Սուրբ Բենեդիկտոսի մատուռը – Գրադարանը, Ձեռագրատունն ու Թանգարանը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Բենեդիկտոսի մատուռը – Գրադարանը, Ձեռագրատունն ու Թանգարանը

Գետնահարկի վրա, – թողնելով մյուս փոքր ու երկրորդական շինությունները, ինչպիսիք են փուռը, խոհանոցը, զանազան շտեմարանները, ջրհորները և այլն, – ուշագրավ է շենքերի կենտրոնում գտնվող ծաղկանոցը, որը սովորաբար Քառանկյուն է կոչվում միաբանների կողմից. կողմնակի ութ և կենտրոնական չորս ածուների բաժանված այդ պարտեզն իր մշտադալար հազվագյուտ բույսերով, բազմաթիվ վարդերով ու գունագեղ ծաղիկներով ո՛չ միայն զարդարում է վանքի կենտրոնական տարածքը և իր թարմ կանաչությամբ պարուրում է այցելուների աչքերը, այլ նաև անուշահոտ բուրումներով է լցնում մոտակա սենյակներն ու սրահները:

Գետնահարկից դեպի վերևի սրահները բարձրանալու համար՝ արևելյան կողմում կառուցվեց ընդարձակ, լուսավոր, գեղեցիկ ճարտարապետությամբ և որձաքարի աստիճաններով մի սանդուղք, որի շուշանաձև զարդարուն երկաթե բազրիքը, սպիտակ որմերն ու առաստաղը և երևելի նկարիչների շուրջանակի կախված յուղանկար պատկերներն օտարականին մի պահ մոռացնել են տալիս իր ո՛ւր գտնվելը: Մխիթարն իր կառույցները վայելուչ, ճաշակավոր և հաստատուն անելու համար ո՛չ մի ծախս չի խնայել: Աստիճանների առաջին տասնյակը հազիվ բարձրացած, աջ կողմի վրա բացվում է մի դուռ, որն առաջնորդում է դեպի Սուրբ Բենեդիկտոսի անունը կրող մատուռը, որը Մխիթարը կառուցել է տվել 1738 թվականին: Այն մի քառակուսի սենյակ է, որ գտնվում է սեղանատան և եկեղեցու միջև. զով է, լուռ ու ամփոփ, նվաղկոտ լույսով, ուր ժամանակին, հատկապես ամառվա ամիսներին, կատարվում էին մտածական աղոթքները: Կարմիր մարմարից պատրաստված սյուներով պարզ ու փոքրիկ մի խորան ունի, որի վրա տեղադրված պատկերը Սուրբ Բենեդիկտոսին ներկայացնում է հոգեզմայլ հափշտակության կամ տեսիլքի մեջ: Այդ պատկերը 1742 թվականին Հռոմում նկարել է հայազգի Հովհաննես Էմիր Պատկերահանը[1]:

Շարունակելով վեր բարձրանալ մեծ սանդուղքով, հասնում ենք վերնահարկի մուտքին, ուր մեր դիմաց երկու սրահներ են բացվում, մեկն՝ ուղղված դեպի արևմուտք, մյուսը՝ դեպի հյուսիս, ուր գտնվում են միաբանների սենյակները, իսկ ձախակողմում՝ կամարավոր մի մեծ դուռ, որից ներս մտնելով, դեղին գույնի քարերով կառուցված աստիճաններով բարձրանում ենք Գրադարան, որը ճիշտ սեղանատան վրա է գտնվում և նրա միևնույն մեծությունն ունի: Հատակը դրվագված է սև ու սպիտակ փայլուն մանրախճերով, որոնք պատկերում են աղեղներ, ծաղիկներ ու թռչուններ: Մեծ դռան վերևում, բարձրաքանդակ մեդալիոնի մեջ, նկարված է Հավատքի այլաբանական պատկերը, կիսաստվերի մեջ, որը բարձրից իր հովանին սփռում է գիտությունների վրա: Չորս պատուհանների վերևում, բոլորաձև գաջե քանդակների մեջ, բազմած են չորս Ավետարանիչները, նրանք նույնպես ստվերոտ և խորհրդավոր: Իսկ առաստաղի վրա, բարձրաքանդակ ծեփածո դրվագների մեջ, որոնք պատկերում են սափորներ, թռչուններ, ծաղկե դրասանգներ, դուրս են ցայտում Թիեփոլոյի աշակերտ Ձունեոյի վրձնից ելած երեք որմնանկարներ, որոնցից երկուսը ներկայացնում են Հայ և Լատին Եկեղեցիների վարդապետներին, իսկ մեջտեղինը՝ Սրբուհի Կատարինեին, մինչ բանավիճում է Աղեքսանդրիայի իմաստասերների հետ: Այս կառույցն իր ամբողջության մեջ կարող է ճարտարապետական արվեստի գոհարներից մեկը համարվել: Որմերը ծածկված են տանձենու փայտից շինված պահարաններով, որոնց ձևավորումը Մխիթարն ինքն է նախապես արել ու պատրաստել, բայց պատրաստ վիճակում չի տեսել: Այդ ժամանակից մինչև այսօր Գրադարանը հարստացել է բազմալեզու արժեքավոր և շատ հազվագյուտ գրքերով, որոնց թիվը ներկայումս հասնում է մոտավորապես հարյուր հիսուն հազարի:

Չենք կամենում այստեղ նյութից շեղվել և մանրամասն խոսել 1967 թվականին կառուցված Ձեռագրատան մասին, որ գտնվում է վանքի արևելյան ճակատում, ուր մեծ խնամքով պահվում են չորս հազարից ավելի հայերեն ձեռագրեր: Կամ նաև Գրադարանի առջև գտնվող փոքրիկ Թանգարանի մասին, ուր որմնադարանների մեջ զետեղված են ամեն տեսակի հետաքրքրական առարկաներ. ուրարտական, փյունիկական, էթրուրիական, հունական, հռոմեական, բյուզանդական, եգիպտական, եթովպական, հնդկական, չինական, տիբեթական, ճապոնական, պաղեստինյան և սիրիական զանազան հնություններ, նշանավոր հեղինակների նկարներ, կայսրերի, թագավորների, իշխանավորների կենդանագրեր: Ապա նաև «Լորդ Բայրոնի սենյակ» կոչված փոքր Գրադարանի մասին, ուր անգլիացի մեծ բանաստեղծն ուսումնասիրում էր հայերեն լեզուն, և ուր ներկայումս պահվում են աշխարհագրությանը վերաբերվող եվրոպական հնատիպ գրքերը, որոնց մեջ բազմաթիվ են մեծ արժեք ներկայացնող հատորները:

Ամենավերջում, համալիրի արևմտյան կողմում, վանքի այդ ժամանակվա գլխավոր մուտքի մոտ, Մխիթարն իր համար կառուցել տվեց երկու սենյակից բաղկացած մի բնակարան, որոնցից մեկը որպես ննջարան, իսկ մյուսը՝ որպես ընդունարան: Այդ սենյակները մնացածներից տարբերվում են միայն նրանով, որ փոքր-ինչ ավելի ընդարձակ են: Այդ սենյակում են բնակվել նաև Մխիթարի Հաջորդները, այնպես, որ այն ստացել է «Աբբաների սենյակ» անվանումը:

[1] Մխիթար Աբբահոր նամակը Հովհաննես Պատկերահանին, 1742 Ապրիլ 28:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։