Բոլորովին առողջանալով՝ առանձնանում է Սուրբ Նշան վանքում – Գրադարան – Mashtoz.org

Բոլորովին առողջանալով՝ առանձնանում է Սուրբ Նշան վանքում

Հենց այն օրը, որ Մխիթարը ոտք էր դրել Սեբաստիա, մոր ականջին գույժ էր հասել, թե իբր որդին Կիպրոսում հիվանդացել և անխնամ ու անտերունչ մնալով՝ մեռել է: Մխիթարի քրոջ ամուսինը, փողոցում տեսնելով նրան, ուրախությունից տուն էր վազել ավետելու, թե ինչո՞ւ ես լալիս, որդիդ ողջ է և ահա՛ տուն է գալիս: Մայրը չէր հավատացել և խիստ վշտացել էր նրա խոսքերից, կարծելով, թե դառն կատակ է անում: Մինչ նրանք վիճում էին, Մխիթարը տուն է մտնում և իրեն նետում է մոր գիրկը, որը սաստիկ ուրախությունից ուշակորույս գետին է ընկնում: Ընտանիքի սուգը փոխվում է ուրախության. նրանց համար Մխիթարը մեռել ու հարություն էր առել:

Ծնողների խնամքն ու գորովը, հարկավոր դեղն ու դարմանը, սննդարար կերակուրներն ու բավարար քունը, բայց մանավանդ՝ սրտի անդորրը, մի այնպիսի ուժ տվեցին Մխիթարին, որ նա կարճ ժամանակում բոլորովին առողջացավ և կազդուրված ոտքի ելավ: Շուտով սիրտըսկսեց տրոփել վանքի կարոտով, ուր հույսն ուներ խաղաղեցնելու ճամփորդության արկածներից ու դիպվածներից հուզված միտքը և կրկին սկսել ճգնությունները, խոյանքը հոգևորի և ուսման մեջ, որոնք մասամբ խափանվել էին հիվանդությունների և ուղևորությունների պատճառով: Ուրախությամբ լցվեց, երբ իրեն նորից տեսավ Սուրբ Նշանի վանական պատերից ներս, ուր ճշմարիտ առաքինության ու գիտության տիպար օրինակ հանդիսացավ բոլորի համար. նրա վարքը քաջալերանք էր բարեսերների, և լուռ հանդիմանություն՝ չարերի համար: Մխիթարի ներկայությունն ընդհանուր ցնծություն էր պատճառում վանականներին, ինչպես բաժանումը՝ ցավ ու տխրություն: Այդ էր պատճառը, որ ամեն անգամ վանք գնալիս արժանանում էր աբեղաների սիրալիր հյուրընկալությանը: Այնտեղ, աղոթքի ու ընթերցանության ժամերը երբեմն ընդհատում էր և անուշ կամ տխուր հուշերով ներշնչված՝ նվիրվում էր հոգևոր տաղեր ու երգեր շարադրելուն, որոնք հաճախ հառաչներ կամ օրհնություններ էին, ուղղված դեպի երկինք: Այդ ժամանակահատվածում էր, որ սկսեց ոտանավորի վերածել Սողոմոնի Առակաց գիրքը, այն ընթերցողներին օգտակար և հաճելի դարձնելու նպատակով:

Նույն վանքում կար Ծառուկ անունով մեկը, որ Մխիթարի ճիշտ հակապատկերն էր. առաքինության ստվերն անգամ չուներ վրան, դատարկապորտ, տգետ, կրթությունից ու ազնվական զգացումներից հեռու, անձնատուր միայն աշխարհիկ զվարճություններին: Այդպիսի բնավորությամբ մեկն իհարկե չէր կարող սիրել Մխիթարին, որի վարքը և գործերը լուռ հանդիմանություն էին իր նմաններին: Նախանձը սրտի մեջ բույն դրած, Մխիթարի ուսումնական համբավն ու առաքինի ընթացքը նսեմացնելու առիթ էր փնտրում ամեն բանի մեջ: Նրա ամեն խոսքը հեգնանք էր, մի սառը կատակ, մի ծաղրանք Մխիթարի դեմ, որն այդ ամենին ուրիշ պատասխան չուներ, քան մի ժպիտ, մի անուշ խոսք: Մի օր, երբ Մխիթարը կարևոր գործով քաղաք էր գնացել, Ծառուկը մտնում է նրա սենյակ, վերցնում է նրա բոլոր գրությունները, որոնց հետ նաև Առակաց գրքի կեսից ավելին արդեն ոտանավոր դարձրած մասը, որից մի ուրիշ օրինակ չուներ Մխիթարը, և բոլորը միասին կրակի մեջ է նետում ու այրում: Երբ Մխիթարը վերադառնում է, սենյակը գտնում է տակնուվրա արված, և չի կարողանում գտնել գրությունները: Ծառուկին հարցնում է, թե արդյոք գիտի՞ ով է վերցրել դրանք: «Այո՛», պատասխանում է լկտիաբար, «ես վերցրեցի ու այրեցի, որպեսզի Սուրբ Հոգին փախնի դրանց միջից»: Իր կրած վնասից ավելի, Մխիթարը սոսկում է Աստծո դեմ արտասանված այդ անարգանքի համար, և հասկանալով, որ գործ ունի իր արածի ու ասածի ծանրությունը չըմբռնող մարդու հետ, լռում է: Բայց այդուհետև նրա նկատմամբ ամենևին չի փոխում իր վերաբերմունքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։