Զինվորները հարձակվում են Մխիթարի վանատան վրա, ձերբակալում են այնտեղ եղած մարդկանց և նրանց վաճառում են հայերին – Արևելք են տարվում և փրկանքով ազատվում շնորհիվ Հայր Պողոս և Հայր Գեորգ վարդապետների – Ողջ և առողջ հասնում են Վենետիկ – Գրադարան – Mashtoz.org

Զինվորները հարձակվում են Մխիթարի վանատան վրա, ձերբակալում են այնտեղ եղած մարդկանց և նրանց վաճառում են հայերին – Արևելք են տարվում և փրկանքով ազատվում շնորհիվ Հայր Պողոս և Հայր Գեորգ վարդապետների – Ողջ և առողջ հասնում են Վենետիկ

Մեր հայրերը ևս եկեղեցու ոսկեղեն ու արծաթեղեն սպասները թաղեցին գետնի տակ, իսկ պատկերներն ու փայտե ուրիշ դյուրավառ նյութերն այրեցին, որպեսզի զինվորների ձեռքը չընկնեին: Ավարի ու կողոպուտի հերթը հասավ մեր վանատանը. տասից ավելի ավարառուներ ներս թափվեցին, գանձ կամ մարդ գտնելու հույսով սկսեցին պրպտել բոլոր խորշերը. մեկը մառան մտավ, մի ուրիշը՝ սեղանատուն, ոմանք վազեցին եկեղեցի, ուրիշները սենյակներում էին որոնում, ոմանք էլ տանիք ելան: Մերինները լսում էին այդ բոլոր ձայները. իրոք տագնապալի վայրկյաններ էին դրանք: Վերջապես զինվորներից մեկը ելավ սեղանատան առաստաղ և տեսավ, որ չորս կրոնավոր կծկվել, անձայն ու սարսափահար կանգնել են մի անկյունում. գնաց, մի ուրիշ ընկեր էլ բերեց և երկուսով եկան ու կապեցին նրանց, բայց ոչ մի վնաս չհասցրեցին: Երբ դրամ պահանջեցին, Հայր Ղազար վարդապետը ձեռքները դրամով լի մի քսակ դրեց. երևի դրանով չգոհացան և կապած տանում էին եպարքոսի առաջ փողոտելու, հուսալով նրանից ավելի մեծ վարձք ստանալ: Ճանապարհին ուրիշ զինվորներ հանդիպեցին, որոնք որս չէին գտել, հարձակվեցին սրանց վրա և ձեռքներից հափշտակեցին երկուսին, որով չորս միաբաններն էլ մեկական զինվորի ձեռքը գերի մնացին: Օսմանյան բանակում գերեհան հայ վաճառականներ կային, որոնք զինվորներին առատ փրկագին տալով՝ քրիստոնյա գերիներին ազատում էին մահից. զինվորներն իմանալով, որ իրենց կալանավորները հայ քահանաներ էին, ավելի շահավետ համարեցին նրանց տանել բանակ և վաճառել հայերին. այս կերպ Հայր Ղազար և Հայր Հակոբ վարդապետներն անցան հայ վաճառականների ձեռքը, որոնց ծպտելու համար անմիջապես աշխարհիկ զգեստ հագցրեցին, և իբրև սպասավոր ծառայում էին բանակում[1]:

