Ներածություն – Գրադարան – Mashtoz.org

Ներածություն

Հայ Ազգի մտավորական վերածննդի արշալույսը սկսվում է Տասնութերորդ դարում: Այդ դարի ընթացքում, մեր Ազգի մեջ իրենց լուծումը գտան այնպիսի կնճռոտ խնդիրներ, տեղի ունեցան այնպիսի կրոնական և քաղաքական դեպքեր, կատարվեցին գաղափարների այնպիսի հիմնական փոփոխություններ կամ հեղաշրջումներ, որ Հայությունը վերջնականապես բացեց իր դռները եվրոպական քաղաքակրթության դիմաց, և այդ ազդեցության ներքո՝ մեծագույն մղումը տրվեց մեր մտավորական զարգացմանը:

Երեք հարյուր տարի առաջ, 1701 թվականի Սեպտեմբերի 8ին, Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, Արևելքի այն ժամանակվա մայրաքաղաքում մի մեծ գործի հիմքը դրվեց: Միշտ երերուն այդ քաղաքը դեռ հանգչում էր գիշերվա մթության մեջ, երբ Բերայի խուլ փողոցներից մեկում, անշուք մի տան մեկուսի մի անկյունում, մի քանի ճրագների աղոտ լույսով փայլփլացող Աստվածածնի պատկերի առաջ, քսանհինգ տարեկան մի Վարդապետ, որ երիտասարդ էր, բայց հսկա գաղափարների տեր, իր շուրջը խմբված մեկ տասնյակ աշակերտներին ներկայացնում և բացատրում էր իր գործի ծրագիրը: Այդ պահին նա կենդանի գույներով նկարագրում էր Հայ Ազգի խղճալի կացությունը, որն այդ ժամանակներում գրեթե հոգեվարքի մեջ, հուսահատ ճիգերով մաքառում էր մահվան դեմ: Ինքն իր մեջ բաժան-բաժան եղած, անհամար տառապանքների ու ցավերի տակ ընկճված, անտուն, անտերունչ, աշխարհի չորս կողմը ցրված, նույնիսկ իր բնիկ հողի վրա օտարի կարգավիճակ ստացած, քաղաքական աշխարհից գրեթե մոռացված, դարավոր թշնամիներից կոխոտված, ինքն իրեն ոտքի կանգնեցնելու կարծես թե անկարող, փրկող մի ձեռքի էր սպասում: Ահա սա՛ էր մեր Ազգի վիճակը Տասնյոթերորդից Տասնութերորդ դարին անցման ժամանակ: Փրկող այդ ձեռքը, սակայն, դրսից և օտարներից չեկավ: Հայ Ազգը ոտքի կանգնեցնող, վերակենդանացնող ձեռքը եղավ Մխիթար Սեբաստացին:

Նա աղետի մեծության կատարյալ գիտակցությունն ուներ: Բայց ի տարբերություն իր ժամանակ կամ իրենից հետո ապրած հայազգի ուրիշ գործիչների, որոնք հիմնականում քաղաքական ասպարեզում գործեցին, նա փրկություն աղերսող իր հայացքը չուղղեց դեպի օտար տերությունների Գահերը: Իրավիճակի ծանրության դիմաց նա չվհատվեց, այլ՝ տեսավ Հայության փրկության միակ ուղին իր հարազատ ինքնության վերաբացահայտման և կենդանի ուժով ապրելու մեջ. Լեզուն, Մշակույթը և Քրիստոնեությունը: Թվում էր, թե նա իր ձեռքերում կրում էր Ազգի ապագան, այնքա՛ն որ վստահ էր իր գործի հաջողությանը: Ինքը, որ խորաթափանց միտք ուներ, հստակ կերպով հասկացել էր, որ այդ բոլոր չարիքներն առաջացել էին կրոնական թյուր ըմբռնումներից, տգիտությունից և անմիաբանությունից: Ուստի, իր կերտելիք կոթողի հիմքերը լինելու էին Կրոնը, Գիտությունը և Միությունը: Հարկավոր էր ծավալել Կրոնը, այն պահելով իր բարձրության և սրբության մեջ, և փարատել նրա շուրջը կուտակված նախապաշարումները, որով այն պիտի լիներ Հայությունը դեպի զարգացում մղող շարժիչ ուժը: Կրոնին պետք է ընկերանար Կրթությունը, որը պատանի սերնդի սրտերը պետք է բարձրացներ դեպի այն ամենը, որ բարի է, գեղեցիկ ու ազնվական, և անտեղիտալի կորով պիտի դներ մեղկությամբ թուլացած երակների մեջ: Այդ լույսերին պիտի միանար Գիտության լույսը, որ պիտի ցրեր մտքերը կաշկանդող խավարը և Հայության առաջ պիտի բացեր նորանոր հորիզոններ, ուր տեսնվելու էին մարդկությունն ու կյանքը երջանկությամբ պատված, ուսումներն ու արվեստները՝ ծաղկուն վիճակ գտած, շա՛տ տարբեր այն ներկա վիճակից, որ տեսնում էին իրենց շուրջը: Եվ դա իրենց պիտի խրախուսեր առաջադիմության մի մրցակցությամբ, որով պիտի դառնային Հին Արևելքի ամենազարգացած ու ամենաքաղաքակիրթ Ազգը: Հայությունը, եթե այսպիսի լույսի ներքո ըմբռներ իր դրությունը, կարիքն ու անհրաժեշտությունը պիտի զգար ինքն իրեն ժողովելու և աշխարհի ամեն կողմ ցրված իր զավակներին կապելու միևնույն Մայր Երկրի սիրով, միևնույն պատմական ավանդություններով, միևնույն նպատակին ծառայելու համառ կամքով:

Արևի մի շող ներս մտավ պատուհանից, ճրագները մարեցին, արթնացող քաղաքի աղմուկն ու իրարանցումը Մխիթարին ու իր աշակերտներին սթափեցրին իրենց հոգեզմայլ հափշտակությունից: Ահա այդպիսին էր Մխիթարի գործի ծրագիրը, որի սկզբնաքարն էր ինքը դնում, իսկ աշակերտները առաջ էին տանելու միևնույն ուղղությամբ և հոգիով: Հիմքն արդեն դրված էր այն Միաբանության, որի գաղափարն ունեցել էր Մխիթարը դեռ պատանի հասակից: Նա առաջին քայլից իսկ խորապես համոզված էր գործի հաջողությանը, իմանալով, – սա՛ է ամենակարևորը, – որ այդ գործը միայն իրենը չէր, այլ՝ աներևույթ մի Աջ մղում էր իրեն և տալու էր հարկավոր բոլոր ուժերը: Նա միանգամայն վստահ էր, որ ամուր և անձնվեր կամքի դիմաց, որ զգում էր իր մեջ, տեղի էին տալու բոլոր դժվարությունները: Մարդիկ և բախտը, որոնք հաճախ նպաստում են մեծամեծ գործերի հաջողությանը, Մխիթարի դեպքում ա՛յլ մաս և դերակատարություն չունեցան, քան միայն խոչընդոտներ հարուցանելը, որոնց հաղթելով է, որ հայտնի եղավ Աստծո մատը և Մխիթարի հոգու մեծությունը: Կարող ենք առանց սխալվելու վախի հաստատել, որ Մխիթարի անձի և գործունեության մեջ անմնացորդ կերպով իրականացավ Քրիստոսի տերունական խոսքը, որ Ավետարանում հորդորում է. «Դուք նախ Աստծո Արքայությունը փնտրեցեք և Նրա արդարությունը. և մնացած ամեն բան կտրվի ձեզ ավելիով»:

Նախքան Երանաշնորհ Նախահոր կյանքի պատմությունը սկսելը, կարևոր ենք համարում այստեղ համառոտ կերպով ներկայացնել մեր Ազգի պատմության մի քանի կետերը այդ երկու իրար հաջորդած դարերի անցման շրջանում, որոնց մեջ ծնվեց, ապրեց և գործեց Մխիթարը: Դա այն պատմական շրջանակն է, որն անհրաժեշտ է՝ իր ներսում տեղադրված պատկերն ակներև դարձնելու համար: Անհնարին է ըմբռնել մի որևէ գործի մեծությունը, եթե նախևառաջ ի նկատի չի առնվում պատմական այն միջավայրը, որի ներսում իրականացել է այդ գործը, ինչպես նաև այն դժվարությունները, որոնց դեմ հարկավոր է եղել քրտնաջան կռվել և հաղթահարել:

Նախ պետք է սկսենք մեր Ազգի վանքերից, տեսնելու համար, թե ի՞նչ վիճակում էին գտնվում դրանք Տասնյոթերորդ դարի կեսից մինչև Տասնութերորդ դարի սկիզբը, համեմատելով մեր հին վանքերի հետ: Այդպիսով տեսանելի կլինի մեր եկեղեցականների մեջ այդ ժամանակ տիրող ընդհանուր հոգին և նրանց կացությունը: Իսկ հետո, թե ինչպիսի՞ պայմաններում էր գտնվում Հայ Ազգը կրոնական, ուսումնական և տնտեսական տեսանկյուններից դիտված, այդ միևնույն ժամանակաշրջանում:

 

