Մխիթարի վերջին հիվանդությունը – Կտակը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի վերջին հիվանդությունը – Կտակը

Գեղեցիկ է վերջալույսը, բայց մեղմ ու մարմրուն, միջօրեի շողշողացող պերճությունից զուրկ: Արևը որքան ավելի է իջնում դեպի մայրամուտ, այնքան ավելի են նվազում նրա պայծառությունն ու ջերմությունը: Ակամա զգում ես, որ հոգնած է և հանգստի կարիք ունի: Այսպես չի պատահում մեծ հոգիների հետ: Մխիթարն իր կյանքի վերջալույսն էր արդեն ապրում, բայց տակավին առույգ էր, հոգևոր հոգնածության ոչ մի նշան ցույց չէր տալիս և գործում էր ինչպես երեսուն տարի առաջ, միևնույն կորովով ու եռանդով, իր կրած բազմաթիվ նեղություններին հակառակ:

Ինչպես տեղեկանում ենք Մխիթարի նամակներից, թվում է, թե Կիպրոսում կրած դեղնախտը կամ դալուկ հիվանդությունը թողել էր իր անջնջելի հետքերը, որոնք մերթ ընդ մերթ զգացնել էին տալիս իրենց, հատկապես վերջին տարիներին: Սաստիկ կերպով հիվանդացավ 1739 թվականի Հոկտեմբերին, ամբողջ ձմեռը տկարությամբ անցկացրեց, և հաջորդ գարնանը հազիվ առողջացավ, բայց չստացավ մարմնի նախկին ուժը: Մի քանի տարի անց, 1746 թվականին, նույն հիվանդությունը կրկնվեց՝ այս անգամ շատ բարձր ջերմի և թանչ կոչվող հիվանդության հետ միասին: Դեղերն առանձնապես օգուտ չէին տալիս, ցավերը մի փոքր մեղմանում, ապա դարձյալ սաստկանում էին: Ամբողջ Միաբանությունը տագնապի մեջ էր. միաբաններն իրենց Գլխի առողջության համար ջերմեռանդ աղոթքներով դիմում էին Աստծուն: Մխիթարը քառասուն օր անընդհատ ծանր ցավերի մեջ անցկացրեց, անքուն և առանց ուտելու, միայն մի քիչ արգանակ էր կարողանում խմել: Երկու-երեք քահանա միշտ հսկում էին նրա մոտ, ծառայում էին, և նրա համար զանազան հոգևոր գրքեր էին կարդում: Այդ ընթերցումն էր միայն, որ մի փոքր սփոփում և մեղմում էր նրա ցավերը: Հաճախ կարդալ էր տալիս Թովմա Գեմբացու գրած և իր կողմից շատ սիրված «Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքի հետևյալ խոսքերը. «Տե՜ր, միայն թե իմ կամքն ուղիղ և միաբան լինի Քո Կամքի հետ, արա՛ ինձ այն, ինչ հաճո է Քեզ. եթե ուզում ես մխիթարել ինձ, օրհնյալ լինես. եթե ուզում ես, որ նեղվեմ ու տանջվեմ, դարձյալ օրհնյալ լինես ամեն բանի մեջ»: Քառասուն օրից թանչը մի քիչ նվազեց, և կարողացավ ոտքի կանգնել և նույնիսկ Պատարագ մատուցեց: Բայց այդ նույն օրվա երեկոյան ցավը դարձյալ սաստկացավ, և բժիշկը պատվիրեց, որ կրկին անկողին մտնի և նույնպես քառասուն օր առանց կերակուրի անցկացնի, պարզ մսի արգանակով միայն: Գրեթե ամբողջ տարին անդադար ցավերի ու տառապանքների մեջ անցկացրեց, հազիվ մի քանի շաբաթ միայն ցավերից ազատ մնալով: Երեք տարի այդպես անցկացրեց, մերթ հիվանդ և մերթ առողջ, առանց սակայն երբևէ թերանալու պաշտամունքի և իր հոգևոր գործերի մեջ: 1749 թվականին կրկին բռնվեց իր սովորական հիվանդությամբ, այս անգամ նախկին անգամներից շատ ավելի սաստիկ կերպով, որի ճիրաններից այս անգամ չէր կարողանալու ազատվել: Արդեն սովորական դարձած հիվանդության վրա ավելացան նաև լյարդի պնդությունը, սաստիկ հազն ու թոքերի մշտատև բաբախումը. նման իրավիճակի դիմաց՝ ամենաճարտար բժիշկներն անգամ հուսահատվեցին: Աննկարագրելի է միաբանների ցավն ու տագնապը, որոնք աղոթքից բացի ուրիշ որևէ օգնություն չէին կարող ընծայել իրենց հորը: Աբբահայրը հասկանալով, որ այդ ընթացքով այլևս անվերադարձ գնում էր դեպի մահը, շտապեց հոգևոր նախապատրաստությունները տեսնել: Առանձին կանչեց իր ատենադպիր Հայր Մատթեոս Եվդոկիացուն և նրան գրել տվեց իր նախապես պատրաստած հոգևոր կտակը, պատվիրելով, թե իր մահից հետո ինչպես էին կատարելու իր թաղումը և հրահանգներ տալով նախ ժամանակավոր Փոխանորդի, իսկ հետո նաև հաջորդ Աբբայի ընտրության վերաբերյալ: Ուրիշ շատ խրատներ և հորդորներ էլ տվեց, որպեսզի շարունակեին ապրել սիրով ու միաբանությամբ, համբերելով և միմյանց նկատմամբ փոխադարձ խոնարհություն դրսևորելով, և հոժարությամբ ու պատրաստակամությամբ հնազանդվեին երեցներին: Սույն կտակը գրել տալուց հետո, այն իր բարձի տակ դրեց և պահեց, պատվիրելով ո՛չ մեկին չհայտնել դրա մասին մինչև իր մահը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։