Տապանի բացումը և նշխարների փոխադրումը 1899 թվականին – Գրադարան – Mashtoz.org

Տապանի բացումը և նշխարների փոխադրումը 1899 թվականին

Երանաշնորհ Հիմնադրիս մահվանից հարյուր հիսուն տարի անց, 1899 թվականի Դեկտեմբերի 4ին, եկեղեցու նորոգության առթիվ, մարմարե նոր քարերով սալարկելու համար բեմի հատակը փորելով՝ ստիպված եղան բացել նաև Մխիթարի տապանի մարմարե կափարիչը: Տեսնելով, որ փայտե արկղը, որով թաղված էր, փտել ու քայքայվել էր, Մխիթարի նշխարներն ամենայն խնամքով զատելով՝ զետեղեցին ընկույզի նոր կապարապատ տապանակի մեջ, իսկ ցփսիների փշրանքները և մյուս մանր մասունքներն ամփոփվեցին մի սափորի մեջ և դրվեցին այդ տապանակի կողքին: Բեմի Ավագ Սեղանը դեպի ետ փոխադրելով, հարկ եղավ Մխիթարի տապանաքարն էլ տեղափոխել մի փոքր ետ, դեպի Խորանը: Նշխարների այս ամփոփման և տեղափոխման մանրամասն նկարագրությունն իր բոլոր պարագաներով հանդերձ գրեց Միաբանության Ընդհանուր Աթոռակալ Հայր Ղևոնդ Ալիշանը: Նրա գրանցումները մագաղաթե թղթի վրա գրվելով և Միաբանության Արհիապատիվ Առաջնորդի և վանքում ներկա բոլոր միաբանների ստորագրությունների վկայությամբ ամբողջանալով, ապակե անոթի մեջ փակված՝ տեղադրվեցին Մխիթարի նշխարների արկղի մոտ: Ահավասիկ այդ արձանագրության պատճենը.

«Իղձ էր բազմաց ի միաբանիցս և առաւել Գերապատիւ Աբբահօր մերոյ Տեառն Իգնատիոսի Կիւրեղեան արքեպիսկոպոսի Տրայանուպոլսոյ, որ էր վեցերորդ ի Հեղինակէ Ուխտիս Ծառայէ Տեառն Մխիթարայ, միանգամայն և առ յիշատակէ մերձեցեալ երկերիւրամեկի հաստատութեան սորին (1701-1901), ընդարձակել զբեմ Աւագ Խորանի տաճարիս, առ դիւրագոյն և վայելչագոյն եւս կատարել զհանդէսս տօնական Պատարագաց և Ձեռնադրութեանց. վասն որոյ յայսմ ամի որ է 1899 Մարդեղութեան Փրկչին, քակեցաւ շրջապատ որմն ի թիկանց սեղանոյն, և արկաւ բացագոյն իբրեւ հինգ բնաչափ (mՌtre) նոր հիմն, որմն և յատակ: Եւ Սեղանն՝ Տապանակաւն հանդերձ և անդրեօք ընթերակայ Հրեշտակացն՝ վարեցաւ յառաջ կոյս, ընդ նորակառոյց հոյակապ գմբեթաւն: Եւ յորժամ սկսան սալարկել զյատակն, ի բրելն՝ երեւեցաւ բացատ ի սնարս տապանի Նախահօրս, և կողք փայտեղէն արկեղն փտեալ և սորսորեալ ի ներքս ի վերայ դիականն. զոր ծանր համարեցաք թողուլ այնպէս խառնիխուռն, այլ վայելուչ՝ մաքրել և յարդարել. բայց առ խղճելոյ զի մի՛ արդեօք հակառակ ինչ եկեղեցական հրահանգաց իցէ ձեռնմխութիւն և տեղափոխութիւն նշխարացն, և այնու խէթ ինչ և խափան լիցի խնդրոյ փափագելի երանացուցման Ծառային Տեառն, պատշաճ դատեցաւ Վեհս հարցանել զՊատրիարք քաղաքիս՝ Ծիրանաւոր Յովսէփ Սարդոյ, և առաքեաց առ նա յերկրորդում աւուր Դեկտեմբեր ամսոյ զքարտուղար իւր Հայր Բարսեղ Վարդապետ Սարգիսեան և զեկեղեցպանն Հայր Յովհաննէս Վարդապետ Թորոսեան: Կարդինալն վստահացոյց զնոսա առնել անկասկած զոր կա՛մ էր մեր, խրատ եւս տալով ի փայտեղէն տապանակի հանգուցանել զնշխարսն, որ լաւ եւս պահէ յապականութենէ քան զքարեղէնն. և արարաւ այնպէս: Յետ երկուց աւուրց (Դ. Դեկտեմ.) յառաջ քան զմիջօրէն ի բաց առաւ արձանագրեալ կճեայ կափարիչն. և տեսաք և գտաք յետ երից յիսնեակ ամաց թաղմանն (1749-1899) զպատուական ոսկերսն՝ լուծեալս ի յօդից և ծածկեալս փտածով փայտիցն և զգեստուց. գանկն կայր ի տեղւոջ իւրում, այլ ստորին ծնօտն ատամնախառն՝ անջատեալ ի նմանէ. մասունք ինչ փիլոնին և կապային բրդգզեալք ի վերոյ և ի ներքոյ դիականն: Յոսկերացն յայտնեցան՝ սրունիցն, բարձից և բազկաց, մասն ինչ կողից և ողնայարին, և այլ մանր մասունք մատանց և թաթաց:

Զայս ամենայն՝ մտեալ ի տապանն գործակալ Ուխտիս Հայր Յուսիկ Վարդապետ Մէհրապեան՝ մի ըստ միոջէ հանեալ տայր առ Գեր. Աբբահայրս, որ և նովին խնամով զետեղէր ի կապարապատ փայտեղէն տապանակի: Գտան ոչ սակաւ մեծահատ, փայտեայ համրիչք Վարդարանին, է որ ցրուեալ և է որ տակաւին յեռեալ, հանդերձ պղնձեայ մեդալիւք, փոքրիկ պղնձեայ խաչ լանջացն, և թզաչափ խաչ փայտեղէն՝ պղնձեայ խաչեցելովն, եդեալ յաշակերտացն ի վերայ կրծոց կամ ի միջի ձեռաց հօր իւրեանց. անփուտ կային և ներբանք հողաթափիցն, բայց գօտի մաշկեղէն ոչ երեւեցաւ և ոչ մատանի. այլ միայն երիզք ինչ, թերեւս փիլոնին: Ի սոցունց մասն ինչ ի բաց առան ի պահեստ, ի յիշատակ և յարգահատութիւն սիրողաց Նորին յարգողաց. իսկ այլ ամենայն պատառք ցփսէից և մանր մանր մասունք կամ փշրանք հանդերձ ամենայն նիւթով ամփոփեցան ի սափոր մի և եդան առ երիզ արկեղ նշխարացն ի նմին յառաջնում տապանին, զոր այսու առթիւ և ըստ վայելչութեան գրից ընդարձակեալ բեմին՝ յառաջ վարեցաք ի Սեղանն կոյս: Եւ յառյապա ծանօթութիւն այսմ ամենայնի՝ եդաք յապիկեայ ամանիս զայս գիր վասն այնոցիկ՝ որոց դէպ լիցի բանալ զփակեալս և զկնքեալ ի ներկայիցս սրտառուչ որդւոց և թոռանց հոգելոյս հօրս մերոյ և Լուսաւորչի նուաղեալ Ազգիս Հայոց. փափագելով անձկաւ ոչ յամել վերաբացմանն, ի փառս Փառաւորչին փառաբանողաց իւրոց՝ առաքինեաց և Սրբոց և ի մեր քաջալերութիւն:

Գրեցաւ ի մայրավանքս Ծառային Աստուծոյ Մխիթարայ, ի Սուրբ Ղազար կղզեկիս Վենետկոյ. յամի Կենարարին մերոյ 1899, ի Ե ամսեան Դեկտեմբերի, և ի Հայոց թուականիս ՌՅԽԹ (1349), ի ԻԲ ամի Քահանայապետութեան Լեւոնի ԺԳ, և ի ԻԴում ամի առաջնորդութեան Աբբահօրս, որ և ստորագրէ և կնքէ և հաստատէ զգրեալքս:

Ես՝ Իգնատիոս Վ. Կիւրեղեան, Արքեպիսկոպոս Տրայանուպոլսոյ և Ընդհանուր Աբբայ Մխիթարեան Միաբանութեան, հաստատեմ զվերոյգրեալքս:

Ես՝ Հ. Ղեւոնդ Ալիշան, Ընդհանուր Աթոռակալ Ուխտիս, հաստատեմ զվերոյգրեալքս»:

Ահա այսպես հերթով ստորագրեցին վանքում գտնվող բոլոր միաբանները, ընդամենը քսաներեք հոգի:

Իսկ մասունքների փոխադրության հանդեսը կատարվեց Դեկտեմբերի 5ին: Այդ օրվա վերջալույսն էր. Միաբանության Արհիապատիվ Առաջնորդը եպիսկոպոսական զգեստներով և երկու ընթերակա սարկավագներով դասի մեջտեղում կանգնած, քահանաների դասը շուրջը խմբված, ձեռքներին վառված մոմեր բռնած, իսկ բեմի վրա ուխտյալ և նորընծա պատանիները, նրանք նույնպես ձեռքներին վառված մոմեր բռնած, բոլորն էլ անթարթ հայացքները սևեռած այն փոքրիկ արկղին, որի մեջ ամփոփված էին Երանաշնորհ Հոր մասունքները, սաղմոսների ու շարականների ուղեկցությամբ, լույսերով և անուշահոտ խունկերի բուրմունքով, նույն տապանի մեջ զետեղեցին նշխարակիր արկղը: Այդ պահին յուրաքանչյուրի միտքը գրավված էր զանազան խոկումներով ու զգացումներով, որոնք ինձ անշուշտ անթափանցելի մնացին: Բայց ինչ որ կարողացա կարդալ այդ մտածկոտ դեմքերի վրա և հուզված ձայների մեջ, այս էր. լինել մի մի Մխիթարներ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։