Միաբանական կյանքի նկարագրությունը – Գրադարան – Mashtoz.org

Միաբանական կյանքի նկարագրությունը

Մխիթարը, որպես ճարտար ղեկավար, իր ալետանջ նավը Մեթոնում, Վենետիկի թևավոր Առյուծի պաշտպանության ներքո՝ խաղաղ նավահանգիստ հասցնելուց հետո, այդուհետև այլևս ազատ որևէ կասկածից կամ ճնշումներից, արտաքին հոգսերից էլ մի փոքր թեթևացած, – բացառությամբ չքավորության մտատանջությունից, որը դեռ տագնապեցնում էր իրեն, – սկսեց կանոնավոր ընթացքով վարել Միաբանությունը, որն օրեցօր աճում էր, հակառակ իր դեմ հարձակված այդքա՜ն մրրիկների: Այդ ժամանակ միաբանները տասնվեց հոգի էին: Նախ ինքը՝ Մխիթար վարդապետը, որ Միաբանության գլուխն էր և կոչվում էր Վերատեսուչ կամ Վեհագույն Հայր, նախքան Աբբահայր տիտղոսը կրելը, որը 1712 թվականին ստացավ Սուրբ Աթոռից: Ապա գալիս էին չորս վարդապետները. Հայր Եղիան, Հայր Հովհաննեսը, Հայր Գեորգը և Հայր Մանուելը: Իսկ մնացածները, որոնք տակավին քահանա ձեռնադրված չլինելով՝ Եղբայր էին կոչվում, ինչպես կրոնավորների սովորությունն է ընդհանրապես, հետևյալներն էին. Ղազար, Հովհաննես, Ազարիա, Պողոս, Պետրոս, Գաբրիել, Միքայել, Հակոբ, Գրիգոր և Տիրացու: Կար նաև Մարտիրոս անունով մի պատանի, որը միաբանների կարգը դեռ չէր մտել:

Մխիթարը հատուկ կարգ ու կանոն սահմանեց, որին պետք է բոլորը ենթարկվեին և որի համեմատ էլ՝ ամեն մեկը պիտի ուղղեր իր վարքն ու գործերը: Նա լիովին նվիրվեց իրենների հոգևոր և գրական կրթությանը, որովհետև, ինչպես արդեն ասացինք, իր նպատակը ճգնավորներ պատրաստելը չէր: Իր նպատակն էր առաքելական ոգով ներշնչված եռանդուն անձինք պատրաստել, «միաբանների վարքն ու կենցաղը կրոնավորական կանոններով կարգավորել, ուսման և գիտությունների մեջ կրթել իրեններին, և նրանց որպես հավատքի քարոզիչներ առաքեր Հայ Ազգին»[1]: Միաբանությանս ժամանակագիրը հետևյալ կերպով է նկարագրում այդ բարեկարգությունը, որ Մխիթարն առաջին օրից իսկ մտցրեց Միաբանության մեջ. «Սկսեց կարգավորել ամեն բան, կանոնավոր կենցաղավարությանը պատշաճեցնելով: Սահմանեց զգեստների և բնակարանների որպիսությունը, կերակուրների և ըմպելիքների քանակն ու որակը, քնի և հանգստի ժամանակն ու չափը, հասարակաց և առանձնական աղոթքների կարգն ու ժամերը: Որոշեց հոգևոր ընթերցումների և ուսումնառության, լռության և նման ուրիշ ամեն բանի ժամանակն ու չափը, և ամեն ինչի համար կարճ ու համառոտ խոսքերով հրամաններ ու արգելքներ տվեց: Եվ այս բոլորի ժամանակն ազդարարվում էր զանգակի ձայնով: Եվ այդպես, ամեն բան իր կարգին ու ժամանակին էր կատարվում, ինչպես որ Մխիթարը սահմանեց»[2]: Տան սենյակներից մեկն աղոթատեղի դարձրեց, ուր հավաքվում էին զանգակի ազդարարմամբ, միասին կատարելու համար Ժամերգությունները: Օրվա մեջ կես ժամ մտածական աղոթք էին անում, իսկ ամեն երեկո, քնելուց առաջ, խղճի քննություն: Օրվա մեծագույն մասը տրամադրում էին ուսմանը, և նրանց միակ ուսուցիչը Մխիթարն էր, որն արդեն իր վրա էր վերցրել ամբողջ Միաբանության հոգսը:

Մխիթարի հոգում, իր մյուս ձիրքերին հավասար, փայլում էր նաև կրթական, դաստիարակչական կամ առաջնորդական կարողությունը: Երբ մարդ իրեն հետևորդներ չունի և ոչ մեկի համար պատասխանատու չէ, հեշտությամբ կարող է նետվել դժվարին կռիվների մեջ, իր համար ճանապարհ բացել արգելքների ու դժվարությունների միջով, անձնատուր լինել վտանգների, ուր եթե նույնիսկ հանդուգն քայլեր կատարելով սխալվի, ինքը միայն կպատժվի: Բայց երբ խոսքը վերաբերվում է ուրիշներին առաջնորդելուն, երբ իր նշած ճանապարհով քայլելու են շատերը, այդ դեպքում անզգուշորեն առաջնորդելը և կուրորեն խարխափելով առաջ գնալը մեծագույն ու աններելի հանդգնություն է: Առաջնորդողը կարիքն ունի մեծ լույսի, մեծ արիության և մեծ փորձառության, քանի որ միայն հոգին չէ, որ պետք է բուժի, այլ նաև սիրտը, որն այնքա՜ն փափուկ է և հաճախ, թեթև բախումով իսկ, արյունոտվում է: Որքա՜ն զանազան ցավերով ու հիվանդություններով են տառապում հոգիները, և ամեն աչք չէ, որ ընդունակ է նշմարելու դրանց սկզբնաղբյուրը և համապատասխան դարմանը որոշելու: Մերթ խղճմտանքի ջինջ ու հստակ դեմքի վրայով սահող այլընդայլ մի մտածության ստվերն է, որ տագնապեցնում է հոգին, մինչ երերուն քայլերով առաջանում է առաքինության ճանապարհի վրա. մերթ մեկ ուրիշը, սիրո կամ ուրախության հեղակարծ ոստումով գլորվում է տխրեցուցիչ վհատության կամ ցամաքության մեջ, որով ջլատվում են իր հոգևոր ուժերը. երբեմն էլ ա՛յլ ոք, տարապայման եռանդին անձնատուր կամ եզակի երևալու տենդով վարակված, ձգտում է հասնելու ցնորական և ինքնաստեղծ մի կատարելության, որն իրեն հեռացնում է ստույգ կատարելությունից: Այսպիսի և ուրիշ հիվանդություններով բռնված հոգիների հետ հարկավոր է խոսել իրենց լեզվով, յուրաքանչյուրին իր կարիքների համեմատ՝ հարկավոր է խրախուսել կամ հանդիմանել, մխիթարել, հորդորել կամ օգնության ձեռք մեկնել՝ ընկածին կրկին ոտքի կանգնեցնելու համար: Այդ ծանր գործը, որն ակնհայտ է, թե ինչպիսի՜ հմտություն ու շրջահայեցություն, որքա՜ն ընդարձակ և լուսավոր միտք է պահանջում, Մխիթարն իր վրա վերցրեց, երբ դեռ հազիվ քսանվեց տարեկան երիտասարդէր, և ապագան ցույց տվեց, թե որքա՛ն հիանալի կերպով նա հաջողությամբ պսակեց իր ձեռնարկը, և այն էլ ի՜նչ պայմաններում: Այն ժամանակ կրթական կամ մանկավարժական գիտության լույսը տակավին չէր թափանցել Հայոց աշխարհի սահմաններից ներս, և ինքը՝ Մխիթարը, որ տակավին ծանոթ չէր եվրոպական լեզուներին և չէր կարող օգտվել դրանցից, նախնական կրթությունը ստացել էր մեր վանքերում, ուր այնպիսի դաստիարակներ էր ունեցել իր դալար հասակում, որոնք իբրև կրթության միջոցներ՝ ավելի շատ գործածում էին գավազանը, հիշոցներն ու նման ուրիշ բաներ, որոնք սիրտն ազնվացնելու փոխարեն, այն ավելի էին ցածրացնում: Ուստի հիացման է արժանի Մխիթարը որպես դաստիարակ, երբ ի նկատի ենք առնում այն բարեկարգ և կանոնավոր կացն ու դրությունը, որով կազմակերպեց իր Միաբանությունը, կրթեց այնպիսի աշակերտներ, որոնք էլ իրենց հերթին դաստիարակներ եղան Ազգի պատանիներին: Մեր Հայ իրականության մեջ մինչ այդ գրեթե չէր եղել այդպիսի միաձույլ մի ընկերություն, որպիսին եղավ Մխիթարի հաստատությունը. բոլորն էլ մի կաղապարով ձուլված, մի ձայնի հպատակ, միևնույն սկզբունքներին ծառայող, սերտ սիրով միմյանց կապված, նույն ճանապարհով դեպի նույն նպատակն ընթացող. այդ միությունն էր, որ ամուր և տևական գործեց բոլոր արտաքին բռնությունների դեմ: Այդ բանին հասնելու համար որքա՜ն ճիգ ու ջանք հարկավոր եղավ: Եթե աշակերտները բոլորն էլ թարմ, դալար մտքեր լինեին, նրանց ճկելն ու կրթելը դյուրին կլիներ: Բայց շատերն արդեն հասունացած, մեծահասակ մարդիկ էին, որոնց դժվար է ուզածդ ձևը տալ առանց կոտրելու. մարդիկ, որոնք իրենց կամքը ճկելու, զոհողություն անելու և հլու հնազանդվելու գաղափարը գրեթե չունեին: Եվ այդ անձերով էր, որ նա բարձրացրեց իր կառույցը, նրա գոյությանը սպառնացող վտանգների դեմ կռվեց, գիտության ու կրթության լույսը ծավալեց Ազգիս մեջ:

Անժխտելի է, որ Մխիթարի ամբողջ գործունեության մեջ նախակարգ տեղը գրավում էր կրոնականը, ինչպես ինքն իսկ բացատրում է իր նամակներից մեկում. «Հասարակութիւն մեր առ այս վախճան շարակարգի, զի զճշմարտութիւն կաթողիկէ հաւատոյ բացատրիցէ այլոց»[3]: Նա սիրով հանձն էր առնում ուրիշ որևէ նախատինք, բայց կրոնին վերաբերվող հարցերում նախանձախնդիր էր. «Եթե այսոքիկ եղբարք մեր՝ միայն անխոհեմ և տգէտ գոլ հռչակիցեն զմեզ և առ ոչինչ համարելիք [...] կամ շուրջ զգիտութեամբ և զփառօք, կարէաք ասել. ''Մեք յիմարք վասն Քրիստոսի և դուք իմաստունք''. իսկ յամբաստանելն զսրբոյ հաւատոյս մերմէ [...] ըստ այսմ մասին ոչ լռիցեմք. այլ ասեմք համարձակ, թէ ի զուր ամբաստանեն զմեզ. լուռ լինելն և խոնարհիլն յայսպիսիս, ոչ է գործ առաքինական, այլ գայթակղութիւն աշխարհի և խափանումն մերոյս վախճանի»[4]: Մխիթարը, որ ամեն բանից առաջ խիստ կրոնավոր և քահանա էր, որ ամենայն ճշտությամբ ըմբռնել էր իր կոչման մեծությունը, հասկացավ և կարողացավ իր լայն մտքի թևերով արծվորեն դուրս խոյանալ նեղ մտայնության շրջանակներից, և գիտությունը – «արտաքին» կոչված գիտությունը, որն այն ժամանակ արհամարհված էր Արևելքի եկեղեցականների կողմից – դարձնել կրոնի գլխավոր օժանդակը: Մեթոնի վանքում արդեն, Աքվինացու Աստվածաբանության և Ալբերտ Մեծի իմաստասիրության կողքին, սկսեց դասախոսել նաև աստղագիտություն, հռետորություն և ուրիշ բնական գիտություններ: Տաժանելի