Միաբանների առաջ հանպատրաստից քարոզ է խոսում – Մի քանի վարդապետ կրկին փորձում է իր աշակերտության գրավել նրան, բայց չի հաջողում – Գրադարան – Mashtoz.org

Միաբանների առաջ հանպատրաստից քարոզ է խոսում – Մի քանի վարդապետ կրկին փորձում է իր աշակերտության գրավել նրան, բայց չի հաջողում

Այդ ժամանակ Սուրբ Նշանի վանքը ուխտի էր եկել Գրիգոր անունով մի վարդապետ: Մի անգամ ճաշից հետո եկեղեցի մտնելով աղոթելու համար, ուր գտնվում էին նաև վանքի միաբանները և Մխիթար սարկավագը, և բեմի վրա տեսնելով վարդապետական մի գեղեցիկ գավազան, Մխիթարին հրամայեց, որ այն իրեն բերի տեսնելու: Մխիթարը բերեց գավազանը, իսկ երբ վարդապետն այն ետ էր վերադարձնում, կատակով ասաց. «Ա՛ռ քեզ գաւազան իշխանութեան քարոզելոյ զբանն կենաց»: Մխիթարը, լրջորեն ընդունելով այդ խոսքը, վարդապետի և բոլոր միաբանների առաջ պահին ու պարագային հարմար մի քարոզ խոսեց, որ կես ժամից ավելի տևեց: Ունկնդիրները զարմացան և միաբան վճռեցին, որ Մխիթարն արժանի է գավազանին, բայց նա, իր համար շատ բարձր համարելով այդ պատիվը, գավազանը ետ դրեց իր տեղը: Այդ օրվանից Մխիթարը դարձավ վանքի աստվածաբանը. բոլորը նրան էին դիմում, երբ հարց էին ունենում կամ տարակույս:

Նույն օրերին Սուրբ Նշան վանքում էր գտնվում Հովսեփ անունով մի ուրիշ վարդապետ, որն հռչակված էր իբր տեղյակ իմաստասիրական գիտություններին: Սա վերոհիշյալ Գրիգոր վարդապետին միանալով, կրոնական և աստվածաբանական խնդիրների շուրջ հաճախակի բանավեճեր էր հարուցում Մխիթարի դեմ: Ուշիմ պատանին, որ դեռ աշակերտ էր, հաղթում էր նրանց և զարմացնում իր պատասխաններով ու զորեղ պատճառաբանություններով: Երբ փաստերը սպառվում էին, Հովսեփ վարդապետը մեջ էր բերում ածանց բառերի մի աղյուսակ, որն անգիր էր սովորել առանց իմաստները հասկանալու, ինչպես նաև Պորփյուրի իմաստասիրական ծառը՝ սեռերի, տեսակների, տարբերությունների, և այլն. կամ էլ խրթին բառեր մեջբերելով ուզում էր քողարկել իր տգիտությունը: Եվ անդադար առաջարկներ էր ներկայացնում Մխիթարին, խոստանալով այդ բոլոր գիտությունները և ավելին իսկ սովորեցնել նրան, եթե իրեն աշակերտի: Սրանց ավելացավ մի երրորդը ևս, այդ ժամանակ Սուրբ Նշանի վանք եկած Չոլախ անունով մի վարդապետ, ազնվական զգացումներից և կրթությունից զուրկ, տգետ մի մարդ, որը կարգ ու կանոնից դուրս ճգնություններով, պահքով ու ոտնակացությամբ միայն՝ ճգնավորի համբավ էր ստացել: Երբ Մխիթարն Էջմիածնում էր, սա էլ էր այնտեղ. պատանու աչքերն արյունալից տեսնելով, ասում էր. «Սատանան ապտակ է զարկել երեսիդ, և աչքդ դրանից է հիվանդացել», և խոստանում էր բժշկել, եթե իրեն աշակերտեր: Հիմա, Սուրբ Նշանի վանքում Մխիթարի համբավն ավելի մեծացած տեսնելով, դարձյալ փորձեց որսալ նրան, բայց իզուր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։