5) Հայր Արսեն Բագրատունի (1790-1866) – Գրադարան – Mashtoz.org

5) Հայր Արսեն Բագրատունի (1790-1866)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, 1801 թվականին մեկնել է Վենետիկ, ուսանել Մխիթարյան վանքում և 1810 թվականին դարձել է Միաբանության անդամ: Եղել է ականավոր բանաստեղծ, բանասեր, լեզվաբան-քերականագետ, փիլիսոփա, թարգմանիչ, հայ գրականության մեջ դասականամետ ուղղության (կլասիցիզմի) խոշորագույն դեմքերից մեկը:

Բագրատունին կատարյալ հմտությամբ տիրապետել է դասական լեզուներին: 1910 թվականին ավարտելով ուսումը, նշանակվել է վանքում ուսուցիչ: Նրա աշակերտներից են եղել Գևորգ և Էդուարդ Հյուրմյուզյանները: Նշանակալի աշխատանք է կատարել վանքում թատերական ներկայացումներ կազմակերպելու ուղղությամբ, գրել է պիեսներ: Այնուհետև, հայերեն հին ձեռագրեր ուսումնասիրելու նպատակով, մեկնել է Փարիզ, ապա ճանապարհորդել է Ռուսաստանում և ա՛յլ երկրներում, այցելելով հայկական գաղթօջախները:

Գրական ասպարեզ է իջել 1812 թվականին՝ կրոնական բանաստեղծություններով ու օրատորիաներով: 1852 թվականին լույս է տեսել նրա «Տաղք» բանաստեղծությունների ժողովածուն: Բագրատունու ստեղծագործության պսակը «Հայկ Դիւցազն» (1858) էպիկական-հերոսական պոեմն է, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է, գլխավորապես վերցված Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն»ից: Գրված է գրաբար, հայկական չափով: Պոեմում Բագրատունին գովերգում է Հայկ Նահապետի պայքարը հայրենի երկրի անկախության և ազատության համար, դրվատում է կործանված հայկական պետության վերականգնման գաղափարը:

Գրել է նաև կրոնապատմական թատերգություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», որոնք 1869 թվականին հրատարակվել են «Բազմավէպ»ում):

Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Հորացիուսի, Միլթոնի և այլոց ստեղծագործություններից («Մշակականք» (1874), «Արուեստ քերթողութեան» (1874), «Կորուստ դրախտին» (1861) և այլն): «Ճաշակ Հելլէն եւ Լատին ճարտարխօսութեան» (1863) վերնագրով լույս են տեսել նրա թարգմանությունները Էսքիլեսից, Դեմոսթենեսից, Կիկերոնից: Հին և արևմտաեվրոպական գրականություններից թարգմանած դրամատիկական ստեղծագործությունները լույս են տեսել «Ճաշակ հին եւ նոր ողբերգութեանց» (1869) վերնագրով. այնտեղ կան պիեսներ Սոֆոկլեսից, Ռասինից, Վոլտերից, Ալֆիերիից:

Իր «Քերականութիւն գաղղիական» (1821) գրքում Բագրատունին ներկայացրել է ֆրանսերենի հնչյունական կազմը, ձևաբանությունը, շարահյուսությունը և այլն:

Հետազոտել է 5ից 7րդ դարերի գրաբար մատենագրության լեզուն, գրել «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխատությունը: Այս աշխատությունն աչքի է ընկնում փաստական նյութի հարստությամբ և դիտարկումների համակողմանիությամբ: Մանրամասն ու բազմակողմանի կերպով քննության են վերցված գրաբարի հնչյունային, բառային, ձևաբանական, շարահյուսական, ուղղագրական, նույնիսկ ոճաբանական երևույթները: Հին գրական հայերենը դիտարկված է ժամանակի մեջ, պատմական ընթացքով (5ից 12րդ դարեր): Բագրատունու գնահատմամբ՝ գրաբարն աստիճանական անկում է ապրել: 4-6րդ դարերը նա համարում է «ոսկեդար», 7-12րդ դարերը՝«արծաթե դար», 13րդ դարը՝«պղնձի դար», իսկ հաջորդ դարերը՝«երկաթի, խեցու, վատթարագույն» և այլն:

Լեզվի ընդհանուր տեսության հարցերը Բագրատունին շոշափել է իր «Սկզբունք ուղիղ խորհելոյ եւ բարւոք կելոյ» (1857) աշխատության մեջ: Ուսուցողական նկատառումներով աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերէն քերականութեան» (1846) դասագիրքը, որն ունեցել է ութ հրատարակություն: Աշխատել է նաև հին մատենագրության նշանավոր երկերի բնագրերի ճշտման և հրատարակման ուղղությամբ, հրատարակել է դրանցից մի քանիսի (Ագաթանգեղոս, Եղիշե և այլն) երկերը: Գրել է հայտնի Տյուզյան ամիրաների գերդաստանի ընդարձակ պատմությունը:

1860 թվականին Հայր Արսեն Բագրատունին հրատարակել է իր գլուխգործոցներից ևս մեկը՝«Գիրք Աստուածաշունչք Հին եւ Նոր Կտակարանաց ըստ միաբան վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց», որն Աստվածաշնչի գրաբար թարգմանության սրբագրված տարբերակն է և մինչև օրս էլ հիմք է հանդիսանում աշխարհաբար հայերենով հրատարակությունների համար: Օրինակ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նախաձեռնությամբ և Հայաստանի Աստվածաշնչյան Ընկերության գործակցությամբ 1994 թվականին հրատարակված (1999, 2001 թվականներին վերատպված) Աստվածաշունչը Բագրատունու հրատարակության աշխարհաբար թարգմանությունն է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական անդրանիկ հրատարակությունը:

Գրապայքարում Բագրատունին հանդես է եկել գրաբարի գործածությունը պաշտպանողների կողմից: Անգնահատելի գործ է կատարել տեքստաբանության բնագավառում:

Արտահայտել է նորելուկ հայ բուրժուազիայի լուսավորության գաղափարախոսությունը, ազգի համախմբումը կապել է լուսավորության հետ, դրա գագաթնակետը տեսնելով կրոնի ու փիլիսոփայության մեջ: Փիլիսոփայությունը, Բագրատունու կարծիքով, պետք է նպաստի այդ գործընթացին, գիտական հետազոտության հուսալի մեթոդի մշակմանը: Սոցիալ-քաղաքական հայացքներում պաշտպանել է հասարակական դաշինքի տեսությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։