Մխիթարյան առաքելությունը Բելգրադում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարյան առաքելությունը Բելգրադում

Արևելքում, առաքելության հատուկ տեղ չունենալու պատճառով, Մխիթարյան քարոզիչները ստիպված էին լինում շրջել քաղաքից քաղաք, ո՛ւր պահանջում էր կարիքը, և ամեն տեղ գնում էին միայն քարոզելու, սերմանելու, ուրիշներին թողնելով հնձի արդյունքը: Արևմուտքում, մինչդեռ, իրավիճակը բոլորովին տարբեր էր: Այստեղ ուղղակի Միաբանության հոգևոր խնամատարությանը հանձնվեցին մի քանի քաղաքներ, որոնք քրիստոնյա պետությունների հպատակ լինելով՝ խռովքների և հալածանքների առիթ չկար, ուստի այստեղ մեր քարոզիչները հանդարտորեն գործեցին հաջորդաբար: Այդ քաղաքներն էին Տավրոնոնը, որն այժմ կոչվում է Բելգրադ, Սերբիայի մայրաքաղաքը. հետո Նայսոց քաղաքը Հունգարիայում. իսկ երրորդը՝ Բաշֆալով կամ Եղիսաբեթուպոլիս քաղաքը Տրանսիլվանիայում:

