
Չորս Ավետարանները
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Ավետարան բառը ծագում է «ավետիս» բառից, որն «ուրախ լուր» է նշանակում։
Հունարենն է «Ευαγγελιον» (Էվանգելիոն), որը հին ժամանակներում ո՛չ միայն «ուրախ լուր», այլ նաև՝ որևէ ուրախ լուրի առիթով տրված «բարի ձեռք» կամ էլ ուրախ լուրի առիթով աստվածներին ընծայված նվերներն էր նշանակում։
Քրիստոնեական իմաստով «ավետիս» բառը նշանակում է գլխավորապես Մեսսիայի բերած «ուրախ լուրը»։
Ավետարանն, ուրեմն, այն գիրքն է, որ պարունակում է «Մեսսիական ավետիսը», մարդկության փրկության ուրախ լուրը։
Ավետարան բառը, որը Քրիստոնեության առաջին շրջանում բանավոր քարոզված Ավետարան էր նշանակում[1], շատ չանցած՝ սկսեց գործածվել միայն «գրավոր Ավետարանների» համար։
Երկրորդ դարում Իրենեոսն այն գործածում էր թե՛ բանավոր և թե՛ գրավոր Ավետարանների համար, մինչդեռ նրան ժամանակակից Հուստինոսը միայն գրավոր Ավետարանների համար էր գործածում։
Ավետարան բառը շատ է գործածվել Առաքյալների կողմից, մասնավորապես՝ Պողոս Առաքյալի կողմից, ով այդ բառն իր Նամակներում հիշատակում է 66 անգամ։
Մեսսիական այս «Ավետիսը», որ առաջին անգամ հրեշտակները հաղորդեցին հովիվներին՝ ասելով. «Ավետարանում ենք ձեզ մեծ ուրախություն»[2], Առաքյալները բոլորին նախ բերանացի էին քարոզում։
Հիսուսը՝ Քրիստոնեության Հիմնադիրը, մեզ որևէ գրավոր գործ չի թողել, որևէ հրահանգ չի տվել, որ Իր աշակերտներն Ավետարան գրեն, այլ՝ պատվիրել է. «Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, ուսուցանեցե՛ք նրանց ... »[3]։ Գրքերի միջոցով չէ, որ պիտի քրիստոնեական հավատքի լույսը տարածվեր, այլ՝ կենդանի խոսքով, աշակերտների քարոզությամբ և Եկեղեցու ավանդություններով։
Եվսեբիոս Կեսարացին, ով եկեղեցական պատմության ամենահին և հմուտ ներկայացուցիչներից է, գրում է, որ Առաքյալները «շատ չէին մտահոգվում գիրք գրելու ... ։ Դրանք (Ավետարանները) գրել որոշեցին միայն կարիքից մղված»[4]։
Առաքյալները, հավատարիմ մնալով իրենց Վարդապետի հրամանին, Պաղեստինի սահմաններն անցնելով՝ փրկագործության ուրախալի լուրը հասցրեցին նաև հեթանոսներին։
Օրեցօր հրեա և հեթանոս հավատացյալների թիվը ստվարանում էր։ Ամեն դասակարգից մարդիկ՝ ունևոր կամ չքավոր, ուսյալ կամ անուս, ծարավի լույսի և սրբության, ընդունում էին Մեծ Խաչյալի վարդապետությունը։
Կարճ ժամանակի ընթացքում մի շարք քաղաքներում և գյուղերում սկսում են քրիստոնյա համայնքներ, եկեղեցիներ ձևավորվել։
Լինի՛ հեթանոս, լինի՛ քրիստոնյա հեղինակների վկայության համաձայն՝ Քրիստոսի հավատացյալներն իրենց հավաքույթներն ունեին, որոնց ընթացքում տեղի էր ունենում քարոզ, քրիստոնեականի ուսուցում, աղոթք, Պատարագ և ա՛յլ սրբազան արարողություններ։
Եկեղեցին օրըստօրե ընդարձակում էր իր սահմանները։
Եվ ահա՛ աստիճանաբար սկսեց անհրաժեշտություն զգացվել, որ Առաքյալներից կամ աշակերտներից ոմանք, ովքեր տեղյակ էին Քրիստոսի կյանքին ու գործերին, գրով հավերժացնեին իրենց իմացածները, այն ամենը, ինչի ականատես վկաներն էին իրենք։
Ոմանք գրեցին համառոտ, մյուսները՝ երկար, քիչ թե շատ այն բաները, որոնք հավաքույթների ժամանակ կամ նորադարձ հավատացյալներին Մկրտության խորհրդի համար պատրաստելիս ավանդվում էին բանավոր։
Ղուկաս Ավետարանիչը, ակնարկելով վերոհիշյալ գրություններին, որոնք հրապարակի վրա ո՛չ արհամարհելի մի թիվ էին կազմում, ասում է. «Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան ... »[5]։
Այն գրությունները, որոնց մասին խոսում է Ղուկասը, միայն մեզ ծանոթ Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները չէին, այլ նաև՝ ուրիշ գրություններ, որոնք Հիսուսի գործերն ու խոսքերն էին պարունակում։
Եկեղեցին, սակայն, այդ բազմաթիվ գրությունների միջից միայն չորս Ավետարաններն է պաշտոնապես իբրև ճշմարտապատում և վավերական գրություններ ընդունել, որոնց հեղինակները, Սուրբ Հոգուց ներշնչված, մեզ են փոխանցել Քրիստոսի հարազատ վարդապետությունը։
Թեև Ավետարանները թվով չորսն են, բայց իրենց ակունքում մեկ ամբողջականություն են կազմում։
Երկրորդ դարի Սուրբ Հայրերից Իրենեոսը չորս Ավետարանները «քառակերպ Ավետարան» է կոչում։ Որոգինեսի համաձայն՝ «չորսը միասին մեկ Ավետարան են կազմում», և կամ Սուրբ Օգոստինոսի խոսքով՝ «Միևնույն Ավետարանի չորս գրքերն են»։
Չորս Ավետարաններից առաջին երեքը հեղինակի ստորագրությունը չեն կրում, այլ խոսքով ասած՝ Ավետարանիչն իր գրած Ավետարանում իր անունը չի հիշատակում։ Միայն Հովհաննես Առաքյալն է, որ իր գրած Ավետարանի վերջում ասում է. «Այս աշակերտն է (ում սիրում էր Հիսուսը), որ վկայում է այս բաների մասին և որ սրանք գրել է»[6]։
Ստույգ գիտենք, հնագույն Ավանդության համաձայն, որ Հիսուսի սիրած աշակերտը Հովհաննես Առաքյալն էր։
Վերոհիշյալ չորս Ավետարաններն էլ Երկրորդ դարի սկզբներին արդեն տարածված էին որպես Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաներ։
Անցնենք, այժմ, դրանք մեկ առ մեկ քննելու։