Երբ պատերազմն ավարտվեց և թուրքական բանակը հարուստ ավարով ու գերիների բազմությամբ ետ էր քաշվում, վիրավոր զինվորներին մի առանձին նավի մեջ դրեցին, Պոլիս փոխադրելու համար. նրանց ծառայելու համար, այդ նավում էին գտնվում Հայր Ղազարն ու Հայր Հակոբը: Նավում տիրող գարշահոտության, ցավերի մեջ գալարվող վիրավոր զինվորների տառապագին գոչերի ու հիշոցների մեջ, նրանք հիանալի համակամությամբ տանում էին ամեն հոգ ու խնամք, փաթաթում էին վերքերը, այլևայլ սպեղանիներով ու դեղերով մեղմում էին ցավերը, մխիթարում էին բոլորին, այնպես, որ բոլորի համար սիրելի ու հարգելի անձինք էին դարձել: Երբ նավը Պոլիս հասավ, տարածվեց լուրը, որ Մեթոնի հայ վարդապետներից երկուսը գերի են ընկել և հայ վաճառականները գնել են նրանց. այդ օրերին Պոլսում էին Հայր Գեորգ և Հայր Պողոս վարդապետները, որոնք լսելով այդ մասին, իսկույն փնտրեցին նրանց, գտան և 450 դահեկան փրկագին տալով ազատեցին:

Մինչ Մխիթարը Վենետիկում զբաղված էր իր գրական ու կրթական գործերով, Մեթոնում, ինչպես տեսանք, նրա մի քանի անձնվեր որդիները, արյան ու կրակի հեղեղներով շրջապատված, օրհասական տագնապներ էին կրում: Դա էր, որ մեծ տառապանք էր պատճառում նրան և օրվա բոլոր ժամերին նրա միտքը դեգերում էր այդ վայրերում, պատկերացնելով ցավն ու արհավիրքը, որ կարող էին ապրել իր սիրելիները, մինչև որ ի վերջո հիվանդացավ սրտի ցավից: Կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի՜ և որքա՜ն գորով ու բերկրանք ապրեց այդ սիրտը, երբ հիվանդությունից հազիվ կազդուրված, 1716 թվականի Մարտ ամսին հանկարծ իր կողքին, իր բազուկների մեջ տեսավ իր երկու սիրելի որդիներին՝ Հայր Ղազար և Հայր Հակոբ վարդապետներին, որոնց ավերակների տակ թաղված կամ գերության շղթաների մեջ կապված էր կարծում: Նրանցից լսեց այդ սրտաճմլիկ դեպքերի պատմությունը, թե ինչպե՛ս էր կռիվը հասել իրենց, ինչպե՛ս էին ազատվել արյունարբու սրերից, հրդեհների բոցերից ու երկաթների կապանքից: Մխիթարն այդ ամենը լսեց և գոհություն հայտնեց Երկնախնամ Աջին: Միաբանության ուրախությունն, ապա, կատարյալ եղավ, երբ մի քանի ամիս անց ողջ ու առողջ Վենետիկ հասան նաև երկու վանական եղբայրները. նրանցից մեկին՝ Եղբայր Մկրտիչին, զինվորները տարել էին Ադրիանապոլիս, ուր տեղի հայ կաթողիկեները փրկագնել էին նրան և ուղարկել Վենետիկ. իսկ Եղբայր Մարկոսը մի քանի ամիս արքունի նավերում ծառայելուց հետո տարվել էր Պոլիս, ուր Հայր Գեորգ վարդապետը նրան դրամով ազատել էր գերողների ձեռքից:

[1] Խոսակցություն կար այն մասին, որ երբ եպարքոս Ալի փաշան դեռ Պոլսում էր և պատրաստվում էր արշավել դեպի Մոռեա, Պոլսի հայերից ոմանք գնացել էին նրա մոտ և ասել, որ Մեթոնում հայ կրոնավորներ են գտնվում, որոնք տերությունից ապստամբելով, փախել էին և Վենետիկցիներին հպատակ և հարկատու էին դառել: Եվ նրանից խնդրել էին, որ նրանց բռներ և իր հետ Պոլիս բերեր: Երբ Ալի փաշան եկավ Մոռեա և տիրեց Նեապոլիս քաղաքին, կարծելով, թե այնտեղ էին գտնվում այդ կրոնավորները, ամբողջ քաղաքով մեկ փնտրել տվեց նրանց, բայց չգտնելով և լսելով, որ Վենետիկ էին գնացել, այնուհետև այլևս չորոնեց նրանց:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։