16) Հայր Հակոբոս Տաշյան (1866-1933) – Գրադարան – Mashtoz.org

16) Հայր Հակոբոս Տաշյան (1866-1933)

Ծնվել է Կարինի գավառի Արծաթի գյուղում, նախնական կրթությունը ստացել է Կարինի ծխական դպրոցում, 1880 թվականի ամռանը հաճախել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանը, աշակերտել Հայր Հովսեփ Գաթըրճյանին, ապա ուսանել է Վիեննայի վանքում: 1885 թվականին անդամակցել է Միաբանությանը: 1893-1912 թվականներին եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել և նկարագրել է արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Կարինում, Տայոց աշխարհում: 1909 թվականին հաստատվել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վանատան Մեծավոր: Եղել է հանրահայտ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան և հայագետ:

Անձնական ծանոթություն, նամակագրական կապեր է ունեցել ժամանակի հայտնի հայ և եվրոպացի հայագետների՝ Գ. Տեր-Մկրտչյանի, Մ. արք. Տեր-Մովսիսյանի, Բ. Կյուլեսերյանի, Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Պ. Ֆետտերի, Ֆ. Մյուլլերի, Ֆ. Կոնիբերի և այլոց հետ: Տիրապետել է բազմաթիվ լեզուների (լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, գերմաներեն, անգլերեն, և այլն): Տաշյանը հայերեն է սովորեցրել ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեին (վերջինս հպարտացել է դրանով):

Տաշյանը 45 տարի անընդմեջ աշխատել է հայագիտության բնագավառում, ստեղծելով մեծարժեք գործեր: Հեղինակ է լեզվաբանական բնույթի «Ակնարկ մը Հայ հնագրութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գրչութեան արուեստին» (1898), «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920), «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) և պատմական ու պատմաաշխարհագրական բնույթի «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին: Պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը գերմանական վաւերագիրներու համեմատ» (1921), «Հաթեր եւ ուրարտեանք. մատենագիտական ուսումնասիրութիւն» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը. Փոքր Հայք եւ Կողոփենէ (Սեբաստիա)» (1948) աշխատությունների: Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և ա՛յլ աղբյուրների հետ համեմատելով, հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը. Թուղթ Յակոբայ առ Կոդրատոս եւ կանոնք Թադդէի (քննութիւն եւ բնագիրք)» (1896):

Բանասիրական վիթխարի աշխատանքի արդյունք է Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց» երկի հրատարակումը (1897) ծանոթագրություններով և լրացումներով: Տաշյանը զբաղվել է նաև քիմիայի և բնական ա՛յլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով: Թարգմանել է Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի և ուրիշ հայագետների աշխատություններ:

Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որը կազմելիս նա ի հայտ է բերել «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» (հայագետ Պ. Ֆետտեր): Հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»: Ձեռագրացուցակում ընդգրկված են Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 573 ձեռագիր մատյաններ, 7 ներդիր նկարներ: Նկարագրությունների մեջ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում ձեռագրի ստեղծողի, մատյանի արտաքինի, գրի մասին, բացահայտվում է յուրաքանչյուր ձեռագիր մատյանի (քարոզ, մեկնություն, և այլն) բովանդակությունը: Ձեռագրի հանգամանալից նկարագրությունը, ծանոթագրությունները, ցանկերը, հարուստ տեղեկատվությունը հանրագիտական տեղեկատուի արժեք ունեն:

Հեղինակել է գիտական ա՛յլ աշխատություններ ևս:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։