20) Հայր Ղևոնդ Տայան (1884-1968) – Գրադարան – Mashtoz.org

20) Հայր Ղևոնդ Տայան (1884-1968)

Ծնվել է Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղում, 1890 թվականից ուսանել է Վենետիկի Մխիթարյան վանքում և դարձել Միաբանության անդամ: Եղել է մեծանուն երաժշտագետ:

1911-1914 թվականներին Հռոմում ուսումնասիրել է գրիգորյան երգեցողություն և երաժշտական հնագրություն: Այնուհետև նվիրվել է հայ հոգևոր երաժշտության հետազոտմանը, իտալական և գերմանական հանրագիտարաններում և զանազան միջազգային համաժողովներում այդ նյութի շուրջ հանդես է եկել հոդվածներով ու հաղորդումներով:

Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, 1921-1927 թվականներին եղել է «Բազմավէպ»ի խմբագիրը:

1916-1941 թվականներին եվրոպական նոտագրությամբ գրի է առել և 1952 թվականից սկսած հատոր առ հատոր հրապարակել է շարականների Սուրբ Ղազարում բանավոր ավանդմամբ պահպանված եղանակները, որոնք Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում:

Իր գրառած շարակնոցում փորձել է ալտերացիայի ինքնահնար «մոնոզիս» ու «տրեզիս» (1/4 ու 3/4 տոն բարձրացնող) և «բեմոլետ» ու «բեմոլոն» (1/4 ու 3/4 տոն իջեցնող) նշանների օգնությամբ գրավոր արտահայտել Հայ մոնոդիկ երաժշտության անհավասարաչափ տեմպերացիան: Տայանի շարակնոցը, որպես շարականների շուրջ երկուսուկես դար ավանդապահորեն հաղորդված ամբողջական մի տարբերակ, ինքնուրույն արժեք է պահպանում: Տայանը հեղինակել է նաև «Եղիշէի չորս եղանակները հնագոյն գրչագրի մը մէջ» (1911), «Կոմիտաս վարդապետ» (1936) և ա՛յլ աշխատություններ, աշխարհիկ և հոգևոր երգեր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։