Մխիթար Աբբահոր վերջին օրերը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթար Աբբահոր վերջին օրերը

Ավագ Ուրբաթ օրը, Ապրիլի 4ին, երբ միաբանները Քրիստոսի թաղման հանդեսն էին կատարում, թափոր բռնած շրջելով վանքի սրահներում, մինչ թափորն ուղղվում էր դեպի Աբբահոր սենյակը, նրան տեղեկացրեցին, թե Քրիստոսը մոտենում է սենյակիդ: Նույն պահին մի այնպիսի սաստիկ հազ և սրտի բաբախում ունեցավ, որ քիչ մնաց խեղդամահ լիներ: Ահա այդպես մասնակցում էր Տիրոջ չարչարանքներին: Հետո բարձրաձայն աղաղակեց. «Ո՜վ քաղցր և սիրելի Փրկիչ իմ, նայի՛ր տառապած ու վշտացած անձիս, և ողորմի՛ր ինձ»: Հազիվ խոսքն ավարտեց, ցավերն իսկույն դադարեցին, շնչառությունը հանդարտվեց և Մխիթարը կարողացավ իր երկրպագությունն անել Հիսուսին, այս գեղեցիկ աղոթքն ասելով. «Հիսուս Քրիստոս, Փառքի Թագավոր և Աստծո Որդի. Դու, որ այսօր հոգիդ երկնավոր Հոր ձեռքն ավանդելով՝ մանկությունիցդ ի վեր իմ համար կրած վշտերիցդ ու տառապանքներիցդ ազատվեցիր, աղաչում եմ Քեզ, եթե կամքիդ համաձայն է, թո՛ղ որ հոգիս Քո ձեռքն ավանդեմ, որպեսզի ես էլ ազատվեմ այս անտանելի ցավերից ու վշտերից: Ապա թե ո՛չ, սիրով կըմպեմ այս բաժակը, որպեսզի Քո կամքը կատարվի: Աղաչում եմ, տուր ինձ Քո սուրբ օրհնությունը և զորացրու տառապյալիս, որպեսզի համբերեմ ցավերիս: Օրհնի՛ր Միաբանությունս և այն պահիր սիրույդ և շնորհներիդ մեջ, նրան խաղաղություն տուր և այն կառավարիր Քո սուրբ ու բարերար կամքով, քանի որ ես այլևս չեմ կարող կառավարել այն: Քո ամենազոր Աջի հովանին միշտ նրա վրա թող լինի, և ամենօրհնյալ Մայրդ օգնական և պաշտպան լինի նրան: Վարձատրիր նրա բարերարներին և դարձ շնորհիր հակառակորդներին: Պահի՛ր Միաբանությանս անդամներին սատանայի պատրանքներից, որպեսզի անսասան մնալով իրենց կոչման մեջ, սրբությամբ կնքեն իրենց կյանքը և արժանի լինեն Արքայությանդ փառքին»: Աղոթքը հազիվ էր վերջացրել, երբ ամբողջ մարմնով թուլացավ և խաղաղ ու անուշ քուն մտավ:

Ապրիլի 6ին, Սուրբ Հարության Զատիկի տոնի օրը, ցավերը մեղմացան և մի փոքր շունչ առավ: Հաջորդ օրը, սակայն, հիվանդությունը կրկին սաստկացավ, խոստովանվեց և որպես վերջին թոշակ ընդունեց Ամենասուրբ Հաղորդության Խորհուրդը, ինչպես արել էր ուրիշ անգամներ ևս: Թեև անընդհատ տանջվում էր ցավերից, բայց գիտակցությունը միշտ տեղն էր, և հաճախ՝ կարճ աղոթքներով իրեն նվիրում էր Աստծուն: Հոգևոր մտածումների և Աստծո սիրո քաղցրությամբ անուշացնում էր իր ցավերի դառնությունը: Երկու օր անց, դարձյալ մի փոքր հանգստացավ ցավերից: Խոստովանահայրը, որ միշտ մոտն էր, երակը զննելով՝ քաջալերեց, որ չվախենա: Աբբահայրը պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի վախենամ մահվանից: Եթե Աստված կամենա, ա՛յս պահին իսկ պատրաստ եմ հոժարությամբ մահանալու: Մանկությունիցս ի վեր սպասում էի այս ցավալից կյանքից մեկնելու օրվան: Եվ ուրախ եմ, որ ահա հասել է: Փափաքում եմ մահանալ, որպեսզի իմ Հիսուս Փրկչին տեսնեմ Իր փառքի մեջ, և իմ անձին լույս տվող և Միաբանությանս պաշտպան Տիրամորն էլ իր փառքի աթոռին բազմած: Երանի՜ թե շուտով թողնեի այս արտասուքի հովիտը և սլանայի դեպի երկնային Հայրենիք, ուր տեսնելու եմ Ամենասուրբ Երրորդությունը, օրհնելու եմ Նրան և փառաբանելու եմ Հրեշտակների հետ միասին, և վայելելու եմ Երկնքի անճառ ու անվախճան երանությունը»:

Երբ սենյակում ներկա վարդապետները տարբեր զրույցներով փորձում էին քաջալերել նրան, ասաց. «Հանդարտ թողեք ինձ և մի՛ շփոթեք, քանի որ ես մտածելու բավական նյութ ունեմ»: Եվ տեսնելով, որ տխուր տրտում կանգնել էին շուրջը, հարցրեց. «Ինչո՞ւ եք տխրում իմ համար, չգիտե՞ք, որ մահանալու եմ»: Ապա հավելեց. «Երբ այս աշխարհից կմեկնեմ, ցավերով կոշկոճված մարմինս դրեք այն տապանի մեջ, որ վաղուց արդեն պատրաստել եմ իմ համար: Կրծքիս վրա դրեք Հռոմի Սրբազան Քահանայապետի նվիրած ներողության խաչն ու մեդալը: Իսկ Տիրամոր պատկերը, որ նկարել եմ տվել ծաղկեզարդ պատմուճանով, ինչպես ինձ երևաց տեսիլքում, ո՛չ մեկի առանձին սեփականությունը թող չլինի, այլ՝ հասարակաց բոլորինը»: Երբ խոստովանահայրը մտազբաղ ասաց. «Գերհարգելի, Ձեր գերեզմանն ըստ պատշաճի չեղավ», պատասխանեց. «Ցավերով փտած այս մարմնի համար այդ գերեզմանը բավական է, և շատ էլ է»: Եվ այսպես, ամեն բան արթուն և զգաստ մտքով կարգադրելուց հետո՝ լռեց:

Ապրիլի 9ին, քանի որ շատ տկարացած էր և բժիշկը կարծիք էր հայտնել, որ ամեն վայրկյան կարող է մահանալ, Մխիթար Աբբահորը մատակարարեցին Հիվանդաց Օծման խորհուրդը: Երբ Աբբահայրը լսեց բժշկի կարծիքը, ուրախացած ասաց. «Այս օրը ծննդյանս օրվանից ավելի մեծ է: Բերեք, որ ընդունեմ Սուրբ Խորհուրդը»: Եվ վառ հավատքով ու ջերմեռանդ սիրով ընդունեց այն: Նույն պահին ցավերը մի քիչ թեթևացան, և օրվա մնացած մասը հանգիստ անցկացրեց: Երեկոյան դեմ կանչեց ամենատարեցներին, հրաժեշտի ողջույնն ու իր հայրական օրհնությունը տվեց և հոգևոր խոսքերով ու խրատներով ոգևորեց նրանց, խրախուսեց՝ արիաբար առաջ տանելու իր սկսած գործը: Հարկավոր հրահանգներ տվեց, թե ի՛նչ պետք է անեին իր վախճանվելուց հետո, որպեսզի Միաբանության մեջ որևէ շփոթություն չծագեր: Նրանց հանձնեց իր կտակը և հուզված ձայնով օրհնելով նրանց և խնդրելով նրանց աղոթքը, արձակեց: Ցավագին ու արտասվաթոր աչքերով համբուրելով իրենց սիրելի հոր աջը, նրանք դուրս ելան սենյակից: Ապա մնացած միաբաններին ևս կանչելով, նրանց պատվիրեց Աստծո և եղբայրների հանդեպ սերը, տվեց կրոնավորական կյանքին հարկավոր պատվերներ, օրհնեց նրանց, իրեն էլ հանձնեց նրանց աղոթքին և սրտաճմլիկ հառաչանքների մեջ՝ նրանց ևս արձակեց:

