Մխիթարը սկսում է Սուրբ Թովմա Աքվինացու գրքի թարգմանությունը և շարունակում է դասախոսել – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը սկսում է Սուրբ Թովմա Աքվինացու գրքի թարգմանությունը և շարունակում է դասախոսել

Այդ հեռավոր ժխորներն ու շփոթները երբեք արձագանք չէին գտնում վանքում, ուր ամեն բան առաջ էր ընթանում բարեկարգ ընթացքով և ամեն ոք իրեն հանձնված գործին լծված, ժիր ու եռանդուն աշխուժությամբ քայլում էին դեպի իրենց ընդհանուր նպատակը. անխոնջ և լուսավոր գործիչներ լինելու Ազգի ապագայի համար: Գիտություններն աստիճանաբար զարգանում էին. մեծահասակ աշակերտները, որոնք արդեն ավարտելու մոտ էին փիլիսոփայության դասընթացը, սկսելու էին աստվածաբանության ուսումը, որի համար, սակայն, կանոնավոր դասագրքեր չկային: Մխիթարն այդ դժվարությունների առաջ չվարանեց. ինքը, որ Դպրոցական դրության (Սքոլաստիկայի) օգուտն ու առավելություններն արդեն ըմբռնել էր, իր աշակերտների աստվածաբանական ուսումներին իբրև առաջնորդ ընտրեց Սուրբ Թովմա Աքվինացուն, միջնադարի այդ ամենամեծ ու զորավոր մտածողին, որի լույսը դարեր առաջ արդեն հասել էր մինչև իսկ մեր մայր աշխարհի խորքերը[1], և որի «Բովանդակութիւն աստուածաբանական» կոչված հրաշալի մատյանը Հայր Հովհաննես վարդապետը Հռոմից բերել էր ուրիշ պիտանի գրքերի հետ միասին: Հարկավոր էր նախ ընտելանալ նրա սեղմ ու ամփոփ ոճին, ըմբռնել բոլոր նրբությունները, թափանցել նրա խորություններից ներս, որոնցով նա ճառում է կրոնի ամենաբարձր խնդիրների մասին: Աքվինացու գրությունը թարգմանելու համար կարծես հարկավոր էր մի նոր լեզու ձուլել, մի նոր բառապաշար ստեղծել նորանոր արտահայտություններով ու բառերով: Այդ բոլոր դժվարությունները գծագրվեցին Մխիթարի առաջ, երբ առաջին անգամ հղացավ այդ գեղեցիկ գաղափարը. կշռեց գործի մեծությունը, որին ձեռնարկելուց առաջ թողեց արտաքին զբաղումները և առանձնանալով՝ ամբողջովին տրվեց լատիներենի ուսմանը: Այդ գործում նրա գլխավոր աջակիցը եղավ Հայր Հովհաննես վարդապետը, որը վեց տարի Հռոմում մնալով՝ հիմնովին հմտացել էր լատիներենի մեջ. նա սկսեց թարգմանել Առաջին մասը, որն Աբբահայրը սրբագրելով՝ որքան հնարավոր էր հղկեց լեզվի անհարթությունները և թարգմանությունը դյուրըմբռնելի դարձրեց: Երբ աստվածաբանական խնդիրներից բավական թվով թարգմանվեցին, դրանցից մի քանի նմույշընդօրինակվեցին, որոնց գործածմամբ Մխիթարը սկսեց դասավանդել ավագ աշակերտներին, Աքվինացու թևերով արծվորեն բարձրացնելով նրանց միտքը մինչև երկնային բարձունքները, ուր ճառագայթում է միայն կրոնի աստվածային պայծառ լույսը: Միաժամանակ զարգացնում էր նաև կրտսեր աշակերտների միտքը գիտության զանազան ճյուղերով, նրանց սիրտը կրթում էր բարոյական հրահանգներով, սրում և ճոխացնում էր նրանց իմացական կարողությունները պատմական, չափաբերական և իմաստասիրական ուսումներով: Ազնիվ, ճկուն և ամուր կամքի ու բնավորության տեր անձեր էր պատրաստում, այն ժամանակվա պահանջների համեմատ՝ բոլոր կարևոր գիտելիքներով ճոխացած, կարող և անձնվեր գործիչներ Ազգի համար: Եվ այդ մեծ ու կարևոր գործը ինքն անձամբ էր անում, միայնակ, իր այդքա՜ն զբաղվածության ու սրտամաշ հոգսերի մեջ, այն աստիճան, որ մարդ ապշում է, թե ինչպե՞ս էր բոլոր գործերին հասնում, ինչպե՞ս էր ժամանակ գտնում այդ ամենն անելու համար: Ամեն օր տարբեր առարկաների երեք-չորս դասախոսություն, առանձին կամ հրապարակային խրատներ, աչալուրջ հսկողություն յուրաքանչյուրի վարքին ու գործերին, դասագրքերի պատրաստություն, Միաբանության նյութական կարիքների հոգսը, ամեն բանի դարման, խնամք, մատակարարություն, և այլն. այս ամենն իր վրա էր ծանրանում: Եվ միաժամանակ հսկում էր շինարարության գործերին, առաքելության էր պատրաստում քահանաներին, կարևոր գործերի համար թղթակցում էր Հռոմի, Պոլսի և ուրիշ տեղերի հետ: Միաբանության անդամներից որևէ մեկի դեմ եղած բոլոր ցավերը, զրկանքները, չարախոսություններն ու հալածանքները վերջ ի վերջո իրեն էին դպչում. ինքն էր, որ կրում էր դրանք, մաշվում էր, տառապում, որովհետև որքան արի ու դիմացկուն հոգի ուներ, նույնքան էլ զգայուն սիրտ էր կրում իր կրծքում: Եվ սակայն գտնվում են անձինք, որ ընդդիմախոսում են, թե Մխիթարը գրական ի՞նչ գործ արտադրեց Մեթոնում եղած տարիներին, ի՞նչ օգուտ տվեց Ազգին նրա կողմից հաստատված Միաբանությունն իր գոյության այդ ժամանակաշրջանում: Այդ հարցին պատասխանելուց առաջ հարկավոր է ի նկատի առնել այն հանգամանքները, որոնց մեջ հիմնվեց և ապրեց Մխիթարի Միաբանությունը Մեթոնում:

Երբ նավաբեկության մեջ է և գտնվում է իր կյանքին սպառնացող վտանգի առաջ, մարդն իրեն հանդիպած առաջին իսկ ժայռից կառչում է, անխուսափելի մահից ազատվելու համար: Մխիթարը նույնպես, փոթորիկներից փախչելով, իր և Միաբանության գոյությունն ապահովելու համար գտավ Մեթոն բերդաքաղաքը, որն ավելի դղյակ էր, քան թե քաղաք, Մոռեայի երկրամասի մի ծայրում նետված, աշխարհից գրեթե ամբողջովին մեկուսացած, ծովով շրջապատված, մերթ վենետիկցիների իշխանության տակ անցած և մերթ թուրքերի, դարերով շարունակ կործանվել էր ու կառուցվել, ամայի ու անբնակ դառնալով լքվել, և Մխիթարի այնտեղ հասնելու ժամանակ հազիվ տասը տարի էր, ինչ սկսել էր կրկին շենանալ և բնակչությամբ բազմանալ: Այնտեղ գոյություն չունեին գրադարաններ, վարժարաններ, տպարաններ, որոնք մշակույթի զարգացման անհրաժեշտ պայմաններն են: Արդյոք հնարավո՞ր էր, որ նման պայմաններում, այն էլ մի քանի տարվա ընթացքում, Միաբանությունը կարողանար մշակութային և գրական արժեքներ ստեղծել: Մխիթարն այդ բերդաքաղաքն ընտրեց Մոռեայի մյուս քաղաքներից ավելի ապահով լինելու պատճառով, և որ այնտեղ ապրուստը ավելի էժան էր, հաշվի առնելով իրենց դրամական շատ նեղ վիճակը այդ ժամանակահատվածում. իսկ որ ամենակարևորն է, Արևելքին մոտիկ լինելու պատճառով: Այն տասներկու տարիների ընթացքում, որ Մխիթարը մնաց Մեթոնում, մի տարի անգամ չունեցավ, որ ամբողջովին ազատ լիներ հոգսերից ու տագնապներից: Իսկ անդորրը գրականության ծաղկման առաջին պայմաններից մեկն է: 1711 թվականին հազիվ էր ավարտել վանքի շինությունը, թեթևացել էր պարտքերից, ազատվել էր նյութական հոգսերից ու զբաղմունքներից, և Սուրբ Աթոռի հավանությունն էր ստացել ի հաստատություն Միաբանության, – և այդ հաջողությունները ձեռքբերելու համար քանի՜ կռիվներ ստիպված եղավ մղել ամեն տեսակ արգելքների, դժվարությունների, մարդկային կրքերի դեմ, ինչպիսի՜ ճգնաժամերի միջով անցավ, – երբ ահա չորս տարի հետո, 1715 թվականին, դարձյալ մատնվելու էր միևնույն տառապանքների, օտարության ու չքավորության ձեռքը: Մի՞թե հնարավոր էր այդպիսի պայմաններում, երբ խնդիրը կյանքի ու մահվան վերաբերյալ էր, մտածել գրական արտադրանք հասցնելու մասին: Փոթորիկների մեջ չի պտղաբերում գիտության ծառը:

Հաշվի պետք է առնվի նաև այն հանգամանքը, որ Մխիթարի առաջին աշակերտները, որոնք պիտի լինեին իր գրական աշխատությունների հիմնական աջակիցները, չկարողացան կանոնավոր ուսումնառության նվիրվել, քանի որ արդեն մեծահասակ էին անդամակցել Միաբանությանը. և այդպիսիներից գրական մեծ արդյունք ակնկալելի չէր: Ինչպես բնությունը ոստումներ չի կատարում, այլ՝ տարիների հանդարտ հերթափոխով է հասունացնում մարմինը, նույնն է նաև մտքի պարագայում, առնվազն երբ խոսքը նրա սովորական վիճակի մասին է. աստիճանաբար է մեծանում, հասունանում, զարգանում գիտական ասպարեզում: Հանդուգն թռիչքներ կատարող մտքերը հազվագյուտ երևույթներ են: Մեթոնը այն աշխատանոցը եղավ, ուր ոչ մի տաժանագին ներդրում չխնայվեց՝ մշակելու համար երիտասարդ աշակերտների թարմ մտքերը և նրանց մեջ ցանելու գիտության սերմերը: Բայց հասունանալու և պտուղ տալու համար հարկավոր էր որոշ ժամանակ սպասել, ջերմություն և բարենպաստ պայմաններ ապահովելով: Գրական հղության և երկունքի տարիներ եղան դրանք, որոնց արդյունքները լույս տեսան հետո Վենետիկում, շնորհիվ մամուլի և այն խաղաղավետ օրերի, որոնք ապրելու էին այն կղզյակում, որի անունն է Սուրբ Ղազար:

[1] Տե՛ս Պատմութիւն հին հայկական դպրութեան, Ա. հտր., 1886, էջ 736:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։