Սուրբ Ղազարի եկեղեցու նորոգությունը և հիմնական փոփոխությունները – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Ղազարի եկեղեցու նորոգությունը և հիմնական փոփոխությունները

Սուրբ Ղազար կղզին, աղմկաշատ աշխարհից ամբողջովին մեկուսացած, ջրերի մեջ ընկղմված և մեծ ծովից սոսկ մի ավազուտով զատված, այսօր այլևս անծանոթ չէ և ո՛չ մեկին: Թագավորներից սկսած մինչև հետին արհեստավորը նրա հյուրն են եղել, ճանաչում են այն և շատերն իրենց հուշերի գոնե մեկ էջը նրան են նվիրել: Մարդ ակամա հարց է տալիս իրեն, թե ի՞նչ գրավիչ բան ունի այդ համեստ կղզյակը, որ դեպի իրեն է ձգում բազմահազար այցելուների և շա՜տ տաղանդավոր գրիչների պատկանող էջերից մի քանիսը լցրել է իրենով: Ուրիշ շատ կղզիներ կան, դիրքով ու տեսարաններով ավելի գեղեցիկ, պատմական հիշատակներով ավելի հարուստ, ուր և՛ ավելի կյանք կա, և՛ արվեստի ավելի ճարտարություն: Եվ սակայն, Սուրբ Ղազարի հռչակը չունեն:

Սուրբ Ղազար կղզին մի փոքրիկ վանք է, ուր Արևելքից եկած, համախմբված և ներանձնական կյանքին նվիրված մի խումբ Հայեր, այստեղ առանձնության ու մենության մեջ ընկղմված, բայց նաև քաղաքակրթության և գիտության ու հոգևոր մշակույթի հարաշարժ հոսանքի հետ քայլում են առաջ: Մի վանք է, որ մի Ազգի մտավոր առաջընթացի մեջ առաջնակարգ դեր է խաղացել: Մի խումբ արևելցի վանականներ, որոնք ունեն կոկիկ, մաքուր, բարեկարգ մի բնակավայր և իրենց վայելուչ վարքով ու գրական ստեղծագործություններով կարողացել են Եվրոպայի աչքին հարգելի դարձնել շատերի կողմից մոռացված մի Ազգ: Ահավասիկ այն հանգամանքները, որոնց վրա է հիմնվում օտարների հարգանքն ու հիացումը. և սա ո՛չ փոքր պարծանք է նաև հենց Ազգի համար: Տեսնենք, ուրեմն, թե Մխիթարն ինչպիսի՜ և որքա՜ն ճիգ ու ջանք է թափել՝ նորոգելու, շենացնելու և մի փոքրիկ դրախտի վերածելու համար այն ամայի կղզին, որի նախկին վիճակը համառոտ արդեն ներկայացրել ենք ընթերցողին:

Վանքի շինությունը դեռ չսկսած, Մխիթարը որպես առաջնային գործ նկատեց Աստծո տան նորոգումն ու գեղազարդումը: Կղզու նախկին եկեղեցին հնացած, խարխլված և կիսավեր վիճակում էր գտնվում: Տանիքը հարթ էր և համեմատաբար ցածր, ինչը որ ծանր ու ճնշող ազդեցություն էր գործում, կարծես արգելելով աղոթքի սլացքը դեպի վեր: Հենց առաջին իսկ անգամվանից, որ Մխիթարը տեսավ այն, իր ճաշակին բնավ հարմար չգտավ, և քանի որ այդ 1721 թվականը խաղաղ տարի էր Միաբանության համար և միջոցներ ու հնարավորություններ կային, Մայիս ամսին սկսեց եկեղեցու վերանորոգումը: Նախ պատվիրեց քանդել կառույցի կողմնակի առաստաղները և պատերը մեկ մետրից ավելի վեր բարձրացնել: Կամարաձև շինել տվեց միջին խմբարանի տանիքը, որն հենվում է կարմրավուն մարմարից պատրաստված վեց սյուների վրա, և շտկեց կողմնակի թևերի մի փոքր շեղ ձեղունը: Ավագ Խորանի վրա բարձրացնել տվեց գմբեթահարկ մի ծածկ, Խորանը առաջ բերվեց, որի ետևում շինվեց դասը՝ տասնհինգ ընկուզենի նստարանով: Ավագ Խորանը սրբատաշ քարերով և գունավոր մարմարներով հիմնովին վերափոխել տվեց, իսկ նրա երկու կողմերում երկու ուրիշ փոքրիկ խորաններ կառուցվեցին. աջակողմյանը՝ նվիրված Սուրբ Խաչին, իսկ ձախակողմյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Ավելի ցած, եկեղեցու ատյանում ուրիշ երկու խորան ևս կառուցվեցին. աջակողմյանը՝ նվիրված Սուրբ Աստվածածնին, իսկ ձախակողմյանը՝ Սուրբ Անտոն Անապատականին: Այս չորս խորանները սկզբում անշուք և աղքատորեն շինվեցին, որքան որ ներում էին Միաբանության դրամական միջոցները, բայց հետագայում, մի քանի բարերարներ գտնվելով, ավելի ճոխ ու շքեղ նյութերով վերաշինվեցին, ինչպես հիմա պիտի պատմենք:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։