Մխիթարը հասնում է Էջմիածին – Այն ժամանակվա Նահապետ Կաթողիկոսը – Աչքի սաստիկ ցավ է ունենում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը հասնում է Էջմիածին – Այն ժամանակվա Նահապետ Կաթողիկոսը – Աչքի սաստիկ ցավ է ունենում

Գարնան մոտ, հավանաբար 1692 թվականի Փետրվար ամսվա վերջավորության, հասան Սուրբ Էջմիածին, ուր Միքայել եպիսկոպոսն ընդունվեց մեծ պատվով: Արդեն 60 տարի կար, ինչ Էջմիածնի վանքը բարեկարգ տեսք էր ստացել: Դրանից առաջ, երկար տարիներ երեսի վրա էր թողնվել, անբնակ, անտերունչ էր մնացել, ինչպես վկայում է Առաքել պատմիչը[1] և ասում դրա պատճառը. «Որովհետև Կաթողիկոսներն այնտեղ՝ Էջմիածնում չէին բնակվում[2], այլ՝ Երևան քաղաքում ... և կամ աշխարհների շրջագայության մեջ էին»[3]. իսկ այն սակավաթիվ աբեղաները կամ վարդապետները, որոնք այնտեղ էին բնակվում, հողագործությամբ զբաղվելով՝ տարվա մեծագույն մասը գյուղերում էին անցկացնում:

Էջմիածնի գլխավոր բարեկարգողը եղավ Մովսես Երրորդ Կաթողիկոսը: Նրա հաջորդներն էլ շարունակեցին բարեկարգությունները, որոնց հետևեց նաև այդ ժամանակվա Կաթողիկոս Նահապետ Եդեսացին, Եղիազար Կաթողիկոսի ձեռասուն աշակերտը, որ նրան հաջորդեց 1691 թվականին: Նա, իր նախորդների նման, բազմաթիվ շինություններ արեց Էջմիածնում և ուրիշ վանքերում: Բայց չկարողացավ սովորական դարձած անկարգությունների առաջն առնել, որոնք տիրում էին վանքերում: Ժամանակակից և ականատես պատմիչ Զաքարիա Սարկավագը ողբում է. «Նախկին Կաթողիկոսների կարգ ու կանոնը քայքայվեց Սուրբ Աթոռից ու բոլոր վանքերից՝ նրանց թուլության պատճառով, քանի որ բոլոր առաջնորդներն ըստ իրենց կամքի էին շարժվում, իսկ Կաթողիկոսներին ոչինչ փույթ չէր լինում, քանի որ ինչպես իրենց նահանգներում էին վարվել, նույնպես այստեղ էին վարվում»[4]: Նույն պատմիչը, վերոհիշյալ Նահապետ Եդեսացու մասին գովեստով խոսելուց հետո, թե. «Կաթողիկոս Նահապետը Սուրբ Էջմիածնում իր գործին էր կանգնած և ավելացնում էր շինություններ Սուրբ Աթոռ Էջմիածնում և բոլոր վանքերում», ավելացնում է, մեղադրելով նրա խիստ բնավորությունը. «Բայց շատ խիստ էր հանցավորների նկատմամբ, և եթե մեկն ինչ որ պակասություն աներ, բռնելով՝ հրապարակում կապել էր տալիս, գանահարում, տանջում էր մարմնավոր իշխանությամբ. կտրում էր մորուքն ու գանգուրը և գցում էր բանտ ու շղթայում: Եվ այդպես, ահաբեկություն կար ամենայն եկեղեցականների և քահանաների վրա»[5]:

