14) Հայր Գրիգորիս Գալեմքյարյան (1862-1917) – Գրադարան – Mashtoz.org

14) Հայր Գրիգորիս Գալեմքյարյան (1862-1917)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Մխիթարյան Միաբանությանն անդամակցել է 1880 թվականին: Եղել է հայտնի բանասեր, լեզվաբան, մատենագետ, Հայ մամուլի պատմաբան, թարգմանիչ, «Հանդէս ամսօրեայ» պարբերականի խմբագիր:

1880-ականների վերջերից բանասիրական հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին: 1885 թվականից աշխատել է Միաբանության տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ: 1890 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա «Գործնական մեկնութիւն Առաքելական Աթոռոյ Սահմանադրութեան» աշխատությունը:

Գալեմքյարյանը նշանակալից դեր ունի լեզվի պատմության բնագավառում: «Ոսկեդարեան եւ ոչ-ոսկեդարեան հայերէնի խնդիրը» (1903), «Նորագոյն աղբերք Եզնկայ Կողբացւոյ» (1909) գործերով ճշգրտել է դասական հայերենի տարածական սահմանները, քննել է Եզնիկ Կողբացու աշխատությունն ու նրա աղբյուրները, վերականգնել է «Եղծ աղանդոց»ի գիտականորեն ճշգրտված բնագիրը:

Նրա մատենագիտական գործերից ուշագրավ է «Ցուցակ հայերէն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Միւնխէն» (1892) հատորը, որը մինչև այսօր մնում է Մյունխենի արքայական գրադարանի հայերեն ձեռագրերի մասին միակ աղբյուրը:

Գրել է «Պատմութիւն Հայ լրագրութեան ի սկզբանէ մինչեւ մեր օրերը (1794-1860)» ուսումնասիրությունը (1893), որը Հայ լրագրության պատմության սիստեմատիկ շարադրանքի առաջին փորձն է:

Գրել է նաև «Կենսագրութիւն Սարգիս արքեպ.ի Սարաֆեան եւ ժամանակին հայ կաթողիկեայք» (1908), «Կենսագրութիւններ երկու հայ պատրիարքներու եւ տասն եպիսկոպոսներու եւ ժամանակին հայ կաթողիկեայք» (1915), «Արեւելեան հայք ի Պուքովինա» (1915) աշխատությունները:

1897 թվականին գերմաներենից թարգմանել և հրատարակել է Հենրիխ Գելցերի «Պատմութիւն Հայոց համառօտ» աշխատությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։