Հովհաննես Զմյուռնացու հալածանքն ընդդեմ կաթողիկե հայ հասարակության – Երանելի Տեր Կոմիտաս քահանայի ձերբակալումը, դատաստանը և նահատակությունը – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Զմյուռնացու հալածանքն ընդդեմ կաթողիկե հայ հասարակության – Երանելի Տեր Կոմիտաս քահանայի ձերբակալումը, դատաստանը և նահատակությունը

Ավետիքն անհետացավ պատմության բեմահարթակից, բայց հալածանքների ու խռովությունների կրակը չմարեց: Ընդհակառակն, կրկին ճարակեց իր ամբողջ սաստկությամբ, քանի որ Ավետիքի կուսակիցները միևնույն ոգով ու ատելությամբ վառված, առաջ էին տանում կաթողիկե հայերի դեմ սկսված կռիվը: Պատրիարքական գահը կրկին խաղալիք դարձավ փառասեր վարդապետների ձեռքում, կամ ավելի ճիշտը՝ նրանց ետևում կանգնած, ազգակից եղբայրն իր ազգակից եղբոր դեմ ելած ժողովրդի ձեռքում, որը ոսկիներով լի քսակը ձեռքին պալատ էր գնում և թուրք պալատականներին էր որոշել տալիս Հայոց Պատրիարքների բախտը: «Մի սաստիկ կատաղություն է տիրում Հայ հասարակության մեջ», գրում է Ֆրանսիայի դեսպանը 1707 թվականի Նոյեմբերի 4ին: «Ուրիշ բան չեն անում, քան մեկը մյուսի ետևից իրենց Պատրիարքներին փոխելը: Միայն այս մի ամսվա ընթացքում արդեն քառասուն քսակ ոսկի տվեցին Դռանը, իրենց կամքը կատարել տալու համար ... : Վաթսունից ավելի հայ կաթողիկեներ ձերբակալելով բանտարկեցին»: Այդ ժամանակվա Պատրիարքներից ամենատխրահռչակը եղավ Հովհաննես Զմյուռնացին, որ բուռն ու փառասեր անձնավորություն էր: Առանց մի որևէ պատրվակի նա սկսեց հալածել կաթողիկեներին, ամենաանիրավ միջոցների առաջ անգամ կանգ չառնելով: Առատ կարկուտի նման տեղում էին զրպարտություններ ու քսություններ, բռնություններ ու հարստահարություններ անմեղների ու տկարների դեմ, և այնքան սովորական բան էր դարձել, որ այլևս սոսկում անգամ չէր ազդում ժողովրդի աչքին: Դատական ձևակերպություններն իսկ, եթե երբեմն կատարվում էին, ուրիշ նպատակ չունեին, քան միայն քողարկել կամ գեղերեսել անիրավությունը: Սա՛ եղավ հիմնական պատճառը, որից մղված կաթողիկե հայերը, որոնք մինչ այդ խոհեմության համար ծածուկ էին պահում իրենց համոզումները և ազգային եկեղեցիներն էին հաճախում, սկսեցին բարձրաձայն բողոքել այդ ամենի դեմ և Ազգից զատվելով՝ սկսեցին Լատինների եկեղեցիները հաճախել: Պատրիարքը, փոխանակ դաս քաղելու և մեղմացնելու իր ընթացքը, է՛լ ավելի գրգռվեց և սաստկացրեց հալածանքները, հատկապես քահանաների դեմ, որոնցից ոմանք աքսորվեցին, ոմանք թիապարտության դատապարտվեցին, շատերն էլ տանջանքների մատնվեցին ու գլխատվեցին, որոնց մեջ նշանավոր եղավ Տեր Կոմիտասն իր փառավոր նահատակությամբ:

Նա ծնունդով Կոստանդնուպոլսեցի էր, Քեոմյուրճյան ազգատոհմից, Երեմիա Չելեպիի կրտսեր եղբայրը. որդին էր բարեպաշտ ծնողների՝ Տեր Մարտիրոս քահանայի և Հուղիտայի: Սրբությամբ և գիտությամբ հռչակված էր Ազգի բոլոր վարդապետների մեջ, սիրված ու մեծարված էր բոլորից, նույնիսկ՝ օտարազգիներից: Սամաթիայի Սուրբ Գեորգ եկեղեցու քահանաներից էր, ուր ամբողջ ժողովուրդը վազում էր, երբ լսում էր, թե քարոզելու էր Տեր Կոմիտասը: Նրա քարոզներն իմաստալից ու հաճելի էին, ձայնը՝ հնչեղ, խոսելու ժամանակ հուզում էր լսողներին: Այդ գեղեցիկ ձիրքերի համար էր, որ ամեն տարվա Ավագ Ուրբաթ օրը, քրիստոնյաների ամենանվիրական այդ օրը, նրա իրավունքն էր – ժողովրդի կողմից շնորհված – «լաց» քարոզը խոսելը և կտակի Ավետարանը կարդալը. այդ օրը ո՛վ որ Սուրբ Գեորգ եկեղեցի մտներ, ի՛նչ դավանության էլ պատկաներ և որքա՛ն էլ քարասիրտ լիներ, կամա թե ակամա մի քանի արցունք կաթեցնում էր աչքերից: Այդ հաջողություններով նա դյութել էր ժողովրդի սիրտը և նրա նկատմամբ հարգանքը գրեթե պաշտամունքի աստիճանի էր հասնում:

