհան Բեյշլագը[5], Կառլ Վայցսեկքերը[6], Յուլիուս Ուելհաուզենը, Ադոլֆ Հառնակը և այլոք, ընդհանուր դրույթներում նույն գաղափարները հայտնելով հանդերձ՝ շատ հարցերում իրարից տարբերվում են։
Ճիշտ է, որ նրանք ընդունում են պատմական Քրիստոսի գոյությունը, ով սակայն ո՛չ Մեսսիան է, ո՛չ էլ որևէ մարգարե կամ հրաշագործ մեկը։ Նրանք Հիսուսի կյանքը քննում են ավելի հոգեբանական տեսանկյունից։ Նրանց համաձայն՝ Հիսուսի վարդապետությունը հիմնվում է Աստծո հայրության զգացման վրա։ Քրիստոսի քարոզած «Երկնքի Արքայությունը» մի ներքին, հոգեկան արքայություն է։
Քրիստոսին վերագրված «Աստծո Որդի» բացատրությունը բարոյական իմաստով է ասված, իսկ «Մարդու Որդի» արտահայտության մեջ մարդկությունը պետք է վերացական իմաստով հասկացվի։
Շվայթցերը, ով արմատական (ռադիկալ) հոսանքին էր պատկանում, ազատականներին (լիբերալներին) քննադատելով՝ ասում է, թե՝ թեև հմտությունը նրանց չէր պակասում, սակայն պակասում էր անկեղծությունը։
Ազատական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցիչն, անտարակույս, Ադոլֆ Հառնակն է, ում անթիվ ուսումնասիրություններից հիշենք իր գլուխգործոցը՝ «Քրիստոնեության էությունը» (1900)։
Հառնակի համաձայն՝ Հիսուսի մեջ տիրող է եղել Աստծո հայրության գաղափարը, և այս գաղափարից է ծնվել նրա Աստծո Որդի, հետևաբար նաև Մեսսիա լինելու գիտակցությունը։ Հիսուսն իր այս գիտակցությանը մասնակից է անում մարդկանց։
Հառնակի համաձայն՝ Քրիստոսն Աստծո ճշմարիտ Որդին չէ, Աստված չէ։ Ավետարաններում նման հավաստում իբրև թե չկա։
Հառնակն ասում է, թե Մատթեոսին և Մարկոսին վերագրված Ավետարանները կազմված են «Խոսքեր» (Logia) կոչվող գրություններից, որոնց բուն հեղինակը Մատթեոս Առաքյալն է, ով դրանք 50-ական թվականներին է գրել։ «Խոսքեր»ից հետո գալիս է Մարկոսի Ավետարանը։ Իսկ երրորդ Ավետարանի և «Գործք Առաքելոց» գրքի հեղինակը Ղուկասն է։ Չորրորդ Ավետարանը գրվել է ո՛չ թե Հովհաննես Առաքյալի կողմից, այլ՝ Հովհաննես Երեցի, ով Հովհաննես Առաքյալի հետևորդներից է եղել։
Ազատական դպրոցի մեկ ա՛յլ ներկայացուցիչ է Լուի Սաբատյեն[7], ով ճիշտ Հառնակի նման ասում է, թե Քրիստոսն Աստված չէ, այլ՝ սոսկ մի մարդ, ում սրտում հայտնվել է Աստծո ընդհանուր հայրության գաղափարը։
Ազատական Դպրոցն էլ, իր հերթին, իր մայրամուտն ունեցավ։
Ուիլիամ Վրեդեն[8] իր «Մեսսիական գաղտնիքն Ավետարաններում» (1901) գրքում քննադատում է ազատական հեղինակների թյուր կարծիքները։
Ազատական Դպրոցի ներկայացուցիչներից շատերն ասում էին, թե Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենահինը լինելով՝ պատմական Հիսուսի մասին մեզ ավելի ճշգրիտ տեղեկություններ է տալիս, և որ Քրիստոսի քարոզած կրոնը պարզապես մի ներքին կրոն է։ Հիսուսը երբեք չի խորհել մնայուն մի Եկեղեցի հիմնելու մասին, և հավակնություն էլ չի ունեցել Ինքն Իրեն աստվածային կամ գերբնական էակ նկատելու։
Արդ, Վրեդեն, ազատականներին քննադատելով, փաստացի ցույց է տալիս, որ Մարկոսի Ավետարանում Հիսուսը քիչ թե շատ նույնքան գերբնական և հրաշագործ մեկն է ներկայանում, որքան մյուս երեք Ավետարաններում։ Հիսուսը, Մարկոսի համաձայն էլ, գիտակից է Իր ճշմարիտ Մեսսիա լինելուն և այդ ուղղությամբ էլ քարոզում է ու գործում։