Տավրոնոն կամ Բելգրադ քաղաքը, որ կառուցվել է երկու հարևան, բայց իրար ոխերիմ պետությունների սահմանագծին, և հնում ենթակա էր անդադար հարձակումների ու ավարառությունների, 1718 թվականին, Սավոյացի Եվգինեոս իշխանի քաջության շնորհիվ անցավ ավստրիացիների ձեռքը: Այդ քաղաքում բավականին թվով հայեր էին ապրում: Սուրբ Աթոռը նրանց որպես առաջնորդ ուղարկեց երկու Հայ վարդապետներ՝ Ստեփանոս և Բարթուղիմեոս անուններով, որոնցից ժողովուրդը գոհ չմնաց, և Սուրբ Աթոռը ստիպված ուզեց փոխել նրանց, և Կարնեցի Խաչատուր վարդապետին դիմեց՝ հարցնելով, թե Մխիթար Աբբան ունե՞ր արդյոք այդ առաքելության համար հարմար մի անձ: Մխիթարն առաջարկեց Հայր Եղիային, որն երկարամյա փորձ ունենալով՝ ավելի վարժ էր առաքելության համար: Սուրբ Աթոռը հատուկ կոնդակով Բելգրադի Հայոց առաքելական քարոզիչ նշանակեց Հայր Եղիային, սահմանելով նրա իշխանության իրավունքներն ու շրջանակները: Վարդապետը 1732 թվականին մեկնեց Բելգրադ. տեղի Հայ հասարակությունը սիրով ընդունեց իր նոր Առաջնորդին: Հայերն այնտեղ մի փոքրիկ եկեղեցի ունեին, հնացած ու կիսավեր, իսկ նրան կից՝ Առաջնորդի բնակության համար նույնպես փոքր ու խարխուլ մի տուն: Հայր Եղիա վարդապետն այստեղ էլ, ինչպես ուրիշ տեղերում, ժողովրդին ցույց տվեց միևնույն առաքելական հոգին և հայրական սիրտը. ինքն էր նրանց մեջ ծագած վեճերի ու կռիվների իրավարարը, և ամեն մարդ սիրով ընդունում էր նրա կայացրած վճիռները, այնպես, որ դատավորներին գրեթե անելիք չէր մնում: Նա հոգում էր նրանց ո՛չ միայն հոգևոր կարիքները, այլ նաև կենցաղավարության կանոններն էր սովորեցնում, որով Հայերն օտարներից ավելի բարեկիրթ էին երևում: Կիրակի և տոն օրերին կանոնավոր կերպով կատարվում էին եկեղեցական հանդեսները, այնպես, որ օտարազգի քրիստոնյաներն անգամ գալիս էին Հայոց եկեղեցի: Առաջնորդի մասնավոր ուշադրության ու խնամքի տակ էին աղքատները, որոնց միշտ մաս ու բաժին էր հանում իր աղքատիկ միջոցներից: Մարդիկ նրա մոտ էին տանում իրենց հիվանդներին, տեսնելով, որ նրա աղոթքներն ու կարդացած Ավետարանն ավելի օգուտ են տալիս, քան բժիշկների դեղերը: Տեղի հարուստները, տեսնելով նրա ուղղամտությունը, առատ նվերներ էին տալիս եկեղեցու և աղքատների կարիքների համար, որոնցով էլ նա հոգում էր այդ ամենին: Նա երեք տարուց ավելի մնաց Բելգրադում, ապա տարիքը նրան ստիպեց վանք վերադառնալ: 1736 թվականին նրա տեղն ուղարկվեց Հայր Հակոբ Բուզայանը, որն իր արդյունավետ առաքելության երկրորդ տարին չլրացրած, մի անբուժելի հիվանդությամբ անկողին ընկավ և ամենայն հոգևոր պատրաստությամբ մահացավ և թաղվեց տեղի ազգային եկեղեցում: Նրան հաջորդեց Հայր Միքայելը, որն հազիվ մի տարի մնալով, հիվանդության պատճառով ստիպված վերադարձավ Վենետիկ: 1739 թվականի Հունիսին, Սուրբ Աթոռի հրամանով Բելգրադ ուղարկվեց Հայր Հակոբ Կարնեցին: Այդ ժամանակ պատերազմ էր ընթանում օսմանցիների ու ավստրիացիների միջև: Բելգրադը ցամաքից պաշարված էր Օսմանյան զորքերով, այնտեղ կարելի էր մտնել միայն գետի կողմից, քանի որ քաղաքը կառուցված է Սավայի և Դանուբի գետախառնունքի վրա: Օսմանցիները շարունակ ռմբակոծում էին քաղաքը: Հայր Հակոբը, գիտակցելով հանդերձ, որ իր կյանքն ակնհայտ վտանգի է ենթարկվում, այնուամենայնիվ սիրտ արեց քաղաք մտնել և սկսել իր պաշտոնը: Ավստրիացիները պարտվեցին և հաշտություն խնդրեցին, և Բելգրադն ընկավ թշնամու ձեռքը: Քրիստոնյա բնակիչները մեծ մասամբ գաղթեցին ուրիշ տեղեր. սրանց հետ նաև՝ Հայ բնակիչներն իրենց Առաջնորդով, գնացին և հաստատվեցին հունգարացիների Նայսոց քաղաքում[1]: Հայր Հակոբը հինգ տարի առաջնորդեց համայնքը, ըստ ամենայնի ծաղկեցնելով նորահաստատ գաղութը, կառուցելով Սուրբ Լուսավորչի անվամբ եկեղեցին, դպրոցն ու առաջնորդարանը: Աղքատ ժողովրդի վրա բեռ չլինելու համար՝ ստիպված անձամբ Վիեննա գնաց և կառույցների ծախսի համար դիմեց Մարիա Թերեզա կայսրուհուն: Այդ առաքելությունը, որ տարեցտարի ծաղկեց իր անխոնջ առաջնորդների ջանքերով, մինչև Տասնիններորդ դարի կեսերը Միաբանության ձեռքին էր. բայց 1848 թվականին, հունգարների ապստամբության ժամանակ վանատունն ու եկեղեցին ավերվեցին, այնտեղ գրեթե Հայ ընտանիք չմնաց. ուստի Միաբանությունը ստիպված թողեց այդ առաքելությունը:

[1] Նայսոց (Neusatz) գերմաներեն նշանակում է նորատունկ, նորաշեն քաղաք, իսկ հունգարերեն կոչվում է Ույվիտեք: Կառուցվել է Դանուբ գետի հյուսիսային կողմում, Պետրովարատին կամ Վարատին կոչվող անառիկ ամրոցի դիմաց:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։