Սեբաստիա հասնելով, Մխիթարը գնում է Սուրբ Նշան – Նրա ուսումնասիրության ոճը – Գրադարան – Mashtoz.org

Սեբաստիա հասնելով, Մխիթարը գնում է Սուրբ Նշան – Նրա ուսումնասիրության ոճը

Մխիթարը Սեբաստիա հասավ 1693 թվականի Հունիսին: Աննկարագրելի էր ծնողների ուրախությունը, երբ տեսան իրենց սիրելի զավակին: Նա, որպես ճշմարիտ վանական, ծնողների տնից ավելի գերադասում էր վանքը, որովհետև իր հոգու և մտքի համար դարման էր գտնում այնտեղ, ուր Աստծուն ավելի մոտ էր զգում իրեն: Կարճ ժամանակ միայն մնաց ծնողների մոտ և շուտով Սուրբ Նշանի խցերից մեկում փակվելով, խորշերից դուրս հանեց Աստվածաշունչն ու Սուրբ Հայրերի գրքերը, որոնք այնտեղ բավականին շատ էին: Այդտեղ Մխիթարի համար ժամանակը շատ արագ էր սահում, նա ամբողջ օրն աղոթքով կամ ընթերցանությամբ էր զբաղվում, բացի ճաշին հաջորդող այն կես ժամից, երբ մի փոքր հանգիստ էր տալիս հոգնած մտքին: Մխիթարի կյանքն ուսանելի շատ բան ունի իր մեջ: Նրա անխոնջ ընթերցանությունը և ուսումնասիրելու ոճը, որոնք չեմ ուզում բնավ լռության մատնել, կարող են օրինակ լինել իր հասակակից պատանիներին: Երբ սկսում էր մի գիրք կարդալ, անպայման կարդում էր մինչև վերջ, և մինչև ամբողջությամբ չավարտեր և հասու չլիներ դրա բոլոր իմաստներին, ուրիշ գրքի չէր անցնում: Նման չէր նրանց, ովքեր մի գրքից մյուսին հաճախակի անցնելով փորձում են փարատել զգացված ձանձրույթը: Եթե մի խրթին բառի էր հանդիպում, կամ մի դժվար հասկանալի նախադասության, առանց քննելու առաջ չէր անցնում, այլ՝ առանձին մի տետրի մեջ գրառումներ էր կատարում, որպեսզի հետո այդ նույն գրքի ավելի դյուրըմբռնելի մասերի հետ համեմատելով հասկանար, կամ էլ՝ գիտուն անձանց հարցնելով տեղեկանար: Նրա ընթերցասիրությանը չափ չկար. նա կարդում էր ո՛չ միայն սենյակում, այլ նաև դուրսը՝ պարտեզում, նաև ճանապարհորդելու ժամանակ, հետիոտն կամ գրաստի վրա: Ոչ մի առարկա կամ զբաղմունք ի զորու չէր ցրվածություն պատճառելու նրա մտքին և շեղելու ընթերցանությունից: Օրեր էին լինում, որ առանց որևէ բան ուտելու էր անցկացնում, լիովին գրքերի մեջ ընկղմված: Մեծ հիշողության տեր լինելով, գեղեցիկ և հարմար օրինակները կամ վկայությունները պահում էր իր մտքում, կամ էլ՝ նշում առանձին թերթիկների վրա, որպեսզի եթե հարկ լիներ քարոզելու կամ հոգևոր ինչ-որ մի հարցի մասին խոսելու, կարևոր նյութերը միշտ պատրաստ ունենար: Հիշողության հետ միասին՝ արագ վերլուծելու կարողություն էլ ուներ, արթուն և ընկալող մի միտք, որը ո՛չ միայն իր գրությունների, այլ՝ իր գործերի մեջ էլ է երևում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։