Ազատական հոսանքի դեմ է նաև Ռենանը, ով նշանավոր է «Հիսուսի կյանքը» հատորով (1863), ուր մերժում է Հիսուսի աստվածությունը։
Նրա համաձայն՝ Հիսուսը սովորական մարդ էր, ով աստիճանաբար, հոգեբանական զանազան հանգրվաններից հետո ենթագիտակցորեն սկսել է համոզում գոյացնել, թե Ինքը Մեսսիան է, Աստծո Որդին։
Ահա՛ նրա խոսքերը. «Հիսուսը երբեք չի արտահայտել ''Աստված'' լինելու սրբապիղծ գաղափարը»[9]։ «Նա Աստծո որդին է, սակայն ամեն ոք է կամ կարող է Աստծո որդին լինել՝ տարբեր աստիճաններով։ Բոլորն ամեն օր պետք Աստծուն իրենց հայր կոչեն»[10]։ «Աստծո Որդի» կամ պարզապես «որդի» մակդիրը Հիսուսի համար եղավ «Մարդու որդի» մակդիրի նման և որպես այդպիսին՝ հոմանիշ «Մեսսիային»[11]։
Ռենանի համաձայն էլ՝ հրաշք չի կարող գոյություն ունենալ։ Ավետարանների շատ հատվածներ առասպելական են, քանի որ հրաշքներով լի են։
Ինչ վերաբերվում է Ավետարաններին, ապա Ռենանն ասում է, թե առաջին Ավետարանը Մարկոսի գրածն է, ով ազդվել է Պողոս Առաքյալից։ Մեզ հասած Մարկոսի Ավետարանը, սակայն, տարբեր է բնագրից։
Մատթեոսի Ավետարանը, – շարունակում է նա, – կազմված է «Խոսքեր» կոչված գրություններից. ի վերջո, դրանց վրա հետագայում ավելացվել են Հիսուսի կյանքից վերցված ինչ-ինչ դրվագներ։
Երրորդ Ավետարանը և «Գործք Առաքելոց» գիրքը գրել է Ղուկասը՝ 70 թվականին։
Իսկ չորրորդ Ավետարանը Ռենանը նախ Հովհաննես Առաքյալին էր վերագրում, սակայն հետո կարծիքը փոխելով՝ դրա հեղինակությունը Հովհաննեսի աշակերտներից մեկին վերագրեց։ Ամեն դեպքում, ազատական հեղինակներին հակառակ, ընդունեց չորրորդ Ավետարանի պատմական արժեք ունենալը։
Այս շրջանում երևան եկան նաև «Կրոնների համեմատական պատմության դպրոց» և «Վախճանաբանական դպրոց» անվան ներքո գիտնականների խմբակցություններ։
«Կրոնների համեմատական պատմության դպրոց»ի հետևորդներն ուսումնասիրեցին Նոր Կտակարանի և Հին Արևելքի կրոնական պատմության մեջ գոյություն ունեցող կապերն ու հարաբերությունները։
Այս հեղինակների համաձայն՝ Հիսուսն էլ մեկն էր այն անձնավորություններից, ովքեր զանազան ժողովուրդների մեջ կրոնի վերանորոգիչներ հանդիսացան։ Հիսուսը, սակայն, մյուսներից ավելի բացառիկ ու կարևոր դեր է կատարել կրոնական հեղաշրջման մեջ։
Ըստ «Վախճանաբանական դպրոց»ին պատկանող հեղինակների, որոնց գլխավոր ներկայացուցիչներից մեկն է Ալբերտ Շվայթցերը, Հիսուսն Աստծո Արքայության գալուստն ավետելով՝ ապագայի հեռանկար կամ Եկեղեցի հիմնելու նպատակ չի ունեցել։ Ընդհակառակը, Նրա քարոզներից կարելի է եզրակացնել, որ աշխարհի վախճանը մոտալուտ է կարծել։
Յոհան Վայսսն արդեն Հիսուսի քարոզներում վախճանաբանական գաղափարներ էր մատնանշել։
Շվայթցերը նույն գաղափարները տեսնում է ո՛չ միայն Հիսուսի քարոզների, այլ նաև՝ նրա ողջ գործունեության մեջ։ Հիսուսի կյանքը վախճանաբանական գաղափարով էր ոգևորված։ Նա համոզված էր, թե ինքն է Մեսսիան, սակայն Հիսուսը միշտ կամեցել է ծածուկ պահել իր Մեսսիա լինելը, քանի որ, – ասում է Շվայթցերը, – նույն շրջանի մտայնության համաձայն՝ Մեսսիան պետք է անծանոթ կյանք վարեր, ծածուկ և արհամարհված մնար։ Դրա համար Հիսուսն առակներով էր խոսում ժողովրդի հետ՝ հաճախ չհասկացվելու վտանգով։ Հիսուսը տեսնելով, որ Երկնքի Արքայությունն ուշանում է, նույնիսկ իր առաքյալներին հրեաների մոտ քարոզելու ուղարկելուց հետո, համոզվում է, որ այդ արքայությունը բոլոր մարդկանց համար չէ, այլ՝ միայն իր համար, գնում է Երուսաղեմ, այնտեղ հրեա կրոնապետերի առջև բացահայտում է իր Մեսսիան լինելը և խաչի մահվամբ մահանում է։