Մյուս քահանաները, մինչդեռ, որոնք իրենց տգիտությամբ ու անկարգ վարքով ժողովրդի արհամարհանքին էին միայն արժանացել, չար նախանձից կուրացած՝ սոսկ ատելություն էին տածում Տեր Կոմիտասի հանդեպ: Այդ հակառակասեր քահանաների գլխավորները, – որոնց մեջ կար Տեր Մարկոս անունով մեկը, որ Երանելու ձեռասուն աշակերտն էր եղել, – Տեր Կոմիտասին ամբաստանելու որևէ հանցանք չգտնվելով, քանի որ ամեն ինչում անթերի էր, ցանկացան իրենց չարությանն առիթ դարձնել նրա կրոնական համոզումները և մատնել նրան այլազգի դատավորի ձեռքը իբրև տերության դեմ ապստամբ և ժողովրդի մեջ խռովություն սերմանող մեկը: Իր դեմ լարված դավաճանության լուրը Երանելու ականջին հասնելով, մի ամբողջ տարի իր մտերիմներից մեկի տանը թաքնված մնաց, մինչև որ կանցներ այդ փոթորիկը: Այնտեղ, իր պարապ ժամերին, ամբողջ Գործք Առաքելոցը ոտանավորի վերածեց[1] և իր ծանոթների ու բարեկամների ձեռնտվությամբ տպել տալով՝ վաճառում էր և եկած դրամով և ուրիշ ողորմություններով ապրում և ապրեցնում էր իր ընտանիքը: Թշնամիները, սակայն, իմացան նրա թաքստոցի տեղը և տեսնելով, որ դուրս չի գալիս, որպեսզի կալանավորեն, եպարքոսից արքունի հրովարտակ ստացան և չորս հանդուգն երիտասարդներ վարձեցին, որոնք ծպտված և հետները զինվորներ վերցրած, մի գիշեր հանկարծակի հարձակվեցին այն տան վրա, ուր Երանելին բնակվում էր. դռները փշրելով ներս խուժեցին, քահանային կապեցին և քաշկռտելով բանտ տարան: Ձերբակալելու պահին, երիտասարդներից մեկը, Վատինա անվամբ, ապտակեց Երանելու երեսին և այդ նույն պահին իսկ, որպես պատիժ իր հանդգնության, երկու աչքերն էլ կուրացան: Հաջորդ օրը, Տեր Կոմիտասի չորս նախանձոտ կարգակիցները, ուրիշ աշխարհիկ մարդկանց գլուխ անցած, եպարքոսի ատյանը գնացին և կաշառքով համոզեցին, որ դատարան բերել տա և իրենց առաջ հարցաքննի: Հայազգի թշվառ քահանայի աղետը փոխանակ նրանց գութը շարժելու, է՛լ ավելի չարացան և սկսեցին ամբաստանել, թե «սա ֆռանկ է և ուրիշներին էլ է ֆռանկ դարձնում»: Եպարքոսը, որ Չորլուլու Ալի փաշան էր, ավելի արդար գտնվելով, քան այդ եկեղեցականները, և տեսնելով, որ վեճը պարզապես կրոնական մի խնդրի շուրջ էր, ուզեց ամբաստանյալին ազատ արձակել: Բայց հակառակորդները տեսնելով, որ որսը ձեռքներից կորցնելու էին, միաձայն գոռացին, թե ապստամբ է տերության դեմ: Դա լսելով, եպարքոսը հարցրեց Տեր Կոմիտասին, թե ի՞նչ կասես: «Ես ազգությամբ հայ եմ», պատասխանեց նա, «և իմ հայրերի հավատքն ունեմ: Իսկ տերությանն էլ հպատակ եմ, և ահավասիկ հարկաթղթերս»: Եպարքոսը համոզվեց նրա ասածներին, իսկ հակառակորդները կորագլուխ դուրս ելան ատյանից: Իսկ Տեր Կոմիտասը դեռ մի քանի օր էլ բանտում մնաց և հետո, ազգայիններից ոմանց խնդրանքով, եպարքոսը նրան բանտից ազատեց և արքունի հրամանով դարձյալ վերականգնեց իր պաշտոնում: Հակառակորդ քահանաները, բարձրագույն հրամանի առաջ տեղի տալով, առերես հաշտվեցին Երանելու հետ և որոշ ժամանակով մի կողմ թողեցին իրենց հակառակությունը: Տեր Կոմիտասի ազատության լուրն ընդհանուր ուրախություն պատճառեց: Մի քանի օրից Զատիկն էր. ամբողջ ժողովուրդը եկեղեցի շտապեց՝ կրկին լսելու իրենց սիրելի քահանայի ձայնը: Բայց մյուս քահանաները, որոնք սովոր էին իրար ձեռքից խլելու Ավետարանը, հերթ չէին տալիս Տեր Կոմիտասին: Ժողովուրդը, այդ բանի մեջ եկեղեցականների կրքերի ու ատելության մի նոր դրսևորում տեսնելով Տեր Կոմիտասի դեմ, միաբերան բողոքեց և վերջապես նրան էլ հերթ տրվեց Ավետարան կարդալու: Խաղուն ձայնի ու անուշ եղանակի հետ խառնվելով նաև նրա կրած վշտերի ու ազատության հաղթանակի հիշատակը, այնպիսի մի խոր տպավորություն թողեց ունկնդիրների վրա, որ մի վերջին անգամ էլ արցունքով լցրեց նրանց աչքերը: Քահանաներն ընդհակառակը, ո՛չ միայն անզգա մնացին, այլ՝ առավել ևս համառեցին իրենց կույր ատելության մեջ, և օրվա սուրբ հիշատակից անգամ չերկնչելով, իրենց քարացած սրտերում կայացրեցին նրա սպանության վճիռը: Արտաքուստ, սակայն, հինգ ամսվա չափ հանդարտ մնացին, իրենց նպատակին հասնելու հարմար միջոցները մտածելով:

