Նամակները – Դիտողություն լեզվի և գրության ոճի վերաբերյալ – Գրադարան – Mashtoz.org

Նամակները – Դիտողություն լեզվի և գրության ոճի վերաբերյալ

Մխիթարը նշանավոր է նաև որպես նամակագիր: Թղթակցում էր ամեն պաշտոնի ու աստիճանի անձանց հետ, որոնցից յուրաքանչյուրին գրում էր իրեն հարմար ոճով: Զանազան կողմերից նրան ուղղվում էին մատենագրական կամ սրբազան խնդիրներին վերաբերվող հարցեր, որոնց միշտ պատրաստակամ էր պատասխանելու գոհացուցիչ կերպով: Այդ նամակներում Մխիթարը ներկայանում է որպես սրբակյաց մի անձնավորություն, մարդկային խղճի մի խոհական ուղղիչ, մի կատարյալ խորհրդատու: Շատերը նրա նամակներին այնպիսի մեծարանք էին ընծայում, որ պահում էին որպես մի նշխար կամ մի նվիրական ավանդ, իսկ ոմանք էլ բաց գլխով և ոտքի կանգնած էին կարդում Մխիթարի նամակները, ի նշան իրենց խորը հարգանքի:

Նա իր գրություններում ընդհանրապես գերադասում էր պարզ ոճը. «Գրություններս զարդարուն, ճոխ և պերճաբան ոճով չարեցի», գրում է Մատթեի Մեկնության Առաջաբանում, «ո՛չ այնքան չկարողանալուս կամ ժամանակս խնայելու, որքան գրությունս ճոխաբան և զարդարուն իմաստներով խրթին չդարձնելու համար, որպեսզի իմաստուն մտքերի համար զմայլելի լինելով՝ պարզ մտքերը չզրկեմ Քրիստոսի խոսքից»: Այսպիսի հստակ և պարզ լեզու էր նա գործածում մանավանդ նամակներում, երբեմն բարբառային և օտար բառեր ևս խառնելով՝ ընթերցողի համար հասկանալի լինելու նպատակով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։