Իտալիա գնալու համար նույն նավ է մտնում նաև Սսո Կաթողիկոսը – Նավը հանդիպում է Կիպրոս կղզի – Այնտեղ Մխիթարը ծանր հիվանդանում է – Գրադարան – Mashtoz.org

Իտալիա գնալու համար նույն նավ է մտնում նաև Սսո Կաթողիկոսը – Նավը հանդիպում է Կիպրոս կղզի – Այնտեղ Մխիթարը ծանր հիվանդանում է

Մխիթարն ու Հովնան վարդապետը պատրաստվում էին արդեն նավ բարձրանալ, երբ հանկարծ հասավ Սսի Կաթողիկոս Գրիգորը, որն հայտնի էր իր Պիծակ մականունով: Մի եպիսկոպոսի ընկերակցությամբ, նա գնում էր Հռոմ: Նրանք էլ նույն նավը մտան և հարկ եղավ ողջ ճանապարհորդության ընթացքում ամենայն խոհեմությամբ և զգուշությամբ վարվել նրանց հետ:

Այդ տարիներին, ֆրանսիացիների ու անգլիացիների միջև դեռ շարունակվում էր այն թշնամությունը, որ ծագել էր Ստյուարտների տոհմի վերջին թագավոր Հակոբ Երկրորդի առիթով, որն իր կաթողիկե դավանանքի պատճառով գահակալության իրավունքից զրկված լինելով, Լյուդովիկոս Տասնչորսերորդի պաշտպանությունն էր խնդրել ընդդեմ Գուլիելմոս Երրորդի, որն Անգլիայի թագին բռնի տիրած իր քրոջ որդին էր: Այդ իսկ պատճառով, Միջերկրական ծովում շրջող անգլիական նավերն հարձակվում էին ֆրանսիական նավերի վրա և նրանց գերի էին բռնում: Ֆրանսիացի նավապետը, որի նավի մեջ էին գտնվում նաև Մխիթարն ու Հովնան վարդապետը, անգլիացիների հետ նման առճակատումից խուսափելով, խարիսխ գցեց Կիպրոսում, Տուզլա կոչված ծովեզրյա ավանի մոտ: Այստեղ մի քանի օր կանգ առան, ուղևորները դուրս ելան նավից:

Սսի Կաթողիկոսը, ցանկանալով Հռոմ մտնել արևելյան շուքով, որսաց Հովնան վարդապետի միտքը, խոստանալով եպիսկոպոս ձեռնադրել նրան: Փայլուն խոստումներով աշխատեց իրեն ձգել նաև Մխիթարին, բայց նա, հեռու լինելով փառասիրական ձգտումներից, մերժեց Կաթողիկոսի առաջարկը: Մինչդեռ վարդապետը, հակառակ Մխիթարի հորդորներին, մի-ամտաբար հանձն առավ: Սաղամյուս քաղաքից գրեթե մի օրվա ճանապարհ հեռու գտնվում է հայ ճգնավորների մի վանք, Սուրբ Մակար անունով, որտեղ էլ հենց կատարվեց Հովնան վարդապետի եպիսկոպոսական ձեռնադրության արարողությունը, որին ներկա գտնվեց նաև Մխիթար սարկավագը: Կղզու օդն անբարեխառն էր և չափազանց տաք, մանավանդ Հուլիս ամսին: Ջուրն էլ առողջարար չէր, մանավանդ եթե խմվում էր առանց հետը մի քիչ գինի խառնելու: Մխիթարը սաստիկ տկարացավ և ջերմ ունեցավ, որն ամեն օր ժամը երեքին բռնում և տևում էր մինչև երեկո: Բնական պատճառներից զատ, այդ հիվանդության մեջ կար երկնային մի ծածուկ կարգադրություն, որով կասեցվեց Մխիթարի ընթացքը, քանի որ սահմանված ժամը տակավին չէր հասել: Ի նկատի ունենալով մեր դարաշրջանի ընձեռած բոլոր հեշտությունները, հազիվ թե մեզնից մեկի համար հրապուրիչ կարող են թվալ այդ ուղևորությունները, որոնք նա արեց առանց երբևէ հոգնելու, երկու կամ նույնիսկ ավելի անգամ կտրել անցնելով միևնույն ճանապարհները: Նա գաղափարականի մարդ էր, իսկ վեհ ու վսեմ գաղափարականով բոցավառվող սիրտը չի վհատվում դժվարությունների առաջ և չի հուսալքվում: Ընդհակառակն, ձախողությունները ոգևորում են իրեն և ուժ տալիս՝ խիզախորեն դիմագրավելու ցավերի ու արկածների տարափին:

Երբ հասավ մեկնելու օրը, բոլոր ուղևորները նավ մտան, բացի Մխիթարից, որին նավապետը չընդունեց՝ հիվանդագին վիճակը տեսնելով և վախենալով, որ հանկարծ կարող է մահանալ ճանապարհին: Վերջին պահին, սակայն, տեսնելով Հովնան եպիսկոպոսի և Մխիթարի հրաժեշտի սրտաճմլիկ ողջույններն ու արտասվալից աչքերը, հուզվեց և ի վերջո թույլատրեց նավ բարձրանալ: Առագաստները պարզեցին և համընթաց քամին նավն արդեն թեթևորեն տանում էր ալիքների վրայով, երբ հանկարծ Մխիթարը զղջաց և ուզում էր ետ դառնալ: Զգաց, որ այդ հիվանդությունը սաստիկ տանջելու էր իրեն նավի վրա: Մտածում էր, թե ամառնային այդ այրող եղանակին, բարձր ջերմով ու ծարավից տանջված, որտեղի՞ց էր զով ու զուլալ ջուր գտնելու ծովի վրա, այդպիսի երկարատև ճանապարհորդության ժամանակ: Այս մտքերի մեջ ընկած, վարանում էր ու մի հնար էր փնտրում, երբ հանկարծ սաստիկ վեճ ու կռիվ բռնկվեց Կաթողիկոսի և իր ուղեկից եպիսկոպոսի միջև, ինչ-որ մի չնչին պատճառի համար, հրապարակավ, բոլորի ներկայության, ի մեծ գայթակղություն բոլոր ճանապարհորդների: Մի ակնթարթում Մխիթարի մտքից անհետացավ Հռոմ գնալու ծրագիրը: Նախընտրեց իր այդ հիվանդ վիճակում ետ դառնալ և միայնակ, անտերունչ մնալ այդ անծանոթ ու ամայի տեղում, քան այդպիսի ուղեկիցների հետ հեռու և օտար աշխարհներ գնալ: Բայց նավը սրընթաց առաջ էր ընթանում, ծովի կոհակները գնալով սաստկանում էին, իսկ Կիպրոսը գրեթե աչքից անհետանալու վրա էր: Այլևս ինչպե՞ս կարող էր ետ վերադառնալ: Բարեբախտաբար, նավի վրա կիպրացի մի վաճառական կար, որն իր նավակով պետք է քաղաք վերադառնար: Մխիթարը նավապետից խնդրեց, որ իրեն էլ թույլ տա նրա հետ Կիպրոս վերադառնալ: Հովնան եպիսկոպոսն ու Մխիթար սարկավագը արտասվալի հեկեկանքներով հրաժեշտ տվեցին միմյանց, թերևս իրար տեսնելու այլևս հույս չունենալով, և իրարից բաժանվեցին: Ֆրանսիական նավը, հողմահար առագաստները պարզած, հաջողությամբ շարունակեց իր ճանապարհը դեպի Իտալիա, իսկ Մխիթարը, իրեն Աստվածային Նախախնամությանը հանձնած, վերադարձավ Կիպրոսի նախկին ծովափը, անտարակույս՝ Տուզլա ավանը, և գնաց իր առաջվա իջևանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։