Այդ օրերին պատահեց, որ Տեր Կոմիտասը Բուրսա գնաց: Տեղի Առաջնորդն էր Սուքիաս եպիսկոպոսը, որը մի ուղղախոհ և լուսամիտ անձ էր, խաղաղասեր, իր հոգևոր կոչման մեջ բավականին հմուտ և քաջ քարոզիչ: Տեր Կոմիտասի էլ մեծ բարեկամներից մեկն էր: Մի օր Առաջնորդը ճաշկերույթ կազմակերպեց, որին հրավիրված էին բոլոր քահանաները, որոնց հետ նաև Տեր Կոմիտասը, և քաղաքի աշխարհիկ անձնավորություններից նշանավորները: Ճաշի ժամանակ, ըստ ազգային սովորության, հրավիրյալներին ի պատիվ երգեցին յուրաքանչյուրի անվանը պատշաճ հոգևոր մի տաղ կամ շարական: Երբ հերթը հասավ Տեր Կոմիտասին, բոլորը միաբան, առանց նախապես իրար հետ խորհրդակցելու, Մարտիրոսներին նվիրված շարականներից մեկը երգեցին: Եպիսկոպոսը տեսնելով, որ բոլորը զարմացած իրար էին նայում, նրանց բացատրեց, որ դա պատահմամբ չեղավ, այլ՝ խորհրդավոր մի ազդեցությամբ: Եվ այդպես բոլորը լռեցին: Մի քանի օրից Տեր Կոմիտասը վերադարձավ Պոլիս:

Պոլսում ապրում էր Տեր Կարապետ անունով առաքինի և բավական ուսյալ մի քահանա, արդեն խոր ծերության հասած, որն իր քարոզած վարդապետության համար գրեթե երեսուն տարի հալածվելով հակառակորդներից, օրերն անց էր կացնում իր տանը առանձնացած: Տեր Կոմիտասն այդ քահանայի հետ շատ մտերիմ էր և հաճախ էր նրան այցելության գնում: Հոգևոր զրույցներով փոխադարձ մխիթարում էին իրար: Մի անգամ էլ, երբ դարձյալ նրա մոտ էր գնացել, այդ գիշեր նրա տանը մնաց: Երազում մի մարդ տեսավ, որ ձեռքին երկու պսակ ուներ, մեկը՝ կարմիր, իսկ մյուսը՝ սպիտակ. կարմիրն իր գլխին դրեց, իսկ ճերմակը՝ Տեր Կարապետի: Առավոտյան պատմեց տեսած երազը. Տեր Կարապետը մեկնաբանեց, ասելով, որ կարմիր պսակը մարտիրոսություն է նշանակում: Մի ուրիշ անգամ էլ երազ տեսավ, որ ինքն իր գլուխը ձեռքին բռնած անցնում էր մայրաքաղաքի փողոցներով: Այդ երազն էլ պատմեց Տեր Կարապետին, որն առավել ևս հաստատվեց իր կարծիքի մեջ, որ իրոք մարտիրոսության պսակն է պատրաստվում Տեր Կոմիտասի համար:

Այդ ժամանակվա Պատրիարք Հովհաննես Զմյուռնացին և Տեր Կոմիտասն արդեն ծանոթ էին իրար. վերջինս վեց տարի առաջ ուխտի գնացած լինելով Երուսաղեմ, այնտեղ ծանոթացել էր Հովհաննես վարդապետին, և այդ ծանոթությունն իր համար աղետաբեր եղավ: Այն օրից, որ Տեր Կոմիտասի անունը սկսեց գովասանքով հռչակվել Երուսաղեմում իր առաքինի վարքի և պերճախոս քարոզների համար, ապագա Պատրիարքի սրտում նախանձի ու ատելության կրակը վառվեց նրա դեմ և օրեցօր առավել ևս արծարծվեց: Վեց տարուց ի վեր հարմար առիթ էր փնտրում և հիմա, որ ամեն միջոց և իշխանություն ուներ, իր նմաններին գլուխ կանգնած, սկսեց ի կատար ածել իր ոճրագործ մտադրությունը: Ուստի եպարքոսի մոտ գնաց և նրա առաջ իր ուզած գույներով ներկայացրեց բոլոր նրանց, ովքեր կարող էին խոչընդոտ հանդիսանալ իր անհագ ձգտումների դիմաց և կամ ստվեր գցել իր փառասիրության վրա: Առատ ոսկու շնորհիվ հեշտությամբ մի հրովարտակ ձեռք բերեց և անմիջապես սկսեց ձերբակալել տալ բոլոր նրանց, ում անունները նշված էին իր մահացուցակում: Ահաբեկիչ այդ գործը սկսեց նախ աշխարհականներից. մեկին հրապարակում կալանավորեցին, մի ուրիշին՝ տանը, երրորդին՝ կրպակում աշխատելիս, և այդպես հերթով՝ գրեթե քառասուն հոգի, որոնց բոլորին փակեցին բանտում: Քաղաքում սկսեց տիրել իրարանցումը, մարդիկ փակվեցին տներում, բայց բոլորից ավելի կասկած անցավ Տեր Կոմիտասի մտքով, քանի որ լավ գիտեր, թե ի՛նչ ոսոխի հետ էր գործը և նախազգում էր, որ վերջում իր գլխին էր ճայթելու սպառնալից փոթորիկը: Այդուհանդերձ, նա պատրաստ էր քաջաբար դիմագրավելու ամեն փորձության, որ կարող էր իր դիմաց ելնել:

Այն երեկոյան, որ ձերբակալվելու էր, սովորականից ավելի երկարեց աղոթքները: Կարծես սպասում էր, անխռով, իր կալանավորման ժամին: Զգում էր, որ հալածանքների ամպրոպը հանդարտեցնելու համար հարկավոր էր մի զոհ, և այդ զոհն ինքն էր լինելու: Նույնիսկ գաղտնի ազդարարություն էր ստացել, որ զգույշ լիներ, և եթե կամենար փախչել, կարող էր գիշերով Ֆրանսիայի դեսպանատուն գնալ և ազատվել, բայց չարեց: Երեքշաբթի օրը գիշերվա ժամը երեքն էր, երբ հանկարծ տան դուռը բախեցին: Տեր Կոմիտասը ներսից հարցրեց, թե ո՞վ է և ի՞նչ է ուզում, բայց դավադիրները, ձայնից ճանաչելով նրան, չսպասեցին, որ դուռը բացի, այլ՝ այն խորտակելով ներս խուժեցին դատավորի զինվորներով, որոնց գլուխ էին կանգնել քահանաները և նույնիսկ անձամբ Պատրիարքը, որը չճանաչվելու նպատակով ծպտվել էր թուրք զինվորի զգեստներով, ինչպես հետո վկայում էին ականատեսները: Տեր Կոմիտասը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց, ուստի վրան գրոհելը, ձեռքերը կապելը և քաշկռտելով դուրս տանելը մեկ արեցին, այնպես, որ անգամ վերարկուն վերցնելու ժամանակ չունեցավ: Ճանապարհին չխնայեցին նրան ամեն տեսակ նախատինք ու վիշտ, որ կարող էր հնարել կույր ատելության ոգին: Այդ գիշեր նրան տարան Մարկոս անունով քահանայի տունը, որն, ինչպես ասացինք, Տեր Կոմիտասի աշակերտն էր եղել և վայելել էր նրա ամեն տեսակ գութն ու խնամքը: Իսկ առավոտ կանուխ դատավորի պալատը տարան և այնտեղ բանտարկեցին նրան, ուր ուրիշներ էլ կային, որ ժամ առ ժամ սպասում էին մահվան վճռի. դրանց մեջ էին նաև ինը նշանավոր անձինք և Մատթեոս Սարին, որը մի ժամանակ Սսի Կաթողիկոս էր եղել, իսկ հետո նաև Պոլսի Պատրիարք. տանջանքների ու մահվան սարսափի դիմաց թուլացան դրանք և հավատքը ուրանալով ազատվեցին. բայց հետո քրիստոնյա աշխարհներ փախչելով ապաշխարեցին, որոնց մեջ նշանավոր եղավ Մատթեոս Սարին, որ Հռոմ գնաց և այնտեղ ապաշխարությամբ ու բարի մահվամբ կնքեց կյանքը, ինչպես պատմում է Միաբանությանս առաջին ժամանակագիրը, ականատես վկաներից քաղած տեղեկությունների հիման վրա:

Չորեքշաբթի առավոտյան, Պատրիարքը, իրենների հետ պատրաստած զրպարտությունների ծրագիրը ձեռքին՝ եպարքոսի ատյանը գնաց և Տեր Կոմիտասին ամբաստանեց իբրև լրտես, տերության մատնիչ և հայ հասարակությանը վնասակար: Նման և ստահոդ ուրիշ զրպարտություններով փորձում էր գրգռել եպարքոսի զայրույթը, բայց նա, որ ավելի գութ ուներ և հարգում էր մարդկային իրավունքները, անձամբ հարցուփորձ անելով՝ հիացավ Տեր Կոմիտասի համարձակ և զգոն պատասխանների վրա, քանի որ Երանելին, բնական պերճախոսությունից բացի, հմուտ էր նաև թուրքերեն լեզվին և քաղաքացիական օրենքներին: Ատյանում չգտնվեց նրան մի ա՛յլ պաշտպան, քան միայն ճշմարտությունը, որով զինված՝ հերքեց բոլոր սուտ ամբաստանությունները և ցույց տվեց, որ ինքն ու իր դավանակիցները տերության հավատարիմ հպատակներ են ըստ ամենայնի, ուստի միայն դավանական խնդիրների համար մահվան դատապարտելու պատճառ չկար, թեև ինքը պատրաստ էր իր հավատքի համար քաջաբար մեռնելու: Այլազգի եպարքոսը ճանաչեց նրա արդար լինելը և վախեցավ անմեղի արյունը թափելուց, բայց Պատրիարքն ու քահանաները, չուզելով ձեռքից փախցնել իրենց որսը, միջամտելով՝ նրա արյան պատասխանատվությունն իրենց վրա առան և դրանով պատճառ եղան, որ անմեղ արյուն թափվի, այն էլ՝ քրիստոնեական հավատքի համար: Դա մի այնպիսի արատ բերեց Հայության անվան վրա, որ երկու հարյուր տարի բավական չեղավ այն ջնջելու համար: Մարդուն այդքա՜ն անզգա ու խելահեղ է դարձնում նախանձը: Երբ եպարքոսը ճարահատված, դարձյալ կրոնի խնդիրը մեջ բերեց, քանի որ նրան դատապարտելու ա՛յլ պատճառ չէր գտնում, Տեր Կոմիտասը նրան հարցրեց.

– Տեր իմ, այդ երկու կրոններից դու ո՞րն ես ճշմարիտ համարում. հայի՞նը, թե՞ ֆրանկինը:

– Երկուսն էլ հավասարապես խոտելի են իմ համար, – պատասխանեց եպարքոսը:

– Եթե այդպես է, – ասաց Տեր Կոմիտասը, – ուրեմն քեզ ի՞նչ փույթ, թե ես կրոնով հայ եմ կամ ֆրանկ:

