Մի քանի խնդիրներ են ծագում, որոնց մեջ Մխիթարը հաղթող է հանդիսանում – Գրադարան – Mashtoz.org

Մի քանի խնդիրներ են ծագում, որոնց մեջ Մխիթարը հաղթող է հանդիսանում

Մխիթարի ճակատագիրն էր, կարծես, շարունակ կրելը, տոկալն ու գործելը, երբեք հանգիստ կամ դադար չառնելով: Նորանոր խնդիրներ ծագեցին, որոնց պատճառով կրկին ստիպվեց գոտեմարտի նետվել: Նա գիտեր լռել և տեղի տալ, բայց միայն այն դեպքերում, երբ հարկը կամ պատշաճությունը դա էին պահանջում: Խոնարհությունը երբեք չպետք է շփոթվի նվաստության հետ: Մեծ Սրբերը մեծամեծ տիպարներ են եղել արիության ու վսեմության. նրանք իրավունքի պաշտպանության համար պատրաստ էին մինչև իսկ զոհելու իրենց կյանքը և նրանց հեզ սիրտը վառվում էր արդար զայրույթով՝ ի տես հարստահարված անմեղության: Այդ հոգին ուներ նաև Մխիթարը: Նա, որ չափազանց ներողամիտ էր իր անձի դեմ եղած հակառակությունների ու թշնամանքի նկատմամբ, ինչպես որ հայտնի է իր կյանքի պատմությունից, չէր հանդուրժում Աստծո կամ կրոնի դեմ եղած անարգանքները, ինչպես նաև Միաբանությանը հասցված բարոյական կամ նյութական վնասները: Եվ Մխիթարն ամեն ժամանակ և բոլորի հետ նույն ձևով չէր վարվում. իր մանկական պարզության և անկեղծության հետ մեկտեղ, նա գիտեր նաև խորագետ լինել և ձեռներեց, այնքան, որքան դա թույլատրում էր քրիստոնեական հոգին. մանավանդ երբ գործը խարդախ ու խորամանկ մարդկանց հետ էր, վարվում էր ամենայն զգուշությամբ ու իմաստությամբ, նրանց ծուղակը չընկնելու և իր դեմ ելած արգելքները վերացնելու համար, ինչպես կտեսնենք հետևյալ միջադեպում:

Մեթոնում չորս եկեղեցիներ կային. առաջինը Լատիններինն էր, որ Ֆրանչիսկյան կրոնավորներին էր պատկանում. երկրորդը Քիացիներինն էր, որոնք ազգությամբ հույն էին, բայց կրոնով՝ կաթողիկե. երրորդը մերն էր, իսկ չորրորդը՝ Հույներինը, որոնք առանձին եպիսկոպոս էլ ունեին: Տարվա մի քանի օրերին, Լատին Եկեղեցու սովորության համաձայն, քաղաքի բոլոր քրիստոնյաները, ի՛նչ դավանության էլ պատկանեին, միասին հանդիսավոր թափորի էին դուրս գալիս, ուր առաջին տեղը բռնում էին հենց Լատինները կամ Իտալացիները, որոնց ձեռքին էր երկրի իշխանությունը, իսկ նրանցից հետո, սահմանված կարգով, գալիս էին Քիացիները, Հայերը, աշխարհական եղբայրությունները, և բոլորի վերջում՝ Հույներն իրենց եպիսկոպոսով: Տարիներ ի վեր այս կարգն էր պահվում թափորների ժամանակ: Հույները, որոնք մյուս ազգերից ավելի բազմաթիվ էին և իրականում երկրի բնիկ բնակիչներն էին, և իրենց եպիսկոպոսն էլ ունեին, չէին հանդուրժում, երբ տեսնում էին, թե ինչպես էր իրենց հողի վրա նախապատվությունը տրվում քսան-երեսուն պանդուխտ Հայերին, և սա սաստիկ վիրավորում էր իրենց ինքնասիրությունը: Ուստի Հույնը, խորամանկ հնարամտությամբ, փորձեց դարան լարել Հայի դեմ, բայց չհաջողվեց, քանի որ Հայն իր մրցակցից ո՛չ պակաս հնարագետ, նրա գլխին դարձրեց այդ մեքենայությունը: Հույն եպիսկոպոսը քաղաքապետին էր դիմել, որպեսզի փոխել տար այդ կարգը, որ պատվաբեր չէր իրենց ազգի համար. և տեսնելով, որ պարզ խոսքը արդյունք չէր ունենալու, դրամի օգնությամբ համոզեց քաղաքապետին, որն իսկույն նրա խնդրանքը գրավոր ներկայացրեց երկրի կուսակալ իշխանին, որ նույն ինքը՝ մեզ քաջածանոթ Սեբաստիանո Մոչենիգոն էր: Վերջինս, իր կարևոր գործերով զբաղված լինելով և անտեղյակ հարցի ամբողջ էությանը, հավանություն տվեց քաղաքապետի առաջարկին և համաձայնվեց, որ այդուհետև հանդիսավոր թափորներում Լատիններից անմիջապես հետո գնար Հույների եպիսկոպոսն իր կղերով, և հետո նոր միայն մյուսներն իրենց կարգի համեմատ: Քաղաքապետն ու Հույն եպիսկոպոսը, իրենց տարած հաղթանակի վրա վստահ, իրենց հրովարտակը գաղտնի պահեցին մինչև թափորի օրը, որ չլինի թե որևէ արգելք հարուցվի Մխիթարի կողմից, որի ճարտար և ազդեցիկ կարողությունից իրոք վախենում էին: Բայց իշխանի բժիշկը, որի անունն էր Դոմինիկոս և որ Աբբահոր սերտ բարեկամն էր, այդ ամենն իմանալով՝ պատշաճ համարեց տեղեկացնել Մխիթարին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ա՛յլ տեսակ կարգադրություն անի: Աբբահայրն անմիջապես մի նամակ գրեց բժշկին, բացատրելով դրանից առաջ եկող անպատեհությունները, և որ ամենակարևորն էր՝ դրանով կաթողիկե կրոնի նվաստանալը և ժողովրդի մեջ ծնվելիք գայթակղությունը. և խնդրեց բժշկին, որ այս բաները տեղեկացնի իշխանին: Նա, հասկանալով գործի եղելությունը, իսկույն մի նոր հրովարտակ գրեց, որի մեջ բացատրում էր, որ ինքը Լատին ասելով հասկանում է բոլոր կաթողիկե դավանություն ունեցողներին, որոնց մեջ են նաև Հայ կրոնավորները. ուստի պահվելու է թափորի նախկին կարգը, միակ տարբերությամբ, որ աշխարհական եղբայրները գնալու են Հույներից հետո: Բժիշկն աճապարեց թափորից առաջ Աբբահորը հասցնել այդ հրովարտակը, որը նա էլ գաղտնի պահեց: Թափորից մի օր առաջ քաղաքապետը կանչեց Աբբահորը և կարդաց իշխանի հրովարտակը, որի մեջ գրված էր, որ թափորի մեջ Հույները գնալու են Լատիններից անմիջապես հետո: Երբ նա վերջացրեց ընթերցումը, Մխիթարը դուրս հանեց իշխանի երկրորդ հրովարտակը, որով առաջինը կորցնում էր իր ուժը: Քաղաքապետն ապշեց, զայրացավ այդ անակնկալ շրջադարձից, բայց անհաջողությունը մոռացած՝ ստիպված խոնարհվեց բարձրագույն հրամանի առաջ: Հաջորդ օրվա թափորը հաղթանակի շքերթ հանդիսացավ Մխիթարյանների համար և շարժեց բոլորի զարմանքը. ապշած էին մնացել, թե Մխիթարն ինչպես էր իմացել քաղաքապետի և Հույն եպիսկոպոսի միջև եղած ծածուկ մեքենայության մասին և թե ինչպես էր կարճ ժամանակում կարողացել բերել տալ առաջինին հակառակ մի նոր հրովարտակ: Այդ դեպքից հետո բոլորն էլ իմացան, թե որքան աչալուրջ ու հեռատես էր Մխիթարը և թե որքան մեծ ազդեցություն ուներ իշխանի վրա:

Շուտով մի ա՛յլ առիթ ևս ներկայացավ, որ ցույց տվեց Մխիթարի անկոտրում կամքը և իր չվհատվող ոգին: Սկզբում, երբ Մոռեայում Միաբանությանը ձրիաբար շնորհվեցին Գալազոն և Մավրամաթ գյուղերը, երկրաչափները խարդախությամբ շորթել էին այդ գյուղերի ամենաբերրի կտորները և վաճառել էին մի հույնի, այն պայմանով, որ ամեն տարի ութսուն դահեկան մուծի պետության գանձարանին: Աբբահայրը, այդ խարդախությանը անտեղյակ լինելով և չուզենալով, որ օտարները մտնեն մեր սահմաններից ներս, գնեց այդ հողերը, որով իր վրա վերցրեց նաև ամեն տարի տերությանը ութսուն դահեկան տալու պարտականությունը: Բայց հետո, երբ տեղեկացավ կատարված խարդախությանը, բողոքեց ուր հարկավոր էր, բայց որևէ մեկը ուշադրություն չդարձրեց իր բողոքին: Հարկահավաքների անիրավ պահանջից ազատվելու ա՛յլ միջոց չկար, քան դիմել բարձրագույն ատյանին: Այդ նպատակով Վենետիկ ուղարկեց իրեններից մեկին, իտալերենին հմուտ և բանիմաց Հակոբ Բուզայանին, որը դեռ քահանա չէր, որպեսզի նա Միաբանության սերտ բարեկամ, Մոռեայի երբեմնի իշխան Անտոն Նանի սեպուհի ձեռքով մի աղերսագիր պատրաստի՝ ծերակույտին ներկայացնելու համար: Աղերսագիրը պատրաստվեց և ներկայացվեց ծերակույտին, որը քննել տալով խնդիրը և ըստ ամենայնի արդար ու իրավացի գտնելով Մխիթարի բողոքը, ո՛չ միայն ազատեց պարտքերից, այլ նաև այդ բոլոր կալվածքները Միաբանությանը շնորհեց: Բուզայանը, ձեռքն առած ծերակույտի հրովարտակը, ինչպես նաև Վենետիկում բնակվող ազգայինների այլևայլ նվերները, հաջողությամբ վերադարձավ Մեթոն, հուրախություն Աբբահոր և բոլոր միաբանների:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։