Վերոհիշյալ դպրոցին է պատկանում նաև Ալֆրեդ Լուազին, ով «L'Évangile et l'Église» - «Ավետարանը և Եկեղեցին» (1902), «Autour d'un petit livre» - «Մի փոքրիկ գրքի մասին» (1903) և չորս Ավետարանների մեկնաբանական ա՛յլ գրություններում պաշտպանում է այն կարծիքը, թե Հիսուսն ինքն իրեն Մեսսիա էր կարծում և մոտ էր իր վերջնական հաղթանակին։ Սակայն Նա մահանում է, Նրա աշակերտները կարծում են, թե նա հարություն է առել և պաշտում են նրան իբրև Աստծո Որդի։
Սույն տեսությունը հերքելու դուրս ելավ Պոլ Քուշուն[12], որն ա՛յլ ռացիոնալիստ հեղինակների հետ կրկին հրապարակ նետեց «Հիսուս-առասպել» գաղափարը և բացարձակորեն մերժեց ընդունել Քրիստոսի պատմական անձնավորություն լինելը։
Անգլիացի Ջոն Ռոբերթսընը[13] 1900 թվականին Հիսուսին նույնացրեց Աստվածաշնչում հիշատակված Հեսուի հետ (Հեսու = Հիսուս), որի պաշտամունքը Քրիստոսից շատ առաջ արդեն գոյություն ուներ հրեաների շրջանում։
Ամերիկացի Ուիլիամ Սմիթը[14] 1906 թվականին հրատարակած «Նախաքրիստոնյա Հիսուսը» խորագրով գրքում հաստատում է, թե Հիսուսի պաշտամունքը, հրեաներից բացի, գոյություն ուներ նաև ա՛յլ ազգերի մեջ։
Պետեր Յենսեն[15] ասորագետն էլ իր հերթին ասում էր, թե Մովսեսը, Հիսուսն ու հրեական ա՛յլ անձնավորություններ փոխառնված են բաբելական հին դիցաբանությունից։
Քրիստիան Դրէվսն[16] իր ավելի խորը ուսումնասիրություններով «Հիսուս-առասպել» տեսության ջերմ պաշտպանը հանդիսացավ։
Ավելորդ ենք համարում այս գլուխը երկարացնել՝ մեջբերելով ա՛յլ, առավել կամ նվազ կարևորություն ունեցող հեղինակների կարծիքները, ովքեր շատ անգամ միմյանց հակասում են։
Վերն արձանագրված այլազան տեսություններից և ո՛չ մեկը՝ գոհացուցիչ չլինելով, իրար հետևից անհետացան՝ իրենց տեղը նոր գաղափարների զիջելով։
Աստվածաշունչն ուսումնասիրելու սույն մրցավազքում մի տեսությունը մյուս տեսությանը հերքելու դերը կատարեց, մեկի ծնունդը մյուսի մահվան պատճառը հանդիսացավ։
1910 թվականին Լուազին իրավամբ ասում էր. «Ժամանակակից աստվածաբանությունը ... իսկական Բաբելոնի աշտարակ է, որտեղ գաղափարների խառնակությունն ավելի մեծ է, քան լեզուների զանազանությունը»։
Անարդար պիտի լիներ, սակայն, ասել, որ Հիսուսի աստվածության ընդդիմադիրների այս ծովածավալ երկասիրությունները, այդքան խնամքով ու մանրամասնությամբ կատարված պրպտումները որևէ դրական արդյունք չեն տվել։ Ընդհակառակը, մասնավորապես վերջին շրջանում մասնագետների ժրաջան աշխատանքներն աստվածաշնչային ուսումնասիրություններում մի նոր շրջադարձ ստեղծեցին։
Եվ հատկապես, հաշվի առնելով Ձևերի Պատմության Դպրոցին պատկանող հեղինակների՝ Կառլ Շմիդթի, Մարտին Դիբելյուսի, Ռուդոլֆ Բուլթմաննի, Մարտին Ալբերթցի[17], Գեորգ Բերթրամի, և այլոց, Աստվածաշնչի ուսումնասիրության ոլորտում մատուցած պատկառելի ծառայությունը, հարմար համարեցինք մի առանձին գլուխ հատկացնել նրանց։