Ապրիլի 25ին, եռանդուն և ջերմ սրտով ընդունեց Ամենասուրբ Հաղորդության Խորհուրդը և ներողության խաչը ձեռքին բռնած՝ խանդակաթ սիրով համբուրում էր այն: Եվ հոգին իր սիրելի Հիսուսի ձեռքը հանձնելով, ասում էր. «Ո՜վ Փրկիչ իմ Հիսուս, հոգիս ավանդում եմ Քո ձեռքը, ողորմիր ինձ և ներիր բոլոր հանցանքներս: Հոգեսեր Տեր, պատվական և սուրբ Արյամբդ մաքրիր հոգիս բոլոր մեղքերի արատից, որովհետև ես Քոնն եմ»: Հետո իր ձեռքն առնելով Տիրամոր ծաղկենկար պատկերը, որի հանդեպ հատուկ ջերմեռանդություն ուներ, համբուրելով ասում էր. «Օգնիր ինձ, Տիրամայր, այս վտանգավոր ժամին, և ինչպես մինչև այժմ միշտ օգնեցիր բոլոր վշտերիս մեջ և ինձ լուսավորեցիր, նույնպես հիմա ինձ ձեռքիցդ բաց մի՛ թող, այլ՝ Միածին Որդուդ առաջ միջնորդ և բարեխոս եղիր իմ համար, որպեսզի ազատվեմ թշնամու որոգայթներից»: Այս ասելով, պատկերն ու խաչը իր կրծքին դրեց և հերթով համբուրելով՝ ասում էր. «Հիսո՜ւս, Մարիա՜մ, սիրտս ու հոգիս ձեզ եմ ընծայում»: Երբեմն էլ, երբ երկար ժամեր լուռ էր մնում, մոտը եղողները նրան հորդորում էին հավատքի, հույսի և սիրո ներգործություններ անել. և նա հոժարակամ անում էր:

Ցավերն է՛լ ավելի սաստկացան Ապրիլի 26ին: Նրա բերանից, սակայն, երբեք տրտունջի մի ձայն անգամ չլսվեց: Բժիշկը, հույսը բոլորովին կտրած, ասաց. «Այս գիշեր կփոխվի առ Աստված»: Նրա համար միաբանները սկսեցին հոգեվարքի աղոթքներն ասել: Նույն ժամին փափաքեց նստել, բայց բոլորովին ուժասպառ՝ չկարողացավ այդ դիրքով մնալ և կրկին պառկեց, Սաղմոսի խոսքերն ասելով. «Ընդ երեկոյս հանգիցեն լալիք, առաւօտուց եղիցի ուրախութիւն»: Միաբաններն իրենց սենյակները քաշվելուց առաջ հավաքվեցին եկեղեցում և եռանդագին աղոթեցին Սուրբ Կույսին, նրա խնամքին հանձնելով իրենց հորը: Գրեթե ամբողջ գիշերը, սակայն, անցկացրեցին հսկելով և աղոթելով, քանի որ ո՞վ կարող էր քուն մտնել այդպիսի մեծ կորուստ ունենալու թախիծով համակված:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։