Մխիթարը թողնում է Կիպրոս կղզին և նավում դեպի Սելևկիա – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը թողնում է Կիպրոս կղզին և նավում դեպի Սելևկիա

Բարեբեր և այգևետ Կիպրոսը, ճոխ՝ ազգային հիշատակներով, եղավ Մխիթարի աքսորավայրը և միշտ մութ գույներով ներկված մնաց նրա հիշողության մեջ: Դեռ հիվանդ, քայլելու անկարող, որոշեց օր առաջ հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք, իր ընտանիքի գիրկը, ուր կատարյալ առողջությունը վերագտնելու հույսն ուներ: Սակայն իր դիմաց, որպես խոչընդոտ, կանգնած էին երկու մեծ դժվարություն: Առաջինն այն էր, որ կղզուց չէր կարող դուրս գալ առանց վճարելու երկրի հարկը: Իսկ ինքը անհրաժեշտ այդ գումարը չուներ: Երկրորդն էլ այն էր, որ Կիպրոսում գործող օրենքի համաձայն, ինչ-որ մեկը պետք է երաշխավոր լիներ իր համար, վկայելով, որ աքսորական կամ փախստական չէ: Իր չորս կողմը կա՛մ օտարներ էին, կա՛մ թշնամիներ, և այդ երկուսից էլ որևէ օգնություն ստանալու հույսն անշուշտ չուներ: Մարմնի ցավերն ու հիվանդությունները նրան այնքան չէին տանջում, որքան հոգու ու մտքի հոգսերն ու տագնապները, որոնք ստվերի նման միշտ հետևում էին իրեն:

Նրա տեսքն ուներ հուզիչ ու գրավիչ մի բան, այնպես, որ շարժում էր անգամ օտարների գութը: Միայն Կիպրոսի ազգայիններն ու աբեղաներն էին, որ իր նկատմամբ գութ չունեցան: Հիվանդությունից հազիվ էր մի փոքր կազդուրվել, երբ սենյակի ճնշող օդից նեղված, մի օր ելավ հրապարակում զբոսնելու. ձեռնափայտին կռթնած, վտիտ, տժգույն, դեմքը տխրությամբ համակված: Հարկահանի ծառաները, նրան այդ խեղճ վիճակի մեջ տեսնելով, բռնեցին ու տարան իրենց տիրոջ մոտ: Բայց հարկահանի գութը շարժվեց, նրան այդպիսի վիճակում տեսնելով, հարցրեց, թե ինչո՞ւ է այդքա՜ն նիհար, գունատ, տխուր ու մտածկոտ: Մխիթարը նրան պատմեց իր գլխով անցածները, մանավանդ իր հետին չքավորությունը, ինչի պատճառով էլ անկարող էր վճարելու երկրի հարկը: Այլազգի մարդու սիրտը շարժվեց, ծառաներին հրամայեց անհրաժեշտ խնամք և դարման անել նրան: Ապա կանչելով Հայ Համայնքի գլխավորին, հարկը վճարել տվեց և վճարման գիրը Մխիթարի ձեռքը տալով՝ խաղաղությամբ արձակեց:

Առաջին դժվարությունը հարթված էր, մնում էր երկրորդը: Շուտով պատրաստել տվեց մի աղերսագիր՝ կղզուց մեկնելու արտոնություն խնդրելու համար, որն ինքն անձամբ տարավ ներկայացրեց տեղի իշխանին: Այնտեղ տեղեկացրեց իր սեբաստացի լինելը, ճանապարհորդության նպատակն ու դիպվածները: Պաշտոնյաները տարբեր փորձեր կատարեցին նրա խոսքերի ճշմարտությունը ստուգելու համար, բայց նա լիովին ճշմարիտ դուրս ելավ: Սակայն օրենքը չէր թույլատրում կղզուց դուրս գալ առանց երաշխավոր ունենալու: Մխիթարին երաշխավոր եղավ մի հույն վաճառական, որն իրեն առաջին անգամ էր տեսնում: Իսկույն Մխիթարի ձեռքը տվեցին հրամանագիրը, որով ուզած ժամանակ կարող էր հեռանալ Կիպրոսից: Անակնկալ, հանկարծահաս հաջողությունների զեփյուռ էր դա, որ փչում էր Մխիթարի կողմը. անսպասելի կերպով ամեն բան պատրաստ գտավ, ամեն դժվարություն՝ հարթված: Այդտեղից գնաց Տուզլա, ուր մի նավ գտավ, որ պատրաստ էր մեկնելու դեպի Սելևկիա: Մխիթարն այդ նավը մտավ: Ծովը հանդարտ էր, հիվանդությունն օրեցօր մեղմանում էր: Մխիթարի սիրտն ընդարձակվում էր, այժմ արդեն ամեն կողմ բարյացակամ դեմքեր էր տեսնում, կամ գոնե այդպես էր նա կարծում: Հաջողության շրջանը, սակայն, տևում է մինչև Սելևկիա, այնուհետև կրկին դադարում է: Դալուկ հիվանդությունից դեռ ամբողջովին չէր բուժվել, ուստի ջերմը դարձյալ բարձրանում է, բայց այս անգամ՝ օր ու մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։