Մխիթարը ժամանակավոր տուն է վարձում Սուրբ Մարտին եկեղեցուն կից – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը ժամանակավոր տուն է վարձում Սուրբ Մարտին եկեղեցուն կից

Տեղի Հայ գաղութի մասին այս համառոտ տեղեկություններով բավարարվելով, իսկ ընդարձակ տեղեկություններ փափաքողներին խորհուրդ տալով ընթերցել Հայր Ղևոնդ Ալիշանի վերոհիշյալ գիրքը, արդ վերադառնանք Մխիթարին և իրեններին, որոնք Ապրիլի սկզբին հասնելով Վենետիկ, ի զգուշություն տարափոխիկ հիվանդությունների, քաղաք մտնելուց առաջ ստիպված եղան քառասուն օր մնալ արգելարանում, ինչպես օրենք էր Արևելքից եկող բոլորի համար: Քաղաքում բնակվող հայազգիները, մանավանդ Մխիթարին ճանաչողները, լսելով նրա գալստյան մասին, այցելում և անհրաժեշտ տեղեկություններ էին տալիսքաղաքի ու ժողովրդի նիստուկացի, ինչպես նաև տեղական սովորությունների, ապրուստի և բնակության հանգամանքների մասին: Այդ հայերից Աբբահոր նկատմամբ ընտանի սիրով ու իր մատուցած ծառայություններով նշանավոր էր Գեորգ անունով մեկը, որ գրեթե ամեն օր այցելում էր նրան և կարծես Միաբանության անդամներից մեկը լիներ, նրա գործերի համար վազում էր ամեն կողմ, հանձն էր առնում ամեն տեսակ չարչարանք: Այդ ժամանակ Վենետիկում էր նաև Աբբահոր սերտ բարեկամ Կարնեցի Խաչատուր վարդապետը, որ Սուրբ Աթոռի կողմից նշանակվել էր Վենետիկում բնակվող հայերի Առաջնորդ և Սուրբ Խաչ եկեղեցու մատրանապետ:

Երբ մոտեցավ արգելարանից դուրս գալու օրը, Մխիթարը Գեորգին հանձնարարեց, որ քաղաքում իրենց համար մի տուն վարձի: Նա գտավ Սուրբ Մարտին եկեղեցուն կից եռահարկ մի տուն, որը միատեղ ապրելու շատ հարմարություններ ուներ. վերնահարկում կային չորս մեծ սենյակ, նույնպես միջին հարկում՝ երեք մեծ սենյակ և մի խոհանոց, այդ յոթ սենյակներն էլ բնակելի էին. իսկ գետնահարկում կային բավական ընդարձակ երեք սենյակ, որ կարող էին գործածվել իբրև փայտանոց, մառան, լվացարան և ա՛յլ տնտեսական կարիքների համար. բակում էլ մի ջրհոր կար, իսկ տարեկան վարձն էլ համեմատաբար չափավոր էր, 73 դահեկան: Տան դրացիները բարեպաշտ ընտանիքներ էին: Մխիթարն ու իրենները, Մայիսի 12ին ելնելով արգելարանից, գնացին վարձած տանը բնակվելու: Հարկ եղավ տունը կահավորել անհրաժեշտ կարասիներով, ինչպես նաև վերափոխել զգեստների, կոշիկների և գլխարկների նյութն ու ձևը, քաղաքի կրոնավորներին ու քահանաներին հարմարվելու համար: Այդ կարևոր ծախսերը անելով, Աբբահոր ունեցած դրամը սպառվեց և ստիպված եղավ ծանոթներից պարտք վերցնել 150 դուկատ: Այդ փոխառությունը, որ այդ պահին անհրաժեշտ էր, քանի որ հազիվ էին ուտելու հաց ճարում, կարծես նորանոր տառապանքների դուռ էր բացելու, հիշեցնելով Մեթոնում անցկացրած տարիները. բայց Մխիթարը շտապեց սկսել իր գործունեությունը, որով վտանգը հեռացավ: Բավական եղավ, որ մի անգամ այցելության գնար իր ծանոթ մի քանի մեծամեծ սեպուհների և ներկայացներ իրենց կացությունը, որպեսզի իսկույն, նրանց ազդեցիկ միջամտության շնորհիվ, Մխիթարի միաբանների առաջ բացվեին քաղաքի հինգ եկեղեցիների դռները և նրանց հնարավորություն տրվեր ամեն օր պատարագելու, այնպես, որ Միաբանության քահանաներից ոչ մեկն առանց Պատարագի ողորմության չմնաց: Այդ դրամը բավարարում էր Միաբանության բոլոր կարիքների համար և հնարավորություն էր տալիս հայթայթելու անհրաժեշտ ապրուստը: Աբբահայրը Կիրակի և տոն օրերին պատարագում էր Սուրբ Մարտին եկեղեցում, իսկ սովորական օրերին՝ ժողովրդապետի տան մեջ գտնվող փոքրիկ մատուռում, որի խորանիկը մինչև ցարդ պահվում է որպես նվիրական հիշատակ մեր Հիմնադրի: Այդ մատուռը մի փոքրիկ պատուհան ուներ, որ նայում էր ճիշտ եկեղեցու ներսը. ավանդվում է, թե Մխիթարն ամեն օր Պատարագ էր տեսնում այդ պատուհանից և այնտեղից էր Աստծուն և Տիրամորն ուղղում իր եռանդուն աղոթքները:

Վենետիկում բնակվող հայերի մեջ կար Նորատունկ անունով պոլսեցի մի բարեպաշտ ու հարուստ վաճառական, որ Աբբահոր մտերիմն ու թղթակիցն էր և շատ անգամներ էր նվերներ արել Միաբանությանը: Երբ Մխիթարը հասավ Վենետիկ, նա արդեն վախճանվել էր. բայց ամեն տարի իր հոգու համար 36 մշտնջենավոր Պատարագ մատուցելու համար Միաբանությանը կտակել էր 100 դուկատ. այդ նեղ օրերին մեծ օժանդակություն եղավ այդ գումարը: Այդուհետև գրեթե ապահովված էր Միաբանության տնտեսական վիճակը, այնպես, որ այլևս չքավորության հոգս չէին ունենալու. և Մխիթարն արդեն ավելի հաճախ էր գրելու և իր քարոզիչներին պատվիրելու, որ ժողովրդից բացարձակապես նվեր և դրամ չընդունեն, որովհետև դրանց կարիքն այլևս չունեին: Ինչպես նաև հարկավոր է հիշել, որ Մխիթարն իր Միաբանությանը որպես անդամ չէր ընդունում նրանց, ովքեր դրամի հանդեպ սաստիկ հակվածություն էին դրսևորում. այդպիսիները կասկածելով, թե կարող էին դժվարությունների հանդիպել, գալիս էին հետները դրամ առած, բայց այդ նույն դրամը ձեռքները ետ էին դառնում: Սա տեսնելու ենք պատմության ընթացքում:

Երբ ամեն բան իր հունի մեջ ընկավ, վերսկսվեցին հոգևոր և ուսումնական դասընթացները, դասախոսություններն ու հավաքները: Մխիթարը, բնավ չհիշելով կրած բոլոր դառնությունները, նվիրվեց գրական ասպարեզին և Վենետիկ հասնելուց հազիվ երկու ամիս անց, Հուլիս ամսին, սկսեց սրբագրել Ալբերտ Մեծի Աստվածաբանության համառոտ թարգմանությունը և լուսաբանել խրթին հատվածերը, համեմատելով լատիներեն բնագրի հետ, և հրատարակեց այն, քանի որ առաջին տպագրությունն արդեն սպառվել էր: Հրատարակության ծախսերին մեծապես ձեռնտու եղավ Սարգիս անունով մի հարուստ հայ, Մխիթար Աբբահոր ծանոթ և բարեկամ Գեորգի որդին: Պոլսից հեռանալուց հետո սա եղավ Մխիթարի առաջին հրատարակությունը:

 

Էջի վերևի նկարում Սբ. Մարտին եկեղեցուն կից տունն է, ուր 2 տարի ապրեց Մխիթարն իր առաջին աշակերտների հետ
 
 
Տան մուտքին տեղադրված մարմարե հուշատախտակը, հետևյալ գրությամբ.
«Այս տունը, 1715թ. Մայիսի 12ից մինչև 1717թ. Սեպտեմբերի 8ը, իր ներկայությամբ սրբացրեց
Սեբաստացի Մխիթար Աբբահայրը, Սբ. Ղազարի Հայ Վանականների Հիմնադիրը:
Մահվան երկուհարյուրամյակի առթիվ, 1949թ. Ապրիլի 27ին»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։