Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունը – Գրադարան – Mashtoz.org

Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունը

Մինչ մեր ուշադրության առարկան դարձան հեռավոր առաքելությունները, այժմ պատշաճ կլինի, անշուշտ, մի քանի խոսք էլ ասել վանքին ամենամերձավորի մասին: Վենետիկի սակավաթիվ Հայ գաղութը, ինչպես արդեն ասել ենք, ուներ իր առանձին Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ մերթ ընդ մերթ, երբ հարկը պահանջում էր, Միաբանության անձինք էին դառնում հոգաբարձու կամ ժամարար, որով նաև ժողովրդի հոգևոր առաջնորդությունն էին անում: Այստեղ առիթը կունենանք խոսելու նաև այն անձի մասին, որին բազմաթիվ պատճառներով երախտապարտ է Մխիթարի Ուխտը:

Տասնվեցերորդ դարի սկզբներին, 1510-1515 թվականներին, Հայ գաղթականների թիվը բավականին աճել էր Վենետիկում, ուստի հայազգի քահանա պահելու հնարավորությունն ունենալով, մտածեցին մի փոքրիկ մատուռ կառուցել այն տան մեջ, որը Ձիանի ընտանիքի կողմից իրենց էր շնորհվել Սուրբ Հուլիանոսի թաղում, որպեսզի եկեղեցական հանդեսներն ու պաշտամունքը ազգային ծեսով կատարվեին: Այդ նպատակով մի աղերսագիր ուղարկեցին եկեղեցական բարձրագույն իշխանությանը և Լևոն Տասներորդ Սրբազան Քահանայապետից մի հատուկ կոնդակ ստացան, որով տրվում էր իրենց փափաքը կատարելու իրավունքը: Մատուռը շինվեց հանուն Սուրբ Խաչի Երևման, բայց մշտական քահանա կամ մատրանապետ չգտնվելու պատճառով՝ արարողություններ ու հանդեսներ այնտեղ չէին կատարվում: Ժողովրդի եռանդը մարեց, մատուռն էլ երեսի վրա մնաց, անշքացավ, մինչև որ 1579 թվականին նորից արծարծվեց տեղի Հայերի եռանդը, որոնք մի Սահմանադրություն հաստատեցին և Հայոց Տուն կոչվածը միայն աղքատներին ու ճամփորդներին հատկացրեցին իբրև հյուրանոց. նորոգեցին հին մատուռը, ուր Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսները մի քահանա էին ուղարկում պատարագելու և առաջնորդություն անելու, պայմանով, որ մատուռը, դրա հետ նաև աղքատներին և ժամարար քահանային տեղի հայ վաճառականներն էին պահելու իրենց միջոցներով:

Տասնյոթերորդ դարի սկզբին, 1606 թվականին, Ամդեցի Հակոբ Մարգարյան քահանան, որը նվիրակության պաշտոնով մի քանի անգամ այցելել էր Վենետիկ և արդեն ծանոթ էր տեղի Հայ գաղթականությանը, ընտրվեց Սուրբ Խաչի հաստատուն հոգաբարձու և առաջնորդ. մաքրեց, զարդարեց անշքացած մատուռը և հինգ տարի մեծ եռանդով վարելով իր պաշտոնը՝ վախճանվեց 1611 թվականին: Հայտնի չէ, թե Ամդեցուց հետո ովքեր են եղել Սուրբ Խաչի հոգաբարձուները, մինչև 1654 թվականը, երբ Հայոց Առաջնորդ է հիշվում Տեր Սահակ Թոխաթեցին, որը Փիլիպպոս Կաթողիկոսի հրամանով Վենետիկ գալով, երեք ու կես տարի վարում է այդ պաշտոնը: Հայ վաճառականների թիվը տարեցտարի շատանալով, – որոնց մեջ կային նաև բավական թվով հարուստներ, որոնցից էին Շեհրիմանյան գերդաստանը, Ջուղայեցի Ջամալենց Պողոսը, Գրիգոր Միրման Գերաքը և ուրիշներ, որոնք բազում ընծաներով հարստացրեցին Սուրբ Խաչի գանձարանը, – 1665 թվականին միաձայն որոշմամբ վճռեցին մեծացնել մատուռը, որն արդեն շատ փոքր էր գալիս այդքան բազմությանը: Բայց փոխանակ պարզապես ընդարձակելու, հիմնովին նոր եկեղեցի կառուցելու ձեռնարկեցին, չափավոր մեծությամբ, որի շինությունն ավարտվեց 1688 թվականի Դեկտեմբերին: Եկեղեցին գմբեթավոր է, չափսերով ոչ շատ մեծ, բայց գեղեցիկ ոճ և ճարտարապետություն ունի: Երեք խորան ունի և կողմնակի մի փոքրիկ ավանդատուն. Ավագ Խորանը նվիրված է Սուրբ Խաչի Երևմանը, աջակողմյանը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը, իսկ ձախակողմյանը՝ Սուրբ Լուսավորչին: Պատկերներն այդ ժամանակվա վենետիկցի նկարիչ Ալբերտ Կալվետտիի գործերն են: Դեռ եկեղեցի չմտած, առջևում մի գավիթ կա, ուր գտնվում են մի քանի նշանավոր հայ վաճառականների տապանաքարերը[1], որոնք 1812 թվականին, եկեղեցու վերանորոգման ժամանակ, դեպի դուրս փոխադրվեցին, ներսում թողնելով ոսկորներն այնտեղ, ուր թաղված էին:

Մեր նպատակներից դուրս լինելով այստեղ Սուրբ Խաչ եկեղեցու ամբողջական պատմությունը ներկայացնելը, անցնենք հիշատակելու Խաչատուր վարդապետի կյանքը, որն երկար տարիներ եղել է վենետկաբնակ Հայերի ժամարարն ու Առաջնորդը, և սերտ կապ է ունեցել Մխիթարի պատմության հետ: Ահա նրա կյանքի համառոտ ուրվագիծը:

[1] Սուրբ Խաչում թաղվում էին միայն երևելի անձինք, մինչ միջին և աղքատ դասակարգի մարդիկ թաղվում էին Հայերին հատկացված գերեզմանատանը, որը Սուրբ Գեորգ կղզու վրա էր գտնվում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։