տքնության և երկունքի տարիներ եղան դրանք, որոնք եթե սպասված արդյունքը չունեցան, պարզապես ժամանակի տխուր հանգամանքներն էին պատճառը: Մեկ ա՛յլ մեծագույն արդյունք էլ ունեցավ Մխիթարը, քանի որ թեև իրենից դարեր առաջ գոյություն ուներ Հայության մեջ կաթողիկե դավանանքը, սակայն գաղափարների խանգարում և շփոթություն էր տիրում Ազգի մեջ. հարկավոր էր, որ լուսամիտ մի անձ իր օրինակով ցույց տար, որ կարելի է միաժամանակ Հայ լինել և Կաթողիկե: Այդ օրինակը հենց ինքը՝ Մխիթարը տվեց, իր անձի մեջ գեղեցիկ կերպով միացնելով Կրոնն ու Ազգությունը, այդ երկու բարոյական գերազանց ուժերը, որով անմահացավ հավասարապես Կրոնի և Ազգի պատմության մեջ: Նա, մինչ դավանանքով տարբերվեց Ազգի մեծամասնությունից, սրտով և զգացումներով մնաց այն, ինչ որ էր. բնիկ Հայ, ազգասեր, հայրենի ավանդությունները, Ծեսը, գրականությունը և հայկական ամեն ինչ սիրող ու հարգող: Մյուս կողմից, սակայն, իր Ազգն այդքա՜ն խանդակաթ զգացումով սիրելով հանդերձ, չկապվեց նրա գրկում գոյություն ունեցող նախապաշարումներին, չփայփայեց նրա թերությունները, չքաշվեց մատնանշել նրա ողբալի կացությունը և աշխատեց արմատախիլ անել Արևմտյան Քրիստոնյաների մասին ստեղծված թյուր կարծիքները. և դրանով վերացրեց այն միջնորմը, որով խզվել էին ո՛չ միայն կրոնական, այլ նաև գիտական և ընկերային կապերը: Եվ այդպես, Մխիթարը մի նոր ճանապարհ բացեց, մի նոր հոգի փչեց, նոր գաղափարների մի հոսանք ծավալեց Հայության մթնոլորտում. և ինչպես սովորաբար պատահում է, ինչը որ նոր է, հալածվում է, ճնշվում, դիմադրության է հանդիպում սկզբում, մինչև որ հաղթանակում է, նմանապես Մխիթարը և իր գործն էլ երկարատև հալածանքների առարկա դարձան, կրոնական դավանանքով պառակտված երկու կողմերից էլ: Մի մասը հալածում էր նրան իբրև Ազգից օտարացած զավակ, իբրև «ֆռանկ» և Հայ Եկեղեցուն դավաճանող: Իսկ մյուս կողմն էլ հալածում էր նրան իբրև կեղծ և միայն առերես կաթողիկե, և որպես վնասակար իրենց դատին: Պատմությունը ցույց տվեց, որ երկուսն էլ մեծապես սխալվեցին և հանիրավի էր իրենց հալածանքը, քանի որ իրականում չէին ըմբռնել Մխիթարի գործի նպատակն ու էությունը: Քանի՜ քանի՜ անգամներ արևի նման լուսաշող փայլեց ճշմարտությունը, արդարացնելով Մխիթարին և իրեններին, բայց ավա՜ղ, չփարատվեց իրենց շուրջը խտացած թյուր կարծիքների մռայլը և չդադարեցին հալածանքները:

[1] Ժամանակագրութիւն Մխիթարեան Ուխտին, Ա. հտր., Դ. տարի, 1703, թ. 6, էջ 69:
[2] Նույն տեղում: – Կանոնների հետևյալ համառոտ բովանդակությունը, որ կարող է օգնել գաղափար կազմելու, թե ինչպիսին էր Մեթոնի վանքում պահվող կանոնադրությունը, գտնվել է Մխիթարյան Դիվանում: Այն գրվել է 1715 թվականին, Մեթոնի վանքում, իտալերեն լեզվով, թերևս տեղի եկեղեցական իշխանություններին ներկայացնելու նպատակով.
