8) Հայր Հովսեփ Գաթըրճյան (1820-1882) – Գրադարան – Mashtoz.org

8) Հայր Հովսեփ Գաթըրճյան (1820-1882)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, սկզբնական կրթությունը ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում (1823-1833), ապա Վիեննայի Մխիթարյան դպրոցում (1833-1838): Ավարտելով ուսումները, 1838 թվականին անդամակցել է Միաբանությանը Վիեննայի վանքում: Եղել է անվանի բանասեր, պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան: 1861 թվականից եղել է Կոստանդնուպոլսո Մխիթարյան վարժարանի վերատեսուչը:

Գրել է «Տիեզերական պատմութիւն» աշխատությունը, որը ցավոք մնացել է անավարտ. հրատարակվել են միայն առաջին երկու հատորները 1849 և 1852 թվականներին: Այս աշխատությունում, համաշխարհային պատմությանը զուգընթաց, ժամանակագրական կարգով, համառոտակի շարադրել է նաև Հայաստանի պատմությունը (դեպքերի շարադրանքը հասցվել է մինչև 480 թվականը): Գաթըրճյանի սույն աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ Հայոց պատմությունը շարադրել է որպես համաշխարհային պատմության բաղկացուցիչ մաս:

1864 թվականին լույս է ընծայել «Հիմնական տարբերութիւնք Կաթուղիկէ եւ Էջմիածնական դաւանութեանց», 1891 թվականին՝«Հանգանակ հաւատոյ որով վարի Հայաստանեայց Եկեղեցի» աշխատությունները:

Թարգմանել է Քսենոփոնի «Խրատք Կիւրոսի», Կիկերոնի «Վասն ծերութեան» և ուրիշ հին հեղինակների երկեր: Հետաքրքրվելով դասական հայերենով, Գաթըրճյանը նկատել է, որ առաջին թարգմանիչների լեզուն զգալիորեն տարբերվում է հետագա թարգմանիչների լեզվից: Ա. Գարագաշյանի և Ղ. Հովնանյանի հետ կատարած Ժ.Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ Գաթըրճյանը կյանքի է կոչել դասական հայերենը՝ այն մաքրելով օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից, որոնք մուտք էին գործել նրա մեջ՝ սկսած երկրորդ թարգմանիչներից:

Ըստ Գաթըրճյանի, հայերենն ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան. նախաքրիստոնեական և հետքրիստոնեական, որոնք իրենց հերթին ապրել են մի քանի տարբեր փուլեր: Նախաքրիստոնեական հայ գրականության հարցերն արծարծել է «Պատմութիւն մատենագրութեան Հայոց» (1851) արժեքավոր աշխատության մեջ: Նշելով հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ցեղակցությունը և նրա ծագումը հնդեվրոպական նախալեզվից, Գաթրճյանը հայերենը համարել է հնդիրանական լեզվախմբի իրանական մի ճյուղ:

1860-ականներին Գաթըրճյանը մասնակցել է այդ թվականներին բորբոքված կրոնական պայքարին. կաթողիկեությանն ի պաշտպանություն լույս է ընծայել «Հիմնական տարբերութիւնք» աշխատությունը, որին Հովհաննես Տերոյենցը պատասխանել է «Իրաւախոհ»գրքույկով և ստացել նրա պատասխանը. «Իրաւախոհի կեղծիք եւ իրաց ճշմարտութիւն» վերնագրով:

Գաթըրճյանի բանասիրական կարևոր աշխատանքներից է նաև «Սրբազան Պատարագամատոյց Հայոց» աշխատությունը, որը Հայր Հակոբոս Տաշյանի լրացումներով հրատարակվել է 1897 թվականին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։