2) Հայր Գաբրիել Ավետիքյան (1751-1827) – Գրադարան – Mashtoz.org

2) Հայր Գաբրիել Ավետիքյան (1751-1827)

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Փոքր հասակում տեղափոխվել է Վենետիկ և ուսանել Մխիթարյան վարժարանում: Վարել է վարչական մի քանի պաշտոններ Միաբանության ներսում:

Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին. «Քերականութիւն Թոսքանական լեզուի»: Ապա մեկը մյուսի ետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պօղոսի Առաքելոյն» եռահատոր աշխատությունը (1806, 1811, 1812), «Բացատրութիւն շարականաց»ը (1814), «Քերականութիւն հայկական»ը (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» դասագիրքը (1816),«Քերականութիւն համառօտ»ը (1818, 1823), «Պատարագամատոյց Հայոց»ը հայերեն և լատիներեն լեզուներով (1823) և կրոնական բովանդակությամբ ա՛յլ գրքեր: Մասնակցել է «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ «Ա» տառը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, հիմնականում կրոնական բովանդակությամբ:

Յուրահատուկ հիշատակության է արժանի «Նարեկ աղօթից, հարազատ եւ զգուշաւոր լուծմամբ, նորոգ բացայայտեալ» աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1801 թվականին, ապա վերահրատարակվել է 1827, 1859 թվականներին: Հայտնի է նաև «Նարեկլուծ» անվամբ: Սա Գրիգոր Նարեկացու աղոթամատյանի վերլուծական մի ուսումնասիրություն է, ուր Ավետիքյանը տվել է Նարեկացու խրթին իմաստների բացատրությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։