Խաչատուր վարդապետի կյանքն ու գործունեությունը – Գրադարան – Mashtoz.org

Խաչատուր վարդապետի կյանքն ու գործունեությունը

Նա ծնվել է Կարինում, 1666 թվականին, Առաքել անունով հոր ընտանիքում: Մանուկ հասակից զգալով ուսման ծարավը, գնացել է Սուրբ Էջմիածին, որն այդ ժամանակ մեր Ազգի մեջ գիտությունների համալսարանն էր, ուր տասը տարի անց գնաց նաև Մխիթարը: Այդ երկու մեծ մտքերն իրենց այդ ուղևորությունից ուրիշ որևէ օգուտ չքաղեցին, քան միայն համոզվելը, որ եթե կամենում էին Ազգին օգտակար մարդ լինել, պետք է ընդարձակեին իրենց մտային հորիզոնները և դուրս գային նեղ շրջանակներից: Խաչատուրն ավելի բարեբախտ գտնվեց, քան Մխիթարը. մինչ ապագա Աբբան մաքառում էր անսիրտ վարժապետների ձեռքում, Խաչատուրն Էջմիածնում հանդիպեց Հռոմի Ուրբանյան վարժարանի երբեմնի աշակերտ Հովնանյան Վարդան վարդապետին, որն իր վարքով ու գիտությամբ շա՜տ էր տարբերվում մյուս աբեղաներից: Խաչատուրի սիրտը կապվեց նրա օրինակին. նրան նմանվելու համար՝ ինքն էլ ուզեց անցնել նրա անցած ճանապարհով: Երբ Հովնանյանը 1682 թվականին Էջմիածնից ուղևորվեց դեպի Հռոմ, տասնվեցամյա եռանդուն Խաչատուրն էլ մեկնեց նրա հետ: Այնտեղ կարողացավ դառնալ Ուրբանյան վարժարանի աշակերտ, ուր իրեն հայազգի մի ընկեր էլ գտնելով, արթուն միտք ունեցող և զգոն մի ա՛յլ պատանի, Ստեփանոս Ռոշքյան անունով, միասին գովելի ջանասիրությամբ և փայլուն քննություններով ավարտեցին ուսման շրջանը, և քահանա ձեռնադրվելով՝ Ռոշքյանը մեկնեց Լեհաստան, իսկ Խաչատուրը՝ որպես առաքելական քարոզիչ ուղարկվեց Պոլիս:

Քարոզչական ասպարեզում Խաչատուր վարդապետի ունեցած հաջողությունը մի բացառիկ երևույթ էր: Նա ուներ քարոզչի ամենակարևոր ձիրքերը. վառվռուն և գրավիչ ոճ, անթերի վարք, աստվածաբանական խնդիրների շուրջ խոր իմացություն. կրոնական սկզբունքները քարոզելու մեջ համարձակ էր և առանց ակնառության, առանց նայելու, թե դիմացինն ո՛վ է, հարուստն ու աղքատը իր համար նույն մակարդակի վրա էին: Ճիշտ այդ ժամանակ էր, որ Մխիթարը, Խաչատուրի համբավից ձգված, գնում էր Պոլիս, որպեսզի նրան հայտներ Միաբանություն հիմնելու իր մտադրությունը: Խաչատուրը բեմի վրա մեծ էր, գիտեր խոսքով տիրել սրտերին, բայց գործնական հարթության վրա չուներ այն ձեռներեց ոգին, միմիայն որով են հաջողություն գտնում մեծամեծ ձեռնարկները: Մխիթարի մտադրությունը նա այն աստիճան անգործադրելի համարեց, որ այն որակեց որպես երիտասարդական աշխույժ մտքի ցնորք, և Մխիթարը, հույսը նրանից էլ կտրելով, նույն ճանապարհով ետ վերադարձավ: Դա տեղի ունեցավ 1697 թվականին:

Մի տարի անց, 1698 թվականին, Խաչատուրը մի պատվաբեր նվիրակություն կատարեց՝ Իննովկենտիոս Տասներկուերորդի կողմից ընծայատար գնալով Սուրբ Էջմիածին, Նահապետ Կաթողիկոսի մոտ, որից, շքեղ ընդունելության հետ միասին, լիազոր իշխանություն ստացավ ամենուր քարոզելու այն նույն ոճով և իշխանությամբ, որով արել էր մինչ այդ ժամանակ: Այդ առիթով առավել ևս մեծացավ Խաչատուր վարդապետի անունը. Պոլիս վերադարձավ մի այնպիսի հեղինակությամբ, որի առաջ գլուխ էր ծռում ամեն մարդ, ամիրաներից ու Պատրիարքներից սկսած, և 1699-1700 տարիներին նույնիսկ Պատրիարքական եկեղեցում համարձակ քարոզում էր կաթողիկե կրոնի վարդապետությունը: Բայց երբ Եփրեմ և Ավետիք Պատրիարքները սկսեցին իրենց հայտնի կամ ծածուկ հալածանքները, Խաչատուր վարդապետը տեսնելով, որ անկարելի էր հոսանքի դեմն առնել, խոհեմություն համարեց առժամանակ լռել: Այդ լռությունը, սակայն, երկար չտևեց. երբ Ավետիքը աքսորվեց, կրկին երևաց Խաչատուրը, նրա ձայնը լսվեց մի քանի տարի ևս: 1707 թվականի մեծ հալածանքը, որին զոհ գնաց Երանելի Տեր Կոմիտասը, ո՛չ միայն ի սպառ լռեցրեց աստվածաբան քարոզչի ձայնը Պոլսում, այլ նաև տարավ նրան ու թողեց Ադրիականի ծովախորշում, Վենետիկ քաղաքում, ուր 1708 թվականին Սուրբ Աթոռի կողմից կարգվեց տեղի Հայերի Առաջնորդ[1]: Մի քանի տարի անց, մի ուրիշ աղետ էլ Մոռեայից քշեց և Վենետիկ տարավ Մխիթարին ու իր Միաբանությունը: Եվ դարձյալ իրար գտան այդ երկու մեծ մարդիկ, մեր Ազգի այն ժամանակվա երկու լուսավոր մտքերը, որոնք սրտով միշտ անբաժան էին եղել իրարից:

1719 թվականին, Խաչատուր վարդապետը Սուրբ Աթոռի հանձնարարությամբ այցի գնալով Տրանսիլվանիա, Մխիթար Աբբային հանձնեց Սուրբ Խաչի ժամապետությունը: Աբբահայրը որպես ժամանակավոր հոգաբարձու և առաջնորդ դրեց Հայր Հովհաննես վարդապետին, եկեղեցուն կից տանը նրան տալով մի խուց, որպեսզի այնտեղ բնակվի և կարողանա հոգալ մարդկանց հոգևոր կարիքները: Մխիթարը, 1719 թվականի Մայիսի 27ին Խաչատուր վարդապետին գրած իր նամակում պատմում է. «Հայոց եկեղեցու տոնը[2] շատ հանդիսավոր և կարգավորյալ կերպով կատարեցինք. և բոլոր տոնական օրերին երկու կամ երեք հոգի լինում ենք եկեղեցում, Ժամերգություններն ենք անում, Պատարագ ենք մատուցում, խոստովանեցնում ենք և քարոզ խոսում»: Որոշ ժամանակ անց, սակայն, ժողովրդի մեջ շփոթություն է ծագում. հավատք ընծայելով ծնունդով տրանսիլվանիացի, հայազգի ոմն Մինաս քահանայի խոսքերին, և կարծելով, թե Խաչատուր վարդապետը Տրանսիլվանիայի Հայոց եպիսկոպոս է ձեռնադրվելու, ժողովրդի մի մասը կամեցավ իրենց Առաջնորդ դնել մի ուրիշ վարդապետի, վախենալով, որ այդ պաշտոնը մշտնջենապես կանցնի Մխիթարի Միաբանության ձեռքը: Մխիթարը, տեսնելով ժողովրդի մեջ տիրող տարաձայնությունները, նամակ գրեց Խաչատուր վարդապետին, որն հնարավորինս շուտով վերադարձավ իր պաշտոնատեղին: Նույնպես 1725 թվականին, Հոբելյանական տարվա առթիվ Հռոմ գնալով, Աբբահորը հանձնեց իր պաշտոնը: Այդ նույն ժամանակներում Հռոմում Միաբանության դեմ դարձյալ մի ամբաստանություն հնչած լինելով, Մխիթարը Խաչատուր վարդապետին հանձնարարեց կարգավորել այդ հարցը և ըստ արդար իրավունքի ջատագովել Միաբանությունը: Նա գնաց, ամբաստանությունների սուտ լինելն ապացուցեց, Մխիթարի անունը Հռոմում պանծացրեց և ետ վերադարձավ: Այդուհետև առավել ևս ամրացավ երկուսի միջև գոյություն ունեցող սիրո ու միության կապը, որը ո՛չ թե բախտի կամ պարագաների զուգադիպությունից, կամ բնավորությունների նմանությունից էր առաջացել, այլ միմիայն կրոնական ըմբռնումների և առաքինի վարքի նմանությունն էր, որ անխզելի կապերով միացրել էր այդ երկու հոգիներին, որոնք այլուստ տարբեր նկարագրեր ունեին:

[1] Վենետիկ հասնելու այդ նույն տարում, Խաչատուր վարդապետը մի նամակ է գրում Մխիթարին, ուր ասում է. «Ես այստեղ մնացի, և Սուրբ Ժողովի կողմից առաքելական քարոզիչ նշանակվեցի այստեղի Հայերի համար, մեր սիրելի եղբոր՝ Թոխաթեցի Գրիգոր վարդապետի խնդրանքով, որն որոշեց ուրիշ տեղ գնալ: Հայոց եկեղեցու մեջ քարոզում եմ շաբաթը երեք անգամ: Պաշարված եմ անթիվ զբաղումներով և գործերով, որոնցից կարողացածիս չափով խույս եմ տալիս, որպեսզի սկսածս գրական աշխատություններով զբաղվեմ: [...] Եվ Սուրբ Ժողովի առաջ շատ գովասանքով խոսեցի ձեր մասին» (1708 Օգոստոս 4):
[2] Մայիսի 3ին, որն ըստ Լատինական տոնացույցի՝ Խաչգյուտն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։