Հայության մեջ ընդհանրապես, սակավաթիվ բացառություններով միայն, Կրոնի թևերի ներքո ծաղկեց գիտությունը: Վանքերը եղան ուսումների նշանավոր վարժարանները: Քրիստոնեության ընդունումից սակավ ժամանակ անց Հայերիս մոտ մուտք գործեց Վանականությունը և դարձավ մեր գլխավոր պարծանքներից մեկը, իր բարգավաճ վիճակով, ինչպես կարդում ենք մեր հին պատմիչների մատյաններում: Չորրորդ և Հինգերորդ դարերում արդեն, հազիվ հաստատված, Հայ Վանականությունը գտնում ենք զարգացած, բարեկարգ և կանոնավոր վիճակում, ինչպիսին շատ դժվար է գտնել այդ ժամանակվա ուրիշ քրիստոնյա ազգերի մոտ[1]: Այնպես, որ Փավստոսը մեզ ներկայացնում է ամբողջ Հայ Ազգը, Ներսես Մեծի ժամանակ, որպես վանականների մի մեծ միաբանություն[2]: Հայոց քաղաքական և գրական պատմության մեջ համազգային նշանակության մի դեպք չկա, ուր չհանդիպենք վանքերի, որոնք մեծ Սրբեր, գիտնականներ և մեծագործ անձեր տված չլինեն մեր Ազգին: Վանքերից ունեցանք գրեթե բոլոր նշանավոր Կաթողիկոսները, վանքերից ունեցանք լուսամիտ անձինք, թագավորների խորհրդատուներ, տոմարագետներ[3], պատմիչներ, իմաստասերներ. վանքերում կրթվեցին երգիչներ ու բանաստեղծներ, Նարեկացիներ ու Սարկավագներ: Հայ Ազգն իր կրոնասիրությանը անբաժանելի կերպով միավորել էր նաև վանասիրությունը[4]: Իր լեռնաշխարհի ամենահրաշալի տեսարաններն ու ամենագեղեցիկ դիրքերը Հայությունը հատկացրել էր վանքերին: Սարերի գագաթներին, ձորերի խորքում, անտառների ու ծովակների մեջ, աղբյուրների կամ առվակների մոտ հանդիպում ենք վանքերի, ուր ամայի լռության մեջ, բնության անուշ կամ ահարկու ձայների հետ, զարմանալի ներդաշնակություն էին կազմում սրտերի խոր հառաչները: Եվ ինչպիսի՜ վանքեր. պարսպապատ և աշտարակներով ամրացած, անառիկ դիրքերով, որոնք հաճախ, թշնամու հրոսակների առաջ, ապաստանարաններ էին հանդիսանում անզեն ամբոխի համար: Այնտեղ աղքատներն ու հարուստները, իշխաններն ու թագավորները մրցակցում էին ընծայաբեր լինելու այդ սրբավայրերին, որոնց դռները գիշեր ու ցերեկ բաց էին պանդուխտի և ուղևորի, հիվանդի ու տառապյալի առաջ, ուր ամեն մի թշվառ գտնում էր իր ցավերի նյութական կամ հոգևոր դարմանը[5]:

Այդ վանքերում, ամեն ինչից առաջ և ավելի, փայլում էին Կրոնն ու Առաքինությունը: Աշխարհի մոլար կարծիքներն ու զեղծումները այնտեղ իրենց դիմաց անտեղիտալի պատվար էին գտնում, որով երբեք կամ շատ քիչ անգամներ կարողացան մուտք գործել այդ նվիրական տեղերից ներս, ուր անշեջ ճրագների նման ապրում էին մաքուր հոգիներ, ուր մշտամռունչ աղոթքներ, ճգնություններ և կրքերի սանձումներ անընդհատ հաջորդում էին իրար: Այդ տեղերից ի սպառ մերժված էին փափկությունն ու դյուրակեցությունը, իսկ ամենաանմեղ սփոփանքները՝ քունը, կերակուրը և զգեստները, բնության պահանջած ամենախիստ չափով էին միայն գոհացվում[6]: Բավական է այդ վանական միաբանությունների զանազան անունները լսել, որոնց մեջ փայլում է նրանց ամբողջ նկարագիրը. Թանահատք[7], Մաքենոցք, Խոտաճարակք, Մշտապաշտօնք, Խարազնազգեստք, Երկաթապատք, և այլն: Զարմանալի բարեկարգություն էր տիրում այդ վանքերում, այդ ժամանակ, և խիստ կանոնապահություն. աղոթք, ձեռագործ աշխատանքներ, ընթերցում և ուրիշ որևէ օգտակար զբաղում, բոլորն էլ ունեին իրենց հատուկ սահմանված ժամերը: Կային նաև հատուկ օրագրություններ կամ ժամանակագրություններ, ուր պարբերաբար նշանակվում էին երևելի դեպքերը, որոնցից որպես օրինակ կարող ենք հիշատակել Հովհան Մամիկոնյանի գիրքը, – և ի մասնավորի՝ դրա Առաջին գլուխը, – ինչպես կարդում ենք Հիշատակարանում. «Արդ որք զկնի դոցա այլք նստին վանականք, զոր ինչ գործի յաւուրս նոցա ի տանս այսմիկ, դիցէ ի նոյն մատեան. զի այսպես գտաք օրինադրեալ յառաջնոցն»[8]: Նույն ժամանակվա վանքերում ո՛չ նվազ փայլում էր գիտությունը, որոնց միակ զարդերն էին բազմաթիվ ձեռագիր մատյանները, վանականների երկարատև տքնությունների այդ հրաշալի արդյունքները: Վանքերն այդ ժամանակ մի տեսակ համալսարաններ էին նաև, մանավանդ իմաստասիրական և սրբազան գիտությունների ուսման, ուր հարյուրավոր երիտասարդ աբեղաներ և աշխարհական պատանիներ, անվանի վարդապետների առաջնորդությամբ ուսանում էին իրենց աստիճանին պատշաճ և հարկավոր գիտությունները[9]: Այդ գերաշխարհիկ, ներանձնացյալ և ուսումնասեր հոգիներն էին, որ գերադասում էին վանքերի լռիկ հանդարտությունն ավելի, քան քաղաքների ժխորը, և որոնք, առանձնության մեջ, նյութական աշխարհից վեր բարձրացած, երկնային զմայլանքի և հափշտակության մեջ էին ընկղմվում: Իրո՛ք երանելի ժամանակներ էին դրանք Հայոց Աշխարհի համար:

Այդ հոգիներից մեկն էր նաև Մխիթարը, որն հերթով այցելեց Հայաստանի ամենանշանավոր վանքերը, որոնք դեռ կենդանի էին իր ժամանակ, ուր սակայն, դժբախտաբար, հին ժամանակներից մնացած պատերը միայն գտավ: Տասնյոթերորդ դարի վերջին քառորդին, և դրանից էլ առաջ, այդ հազարավոր վանքերից շատերի ավերակները միայն կային, շատերն էլ ամայի էին թողնված, լքված, շատ քչերն էին տակավին բնակեցված մի քանի աբեղաներով, որոնք վանականներ լինելուց ավելի, հնությունների պահակներ էին հանդիսանում: Երբ դեռ մանկահասակ պատանի էր Մխիթարը, Սեբաստիայի Սուրբ Նշան վանքի տժգույն, վտիտ, երկայնամորուս աբեղաներին տեսնելով, որոնց հանդեպ այլևս շատ քչերն էին ավանդական հարգանք զգում, ինքն էլ կրոնավոր դառնալու բուռն փափաքն ունեցավ: Ծնողներին իր մանկական պարզությամբ հայտնեց իր սրտի փափաքը, բայց փոխարենը՝ խիստ հանդիմանվեց, որովհետև ժամանակները փոխվել էին, և վանականների վերաբերյալ ժողովուրդն ընդհանրապես դատարկապորտ և ախտավոր մարդու գաղափարն ուներ, որի հանցանքն, անտարակույս, ժողովրդինը չէր: Պատանեկության տարիներին ուզեց իրագործել իր այդ փափաքը, բայց վանքից վանք երկար թափառումներից հետո, ոչ մի տեղ չգտնելով իր հոգևոր և ուսումնական ծարավը հագեցնող մի անձ կամ մի առարկա, իր քայլերն ուղղեց դեպի Արևմուտք:

Մխիթարի ժամանակ վանքերը միայն հեռվից էին հրապուրիչ երևում, այն էլ թերևս հայկական գեղատեսիլ ճարտարապետության պատճառով միայն: Բավական էր նրանց սեմից ներս մտնել, կատարյալ հուսախաբության էր մարդ մատնվում: Վանական հին բարեկարգությունն ամբողջովին վերացել էր, այնտեղ թափանցել էր աշխարհի հոգին, և կարելի է ասել՝ ավելի սաստիկ կերպով, քան բուն աշխարհում: Խաղաղության և խոնարհության սրբավայրերը հաճախ վրդովվում էին փառամոլ և վիճասեր աբեղաների կռիվներով, և այնուհետև ավելորդ էր Սրբեր և գիտնականներ սպասել նրանցից: Հազվադեպ երևույթ չէր այդ սրբազան զգեստների տակ թաքնված տեսնել փառասերներ, արծաթասերներ, ախտավորներ, տգետներ, որոնք աշխարհիկ մարդկանց ծաղրուծանակի առարկան դարձած՝ վանականի անունն իսկ խորշելի էին դարձնում: Այդպիսիք էին Չոլախ վարդապետները, Ծառուկ աբեղաները, որոնց հանդիպելու ենք Մխիթարի կյանքի պատմության մեջ: Մի քանի վանքերում տակավին գոյատևել էին արտաքին ճգնությունները, ծնրադիր աղոթակացությունը, ծոմն ու պահեցողությունը, խարազնազգեստությունը, և նման ա՛յլ բաներ, բայց այդ բոլորը սոսկ որպես արտաքին երևույթներ, հոգևոր իմաստներից դատարկված դիակներ կարծես, մինչ վանականության բուն հոգին բոլորովին մարել էր և այդպիսիների մոտ հազիվ էին լսվում խոնարհության, անձնուրացության, սիրո և ողորմության անունները:

Ժողովրդի հարգանքն ու համարումը գնալով նվազել էր. նվազել էին դեպի վանքեր կատարվող ուխտագնացությունները, գրեթե վերացել էին նվիրատվությունները, քանի որ դրանք սրբավայրեր լինելուց դադարել էին և թշվառներն այնտեղ այլևս չէին գտնում իրենց ո՛չ մարմնական և ո՛չ էլ հոգևոր ցավերի դարմանը: Բարեպաշտների նվիրած ճոխ կալվածքներն ու գանձերը հալվել, սպառվել էին ընչաքաղց, զբոսասեր և դյուրակյաց եկեղեցականների ձեռքում, որոնք վանքերի հասարակաց եկամուտներն իրար մեջ բաժանելով, ինչպես վկայում է ժամանակակից և ականատես պատմիչը, իրենց և իրենց ազգականների կարիքների ու զվարճությունների համար էին դրանք գործածում[10]: Աբեղաներից յուրաքանչյուրն իր սեփական այգին և բուրաստանն ուներ, տուն, փեթակ, մառան, համբարանոցներ և այլն[11]:

Փիլոն և վեղար մի կողմ նետած, աշխարհականների նման հագնում էին թանկարժեք կտորներից կարված զգեստներ, գլխներին գեղեցիկ գլխարկներ էին դնում, պճնասիրությամբ փորձում էին մրցել իշխանների հետ: Ո՛չ պահք ունեին և ո՛չ էլ ծոմ, ամբողջ տարին ուտիք էր իրենց համար, որոնց սեղաններն ամեն օր զարդարված էին գինիով, մսեղեններով և զանազան համեղ խորտիկներով: Այդպիսիներն իհարկե ո՛չ աղոթում էին, ո՛չ ժամերգում, և ո՛չ էլ պատարագում. «Բնաւին թողեալ զժամ և զՊատարագ», տխուր շեշտով շարունակում է Առաքել Պատմիչը, «ոչ կանխէին ի ժամ աղօթից յեկեղեցի, և ոչ լինէր լսելի ձայն ժամակոչի ի գեղորայս, և բնաւին բարձեալ ի նոցունց շնորհ քահանայութեան»[12]:

Բայց ամեն ինչից ավելի, վանքերից հեռացել և պակասում էին գիտությունն ու բարեկարգությունը, որոնք իրար հետ զուգընթաց են քայլում միշտ: Վանական միաբանություններ էին կոչվում, բայց առանց միության և սիրո. կանոններն այնտեղ, փոխանակ իշխելու, ոտնակոխ էին լինում: Չկային այնտեղ ո՛չ հոգևոր խրատներ, ո՛չ հոգևոր կրթություն, ո՛չ հայեցողական կյանք կամ խոկումներ, որոնք վառում են հոգին, սնուցում են բարեպաշտությունը: Չկային ո՛չ ուսումնական պարապմունքներ, ո՛չ արտաքին կամ սրբազան գիտություններ, որոնք մտքի հետ սիրտն էլ են կրթում ու զարգացնում: Չկային այնտեղ հոգևոր դաստիարակներ, որոնք կարող լինեին առաջնորդելու նրանց խիղճը, կրթելու նրանց զգացումները, ուղղելու բնավորությունների թերությունները: Չկար ներքին մի կապ, որ անդամներից յուրաքանչյուրին միացներ մյուսներին, իսկ բոլորին միասին՝ Գլխին. ապրում էին միևնույն հարկի ներքո, բայց մեկը մյուսից օտարացած, առանց մի ընդհանուր նպատակ ունենալու, որին բոլորով ձգտեին միասիրտ և միակամ: Չունեին ուխտերի պարտավորիչ կապը, որ սանձ լիներ նրանց վայրահած թափառումներին, քանի որ առաքինության նվազագույն չափն անգամ իրենց մեջ չունենալով, ամենաթեթև պատճառով իսկ հեռանում էին մի վանքից և ուրիշ վանք էին գնում, որով մի անընդհատ երթևեկություն էր տեղի ունենում վանքերի մեջ, որոնք մի տեսակ պանդոկների էին վերածվել: Շատերը, հոգևոր մխիթարությունից զուրկ, մտքները դատարկ, երևակայությունները տանջված միայնության երազներով, – մելամաղձոտ ոգիներ, – իրենց դիմաց բաց գտնելով վանքի դռները, մի օր էլ չէին դիմանում, դուրս էին նետվում քաղաքների հորձանուտ ժխորի մեջ, ուր աբեղայության արտաքին կերպարանքը միայն պահելով, աշխարհի հոսանքին էին հանձնում իրենք իրենց[13]: Իսկ նրանք, ովքեր զգում էին վանականության ճշմարիտ կոչումը, հոգևոր առաջնորդ չունենալով, որ իրենց քայլերն ուղղեր սրբության ճանապարհում, անկարող գտնվելով հաղթահարելու հանդիպած դժվարությունները, վհատվելով աշխարհ էին վերադառնում կամ ծամածուռ ընթացք էին բռնում: Գրքերը դարանների խորշերում լքված, ուր փոշին ու ցեցը դարից դար կրծում էին մագաղաթները[14], իսկ երբեմն էլ, որ չարագույնն է, ծովն էին թափվում[15], շատերի միակ զբաղմունքը դաշտերի մշակումն էր[16], առևտուրը կամ ինչ որ մի արհեստ, հաճախնույնիսկ առաջնորդների խոսքերից կամ օրինակներից հորդորված[17]:

Իհարկե, առանց գրքերի ու վարժարանների մեռնում է գիտությունը: Այդ ժամանակներում, կանոնավոր քերականություններ և բառարաններ դեռ լույս տեսած չլինելով, որոնք լեզվի աղավաղումների առաջն են առնում, ամեն մարդ իր խոսելու և գրելու հատուկ ոճն ուներ, առանց իրար հասկանալու. ամեն ոք ինքն իր ուսուցիչն էր: Միայն եկեղեցական աստիճանի թեկնածուներն էին ուսման պարապում, և պահանջված գիտելիքների ցանկը շատ քիչ բան էր իր մեջ ամփոփում. սովորաբար միայն կարդալ և գրել: Իսկ եթե գրելկարդալու վրա երգեցողություն կամ ինչ որ մի մանր ուսում էլ էր ավելանում, այդպիսին արդեն փիլիսոփա էր կոչվում, քերթող, գիտնական, վարդապետ, և այլն: Այդքա՜ն էժանագին էին դարձել այդ տիտղոսները: Բազմաթիվ վարդապետներ ու եպիսկոպոսներ հազիվ Ավետարան կարդալ գիտեին և Աստվածաշնչից մի քանի պատմություններ էին անգիր սովորում քարոզների համար. դա էր իրենց ամբողջ գրական պաշարը: Այդպիսի բարձր աստիճանների համար բնավ չէին փնտրվում արժանի անձինք, հակառակ եկեղեցական կանոնների, որոնք պատվիրում էին. «Վարդապետք եղիցին ըստ իրաւանց նախակրթեալք Հին և Նոր Կտակարանաց և կանոնական հրամանաց: ... Եւ զայնոսիկ որ հանդերձեալ իցեն կոչիլ յաստիճան հրամանի [վարդապետութեան], զհամար ուսման գրոցն արժանի է պահանջել»[18], և այլն: Եվ հազիվ թե վարդապետի անունն էին ստանում, իսկույն իրենց շուրջն աշակերտներ էին հավաքում, երբեմն նույնիսկ իրար ձեռքից որսալով կամ հափշտակելով, որի համար սպառնալիքներ և բռնի միջոցներ էլ էին գործի դրվում: Թվում է, թե մեր վարդապետների այդ ապաշնորհ սովորությունը բավական արմատացել էր, քանի որ Մխիթար Գոշն իրեն հարկադրված է տեսնում իր Կանոնագրքում մի հատուկ կանոն էլ նրանց համար ավելացնելու. «Վարդապետք զաշակերտս միմեանց առանց գրոյ և կամաց ինքեանց մի՛ առցեն. ապա թէ քամահելով առցէ, դատաստան լիցի»[19], և այլն:

Մինչ այժմ ասվածները հաստատվում են հետևյալ միջադեպով, որը մեզ ավանդում է Առաքել Պատմիչը. սրանով ակնհայտ երևում է այդ դարի մեր եկեղեցականների գիտության աստիճանը: 1630-1633 թվականներին, Մովսես Երրորդ Կաթողիկոսի ժամանակ, Կեսարացի Խաչատուր վարդապետի հետ մի քանի գիտնական համարված աբեղաներ[20] նվիրակության են ուղարկվում Լեհաստանի Իլվով կամ Լեոպոլիս քաղաքը: Այնտեղ, «յԻլով քաղաքի, յազգէն ֆռանկաց պատրիկք [քահանայք կամ կրօնաւորք] ոմանք եկին առ աշակերտսն Մովսիսի[21] վասն հակաճառութեան, և հարցին նոքա ցմերսն, նախ ի քերական արհեստէն, և ասացին՝ վարեմ բառս անո՞ւն է թէ բայ. և մերքն անհմուտ գոլով, զայլ և այլ պատասխանիս առնէին: Հայնժամ նոքա քամահելով և ծիծաղելով այպն արարեալ են զմերովքն. և ի բազում աւուրս վասն հակաճառութեան այսպես են արարեալ: Յայնժամ մերքն ի սիրտ և յոգի խոցեալք են. և իմացեալ թէ զայն՝ զոր գիտեն, ոչ է գիտութիւն, այլ պարտ է նոցա զարտաքին գիրքն կարդալ, և անդէն ի մտի եդեալ են հաստատութեամբ, թէ գնամք յԷջմիածին առ Մելքիսէթ վարդապետն[22], զայլ ամենայն ինչ թողեալ՝ արտաքին գիրքն կարդամք ի նմանէ»[23]:

Առաքել Պատմիչն իր ժամանակի վանականների և ընդհանուր եկեղեցականների անմխիթար վիճակը նկարագրելուց հետո, բացատրում է նաև այդ ամենի գլխավոր պատճառը. «Սոցին ամենեցուն առիթ ոչ այլ ինչ», գրում է, «եթէ ոչ հեռացումն ի Սուրբ Գրոց և յերկիւղէն Աստուծոյ»[24]: Դա էր գրեթե բոլոր ժամանակակից անձանց գանգատը նույն դարի անկարգությունների դեմ. վանքերի մեջ չկային հաստատուն կանոններ, որոնք բարեկարգությունը կանգուն բռնեին. չկային հոգևոր հատուկ վարժարաններ կամ կղերանոցներ, ուր պատանիներն ուղղվեին, ուսանեին, կրթվեին նախքան եկեղեցական աստիճաններն ընդունելը: Այդ պակասն ըմբռնեց Մխիթարը և ուզեց դարմանել: Նա, երբ Պոլսում դնում էր Միաբանության հիմքը, իր մտքում արդեն ուներ այն ծրագիրը, որով հասնելու էր իր մտադրած նպատակին: Բայց քաղաքի խառնաշփոթ վիճակը, ուր ամեն կողմից սպառնում էր հալածանքի փոթորիկը և ամեն րոպե վտանգի տակ էր իր և իրենների կյանքը, չթույլատրեցին տեղում իրագործել այն: Այդ բուռն հալածանքների կրակի միջից հազիվ փախցրեց, ազատեց իր նորահաստատ Միաբանության առաջին նշխարները, և տարավ զետեղեց հնադարյան Պեղոպոնեսի մի անկյունում, Մեթոն բերդաքաղաքում, ուր ավելի նպաստավոր պայմաններ գտնելով, սկսեց կյանքի կոչել իր այդ ծրագիրը: Կարգեր և կանոններ հաստատեց, առաջին վանականների վարքերից ու խրատներից քաղելով, որոնք միաբանների խղճերը պարտավորեցնող բարոյական ուժ ունեին և որոնց առաջ ամենահամառ մտքերն անգամ ճկվում էին: Մի գեղեցիկ ներդաշնակությամբ խառնեց, միմյանց միավորեց աղոթքը և ուսումը, հոգևոր և արտաքին գործերը, լռությունը և օգտակար զրույցները, ներանձնական կյանքը և առաքելությունը: Այդպիսով արգասավոր և գործունյա դարձրեց կրոնավորական կյանքը, որն իր օրակարգի միօրինակությամբ՝ մեծագույն տանջանքն է համարվում աշխարհասերին, և եղավ մեծագույն մխիթարանքը՝ կրոնավորին: Մխիթարը վանական հաստատության մի նոր ուղղություն գծեց, որը թերևս շատ հարմար չէր արևելցիների բնավորությանը, բայց փրկության միակ միջոցն էր: Նա իր աշակերտների սրտի խորքում քանդակեց ու արձանագրեց սեր և միություն, ներքին մի առնչություն առաջնորդի և ենթակայի միջև, և մանավանդ՝ սեփական անձի նվիրումը գերբնական սիրո այն վեհ գաղափարին, որի բոցերի մեջ հալվելով, միաձույլ կտորի վերածվելով, դուրս պիտի գար ամուր, վիթխարի մի զանգված կամքերի, կարծիքների, զգացումների, որոնք ունեին միևնույն գույնը, միևնույն ուղղությունը, ձգտում էին մեկ և միակ նպատակի, և մի այնպիսի ուժ ունեին իրենց մեջ, որ հրաշքներ պիտի գործեր, պիտի փշրեր ամեն խոչ և խութ, և անտեղիտալի պիտի մնար արտաքին որևէ ուժի կամ բռնության առաջ: Բայց հարկավոր էր մի ուրիշ կապ ևս, մի ուրիշ ուժ ևս, որով բոլորովին ազատ մնար քայքայվելու վտանգից. հարկավոր էր, որ այդ մարմինն ունենար իր գլուխը, միացած լիներ մի հզոր կենտրոնի, որի երակներից ստանար իր կենսատու ավիշը, իր հոգին, և որը միակ ապավենն էր լինելու իր գոյությանը սպառնացող որևէ փոթորիկների դեմ: Այդ հզոր կենտրոնը, որ Մխիթարի գործին տվեց տևողություն և փայլ, Հռոմի Սուրբ Աթոռն է, որի ուսմունքի բոլոր կետերին Մխիթար Սեբաստացին խորապես համոզված էր:

 

Ներկա վիճակից, որն ունի մեր Ազգն այսօր, դեպի ետ գնալով կարող ենք հեշտությամբ գուշակել, թե ինչպիսին է եղել նրա վիճակը երեք հարյուր և ավելի տարիներ առաջ,երբ Օսմանյան և Պարսկական կայսրությունների իսլամական տիրապետության տակ ճնշված, ժողովուրդը հազիվ միայն լսել էր եվրոպական քրիստոնեական ազատ քաղաքակրթության մասին: Այդ ժամանակ Օսմանյան ուժի առաջ տեղի էին տալիս նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք էին Վենետիկի նավատորմիղը, Ավստրիայի բանակները, ամբողջ Բալկանյան թերակղզին դարձել էր նրա հարկատու նահանգներից մեկը, Պարսկաստանն անգամ հետզհետե ամփոփվում էր, նրա ձեռքում թողնելով իր գավառները, իսկ Ռուսաստանը, որ հարևան միակ հզոր տերությունն էր, սիրտ չէր անում ոտք դնել նրա սահմաններից ներս: Հայոց բուն աշխարհում ամայություն էր տիրում. ամեն բան անխնամ էր թողնված, մե՛ր իսկ ժողովրդի կողմից, երկրագործությունից սկսած մինչև արվեստներն ու ճարտարությունները, որոնք են իրական հարստության աղբյուրները. վաճառականներն օտար երկրներում էին կատարում իրենց գործը, հարստացնելով հյուրընկալ տերություններին, որոնց մեջ էլ հետագայում ձուլվում ու որպես Հայ անհետանում էին, մինչ բուն Հայությունը զուրկ էր առևտրական միջոցներից. ժողովուրդն անընդհատ ավարառությունների էր ենթարկվում, ամեն վայրկյան վտանգի էին ենթարկված գյուղացիների կյանքն ու ունեցվածքները: Ուրեմն ինչպե՞ս կարող էր այդ ժողովուրդն իր վիճակը բարվոքելու և զարգանալու գաղափարն ունենալ: Հարյուրավոր տարիներով ստրկության շղթաներին հոգեբանորեն արդեն վարժված, անզգայացել էր իր վրա ծանրացող լծին, որն օրորոցից արդեն կրում էր. մի տեսակ համակամվել էր իրեն շրջապատող թշվառությանը, քանի որ կորցրել էր այն բոլոր վեհ ու ազնվական զգացումները, որոնք ազատ օդի մեջ և քրիստոնեական անաղարտ ներշնչմամբ են միայն շնչվում. չուներ ներքին մղումը՝ ձեռքբերելու կյանքը դյուրացնող և անուշացնող միջոցները, որոնց վերաբերյալ կարծես համոզված էր, թե իրեն չի պատկանում դրանք ունենալու իրավունքը: Չուներ միության և համերաշխության հոգին, այլ՝ լոկ անհատականը. հայրենասիրության մասին խոսելը դժվար էր, քանի որ եսասիրությունն էր միայն ծանրացել, տիրել Հայության վրա. ամեն ոք միայն իր անձի, իր ընտանիքի մասին էր մտածում, այդ նեղ շրջանակից դուրս իրեն մերձավոր անձ չճանաչելով: Ինչո՞ւ զարմանանք, երբ գիտենք, որ Ավետարանի ընթերցումը լռել և ապրումը դադարել էր մեր Եկեղեցում: Հայը ապրելու կարիքն էր միայն զգում, և ինչը որ ուղղակիորեն կապ ունի նյութական կյանքի հետ, դրանով էր