Բոլոր ատենականներն ապշեցին նրա համարձակ և իրավացի պատասխանից, իսկ եպարքոսը, չկարողանալով մահվան դատավճիռ տալ, հաջորդ օրը մի հմուտ օրենսգետ կանչեց, որպեսզի նրանից հարցներ, թե կարո՞ղ է արդյոք մեկին ըստ օրենքի մահվան դատապարտել այդպիսի խնդրի համար: Նա և ուրիշ բազմաթիվ թուրք իրավագետներ, օրենքից ավելի իրենց խղճի ձայնին ուշադրություն դարձնելով, բոլորն էլ «Ո՛չ» պատասխանեցին եպարքոսին. բայց նա, բոլորովին հանգստացնելու համար իր խիղճը, իրենց կրոնի գլխավոր պաշտոնյաներից մեկի մոտ ուղարկեց, որ քննի և ըստ այնմ վճիռ կայացնի: Նա ևս, Երանելու պատասխանները լսելով, նրան անմեղ ճանաչեց, մինչև որ ուրիշ նորանոր զրպարտություններ, և մանավանդ՝ լիաբուռն կաշառքը, որ հաջողության միակ պայմանն էր, անիրավության կշեռքի թաթը ծանրացնելով, հակառակ ամբաստանյալի ակնհայտ անմեղության, գրեց և կնքեց Երանելու մահվան վճիռը, որն հակառակորդներն ուրախությամբ տարան եպարքոսին: Նա մի վերջին անգամ ևս կամեցավ մեղադրյալին հարցուփորձ անել, բայց քննությունը դեռ չվերջացած կանչվեց թագավորի կողմից: Տեր Կոմիտասը դարձյալ բանտարկվեց և ամբողջ օրը, – որ ուրբաթ էր, Հոկտեմբերի 24ը, – աղոթքով անցկացրեց. ընդունեց Սուրբ Խորհուրդները, իրեն Աստծուն հանձնեց ու վստահեց, և վայրկյան առ վայրկյան սպասում էր սրի հարվածին, որն իրեն երկինք պիտի տաներ, գլխին կարմիր պսակ դրած, ինչպես տեսել էր երազում: Հաջորդ օրը, շաբաթ առավոտյան, Հոկտեմբերի 25ին, նրան դարձյալ տարան եպարքոսի ատյանը, ուր միևնույն զրպարտությունները կրկնվեցին, որոնց Տեր Կոմիտասը չպատասխանեց անգամ: Բայց երբ եպարքոսը մահվան վճիռն արտասանեց, որի համաձայն ինքը պիտի գլխատվեր, այն ժամանակ դարձավ և զորավոր ձայնով ասաց. «Դու, որ անիրավ զրպարտություններին ուշադրություն դարձնելով դատապարտեցիր ինձ, որ գլխատվեմ, Աստծո ահեղ դատաստանի օրը քեզնից եմ պահանջելու արյունս»: Այս խոսքերը լսելով, բոլոր ներկաների մարմնով սարսուռ անցավ, բացի հայազգի Պատրիարքից ու քահանաներից, որոնց դեմքը փայլում էր վայրագ մի ծիծաղով, և նույնիսկ չվախեցան եպարքոսին ասելու. «Մեր վրա դրա արյունը, իսկ քեզ՝ վարձքը»:

