17) Հայր Արսեն Ղազիկյան (1870-1932) – Գրադարան – Mashtoz.org

17) Հայր Արսեն Ղազիկյան (1870-1932)

Ծնվել է Պարտիզակում, 1888 թվականին մեկնել է Վենետիկ և 1895 թվականին անդամակցել է Մխիթարյան Միաբանությանը: Եղել է համբավաշատ մատենագետ, թարգմանիչ, բանասեր, բանաստեղծ, մանկավարժ:

Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում՝ Հոմերոսի «Իլիական»ը (1911) և «Ոդիսական»ը (1924), Վիրգիլիոսի «Էնէական»ը (1910) և «Մշակականք»ը (1923), Սոֆոկլեսի «Իդիպոս թագաւոր»ը (1927), Հորացիուսի «Արւեստ քերթողական»ը (1923), ֆրանսիական «Ռոլանդի երգը» (1925) և գերմանական «Նիբելունգների երգը» (1925) դյուցազնավեպերը, և այլն:

Աշխատակցել է Մխիթարյան պարբերականներին («Բազմավէպ», «Մխիթար», «Գեղունի», եղել է նաև վերջինիս խմբագիրը), հրատարակել բանաստեղծություններ, թարգմանություններ, գրականագիտական ու լեզվաբանական հոդվածներ:

Ղազիկյանը զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն: Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «Հայ լեզվի Պահապան հրեշտակ» մականունը: Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում (Մուրադ-Ռաֆայելյան վարժարան) և Կոստանդնուպոլսում: Միաբանության հանձնարարությամբ, 1898 թվականից զբաղվել է Հայր Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագիտութիւն» աշխատության խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման: Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909-1914 թվականներին՝«Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան Հայ կեանքի» վերնագրով: Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512 թվականից մինչև 1905 թվականը: Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով: Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ՝ Ղազիկյանի աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում: Ըստ Ղազիկյանի ծրագրի, մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև հայագիտական այլալեզու գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը: Մեծ Եղեռնի օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է «Ն» տառի սահմանում (Նուրիխան տերմինով):

Շուրջ 40 թարգմանություններ է կատարել հունարեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։