Մխիթարը տեղեկանում է Օսմանցիների պատերազմական պատրաստություններին ընդդեմ Վենետիկի – Որոշում է Միաբանությունը տեղափոխել Վենետիկ – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը տեղեկանում է Օսմանցիների պատերազմական պատրաստություններին ընդդեմ Վենետիկի – Որոշում է Միաբանությունը տեղափոխել Վենետիկ

Գարուն էր, ծաղիկների ու ժպիտների եղանակը, 1715 թվականին, երբ վենետիկյան վաճառական մի նավ, դանդաղ ու տաժանելի ընթացքով կտրում էր Ադրիականի խաղաղ ջրերը: Այդ նավը, գրեթե մի դար ապրած, մրրիկների դեմ կռված, ալիքներից անդադար ծեծված լինելով, մաշվել էր, ծերացել, այնքան, որ մի թեթև հով բավական էր այն կոհակների ձեռքը մատնելու և ծովակուլ անելու համար: Հայ Ազգի բախտից, այս անգամ չփչեց այդ հովը: Նավախելին կանգնած էր վայելուչ հասակով, լուրջ դեմքով, վառվռուն աչքերով, գրեթե քառասնամյա մի վարդապետ, արևելյան տարազով, որ դիտում էր ծովը, նայում էր դեպի հեռուն, կարծես ուզում էր ինչ որ մի բան նշմարել հորիզոնին: Մտածկոտ, տագնապալից խոհերի մեջ ընկղմված, խոսում էր ինքն իր հետ, հակաճառում, նորանոր ծրագրեր գծում: Նավի մյուս կողմում նրա նման հագնված աբեղաների մի խումբ կար, որոնք նույնպես մտածկոտ էին երևում. նրա պանդխտության ընկերներն էին: Թափառական կյանքի դատապարտված այդ վարդապետը, որ սոսկալի աղետներից փախչող մարդու տպավորություն էր թողնում, վաղուց արդեն հրաժեշտ տված կլիներ իր փշոտ ասպարեզին, եթե չգիտակցեր, որ այդ նեղությունները կրում է ի սեր Աստծո և ի սեր իր Ազգի լուսավոր ապագայի: Այդ համոզումն էր, որ ամրապնդում էր նրա ուժերը՝ արիաբար դիմադրելու կյանքի հարվածներին: Նավը, որ արդեն մոտ էր իր հանգրվանին հասնելու, դոժերի մայրաքաղաքին ողջունելու և Սուրբ Մարկոսի ծովախորշում խարիսխ գցելու, տանում էր Հայ Ազգի գրական վերածննդի լուսավոր առաջատարին. Մխիթար Սեբաստացին էր այդ վարդապետը, իսկ աբեղաների այդ խումբը իր աշակերտներն էին:

Բայց ի՞նչն է, որ ստիպում էր իրենց թողնել այն հյուրընկալ հողը, որ մի երկրորդ հայրենիք էր եղել իրենց համար. այն շինությունները, որոնք կառուցվել էին մեծ տառապանքների ու զրկանքների գնով. խնամքով մշակված այն դաշտերը, որոնք լիության տարիներ էին խոստանում իրենց արգավանդությամբ. իսկ որ ամենակարևորն է, ցիրուցան էր լինում այն սերտ, միաձույլ ու բարեկարգ Միաբանությունը, որի երկնակամարի վրա հետզհետե ավելի էր բարձրանում ու փայլում հաջողությունների աստղը. ամեն կողմից հորդում էին բարիքն ու անդորրությունը, հալածանքները դադարել էին, ամեն բան գոհացուցիչ ու բարգավաճ վիճակում էր, և կատարյալ երջանկության համար ա՛յլ բան չէր պակասում, քան հարատևումը այդ լուսավոր ու ծաղկուն կացության: Այդ նոր պատուհասի պատճառը Արևելքից փչող հողմն էր, որ գալիս էր տապալելու երջանկության այդ կառույցը: Համառոտ կերպով պատմենք, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ կործանարար հողմը, որ Մխիթարի խաղաղ լաստը Մեթոնից քշեց ու տարավ մինչև Վենետիկի լճակը:

Մինչ հաջողություններով և հույսերով հրճվում էր Մխիթարի սիրտը, այլևս տարակույս չունենալով, թե կարող են նորանոր փորձանքներ հասնել, և ամբողջովին ապահով կարծելով Միաբանության ապագան, անսպասելի կերպով Արևելքից տխուր լուրեր հասան և ամեն բան տակնուվրա արեցին: 1714 թվականին Օսմանցիները բանտարկեցին Պոլսի վենետիկյան դեսպանին և սկսեցին Վենետիկի դեմ պատերազմի պատրաստվել, կամենալով նրանց ձեռքից ետ խլել Մոռեան: Երկրի մեծ իշխան Աղեքսանդր Բոն սեպուհը այդ գույժը լսեց, երբ Նիշի կոչված փոքր ավանում էր, և շուտով տեղեկացրեց նաև Աբբահորը: Մտահոգությունն ու վարանումը պատեցին Մխիթարին, և իր հեռատես մտքով նա տեսավ լինելիքը. հասկացավ, որ Վենետիկի նման փոքր ու անզոր պետությունն անկարող էր դիմադրելու Օսմանյան հզոր ու բազմաթիվ բանակներին: Ուստի նրա վառ երևակայության մեջ պատկերվեց պատերազմն իր բոլոր արհավիրքներով. Մեթոնը գրավված, օսմանյան զորքերի կատաղությանն ու ավարառությանը մատնված, իր միաբանների կեսը սրախողխող եղած, իսկ մյուս կեսն էլ գերի տարված, վանքի կալվածքները զինվորների ու ձիերի կողմից ոտնակոխ արված, վանատունն ու եկեղեցին թալանված, ավերակների ու մոխիրների կույտի վերածված. իսկ ինքը, իր մի քանի միաբանների հետ, կրկին թափառական և աստանդական օտարության մեջ, օրվա հացին կարոտ, անտուն, անտերունչ, ձախողությունների ձեռքը խաղալիք դարձած, մարդկանցից լքված: Այսպիսի և նմանատիպ սև պատկերներ Մխիթարի շուրջը խտացնում էին խավարն ու հուսահատությունը, երբ հանկարծ լուսատու աստղի նման ծագեց Երկնքի Թագուհու կողմից իրեն տրված խոստումը. քաջալերվեց Մխիթարը, սթափվեց իր ծանր խոհերից և ոտքի ելավ՝ անսայթաք շարունակելու իր ընթացքը: Շտապեց իրեններին հաղորդել այդ լուրը, որ բոլորի վրա սաստիկ տպավորություն գործեց: Ժողովի կանչեց իր խորհրդականներին և միասին որոշեցին թողնել Մեթոնը և գնալ Վենետիկ, այդ ծովապատվար, անառիկ, բազմամարդ և հարուստ քաղաքը, ուր Միաբանությունն ուներ բավական թվով սերտ բարեկամներ Վենետիկի նշանավոր ու ազդեցիկ սեպուհների մեջ: Այնտեղ մի փոքրիկ հայ գաղութ էլ կար և ազգայիններից շատերը ծանոթ էին Մխիթարին: Վենետիկում կային բազմաթիվ գրադարաններ, տպարաններ, վարժարաններ, վանքեր և ա՛յլ հաստատություններ, որոնք Մխիթարին շատ հարմարություններ էին ընձեռելու՝ հասնելու համար իր նպատակին: Սակայն որքա՜ն դժվարություններ ու խոչընդոտներ կային, որոնք հարկավոր էր հաղթահարել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։