Օսմանցիները սկսում են պատերազմը Վենետիկցիների դեմ – Հայր Մանուել և Հայր Թովմաս վարդապետները թողնում են Մեթոնը և գնում Վենետիկ – Գրադարան – Mashtoz.org

Օսմանցիները սկսում են պատերազմը Վենետիկցիների դեմ – Հայր Մանուել և Հայր Թովմաս վարդապետները թողնում են Մեթոնը և գնում Վենետիկ

Մխիթարը թողեց Մոռեան, և երկու ամիս անց սկսվեց պատերազմը, որ այնքա՜ն աղետաբեր եղավ Վենետիկի Հանրապետության համար: Այդ ժամանակ օսմանցիների գահակալն էր Ահմեդ Երրորդը, իսկ Վենետիկինը՝ Հովհաննես Կոռնարո դոժը: Պատերազմը հայտարարվել էր արդեն նախորդ տարի, 1714 թվականի Դեկտեմբերի 3ին, երբ եպարքոս Դամադ Ալի փաշան Վենետիկի դեսպան Անդրեաս Մեմմոյին բանտարկել էր Աբյուդոս բերդաքաղաքում: 1715 թվականի Մայիսին Դարդանելի նեղուցից դուրս ելավ երեսուներկու մեծ ռազմանավերից կազմված Օսմանյան նավատորմիղը, Ջանըմ Խոջա ծովակալ փաշայի հրամանատարության ներքո. իսկ ցամաքի կողմից դեպի Մոռեա էր առաջանում հարյուր քսան հազար մարտիկներից կազմված ահագին զորաբանակը, երեք գլխավոր զորապետների հրամանատարության ներքո. պատերազմի ընդհանուր կարգադիրը և սպարապետն էր նույն ինքն եպարքոս Ալի փաշան, որն ամբողջ բանակի գլուխ անցած, ուղիղ գնաց Կորնթոսի վրա և պաշարեց այն: Քաղաքացիները երեք ամիս քաջությամբ դիմադրեցին, բայց պաշարներն ի վերջո սպառվեցին: Երբ վերջին անգամ Օսմանյան զորքերը փորձելու էին հարձակվել քաղաքի վրա, վենետիկցի Հակոբ Մինոտտո զորավարը հրամայեց քաղաքի դռները բացել, պայմանով, որ քաղաքացիներին թույլատրելու էին անվնաս դուրս գալ: Բայց հանկարծ հրդեհ սկսվեց քաղաքում և վառոդի ամբարանոցը պայթեց: Օսմանցիները դա քաղաքացիների կողմից իրենց դեմ կազմակերպված դավադրություն համարեցին և կատաղաբար հարձակվեցին քաղաքի վրա, ավարեցին, հափշտակեցին ինչ որ գտան, անխնա ջարդեցին բնակիչներին և քաղաքը հիմնահատակ արեցին: Այս լուրը սարսափեցրեց Եգինե և Արգոս քաղաքների բնակիչներին, որոնք թշնամու առաջ բացեցին քաղաքի դռները և առանց կռվի անձնատուր եղան: Մնում էր տիրել Նեապոլիս քաղաքին, որն իրեն թիկունք ունենալով ժայռոտ, ամուր Պալամիդ դղյակը, անվախ ու անկասկած սպասում էր թշնամու գալստյանը և պատրաստվել էր ամբողջ ուժով դիմադրելու մինչև վերջ: Օսմանցիների ահագին բանակի դեմ ամրոցում կային միայն հազար յոթ հարյուր վենետիկցի զինվոր, որոնք ութ օր դյուցազնորեն դիմադրեցին պաշարողներին, և պաշարումը թերևս շատ երկար կտևեր, և թշնամին վերջ ի վերջո կհուսահատվեր ու ետ կքաշվեր, եթե, ինչպես ոմանք ավանդում են, քաղաքի հույն բնակիչները մատնություն չանեին. և կամ, ինչպես պատմում են ուրիշները, դյուրավառ նյութերի հանկարծակի բորբոքվելուց և պայթելուց չկործանվեր ամրոցի մի կողմը, որտեղից թշնամիները կարողացան ներս խուժել: Ահավոր ջարդ ու ավերածություն եղավ քաղաքում: Օսմանցիները ներսում անբավ հարստություն գտան. զենք, թնդանոթներ, ռումբ, վառոդ և այլն:

Նեապոլսի առումը վհատեցրեց շրջակա բոլոր քաղաքների բնակիչներին. ամենքն իրենց անհրաժեշտ իրերը առած, աճապարում էին ժամ առաջ փախչել: Վենետիկցի իշխանը նոր հրաման արձակեց, թույլատրելով, որ ընտանիքները փախչեն, քանի դեռ օսմանցիների զորքը չէր մոտեցել: Թույլատրեց նաև, որ Մեթոնում մնացած հայ կրոնավորներից երկու հոգի ևս կարողանան գնալ ուր ուզում են: Նրանք որոշեցին, որ Հայր Մանուել և Հայր Թովմաս վարդապետները գնան Վենետիկ, վանքի կահկարասիներից ամենակարևորները հետները տանելով: Բայց նավապետը, տեսնելով, որ ճանապարհորդները շատ բազմաթիվ են, և վախենալով, որ ծանրությունից նավը կարող է ընկղմվել, միայն երկու սնդուկ վերցնելու արտոնություն տվեց, ուստի հազիվ մի քանի ամենակարևոր իրերը կարողացան վերցնել: Այդ երկու վարդապետները Սեպտեմբեր ամսին հասան Վենետիկ և Աբբահորը պատմեցին Նեապոլսի առումը, Մեթոնին սպասվող մոտալուտ վտանգը և Եղբայր Տիրացուի երջանիկ մահը, որ հոգևոր բոլոր պատրաստություններն անելուց հետո հոգին ավանդել էր այդ նույն՝ 1715 թվականի Մարտ ամսին: Երբ այս լուրերն արդեն տխրեցրել էին բոլոր միաբաններին, քիչ անց գույժ հասավ Մեթոնից, թե օսմանցիները տիրեցին բերդաքաղաքին, կործանեցին ու այրեցին տները, վանքերն ու եկեղեցիները, բնակիչներին սրի քաշեցին, իսկ մի մասին էլ գերի տարան: Մինչ Մխիթարն ու իրենները, ցավագին կասկածների մատնված, մտածում էին իրենց ընկերների կացության մասին, մի ուրիշ գույժ ևս հասավ, թե երկու հայ քահանաներ զինվորների կողմից սպանվել են իրենց եկեղեցում: Թեև հետո այդ լուրը հերքվեց, բայց այդ պահին սաստիկ ազդեցություն ունեցավ Աբբահոր վրա: Այդ ծանր զգացումներին գումարվեց նաև Վենետիկի մառախլապատ ու խոնավ օդը[1], և 1716 թվականի Հունվարին շատ ծանր հիվանդություն կրեց, որից մեկ ամիս հետո միայն առողջացավ: Հետևելով պատմության կարգին, համառոտ կերպով նկարագրենք Մեթոնի առումը, որն ականատեսներից լսելով, մանրամասն պատմում է Միաբանությանս առաջին ժամանակագիրը:

[1] Պատմական տեղեկությունների համաձայն, 1715-1716 թվականների միջանկյալ ձմեռը արտասովոր ցուրտ է եղել Վենետիկում, այն աստիճան, որ լճակի ջուրը, թեև աղի է, ամբողջովին սառել է սառույցի հաստ շերտով, այնպես, որ ցամաքի բնակիչները կարողանում էին հետիոտն Վենետիկ գալ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։