Մխիթարի քահանայական ձեռնադրությունը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի քահանայական ձեռնադրությունը

Մխիթարն այդ ձմեռն ամբողջ անցկացրեց վանքում, որի պարիսպները չկարողացան արգելք հանդիսանալ նրա առաքինության ու իմաստության համբավի տարածմանը, որը միշտ ավելի էր ծավալվում Սեբաստիայում և շրջակա գյուղերում, Ծառուկի ու իր նմանների ջանքերին հակառակ: Վանքի միաբաններն ու քաղաքի երևելիները, որ երբեք քահանայական աստիճանին ավելի արժանավոր մեկին չէին տեսել, կամենում էին օր առաջ իրենց խորանների ու բեմերի վրա տեսնել նրան և լսել նրա հոգելից խոսքերն ու քարոզները, օգուտ քաղելով դրանցից: Մխիթարն իրեն դեռ անպատրաստ էր համարում այդ աստիճանին, որի սրբությանն ու բարձրությանը տեղյակ էր, և նրանց ստիպումից ազատվելու ա՛յլ միջոց չէր գտնում, քան միայն իր առողջական տկարությունը պատճառ բերելը որպես արգելք այդ բանին: Նա չարաչար տանջվում էր սաստիկ մի հազից, որ արդյունքն էր Սեբաստիայի չափազանց ցուրտ կլիմայի, իսկ որոշ չափով էլ հետևանքն էր իր ուղևորության ժամանակ կրած տառապանքների: Նրա բերանից արյուն էր գալիս, հազն ու արյունը համարում էր թոքերի վնասված լինելու հետևանք և կարծում էր, թե իր կյանքն արդեն սպառվելու մոտ է. այնպես, որ մինչև գարուն ապրելու հույսն էլ չուներ: Մխիթարի պերճախոսությունն ու առողջական ծանր վիճակը առժամանակ կարողացան ետ պահել նրանց, բայց երբ գարունը եկավ և տեսան, որ նա լիովին առողջացել է ու զորացել, բոլոր կողմերից ձայները կրկին բարձրացան և նա չկարողացավ այլևս դիմադրել: Ձեռնադրությունից առաջ, որ տեղի ունեցավ 1696 թվականի գարնանը[1], օրերով առանձնացավ իր սենյակում, ավելացրեց ճգնություններն ու աղոթքները և իր խորհրդածությունների նյութ դարձրեց քահանայական աստիճանի բարձրությունը: Քսան տարեկան էր, երբ քահանա ձեռնադրվեց. հանդեսը շատ շքեղ էր, եկեղեցին լի էր հոծ բազմությամբ, ներկա էին բոլոր նրանք, ովքեր Մխիթարին ճանաչում էին կա՛մ իր գործերից, կա՛մ իր քարոզներից, կա՛մ էլ նրա համբավի լուրն էր նրանց հասել: Այդուհետև, ըստ ազգային սովորության, նա աբեղա կոչվեց: Տարօրինակ մի զուգադիպությամբ, նույն օրը քահանա ձեռնադրվեց նաև Ծառուկը:

[1] Մխիթարի առաջին կենսագիրը նրա քահանայական ձեռնադրության տարեթիվն է միայն հաղորդում, առանց ճշտելու ամիսն ու օրը: Բայց ամենայն հավանականությամբ, պետք է ձեռնադրված լինի ո՛չ Զատիկից առաջ, ո՛չ էլ Պենտեկոստեից հետո: Ձեռնադրողն, անկասկած, եղել է Սուրբ Նշան վանքի այդ ժամանակվա առաջնորդ Տ. Սահակ Եպիսկոպոս Կեսարացին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։