Վճիռն արտասանվելուն պես, դահիճները կապեցին նրան և նրա հետ երկու ուրիշ աշխարհականների էլ, որոնց անուններն էին Հարություն և Զաքարիա, և տարան գլխատման հրապարակ: Թուրք երևելի անձինք և նույնիսկ դահիճները գթալով նրանց վրա, հորդորում էին ուրանալ քրիստոնեական հավատքը և ազատվել մահից. բայց Տեր Կոմիտասը, որ խոր մտածումների մեջ էր ընկղմվել, Սաղմոսներ և ուրիշ աղոթքներ մրմնջալով առաջ էր քայլում, ուշադրություն դարձնելու կամ պատասխանելու արժանի չհամարելով այդպիսի առաջարկները: Մի անհամար բազմություն ամեն ազգից ու կրոնից, բոլորն էլ սգավոր ու գլխիկոր, գնում էին խեղճերի ետևից, և կարծես հուղարկավորության թափոր լիներ: Հայ եկեղեցականներն էին միայն, որ իրենց ուրախությունը չէին կարողանում զսպել այդ աղետալի տեսարանի դիմաց: Իրոք, կարծես սիրտ չունեին այդ մարդիկ: Այդ խոր ու ընդհանուր լռության մեջ հանկարծ երկու կանացի ձայներ լսվեցին. մեկը Տեր Կոմիտասի բարեպաշտ ու քաջասիրտ կնոջ՝ Մարիամի ձայնն էր, որն ամուսնուն հորդորում էր հաստատուն մնալ հավատքի մեջ և ամենևին չմտահոգվել իր կամ որդիների համար: Քաղցր մի ժպիտ եղավ Երանելու պատասխանը: Իսկ մյուսը Տեր Կոմիտասի քրոջ ձայնն էր, որ բնական գթով շարժված, ձայնի մեղկ շեշտով հորդորում էր եղբորը ժամանակավորապես ուրանալ հավատքը, ազատվել մահից և հետո ապաշխարել: Տեր Կոմիտասը մի խիստ ակնարկ նետեց քրոջ վրա և շարունակեց առաջ տանել Հովհաննեսի Ավետարանի առաջին գլուխը և քայլել դեպի գլխատման վայրը: Վերջին խոսքերն ասելու ժամանակ, – «Եւ Բանն մարմին եղեւ ... », – արդեն հրապարակ հասավ, ուր իր երկու ընկերներին քաջալերելուց հետո՝ տեղն իր մարմնով խաչակնքեց, քանի որ ձեռքերը կապված էին, ապա դեպի Արևելք դարձավ, ծնրադրեց և գլուխը խոնարհելով՝ դեպի դահիճը երկարեց, որն իրեն ասում էր. «Դեպի հարավ դարձիր»: «Սա՛ է իմ հարավը», պատասխանեց Տեր Կոմիտասը և լուռ ու մտամփոփ սպասում էր հարվածին: Այդ պահին մի վերջին փորձ էլ արեցին նրա միտքը փոխել տալու, այսինքն՝ հավատուրացության համոզելու, բայց նա որևէ սպառնալիքի կամ հրապույրի դիմաց անտեղիտալի, ինչպես ժայռն է անդրդվելի կոհակների դիմաց, բարձրաձայն իր հավատքը դավանեց. «Ես Քրիստոսի ծառան եմ և պատրաստ եմ ո՛չ թե մի, այլ՝ բյուր անգամ մեռնել, քան ուրանալ իմ Աստծուն»: Վերջին խոսքերը դեռ շուրթերին էին, երբ գլխի վերևում շողաց սուրը, և վարդագույն արյունը ներկեց երկիրը: Սա տեղի ունեցավ 1707 թվականի Հոկտեմբերի 25ին, որ շաբաթ օր էր: Երանելու նահատակությանը ներկա էր նաև Մխիթարի Միաբանությունից Հայր Եղիա վարդապետը, որ այդ նույն տարվա սկզբին Պոլիս էր ուղարկվել առաքելության:

Մի անթիվ բազմություն, ամեն ազգի ու կրոնի, որ լուռ ու սրտատրոփ ներկա էր գտնվել այդ արյունոտ տեսարանին, արտասվաթոր աչքերով հեռանում էր այդ տխուր վայրից, անեծք թափելով այդ զոհը պատրաստողների գլխին, մինչ ուրիշներ նրա սուրբ արյան մեջ էին թաթախում իրենց մաքուր թաշկինակները, իսկ ուրիշներ էլ դահիճներից գնում էին նրա զգեստները որպես անգին գանձեր: Երկինքը նույնպես հուզվեց այդ տեսարանից. երեք ամսից ի վեր ամուլ էր, չէր անձրևել. Երանելու նահատակության պահին սկսեց մեղմ ցողել և երեք օր շարունակեց: Նահատակի մարմինը երեք օր անթաղ մնաց հրապարակի վրա, և սակայն, ո՛չ վնասվեց, և ո՛չ էլ գունատվեց անձրևի տակ, այլ՝ մնաց ձյան նման փայլուն, և մի անուշահոտություն էր բուրում նրա շուրջը, իսկ գիշերները լույս էր ծագում վրան, ինչպես հաստատում էին արժանահավատ տեսնողները:

Նահատակի արյունը թափվեց, բայց նախանձոտների զայրույթը չհանդարտվեց. գնացին եպարքոսից խնդրելու, որ թույլ չտա թաղել սպանվածի մարմինը, որպեսզի ժողովրդից պատիվ ու մեծարանք չընդունի որպես Մարտիրոսի մարմին, այլ՝ ծով նետվի իբրև չարագործի դիակ: Այլազգին ավելի ազնիվ գտնվեց, քան այդ քահանաները. մերժեց նրանց պահանջը և Երանելու ընտանիքին արտոնեց, որ ըստ օրենքի թաղեն իրենց մեռյալի մարմինը: Շատ շքեղ ու գորովաշարժ եղավ թաղման արարողությունը, որին ոչ մի հայազգի քահանա չմասնակցեց, Պատրիարքի խիստ հրամաններից վախենալով. մինչ ընդհակառակն, Հույն հոգևորականները եղան, որ իրենց բարձրաստիճան եկեղեցականների ու եպիսկոպոսների խմբով, իրենց Պատրիարքի հրամանով, կատարեցին հուղարկավորության հանդեսը և չտեսնված շուքով ու փառավորությամբ տարան թաղեցին երանելի Նահատակի մարմինը Հայոց գերեզմանատանը, իր ընտանիքի սեփական մասում: Գերեզմանաքարը սկզբում շատ անշուք տեսք ուներ, բայց հետո փոխեցին և վրան էլ հետևյալ ոտանավոր տապանագիրը քանդակեցին.