 
«Սուրբ Անտոն Աբբայի Կանոնների պարունակությունը, որն անփոփոխ կերպով պահվում է Մեթոնում բնակվող Հայ վանականների կողմից.
Ա. Նրանք ունեն Աղքատության, Ողջախոհության և Հնազանդության երեք Ուխտերը, որոնցից բացի ունեն նաև մի չորրորդ Ուխտ. այն է՝ գնալու և քարոզելու կաթողիկե ուղղափառ հավատքը, երբ իրենց Աբբայի կողմից Առաքելության են ուղարկվում Հայ Ազգի մոտ:
Բ. Քվեների մեծամասնությամբ ընտրում են Աբբան ցկյանս:
Գ. Նրանց հագուստները սևագույն բրդից են և կապում են մաշկեղեն գոտի:
Դ. Եկեղեցու կողմից պատվիրված օրերից բացի, պահք են պահում նաև չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
Ե. Ինն օր պահք են պահում Քրիստոսի Ծննդից առաջ, և յոթն օր՝ Սուրբ Կույս Աստվածամոր Վերափոխումից առաջ։
Զ. Վանքում յուրաքանչյուր ոք բնակվում է իր առանձին խցում, ուր ուրիշ բան չի կարող ունենալ, այլ միայն՝ աղքատիկ անկողին, մերկ գրասեղան, քանի որ հասարակաց գրքերն է գործածելու, և ոչ ոք չի կարող իրեն սեփական ինչ որ մի բան ունենալ:
Է. Միաբանները չեն կարող ուտել կամ խմել վանքից դուրս, բացառությամբ ճանապարհորդության ժամանակ:
Ը. Իրենց խցում չեն կարող պահել ոչ մի տեսակ ուտելիք կամ ըմպելիք կամ զգեստ, բացի այն հագուստներից, որ իրենց վրա կրում են, քանի որ ամեն բան հասարակաց է:
Թ. Սահմանված ժամերին, բոլորը միասին Ժամերգություն են ասում դասի մեջ:
Ժ. Օրվա մեջ երկու անգամ մտածական աղոթք են անում:
ԺԱ. Ոչ ոք չի կարող վանքից դուրս գալ առանց Աբբայի թույլտվության:
ԺԲ. Միաբանները չեն կարող արտաքին որևէ պաշտոն ընդունել, վկայություն տալ, դատ բացել կամ դատարան գնալ:
ԺԳ. Չեն կարող երդվել առանց մեծավորի թույլտվության:
ԺԴ. Չեն կարող ուղարկել կամ ընդունել որևէ նամակ առանց մեծավորի թույլտվության, որը պարտավոր է նախ կարդալ դրանց բովանդակությունը:
ԺԵ. Թեկնածուն մեկ տարի նորընծայություն է անում և հետո նոր ուխտում է, եթե լրացրած է լինում իր տասնվեց տարեկանը:
ԺԶ. Չեն կարող առանց մեծավորի արտոնության գնել կամ վաճառել որևիցէ մի բան:
ԺԷ. Չեն կարող ոչ մի կերպ ընտանություն ունենալ կանանց հետ:
ԺԸ. Տարվա մեջ մեկ անգամ հոգևոր կրթություն են անում և բացարձակ լռություն են պահում:
ԺԹ. Ովքեր որ քահանա չեն, հաղորդվում են ամեն Կիրակի և ամեն տոն օրերին:
Ի. Ամեն տասնհինգ օրը մեկ անգամ նրանցից մեկը քարոզում է: Սա ընդհանրապես Աբբան է անում, կամ նա, ում Աբբան հանձնարարում է:
ԻԱ. Միաբաններից ոչ ոք չի կարող մյուսի սենյակը մտնել առանց մեծավորի թույլտվության:
ԻԲ. Բոլորը միասին ճաշում են սեղանատանը, և իրենցից մեկը, հերթով, ճաշի ժամանակ մյուսների համար կարդում է մի հոգևոր գիրք»:
 
[3] Նամակ Կոստանդնուպոլսում բնակվող մի բարեկամի, 1717 Հունիս 6:
[4] Նամակ Կոստանդնուպոլսում բնակվող մի բարեկամի, 1717 Հունիս 6:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։