Այդպիսի ժամանակներ էին տիրում, երբ Մխիթարը հասավ Էջմիածին: Կաթողիկոսի խիստ ու պահանջկոտ բնավորության շնորհիվ կարգապահություն գտավ, սակայն չգտավ իր փնտրած հոգևոր կյանքն ու ուսումը: Կատարյալ հուսախաբություն ապրեց, երբ տեսավ, որ իր վարդապետի մոտ ինքն ավելի սպասավոր էր այնտեղ, քան աշակերտ: Չկային ընդհանուր դասախոսություններ, ուր կկարողանար դասեր առնել. իր առջև փակ էին գրադարանները, և մինչև իսկ իրեն դուրս էին հանում եպիսկոպոսի սենյակից, երբ նա ուրիշ ինչ որ մի աբեղայի մեկնաբանում էր Պողոս Առաքյալի նամակները:

Այդ ժամանակ Էջմիածնում սովորություն կար, որ վարդապետներն ու աբեղաները կեսգիշերին ելնում էին և ութ կանոն սաղմոս ասելուց հետո՝ գիշերային ու առավոտյան ժամերգություններն էին անում: Միքայել եպիսկոպոսը գիշերները շատ ուշ էր գնում քնելու, Մխիթարը ստիպված էր լինում ժամերով արթուն մնալ ու սպասել: Իսկ երբ քնում էր, երկու-երեք ժամ հետո կրկին արթնանում էր գիշերային ժամերգության կանչող կեսգիշերային զանգից: Ժամերգությունն ավարտելուց հետո վարդապետներն ու աբեղաները դարձյալ գնում էին քնելու, իսկ Մխիթարը մինչև առավոտ արթուն էր մնում՝ եպիսկոպոսին ծառայելու ու հրամաններին պատրաստ լինելու համար: Այդ տաժանելի կյանքը տկարացրեց Մխիթարին: Եկեղեցի գնալ, աղոթել, ծառայել և նման հոգևոր իրականություններ, սրանք առանձնապես ծանր չէին Մխիթարի պես պատրաստակամ ու խոնարհ մեկի համար, բայց իր տասնյոթամյա առույգ հասակի մեջ իր եռանդուն խառնվածքը ուժերը վերականգնելու համար քնի կարիքն ուներ: Անքնության պատճառով հորդ արյուն իջավ աչքերի մեջ, սաստիկ ցավ ու տառապանք պատճառելով և զրկելով նրան կարդալու հնարավորությունից: Երբեմն էլ, երբ մյուս աբեղաները հողագործության համար այգի էին գնում, իրենց հետ տանում էին նաև Մխիթարին: Քամու ու արևի տակ աշխատելով, սաստկանում էր նրա աչքերի ցավը, այնքան, որ կուրանալու վտանգ էր արդեն առաջացել: Եպիսկոպոսը գիտեր տղայի այդ ցավալի վիճակի մասին, բայց ապշեցուցիչ անտարբերություն էր ցուցաբերում: Իսկ պատանին լուռ ու մունջ համբերում էր և ոչ մի բողոք կամ տրտունջ դուրս չէր գալիս նրա բերանից: Այդ տառապանքներն անօգուտ չեղան Մխիթարի համար. նա այդ կերպ փորձվեց կյանքի բովի մեջ, դժվարություններն ամրացրեցին նրա կամքը, փորձության ճանապարհով զգաց, շոշափեց Ազգի ցավերին դարման անելու անհրաժեշտությունը: Այդ ժամանակ էր, որ հասկացավ ճշմարիտ վարդապետի կարգն ու պարտականությունը. հասկացավ, որ վարդապետը չպետք է խստությամբ վարվի կամ ծառայեցնի աշակերտին, այլ՝ հայրաբար խնամի ու կրթի, սիրով տա նրան առաքինության և գիտության կաթը:

[1] Առաքել., ԻԴ, էջ 232-233.
[2] Խոսքը վերաբերվում է Դավիթ Հինգերորդից սկսած մինչև Մովսես Երրորդ Կաթողիկոսներին (1586-1629):
[3] Առաքել., ԻԴ, էջ 234.
[4] Զաքարիա Սարկաւագ, Պատմութիւն, հտր. Բ., էջ 107, Էջմիածին 1870.
[5] Նույն, էջ 136.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։