միայն հետաքրքրվում: Իրենք իրենց լքել, հանձնել էին բախտի ձեռքը, տարուբերվում էին կյանքի ու դեպքերի հաջող կամ ձախող հոսանքներից: Եվ այդպես, մինչ ոմանք այդ տարուբերումների շնորհիվ օտար աստղերի տակ էին հայտնվում, ուր հաջողությունն ինքը գալիս գտնում էր իրենց, ուրիշներ, Հայոց բնիկ հողին կպած, անցյալի քաղցր հուշերով կամ ապագայի հուսալից երազներով էին միայն օրորվում: Այդ բոլոր ցավերի ու նեղությունների վրա ավելանում էր ժողովրդի ճնշող մեծամասնության աղքատությունը, որի տակ հեծեծում էր Հայությունը: Անկարող գտնվելով հատուցելու տերության հարկերը, և նույնիսկ ճարելու ընտանիքի օրապահիկը, պարտքերը դիզվում էին ժողովրդի վրա, և ստիպված էին լինում մի պարտքը մի ուրիշ պարտքով հատուցել, գրավ էին դնում իրենց պապենական հողերը, հայրենական տունը, ընտանիքը, նույնիսկ սեփական կյանքը, մինչև որ պանդխտության գաղափարը մի օր մտքների մեջ ծնվելով, ամեն բան թողած՝ դեպի մայրաքաղաք կամ ուրիշ մեծ քաղաքներն էին վազում, ո՛վ գիտի ինչ մեծ հույսեր փայփայելով: Այնտեղ, սակայն, իրենց դիմաց կյանքի պայքարի մի նոր ասպարեզ էր բացվում, ուր իրենց նման հազարավորներ, տասնյա՛կ հազարավորներ, սովալլուկ, մի օր միայն ավելի ապրելու հացն էին իրար ձեռքից խլում: Բայց ամեն ինչից ավելի պարապորդությունը, մեղկ և թույլ կյանքն էր, որ սպառում, աղքատացնում էր մեր ժողովրդին: Հնում իր արհեստավորների համբավով ամբողջ մոլորակով մեկ փառաբանված այս ժողովուրդը կարծես ամբողջովին կորցրել էր գեղեցիկը ստեղծելու իր բնածին ունակությունը: Ցավով նորից հարկ է կրկնել, որ պատճառն անշուշտ կրոնական ճշմարիտ կրթության բացակայությունն էր, քանի որ երբ մարդիկ կորցնում են իրենց կյանքի վեհ իմաստը, այլևս ինչպե՞ս նրանցից կարող ենք գեղեցիկ ու վսեմ ստեղծագործություններ սպասել: Ինչպես նյութական կյանքում, այնպես էլ մտավորական ասպարեզում անբախտ, Հայությունը կարծես զրկվել էր այն մեծ գաղափարներից, որոնք կորով և համարձակություն են տալիս մարդուն՝ կանգ չառնելու դժվարությունների դիմաց և մեծամեծ ձեռնարկներ իրականացնելու: Կրավորական ինչ որ մի անշարժությամբ ամեն ոք սպասում էր, որ Նախախնամությունը, կամ բարեհաջող մի դեպք, կամ օտար տերություններից մեկը, առանց իր իսկ նպաստի, առանց իր իսկ աշխատանքի, քրտինքի ու հոգնության, գիտությունների, արվեստների, քաղաքականության և երջանկության մի նոր ոսկեդար էին բացելու իր դիմաց:

Հայության համար արդյոք շա՞տ բան է փոխվել այս երեք հարյուր տարվա ընթացքում:  ... ... ...

Մինչ Հայոց բնաշխարհում և մայրաքաղաքի շրջակայքում այսպիսի պայմաններում էր ժողովուրդը, Հայոց Արևելյան մասում, Արցախում և շրջապատում, պարսիկ կառավարությանը հպատակ ազգայինները մի տեսակ խլրտում էին սկսել Տասնութերորդ դարի սկզբում: Պարսից տերությունը, որն իր ներսում տեղի ունեցող հաճախակի կռիվների ու ապստամբությունների պատճառով բավականին տկարացել էր, չէր կարողանում հսկել իր հեռավոր սահմանների վրա: Մի կողմից Կովկասի լեռնաբնակ ցեղերը, իսկ մյուս կողմից՝ Օսմանցիներն ու Ռուսները, ստեպ հարձակումներով և ասպատակություններով գրավում էին նրա գավառները: Այս խազմարար շարժումների ժամանակ, Ղարաբաղի Հայ Մելիքները, որոնք Պարսից տերության ավատական իշխաններն էին, անտառների ու անմատչելի լեռների մեջ ապաստանած, ծրագրում էին ամբողջովին թոթափել պարսից լուծը և անկախ իշխանություն հաստատել: Նրանք վաղուց էին ունեցել այդ գաղափարը, բայց հանգամանքները չէին թույլատրել իրականացնելու այն: Այդ գործին միայն աշխարհականները չէ, որ մասնակցում էին, այլ նաև մի քանի քաջասիրտ եկեղեցականներ, ինչպիսին էր, օրինակի համար, Գանձասարի Եսայի Կաթողիկոսը, որն իրականում այդ շարժման բուն հոգին էր, և Մինաս Վարդապետը, Իսրայել Օրիի ընկերը, որն հնդկաստանցի Հայերից էր և որն այդ գործի գլուխն անցած՝ որևէ ճիգ ու հնարք չխնայեց նրա հաջողության համար: Եվ սակայն, ձախող ավարտ ունեցավ, որի պատճառն է համարվում գործին մասնակցող ոմանց փառասիրական և շահադիտական ձգտումները:

Եվ մինչ այդպես Ազգն իր վերջին ճգնաժամի մեջ էր, մտավոր, բարոյական և նյութական վերանորոգման մի անհրաժեշտ կարիք զգալով, հանկարծ, ամբողջովին անսպասելի կերպով, սոսկ մի քանի եկեղեցականների անսանձ փառասիրությունից հրահրված կրոնական վիճաբանություններ են ծագում, որոնք զբաղեցնում են մտքերը ո՛չ միայն եկեղեցականների, այլ նաև աշխարհականների, որոնք բուռն թափով նետվում են այնպիսի խնդիրների մեջ, որոնց էությունն անգամ ըմբռնելու կարողությունը չունեին: Ճիշտ Հույների նման, որոնք 1453 թվականին, երբ Օսմանցիների բանակներն արդեն հասել էին Կոստանդնուպոլսի պարիսպների տակ, ներսում կրոնական հակաճառություններով իրար էին բզկտում: Մեղադրողների կողմից արծարծված անհիմն ու անկարևոր հարցերի վրա ավելանալով նախապաշարումների շունչը, առաջ էր բերում մահացու, կույր ատելություն միևնույն Ազգի, միևնույն ընտանիքի զավակների միջև, որով ոտնակոխ անելով ամենանվիրական իրավունքները, զարհուրելի ոճիրներ էին գործվում: Եվ օրեցօր գնալով ծավալվում էր հրդեհը, քանի որ փոխանակ մարելու՝ նորանոր խանձեր էին դիզվում վրան:

Այդ բոլոր խնդիրների, շփոթությունների և կռիվների կենտրոնն էր Պոլիսը, և այդ թշնամանքը գլխավորողները և գրգռողները մի քանի եկեղեցականներ էին, որոնք մի չլսված կատաղությամբ իրար ձեռքից խլում էին Պոլսի և Երուսաղեմի Պատրիարքական Աթոռներն ու Սսի Կաթողիկոսությունը: Ցավալի ժամանակներ էին դրանք, երբ Ազգի հոգևոր և քաղաքական կառավարության ղեկն այնպիսիների ձեռքն էր ընկել, որոնք ժողովրդի կարիքների դիմաց խուլ և կույր, նրա ցավերի դիմաց անզգա ու անտարբեր, հասարակաց աղետից օգուտ քաղելով՝ իրենց փառասիրությունը գոհացնելուն էին միայն հետամուտ լինում: Ամեն մի վարդապետ, որ մի քիչ հաջողակ էր խոսքով կամ գործով, իր առանձին կուսակիցներն ուներ[25], որոնք սովորաբար շատ ուշ էին հասկանում իրենց սխալները, երբ իրենց ամբողջ դրամը վարդապետի քսակն էր գնում, իսկ նրանից՝ կաշառված թուրք պաշտոնյաների գանձանակը. այդպիսով, ամեն տարի 20-30 քսակ ոսկի էին ծախսում իրենց մոլագար փառատենչությանը հագուրդ տալու համար, որով հարստանում էին թուրք պաշտոնյաները, իսկ աղքատՀայ ժողովուրդը գնալով ավելի էր թաղվում չքավորության մեջ: Վերջապես, մի գեղեցիկ օր իրենց վարդապետին տեսնում էին Պատրիարքական Աթոռի վրա բարձրացած, բայց ավա՜ղ, այդ փառքի մեջ նա հազիվ մի տարի էր մնում, իսկ երբեմն էլ՝ հազիվ մեկ կամ երկու ամիս, քանի որ շուտով գալիս էր իրենից ճարտար, կամ բռնագույն, կամ թուրք պաշտոնյաներին կաշառքներ տալու համար ավելի հարուստ մեկը, և ինքն ամոթալի կերպով գահընկեց էր արվում: Երբեմն այդպիսիները կարողանում էին կրկին բարձրանալ նույն Աթոռի վրա, բայց դարձյալ վար էին գլորվում է՛լ ավելի անարգ կերպով: Այնուհետև սկսվում էին տառապանքի օրերը, քանի որ նոր Պատրիարքը պաշտոնանկ արվածի կուսակիցներից էլ էր վրէժխնդիր լինում:

Այդ տարիներին Պոլսի Պատրիարքական Աթոռին ոչ ոք չբարձրացավ առանց տապալելու իր նախորդին և առանց տապալվելու իր հաջորդից: Անընդհատ մի ելևէջ էր դա ամոթալի, համարձակ կամ գաղտնագողի դավադրությամբ իրար պատվին և նախանձաբեկ հոգիների բախտին: Եվ մեծ բան էր, եթե այդքանով գործը վերջանար: Գահընկեց արված խեղճերը, պարտքերի տակ ճնշված, շատ անգամներ իրենց կուսակիցներից իսկ լքված, անարգ քսություններին զոհ գնալով, թիավարության էին դատապարտվում և թուրքական պետության զնդանների խորքում էին մաշեցնում իրենց մնացած օրերը, իրենց ալևոր հասակին մի դատարանից մյուսն էին քաշկռտվում, իսկ երբեմն էլ, մահվան հարվածից իրենց զառամյալ կյանքի մի քանի տարիները փրկելու համար՝ հավատքն էլ էին ուրանում ի մեծ գայթակղություն բոլորի: Երբեմն էլ տգետ, գռեհիկ մարդիկ, հասարակ արհեստավորներ, կամ էլ հարուստներ ու ամիրաներ, հանկարծ բախտի քմահաճույքով, դրամի ուժով կամ ազդեցիկ բարեկամների ձեռքով, աշխարհիկ վիճակից մի ոստումով Պատրիարքական Աթոռի վրա էին բարձրանում, որպեսզի Ազգի գլուխը լինեին այնպիսի կնճռոտ ժամանակներում, երբ ամենաճարտարներն անգամ վարանելով էին ստանձնում այդ ծանր բեռը: Այդ շփոթությունների օրերին էր, որ Հայերը սկսեցին, տարբեր դավանությունների համաձայն, այլևայլ անուններ տալ իրար, ինչպես՝ կաթոլիկ, ֆռանկ, հայ, հերձվածող և այլն, որով նորանոր խռովությունների առիթ տրվեցին:

Արդեն հիշված Առաքել Պատմիչը, որ Տասնյոթերորդ դարի երկրորդ կեսին էր ապրում և հավատարմորեն գրի էր առնում իր ժամանակվա անցուդարձերը, հետևյալ տողերում գեղեցիկ կերպով համառոտում է Պոլսի մեջ պատահած շփոթությունները. «Որք բնիկ տեղացիք էին ի քաղաքէն Կոստանդնուպոլսէ, բարձրամիտ, բարձրայօն պարծանօք հարստահարեալ՝ թեւս ածէին ի վերայ եկամուտ ժողովրդոցն, և իբրեւ զգռեհիկ ի չմարդի ունէին զնոսա: Եւ զամենայն իշխանական իրականութիւնս, զգործս և զբանս ի ձեռս իւրեանց գրաւեալ ունէին և գործէին. և զեկամուտսն [այսինքն՝ գավառներից եկածներին] ի բաց քեցեալ անհաղորդս պահէին: Վասն որոյ և նոքա հոգւով չափ վշտանային ընդ քամահանս իւրեանց, և հանապազ խոցոտիչ և ատելութեան բանիւ դիմագրաւ լեալ ընդ միմեանս մաքառէին. և հաստատեալ արձանացեալ էր խռովութիւն ի մէջ նոցա անհաշտ և արեամբ չափ ատելութեամբ: [...]

Ապա յայնմ հետէ ձեռն ի գործ էարկ (Փիլիպպոս Կաթողիկոսն[26]) վճարել զպարտս եկեղեցեացն, վասն զի քառասուն հազար ղուռուշ պարտք կայր ի վերայ եկեղեցեացն Հայոց որ ի Կոստանդնուպոլիս: Եւ պատճառ պարտուցս էին, նախ՝ սոսկ միայն կոչմամբ ևեթ Պատրիարք անուանեալ առաջնորդքն, որ նստին թագաւորական իշխանութեամբ, և արծաթոյ ընտրութեամբ սպրդեալ ի ներքս մտանեն՝ յանձանց և ի սուտակասպասից ընծայեալք, և ոչ յԱստուծոյ: Եւ երկրորդ, խազմասէրքն և խռովարարքն ի ժողովրդականաց, որք վասն փառասիրութեան և վասն նախանձու և վասն մարմնաւոր շահուց ակնկալութեան, գումարտակ լինէին, ոմանք ի վերայ այսմ առաջնորդի, և ոմանք այնմ առաջնորդի, և սուտակասպաս արբանեակք, և զորավիգ լինէին նոցա, և ապա գնացեալ [...] տային կաշառս յոլովս նոցա, և վանէին զախոյեանն, և առնուին զիշխանութիւն սոսկ անուն Պատրիարքութեան և առաջնորդութեան: Եւ այլեւս բազմապատիկ կաշառս ի դրունս իշխանացն ցրուէին աստ և անդ, և այսպես առնելով բազմացաւ բարդեցաւ և դիզացաւ պարտքն, և եհաս մինչեւ ի քառասուն հազար ղուռուշն: Եւ յայսմ պատճառէ լցաւ խռովութեամբ մեծաւ քաղաքն Կոստանդնուպոլիս, և իբրեւ զխռովեալ ծով անդնդապտոյտ յատակաւն, լեռնանման կոհակաւ, շարժմամբ,շաչմամբ, շառաչմամբ և բարձրաձայն գոչմամբ [...] : Եւ համբաւ խռովութեանս այսմիկ ծաւալեալ տարածեցաւ յամենայն քաղաքս և ի գիւղս, ընդ արեւելս և ընդ արեւմուտս, և ամենայն ոք զայն ի բերան առեալ խոսէր: Եւ ի պատճառս այսմիկ բազում անգամ արք երեւելիք և անուանիք, երիցունք և երէցփոխանք, և այլք ի Կոստանդնուպոլսէ ելեալք երկարաձիգ ճանապարհաւ եկին ի Սուրբ Աթոռն Էջմիածին առ Կաթուղիկոսն, առ ի հնարել ինչ վասն բառնալոյ խռովութեանցն և վճարելոյ պարտուցն: Եւ Կաթուղիկոսն յամենայն զօրութենէ ջան եդեալ հնարեր, երբեմն թղթով և երբեմն մարդ ուղարկելով, և այլ կերպիւ հնարս հնարելով, և ոչ եղեւ խաղաղութիւն խռովութեանց ժողովրդեանն: Եւ յայսմ պատճառէ՝ ժողովրդականաց քաղաքին բազմաց եղեւ վիշտ և վտանգ և վնաս, զի ոմանք եղեն տնանկք և աղքատք, զրկեալք յընչից և յապրանաց, ի տանց և ի հայրենեաց, և ոմանք ի բանտս և ի կալանս մեռան. և ոմանք վտարական լեալ՝ ի հեռաւոր քաղաքս նժդէհութեամբ շրջէին, հեռացեալք յընդանեաց և ի ծանօթից, և այնպես զաւուրս կենաց վճարէին»[27]:

Առաքել Պատմիչի նկարագրության պակասը լրացնում է, թեև ավելի ստորին լեզվով ու ոճով, Երեմիա Չելեպի Քեոմյուրճյանը, որ ապրում էր մինչև 1695 թվականը և շատ մոտիկից ականատես է եղել այդ անկարգություններին: Մարտիրոս Պատրիարքի նոտարը և բավականին հեղինակավոր անձնավորություն լինելով, իր դիրքով և գիտությամբ փորձում էր խաղաղեցնել կրոնական մոլեռանդությամբ իրար բզկտող կուսակցություններին: Ո՛չ միայն չլսեցին նրա ձայնը, այլ նաև շատ հակառակվեցին նրա հաշտարարի դեր կատարելուն, ուղղակի երեսին գոռալով, թե «Ո՞ կացոյց զքեզ իշխան և դատավոր ի վերայ մեր», ինչի դեմ էլ նա այրած սրտով բողոքում և իր խոսքն ուղղում է ժամանակի Կաթողիկոս Եղիազար Այնթապցուն, որը նախ հակաթոռ էր Երուսաղեմում, բայց հետո օրինավոր ընտրությամբ Կաթողիկոս հաստատվեց 1682 թվականին. «Թագաւորք արդարք կարեն դատել զԿաթողիկոսունս խոտորեալ յուղիղ շաւղաց, ըստ այնմ, þþզամբարիշտ հարս որդիք անգոսնենþþ, և ինձ չտա՞յք դատել իբր զժողովուրդս խոտորեալս և անխրատս: Դատաւորք Լեհաց կարեն դատել զարքեպիսկոպոսունս իւրեանց, ինձ ո՞չ ճահ համարիցիք մասնիկ իշխանութեան՝ դատել զժողովուրդս անմիտս և ռամիկս: ԶԶաքարիա Ղալֆա կոչեցեալ ոմն ռամիկ՝ կացուցանէր Յակոբ Կաթողիկոս՝ դատաւոր ուղղիչ քննիչ ո՛չ միայն ի վերայ երիցանց քաղաքիս, այլ և ի վերայ վարդապետաց և ի վերայ եպիսկոպոսաց. ես որ ոչ խնդրեցի երբեք ի ձէնջ, չմարթիցի՞մ ասել յատենի առ տառապեալ ազգս, թէ ահա սա՛ լոյս և սա խաւար. սա՛ դառն և նա քաղցր, ըստ ժամանակին խանգարման խռովութեան: [...] Յաւուրս անեպիսկոպոսութեան քաղաքիս ի գայթակղութենէ Դաւթի եպիսկոպոսի եղեն օրինաց տեարք և հրամայողք աշխարհականք, կապել և արձակել զերիցունս, անարգել զերիցունս շուն կոչմամբ, և առաւել հարստահարեալ զվարդապետս դասասացս և քարոզիչս՝ ոչ մուծանել յեկեղեցիս, հալածելով և մատնելով զեկեալսն ի քաղաքս. և ոչ ընդունելով զսեւագլուխ ոմն ի Սրբոյ Աթոռոյդ բերել զՍրբալոյս Մեռոնն, ըստ որում կամաց հաճեցաւ հանճարեղն և հեզն յամենայնի լուսաւորեցեալ հոգի Փիլիպպոս Կաթողիկոսն աշխարհականաւ միով Յովանէս անուամբ առաքել նուիրականս Միւռոնիւ Սրբով ի քաղաքս: [...] Ոմն Օրտի էքմէքճի գրել ետ զինքն՝ Սարգիս Րահիպ և կալաւ զՊատրիարքութիւն, և տակաւին թերատ և թլուատ ասէր ''Աբ աբ բեմ բեմ'', տէրտէր եղաւ՝ ելաւ ի բեմ, թէ զձեզ ի մեղաց սրբեմ. մինչեւ սկսան Թօրօս և Մօրօս, Խաչատուր և Տիրատուր, Մեծատուր և Ասվատուր երիցունք առնուլ զգործ և զանուն Պատրիարքութեան: Եւ արդ յայսմ ամի, որ է ՌՃԼԹ [1690], դարձեալ զզուեալ և գարշեալ ի նոցունց անիրաւութեանց՝ աշխարհականք առին զիշխանութիւն. եկեղեցիքն ի մէջ խանգարման վրդովեալ, առաւել եպիսկոպոսութիւնն որ հակիրճ գրեցաւ: Իսկ Սուրբ Երուսաղէմի վիճակիս Հայոց, զոր բազում երկամբք և աշխատանօք պայծառացուցեալ նորոգեալ զարդարեր Հոգեւոր Տէրդ, Քէֆէցին Մարտիրոս ոչ կարաց մտանել և ոչ զայլ ոք եթող մտանել և ինքն մնաց յԵգիպտոս, և գողք անյագք և տմարդիք աստ ի կողմանէ մի ապռեն և անդ ի կողմանէ մի յափշտակեն: [...] Եկեսցուք ի խնդիր մեր, զոր ի գլուխ գրոյս այսորիկ ծանուցաք՝ թէ ոչ գոյ ի ժամանակիս իշխան մարգարէ. այլ Հոգեւոր Տէրդ ի հեռի և ոչ ոք ծանուցանէ ըստ Աստուծոյ՝ զեղեալ անկարգութիւնս որ վերասացաւ վասն եկեղեցւոյ և վասն եպիսկոպոսութեան և վասն Սուրբ Երուսաղէմի վիճակին մերոյ: Ապա զայս ո՞ւր դիցուք, աստանօր եկեալ հասեալ հեռ և նախանձ և վրդովմունք ի մէջ Հայոց, յորոց պատճառէ և գայթակղութիւն բազմաց, կաթուլիկ և հերձուածող, ֆռէնկ և հայ աղճատանօք ... և կատարածն ո՞վ գիտէ թէ ո՛ւր նկատելոց է և դադարելոց, որոյ եղեւ առիթ Սարգիս ոմն թօխաթցի. մեք զմեր ցաւն ունէաք և արդ զսկիզբն երկանցն կասկածեալ շուարեալ մնացաք, մէկն օրհնեց, մէկն անիծեց, մէկ այլ եկաւ հաւատէն հանեց [...] »[28]:

Մայրաքաղաքում պատահող այդ բոլոր խառնաշփոթությունների հետևանքները զգացվում էին նաև գավառներում, որով գրեթե ամբողջ Ազգն էր ալեկոծության մեջ ծփում: Նման պարագաների մեջ լեզուն և գրականությունը, որոնք երկու դարերից ի վեր աղավաղված և անկման վիճակում էին գտնվում, չէին կարող կենդանանալ, իսկ գիտությունը, որն հանդարտության մեջ է միայն ծլարձակում ու փարթամանում, չէր կարող ծաղկած դիրք ունենալ: Էլ չենք ասում, որ այն ժամանակ դպրոցները գոյություն չունեին, ուսուցիչներ չկային, դասագրքերը բացակայում էին, բառարաններն ու քերականությունները դեռ լույս չէին տեսել: Տպագրության արվեստը, որ գիտությունը զարգացնող ուժերից մեկն է, Հայոց մոտ դեռ մանուկ հասակում էր և շատ համրաքայլ էր առաջանում, իսկ գոյություն ունեցող սակավաթիվ տպագիր գրքերը զուտ հոգևոր գրություններ էին և անկատար, շատ շատերի համար էլ անմատչելի էին իրենց գնով, որով մեծ օգուտ չէին կարող տալ մեր աղքատ դասակարգին: Մանավանդ որ Ազգի գլխավորներն ու եկեղեցականները, որոնք համեմատաբար ավելի պետք և միջոցներ ունեին, գիտությանը բնավ ուշադրություն չէին դարձնում, ուր մնաց թե միջին և ստորին դասակարգն ու արհեստավորները, որոնք հազարումի հոգսերով պաշարված, ուսման ու կրթության ժամանակ չունեին: Իսկ եթե ոմանք էլ կամենային ուսանել, ի՞նչ և ինչպե՞ս էին ուսանելու, մինչ գիտությամբ զարգացած Եվրոպայից այդքա՜ն հեռու էինք կրոնով, լեզվով և բարքերով: Այդ բոլոր խոչընդոտները վերացնելու և Ազգի մտավոր ու բարոյական վերածննդին նպաստելու համար հարկավոր էր, որ եվրոպացի գիտնականներ, ինչ որ մի հմայիչ բանից կախարդված, թողնեին իրենց լուսավոր աշխարհները, գային հաստատվեին Օսմանյան կայսրության լծի տակ մթագնած Հայոց հորիզոններում, և այնտեղ սփռեին եվրոպական գիտությունը, կրթությունը, արվեստները, որով կդառնային մեր Ազգի իմացական զարգացման հեղինակները: Բայց դա չեղավ, և չէր էլ կարող լինել: Այդ պատիվը օտարին չպետք է պատկաներ. այդ փառքը մի Մեծ Հայի էր վերապահված, բազմաչարչար այս Ազգի մի արժանավոր Զավակին: Այդ նպատակին հասնելու լավագույն և ամենադյուրին միջոցն էր թողնել Օսմանյան տիրապետության տակ ճնշված Արևելքի տգիտությամբ ու անկարգությամբ խտացած մթնոլորտը, գալ և Եվրոպայի հենց սրտում հաստատել մի բարեկարգ ու կանոնավոր Ընկերություն, ուր խմբովին հավաքելով Հայ պատանիներ, կրթել նրանց, որպեսզի Եվրոպայի լեզուները, ուսումները, գրականությունն ու գեղեցիկ ճաշակը յուրացնելով՝ ետ վերադառնային, այդ ամենն իրենց հետ տանեին, ծավալեին Հայրենի Աշխարհի մեջ: Ահա այդ ծրագիրն իրականացրեց Մխիթարը, դառնալով Հայ Ազգի մեծագույն դեմքը:

1710 թվականից արդեն, Մխիթարյանները սկսում են իրենց առաքելական գործունեությունը կանոնավոր ընթացքով, Պոլսում և նրա շրջակայքում, Փոքր Ասիայի ա՛յլ քաղաքներում և Հայոց բուն լեռնաշխարհում, մի ձեռքով բռնած Կրոնի կանթեղը, իսկ մյուսով՝ Գիտության ջահը, Ավետարանի և Քրիստոսի Նմանության գրքի հետ տանելով Ազգին բառարաններ, քերականություններ և ուրիշ ուսումնական գրքեր, բախվելով ամեն տեսակ դժվարությունների, կրելով նեղություններ ու հալածանքներ, մաքառելով անհասկացողությունների, թյուրըմբռնումների և կանխակալ կարծիքների դեմ, մինչև որ կարողացան ժողովրդի սրտի մեջ դնել կրոնասիրության, ուսումնասիրության, աշխատանքի և կրթության սերմերը: Իսկ հունձքը բյուրապատիկ եղավ ահա արդեն երեք դար:

[1] Յաճախապատում, Ճառ ԻԳ:

[2] Փաւստոս Բիւզանդ, հրատ. 1832, Դ 75:

[3] 551 թվականին Գլակի վանքի առաջնորդ Աթանաս վարդապետը մեծ տոմարագետ էր, որ Դվինի Ժողովի մեջ կազմեց Հայոց տոմարը, Մովսես Եղիվարդեցու Կաթողիկոսության ժամանակ (Յովհ. Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, էջ 8):

[4] «Վանքդ անուն», գրում է Մխիթար Գոշը, «հանգստարան սրբոց են, և օթեւանք եպիսկոպոսաց և քահանայից և աբեղայից և աղքատաց» (Դատաստանագիրք, Էջմիածին 1880, էջ 413-414):

[5] Հայոց վանքերի թիվը հազարների էր հասնում: Միայն Ներսես Մեծի ժամանակ կառուցվել են 2040 վանք կամ եղբայրանոց, ինչպես պատմում է Մեսրոպ Երեցը (Սոփերք, Զ, էջ 39): Իսկ Արիստակես Լաստիվերտցին գրում է. «Նաեւ անապատագոյն վայրքն լցեալ և խճողեալ էին կրօնաւորագոյն դասուք, մինչ զի զգեօղս և զագարակս առ բարի նախանձ քահեալ՝ առնէին բնակութիւն կրօնաւորաց» (Ժ, էջ 39):

[6] Գրիգոր Մագիստրոսը Սանահնեցիներին գրած իր նամակում հիշում է նրանց ճգնությունները. «Ոմանք ի ձէնջ ի մորթոց փայտից զգեստաւորեալ, և ի կերակուրս մարդկայինս ոչ հպեցելոց, այլ խոտովք վայրենի շատացեալք, և ոմանց մաշկեօք միայն, և առանց պարեգօտի և զգեստու: Զտապ ամարայնոյ և զսառնամանեաց օդոյ դժնդակութիւն ձմերայնոյ հիւսիսային յինքն կրեալ, և գետնախշտի տարտամեալ, և սովու և ծարաւու համբերեալ» (Ինճիճեան, Ստորագր. հին Հայ., էջ 348-349):