 

Տապան տենչալի առն բեմական,
Երիցու մեծի՝ տոհմին Քէօմիւրճեան,
Քաղաքաւ բնիկ շինին բիւզանդեան,
Կոմիտաս արգոյ, անուն վարսամեան:
 
Հասակ ուղղաբերձ, դիմօք զուարթուն,
Լեզուաւ գերապանծ, մըտօք իմաստուն,
Տաղըս յօրինեաց տողիւ փաղփաղուն,
Կոմիտաս արգոյ, բանաստեղծ ներհուն:
 
Անըստգիւտ վարուց մարմնով վերբերիչ,
Մըկըրտեալ ի խաչ, բաժակին արբիչ,
Զմահ իւր արեամբ յառաջնմէ պատմիչ,
Կոմիտաս արգոյ, ախոյեան վանիչ:
 
Վասըն հաւատոյ մատնեցաւ պետաց,
Դատապարտեցաւ յիւր մահապարտաց.
Զարեան իւր ծորան ի վըճռին խընդրեաց,
Կոմիտաս արգոյ, քաւիչ լուսազգեաց:
Ի Պարմախափուն առ Պայազիտաւ,
Դեմետրիայ տօնին գըլուխ իւր հատաւ.
Երկուշաբաթի այս տապան եդաւ,
Կոմիտաս արգոյ, վըկայ հըռչակաւ:
 
Ցուցակք հըրաշից բազմացան թիւով,
Զորոք վըկայէ ուխտաւորաց ծով.
Հասեալ հանապազ ըզսրբոյն շիրմով,
Կոմիտաս արգոյ, վըկայ մեծագով:
 
Եղեւ կատարումն յամին Քրիստոսի
Հազար եօթնհարիւր եօթներորդի.
Զուխտ եկացն ընկալ ընդ Քոյդ տաւորդի,
Կոմիտաս վըկայ լուսոյն նախորդի:
 
Թիւն հայոց էր ՃԱՌԵԼԻ
Քըսան և հինգ հոկտեմբերի:

 

Ֆրանսիայի դեսպանը, շատ գանձ ու դրամ տալով գերեզմանատան պահակներին, գաղտնի հանել տվեց Երանելու մարմինը և նրա պատվական գլխի հետ միասին, որը Հույներն էին վերցրել, որպես մեծագույն գանձ ուղարկեց Ֆրանսիա: Մինչդեռ Սուրբ Ղազարի վանքում են պահվում Տեր Կոմիտասի փիլոնը, չուխա զգեստից կտորներ, և նրա կողմից ընդօրինակված երկու ձեռագիր մատյանները՝ Նարեկ աղոթագիրքը և Սուրբ Ներսես Լամբրոնացու գրքերից մեկը, որոնք Մխիթարյան վարդապետներն իրենց հետ Վենետիկ են տարել Պոլսից:

Մինչև օրս էլ ականատես ու արժանահավատ վկաների կողմից բազմաթիվ հրաշքներ ու բժշկություններ են պատմվում, որոնք տեղի են ունենում Սամաթիայում, Երանելու գերեզմանի վրա, ուր շատերն են հավատքով դիմում նրա բարեխոսությանը: Այդ հրաշքների հաստատությունն է նաև այն հարատև և շարունակ աճող ջերմեռանդությունը, որ Երանելի Տեր Կոմիտասի հանդեպ ունեն Պոլսում բնակվող բոլոր քրիստոնյաները, առանց ազգի ու դավանանքի խտրության:


Երանելի Տեր Կոմիտասի գերեզմանը

Երանելի՜ մարտիրոս, Տեր Կոմիտա՜ս, քաջ նահատակ,
բարեխոսի՜ր Տիրոջը Հայ Ազգի և Հայ Եկեղեցու համար:

Երկու էջ Երանելի Տեր Կոմիտասի ձեռագրերից

 

[1] Այդ ժամանակ սովորություն էր աղոթքները, պատմությունները, դասագրքերը, խրատները, նամակները, մինչև իսկ տան հաշիվները ոտանավորի տեսքով գրելը: Մխիթար Աբբան ևս իր ալեկոծությունները, ցավերը, կրոնական հրահանգները ոտանավոր էր շարադրում: Խաչատուր Կարնեցի Վարդապետը նույնպես ոտանավոր էր գրում իր Աստվածաբանությունը, և նույնիսկ բնական և հաշվողական գիտությունները: Ժողովուրդը, գրության մեջ բովանդակված իմաստներից ավելի, դրանց արտաքին ձևին էր ուշադրություն դարձնում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։