4) Հայր Մանուել Ջախջախյան (1770-1835) – Գրադարան – Mashtoz.org

4) Հայր Մանուել Ջախջախյան (1770-1835)

Ծնվել է Գյումուշխանեում, Մխիթարյան Միաբանությանն անդամակցել է 1791 թվականին: Եղել է անվանի բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ: Զբաղվել է քարոզչությամբ, ապա մանկավարժական, գիտական գործունեությամբ:

1815-1816 թվականներին խմբագրել է «Դիտակ Բիւզանդեան» պարբերականը: Գրել է բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է «Մխիթարեան տաղարան» (1824) ժողովածուում «Վահրամ Ռուբինյան» ստորագրությամբ: Կատարյալ հմտությամբ տիրապետել է դասական հունարեն և լատիներեն լեզուներին, մեծապես նպաստել է դասականամետ գրականության շարժմանը՝ թարգմանելով Գ. Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819), Սալոմոն Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825), Ֆրանսուա Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդւոյն Ոդիսեայ», 1827) և այլոց ստեղծագործություններից:

1804 թվականին Վենետիկում լույս է տեսել Ջախջախյանի «Բառարան յիտալական լեզւէ ի հայ եւ ի տաճիկ» աշխատությունը (45 հազար բառահոդված), որի համառոտ տարբերակը, 30 հազար բառահոդվածով, լույս է տեսել 1825 թվականին: 1837 թվականին հրատարակվել է, հետմահու, «Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական»ը (60 հազար բառահոդված), որը հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից է. ամփոփում է հայ մատենագիտության մեջ գործածված, ինչպես նաև իր ժամանակվա կենսունակ բառերը, նորաբանությունները: Թարգմանության հետ միաժամանակ տրվում են բառի բացատրությունը, հաճախ նաև հոմանիշը, գրաբար, բարբառային համարժեքները, նշվում են փոխառությունները: Վերջում բերված են հայկական անձնանունները և տեղանունները՝ իտալերեն արտասանությամբ կամ թարգմանությամբ:

Հրատարակել է նաև բազմաթիվ կրոնական գրքեր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։