[7] Ստեփանոս Օրբելյանը շատ գեղեցիկ կերպով է նկարագրում Թանահատք կոչվող վանականների կյանքը. «Մշտապաշտօնք, հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց, միայն աստուճ հացիւ և լոկ ջրով վճարէին զպէտս իւրեանց: Լռիկք, հեզաշարժք, որք իբրեւ զկանթեղունս անշէջս կանխեալք լինէին յաղօթս զցայգ և զցերեկ ... և բայց ի սպասաւորացն ընդ դրունս վանիցն ոչ ոք ելանէր արտաքս» (գլուխ ԼԴ):

[8] Յովհ. Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, էջ 60:

[9] Ամենանշանավորներն էին Սյունյաց վարդապետարանը, ուր Տասներորդ դարում 500ից ավելի կրոնավորներ էին ապրում. Հաղբատի վանքը, որի միաբանների թիվը նույնպես գրեթե 500ի էր հասնում Տասներորդ դարում, և որի մատենադարանը «ամենափարթամ գանձարան» էր կոչվում. Շիրակի Հոռոմոսի վանքը նույնպես շատ հարուստ մատենադարան ուներ. Գլաձորի կամ Գալա ձորի վանքը, որի համար Վարդան աշխարհագիրն ասում է. «Ուր աթոռն է և վարժարան սուրբ վարդապետացն մերոց». Սևանի վանքը, որի համար Ասողիկը վկայում է. «Միակրօնք ի տան Աստուծոյ եղեալ, ստանալով զբազմութիւն գրոց սրբոց» (Գ 3). և այլք:

[10] «Զմուտս հասարակաց վանիցն մասունս արարեալ յինքեանս բաժանէին. և զայն ամենայն ինքեանց և ազգայնոց և իւրեանց հաճելեաց արանց ծախէին ի պէտս կարեաց» (Առաքել Դավրիժեցի, Էջմիածին 1884, էջ 220):

[11] Ներսես Շնորհալին ևս մեղադրում է իր ժամանակվա վանականներին, թե «բազումք ի ժամանակիս կրօնաւորաց, որ յաշխարհի առանց ժառանգութեան էին ... աղքատք ի գոյից և կարօտք հարկաւորացն. յորժամ զձեւ կրօնաւորութեան ընկալան, տեարք եղեն ի վանորայս բազում ժառանգութեան և փարթամացան ստացուածովք» (Թուղթ Ընդհանրական, Վենետիկ 1873, էջ 73):

[12] Առաքել Դավրիժեցի, էջ 220-221, ուր մանրամասնորեն նկարագրում է իր ժամանակվա վանականների, գյուղական քահանաների և մինչև իսկ եպիսկոպոսների ու Կաթողիկոսների անկարգությունները:

[13] Ներսես Շնորհալին իր ժամանակվա վանականներին հորդորում էր «փոփոխիլ ի փոփոխական բարուց, վանաց ի վանս շրջելով. զի վասն դոյզն պատճառի թողուլ զառաջնորդն իւր և զկենակից եղբարսն, անհաստատութեան բարուց է նշանակ ... : Զի յորժամ յանպատշաճսն ... տեսանիցեն զոք եղեալ՝ առաջնորդն, կամ վարդապետն, կամ ոք ի ծերագունիցն, և յանդիմանող բանիւ սաստիցէ, վաղվաղակի գիշերագնաց եղեալ փախչի» (Թուղթ Ընդհանրական, էջ 89):

[14] Առաքել Պատմիչն իր ժամանակվա աբեղաների մասին ասում է, թե «ոչ բնաւ ընթեռնուին գիրս, այլ էին փակեալ և լռեալ մատեանք, վասն զի էր խափանեալ ընթերցումն Սուրբ Գրոց, որք էին արհամարհեալ յաչս նոցա, հողով և մոխրով լցեալ և անկեալ յանկեան ուրեք» (Պատմութիւն, էջ 221):

[15] Իրավամբ է մեղադրվում Սևանի վանքի առաջնորդ Հովհաննես Երկրորդ վարդապետը, որն հրամայել է ծովը թափել վանքի բոլոր հին ձեռագրերը, որպեսզի վանքին այցելության եկող Սիմեոն Կաթողիկոսը (1770-1780) չտեսներ դրանց անկարգ ու խանգարված վիճակը (Սիսական, էջ 87-88):

[16] Ներսես Շնորհալին վանականներին ուղղում է հետևյալ խոսքերը. «Զգուշացուցանեմք զճշմարտագունիցդ երամս, յաղագս նոր եղելոյ սովորութեանդ ի վանորայս ի մերում ժամանակիս, այգեգործ իւրաքանչիւր ոք լինելով ի կրօնաւորաց, որպէս ի գիւղս», իսկ մի քանի էջ հետո ավելացնում է.

«Արժան է, ասեն, այսպիսի օրինակաւ վաստակել եզամբք, և բրել ձեռամբ և փայտատօք և բահիւք. թողից ասել զպատուաստելոյն հնարս, մի քան զմի առաւելեալ ի հանճար» (Թուղթ Ընդհանրական, էջ 71-72.74-75): Անշուշտ հարկավոր է ընդգծել, որ Սուրբ Հայրապետը նրանց չի հանդիմանում այն բանի համար, որ աշխատում են ու քրտնում, այլ՝ որ միայն դրանով են զբաղվում, մի կողմ թողնելով վանականի էական պարտականություններն ու առաքինությունները:

[17] Տասնութերորդ դարի վերջավորության, 1780-1799 թվականներին, երբ Հայոց մոտ վերջապես սկսել էին կրկին զարգանալ գիտությունները, Ղուկաս Կաթողիկոսը Էջմիածնի միաբաններին հորդորում էր, ինչպես պատմում է Մսեր Մսերյանցը, որ թողնեն գրքերն ու ուսումները և այգիները մշակեն ու նախիրներն արածեցնեն, ասելով. «Մեծ է տունս այս, ինձ մարդիկ հարկաւորք են ի կառավարել, իմ միաբանքս եթէ զՍուրբ ես Տէր և զՀայր գթածն գիտենան, ինձ բաւական է. ես փիլիսոփայ միաբան ուզում չեմ» (Պատմութիւն Կաթողիկ. Էջմիածնի. 1763-1831, Մոսկուա 1879, էջ 12):

[18] Մխիթար Գօշ, Դատաստանագիրք, Մասն Ա, գլ. Գ, էջ 88, 91:

[19] Նույն, էջ 90:

[20] Նրանց մասին Առաքել Պատմիչն ասում է, թե «Վասն զի ոչ ընդդիմակաց ախոյեանի պատահեալք էին, վասն որոյ ի միտս իւրեանց կարծէին զինքեանս գիտնականս և կարողս ոմանս գոլ» (Պատմութիւն, էջ 307):

[21] Խոսքը վերաբերվում է նույն ժամանակվա Հայոց Կաթողիկոսին, ով բավական լուսամիտ անձ էր և նշանավոր Հովհաննավանքը ծաղկեցնողը եղավ:

[22] Սա, որպես իմաստասիրական գիտություններին պարապող և հմուտ քերականագետ, շատ է գովվում իր ժամանակակիցներից: Այդ ժամանակներում ծաղկում էր նաև Ստեփանոս Լեհացին, որ լատիներենի հմուտ մասնագետ էր, և շատ կարևոր թարգմանություններ է կատարել, ինչպես Հովսեփոսի «Յաղագս Հրէական պատերազմին» գիրքը և Սիրաքի Իմաստությունը, որ հրատարակվել է Ոսկան Վարդապետի Աստվածաշնչում, և այլն (Առաքել, էջ 314-315):

[23] Այդ միջադեպի շնորհիվ ունեցանք Սիմեոն Ջուղայեցին, որը հիշյալ աբեղաներից մեկն էր, և որն իրոք Էջմիածին վերադառնալով, քերականության և իմաստասիրության լուրջ դասեր առավ Մելքիսեթ Վարդապետից, և հետո շարադրեց Քերականության մի դասագիրք, որի բովանդակությունը բավականին ընտիր է, եթե համեմատենք իր դարի լեզվի հետ: Նրան շատ է գովում Առաքել Պատմիչը, և դա հասկանալի է: Նա սրբագրեց նաև Պրոկղ իմաստասերի գրությունների հայերեն թարգմանությունը (Առաքել, էջ 235, 310, 313):

[24] Պատմութիւն, էջ 231:

[25] Պոլսաբնակ ամբողջ Հայ ժողովուրդը կուսակցությունների էր բաժանվել և ա՛յն անունով էին կոչվում նրանցից յուրաքանչյուրը, ում որ իրենց համար Պատրիարք էին ճանաչում. այդպիսիք էին Թլթլյանները, Ջահուկյանները, Արևելցիները, Եղիազարյանները, Մարտիրոսյանները և ուրիշներ:

[26] Կաթողիկոսը 1652 թվականին Պոլիս էր գնացել՝ ժողովրդի մեջ խաղաղություն հաստատելու և եկեղեցիների պարտքերը հատուցելու համար:

[27] Առաքել, էջ 257-259:

[28] Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան, Տարեգրական Պատմութիւն (ձեռագիր), էջ 465, 468-470:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։