1701 թվականի Սեպտեմբերի 8ին, Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, հիմնում է Միաբանությունը և այն նվիրում է Սուրբ Կույսին – Գրադարան – Mashtoz.org

1701 թվականի Սեպտեմբերի 8ին, Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, հիմնում է Միաբանությունը և այն նվիրում է Սուրբ Կույսին

Մխիթարի խոսքերը խոր տպավորություն թողեցին ամենքի վրա, որոնք զգալով վերահաս վտանգի մեծությունը և թե որքա՜ն մթին ու անստույգ էր ապագան, որ սպասում էր իրենց, և վախենալով, որ խանձարուրի մեջ արդեն կարող էր ոչնչանալ նորատունկ Միաբանության կյանքը, յուրաքանչյուր ոք փութաց ըստ իր իմացության առաջարկել այս կամ այն տեղը, որն ավելի հարմար էր նկատում այնտեղ բնակություն հաստատելու համար: Երկար և լուրջ խորհրդակցությունից հետո, բոլորով միասին որոշեցին Մոռեա գնալ և այնտեղ հաստատվել, հաշվի առնելով թե՛ այն փաստը, որ քրիստոնյա տերության հարկատու երկիր էր այն, և թե՛ այն փաստը, որ այնտեղ բավականին դյուրագին էին ապրելու կարևոր միջոցները: Ժողովի ավարտին, բոլոր միաբաններն Աստվածամոր պատկերի առաջ ծունկի եկան, ջերմեռանդ աղոթքով իրենց անձերը Սուրբ Կույսին որդեգրության նվիրեցին այս սրտառուչ աղոթքով, որի հեղինակը Մխիթար վարդապետն էր. «Ո՜վ ամենօրհնյալ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, ահավասիկ մենք՝ անարժան ծառաներդ, ամբողջ սրտով մեզ նվիրում ենք քո որդեգրությանը. և աներկմիտ վստահությամբ քո մայրական առատազեղ գթությանն ապավինած, հուսով ենք մինչև այս տարվա վերջը ելնել այս երկրից և գնալ պատսպարվել այնտեղ, ուր դու մեր համար բնակություն ես պատրաստել: Մենք քեզ խոստանում ենք ամեն տարի այս օրը պատվել քո մեծ բարերարության հիշատակը՝ մեծահանդես կատարելով հրաշալի Ծննդյանդ տոնը, ութօրյայով հանդերձ, և մեր Միաբանության բոլոր եկեղեցիներում մի խորան ձոնել ի պատիվ Ծննդյան Տիրամորդ և ի փառս Միածին Որդուդ»:

Դա Մխիթարյան Միաբանության կյանքի առաջին օրն էր: Բոլորի դեմքին զվարթությունն էր փայլում, կարծես ապագա հաջողություններին առհավատչյա որպես: Եղբայրական մի կապ միացրեց սրտերը. նրանցից անհետացավ բնավորությունների ու մտածողությունների տարբերությունը, – եթե երբևէ կար այդպիսին, – այժմ բոլորն էլ միևնույն հայացքն ունեին, միևնույն ձգտումն ու նպատակը: Համաշունչ, համամիտ, պատրաստ՝ նվիրվելու որևէ աշխատության և վտանգի, համաձայն՝ կրելու ամեն վիշտ, որ կարող էր պահանջել իրենց վիճակը: Բոլորը միաբան, որպես Միաբանության հիմնադիր, գլուխ և առաջնորդ ընդունեցին և հաստատեցին Մխիթար Վարդապետին, նրան խոստանալով հլու հպատակություն և հարգանք: Այդուհետև որպես Միաբանության կնիք սկսեցին գործածել հետևյալ մակագրությունը. «Ո.Կ.Վ.Ա.» («Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարության»), որը միաժամանակ արտահայտում է իրենց որդիական պարտքը Սուրբ Կույսի նկատմամբ և այն բարձր նպատակակետը, որին պետք է ձգտեն:


Միաբանության զինանշանը.

Կենտրոնական վահանը խաչով բաժանված է չորս մասի: Խաչի թևերի վրա ընթերցվում են Ո.Կ.Վ.Ա. տառերը. Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարութեան: Իսկ խաչից դուրս մնացած չորս եռանկյունաձև տարածքներում երևում են կրակ, զանգ, ցուպ և Ավետարան, որոնց խորհուրդն այն է, որ Մխիթարյան յուրաքանչյուր վանական պետք է իր սրտում կրի Աստծո սիրո հուրը, որպեսզի երբ եկեղեցական օրինավոր իշխանության կողմից իրեն հրաման տրվի (զանգը հնչի), պատրաստակամ վերցնի պանդուխտ առաքյալի ցուպը և գնա Հայաստանի որևէ անկյունում քարոզելու փրկության Ավետարանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։