Մխիթարն աշակերտներին առաջարկում է Արևմուտք անցնելու իր մտադրությունը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարն աշակերտներին առաջարկում է Արևմուտք անցնելու իր մտադրությունը

Դեռ շատ ժամանակ չէր անցել, ինչ Վենետիկցիները, քրիստոնյա դաշնակից պետությունների օգնությամբ, Արևելքում ընդարձակել էին իրենց սահմանները: Ֆրանչիսկոս Մորոզինի ծովակալը, 1687 թվականին Պեղոպոնեսի ծովեզրյա քաղաքներին տիրելով, ստացել էր Պեղոպոնեսացի տիտղոսը, իսկ Կորլովիցի պայմանագրով Պեղոպոնեսը դրվել էր Վենետիկի տիրապետության տակ, թեև սակավ տարիների համար, քանի որ 1715 թվականին այն կրկին անցնելու էր իր հին տերերի՝ Օսմանցիների ձեռքը: Վենետիկցիներն իրենց առևտրական առնչություններով և կրոնով շատ մոտ էին քրիստոնյա արևելցիներին, մանավանդ Հայերին. և արդեն դարեր ի վեր Ադրիականի ծովադշխոն իր սահմաններից ներս հյուրընկալում էր Արևելքի վաճառականներին, որոնց բերած գոհարներով ու ազնիվ կերպասներով պճնում էր իրեն: Երբ Մխիթարն իր հայացքն ուղղեց դեպի քրիստոնյա Արևմուտք, առաջին տեսածը եղավ Հունաստանի այն մասը, որ հարկատու էր Վենետիկի Հանրապետությանը, այն է՝ Պեղոպոնեսը, որ կոչվում էր նաև Մոռեա. արգավանդ մի երկիր, ուր կարող էին առատորեն գտնել կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որ ամենակարևորն է՝ ազատություն և տերության հովանավորություն, ինչպես իրեն առիթն էր ունեցել հուսադրելու Պոլսում Վենետիկի դեսպան Սորանցոն, որն որևէ օգնություն, որքան որ կարող էր, չզլացավ Մխիթարին այդ տագնապալի օրերում:

Մխիթարն հավաքեց իր աշակերտներին և իր ծրագիրը հայտնեց նրանց գրեթե հետևյալ խոսքերով. «Դուք գիտեք, որ ես չհետևեցի այն վարդապետների օրինակին, որոնք մի քանի տարվա համար աշակերտներ հավաքելով, նրանց վերիվերո կրթություն և ուսում են տալիս, Աստվածաշնչի մի քանի գրքերի մեկնությունը սովորեցնում և քահանա ձեռնադրելուց ու վարդապետական գավազան տալուց հետո արձակում են, որ ամեն մեկն իր ուզածի պես գնա ու քարոզի, առանց հատուկ մի նպատակ ունենալու, առանց հատուկ մի ծրագրի: Առանձին ուժեր, որոնք ժամանակի ընթացքում կամ հանգամանքների բերումով թուլանում են ու մաշվում: Ես, ընդհակառակը, ձեզ հավաքեցի, որպեսզի Սուրբ Հայրերի և մանավանդ մեր Սուրբ Հոր՝ Աբբա Անտոն Անապատականի կանոնների համեմատ ավետարանական խրատները ճշտիվ կատարելով, կարողանանք կառուցել մշտատև մի Միաբանություն, որի գլխավոր նպատակը պետք է լինի մեր Ազգի հոգևոր կարոտություններին հասնելը և հոգիների փրկության համար աշխատելը. իսկ այս նպատակին հասնելու անհրաժեշտ միջոցը բոլոր կարևոր գիտությունների ուսումն է: Եվ քանի որ փորձը ցույց տվեց, որ մայրաքաղաքում ու գավառներում, ուր չկա անդորր ու կյանքի ապահովություն, Միաբանություն հաստատելը և հոգևոր ու գրավոր կրթությամբ զբաղվելն անկարելի է, հարկ է, ուրեմն, որ միաբան որոշենք, թե աշխարհի ո՛ր կողմը կարող ենք գնալ՝ մեր այս մտադրությունն իրագործելու համար»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։