Մխիթարի հոգին – Նրա մի քանի գլխավոր առաքինությունները – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի հոգին – Նրա մի քանի գլխավոր առաքինությունները

Տեսանք Մխիթարի մեծությունն իր գործերում: Արդ, տեսնենք նրա մեծության արտահայտությունն իր հոգու մեջ, որի համար ուրիշ ավելի հարմար նմանություն չենք գտնում, քան բյուրեղյա մի գունդ, որի մեջ ամենափոքր բիծ անգամ չի երևում, ուստի այն իր մեջ պայծառորեն ցոլացնում է լույսի բոլոր գույները: Նմանապես, Մխիթարի հոգու մեջ արտացոլվում են Առաքինության բոլոր գույներն ու տեսակները:

Մարդն ի բնե դյուրաբեկ ու վայրահակ լինելով, այս աշխարհի տիղմերից վեր բարձրանալու համար կարիքն ունի թևերի. այդ թևերն են աղոթքը և անսանձ կրքերի կանոնավորումը: Դեռ մանուկ հասակին, հազիվ սկսեց ինքնուրույն մտածել և ըմբռնել, Մխիթարը հասկացավ դա, և աղոթքը եղավ նրա մանկական շուրթերի առաջին թոթովանքը, իսկ տասը տարեկանից արդեն սկսեց իր ճգնություններն ու կրքերի սանձումը: Երիտասարդ հասակում, երբ մարդու արյունը եռում է, երևակայությունն ավելի վառ է լինում, արտաքին հրապույրներն ավելի բուռն են ազդում, և մարդ սովորաբար ալեկոծվում է և քիչ թե շատ կորցնում է ինքնակառավարումը, Մխիթարն իր հոգում գտավ այդ հուզական խռովքներին տիրապետելու կամքը, խորշեց մեղքի ստվերից անգամ և իր երիտասարդ հասակն անցկացրեց իր միտքն ու հոգին սնուցելով գրադարանների փոշիների տակ թաղված հոգևոր ու մտավոր գեղեցկություններով: Իսկ հազիվ քահանա ձեռնադրված, անմնացորդ նվիրվեց Սուրբ Գործին և հետամուտ եղավ մեծամեծ ձեռնարկների: Նա ապրեց միմիայն Կրոնի պայծառության և Ազգի օգուտի համար: Նրա գոյությունը սնվեց միմիայն վեհ գաղափարականներով և աստվածային ու մարդկային բարձր արժեքներով:

Մխիթարի հոգում բոլոր առաքինություններից ավելի փայլում է խոնարհությունը. խոնարհության աստիճաններով է, որ հասավ հոգևոր այդ բարձունքների գագաթին: Մխիթարի ողջ կյանքը կարծես խոնարհությունների մի սքանչելի հյուսվածք է: Երբե՛ք, ո՛չ մի տեղ, ո՛չ մի գործի մեջ նա չփնտրեց իր սեփական անձի փառքը: Հետևյալ հայտարարությունը, որ արձանագրել է իր կողմից հրատարակված Աստվածաշնչի հիշատակարանում, կարող է որպես նշանաբան ծառայել իր մյուս բոլոր գրությունների ու գործերի համար. «Իմ այս աշխատության մեջ ուրիշ ո՛չ մի նպատակ չեմ ունեցել, քան միայն՝ Աստծո փառքը և Ազգիս օգուտը: Հետևաբար, Մատյանիս ընթերցողներից ուրիշ ոչինչ չեմ ուզում սրա փոխարեն, այլ միայն, որ օգտվեն դրանից և իրենց աղոթքներում հիշեն նաև ինձ»[1]:

Մենք այնքան զգուշությամբ չենք ծածկում մեր թերությունները, որքան նա ծածկում էր իր առաքինությունները: Նրա ականջին այնքան խորշելի չէր օձի սույլը, որքան գովեստի խոսքերը, որովհետև «Ինչպես կրակն է հալեցնում մոմը», գրում է, «այդպես էլ մարդկանց գովեստները հալեցնում ու ոչնչացնում են բարի գործերը»[2]: Երբ մեծամեծ և իշխանական անձինք գովում էին նրա ճարտարապետական հմտությունը, ասում էր. «Որևէ գովասանք իրավացի է միայն այն ժամանակ, երբ տվյալ անձի վիճակին կամ պաշտոնին վերաբերվող գործերի համար է: Կրոնավորի համար գովեստ չէ, երբ ասում են, թե արագընթաց է, քաջ դերասան, ազնվական կամ գիտուն. այլ՝ երբ ասում են, որ խոնարհ կամ հնազանդ է, և նման բաներ: Այսպես նաև ինձ գովասանք չեմ համարում, երբ ասում են, թե քաջ ճարտարապետ է: Մեծ հիմարություն կլիներ հպարտանալ նման բաների համար»[3]: Ապշում էր, թե ինչպե՞ս կարելի է հպարտանալ մի շնորհի համար, որն Աստված է տվել. այդպիսիներին անվանում էր Աստծո Փառքի գող[4]:

Իրենից ավելի ո՞վ իրավունք ուներ մեծամտելու, – եթե դա ներելի լիներ, – և սակայն, իրենից ավելի ո՞վ խոնարհ եղավ: Մի ամբողջ Ազգի սերն ու հարգանքը բարձրացրեցին նրան, նույնիսկ իր կենդանության օրոք, մի պատվանդանի վրա, որի առջևից անցավ երկու հարյուր հիսուն տարիների Հայությունը, միշտ նույն երախտագիտության և միշտ նույն հիացման զգացումներով, նրան հատկացնելով «Լուսանորոգ», «Վերածնող» և «Մեծ» տիտղոսները: Մի բարձունք, որի վրա ուրիշ որևէ մարդու գլուխը պիտի պտտվեր: Եվ սակայն, Մխիթարն այդ բարձունքի վրա մնաց նույնը, ինչ որ էր հալածանքի օրերում:

Մխիթարի խոնարհ հոգին պարզ երևում է իր նամակներում, ուր երբեք չենք հանդիպում այնպիսի արտահայտությունների, որոնք կարող են սնափառության գեթ նվազագույն նշույլ պարունակել: Իր նամակներում նա պարզ ոճով պատմում է Միաբանության հաջողություններն ու առաջընթացը, որոնց մեջ, սակայն, ընդգծում է ո՛չ թե իր անձնական ներդրումները, այլ միմիայն Աստծո զորությունը, որ ձրիաբաշխ պարգևում է այդ ձիրքերը: Մանկական պարզությամբ ու հրճվանքով նկարագրում է վանքի կամ եկեղեցու շինությունները, որոնք կարծես կառուցվել են առանց ծախսերի կամ առանց նեղության, մինչդեռ գիտենք, թե ինչպիսի՛ և որքա՛ն տագնապներ ու դժվարություններ է կրել: Այդ խոնարհությունն էր, որ իրեն դյուրամատչելի էր դարձնում բոլորին. առանց նվաստանալու կամ իր աստիճանից վար իջնելու, զիջում էր և ծառայում անգամ փոքրերին: Մի շաբաթ օր Նորընծայարան գնաց և տեսավ, որ տղաներն ավլում էին սրահները. ջուր վերցրեց, հատակին ցանեց և սկսեց նրանց հետ ավլել: Մի անգամ էլ, 1733 թվականի Հունվարին, բոլոր քահանաներն ու աշակերտները բռնվեցին մի համաճարակ հիվանդությամբ. միայն Մխիթարը և մի քանի քահանա զերծ մնացին հիվանդությունից: Մխիթարը հասնում էր բոլորին, մանավանդ՝ փոքրերին, անձամբ ծառայում էր, մխիթարում և դեղեր տալիս: Հաճախ էր կրկնում. «Որքա՜ն քաղցր է փոքր լինելը, քան թե մեծ: Որքա՜ն հաճելի է ծառայելը, քան թե ծառայություն ստանալն ուրիշներից»:

Մի օր, երբ աշակերտներն իրենց խոսակցությունն ավարտելով՝ գնում էին իրենց սենյակները, միջանցքում Աբբահայրը հանդիպեց նրանց և հարցրեց, թե ո՞ւր էին գնում: Նրանք էլ պատասխանեցին. «Խոսակցությունն ավարտելով՝ գնում ենք մեր սենյակները»: Դա լսելով, Աբբահայրն ասաց. «Ափսո՜ս, որ ժամանակին չհասա: Թերևս մի օգտակար բան լսեի ու շահեի»: Աշակերտները կարմրեցին և Աբբահոր խոսքի վրա ժպտացին, իրենց մտքում մտածելով, թե դու, որ այդքա՜ն գիտելիք ունես և անսպառ խոսում ու վարդապետում ես, մի՞թե մեր աղքատ խոսքերին կարոտ ես: Իսկ նա, հասկանալով նրանց միտքը, ասաց. «Ինչո՞ւ եք ժպտում և ամաչում: Ես համոզված եմ, որ ո՛չ միայն ձեր, որ այսքան ժամանակ սովորում և վարժվում եք սրբազան ու արտաքին գիտություններով, այլ նաև որևէ մարդու խոսքերից կարող եմ օգտվել և շահել»[5]:

Մի անգամ էլ Աբբահայրն իր շապիկը կարկատելու է ուղարկում հանդերձակար եղբորը: Եղբայրն ասում է. «Եթե այս շապիկը կարեմ, չեմ կարողանա նորընծաների զգեստները ժամանակին հասցնել, ինչպես ինձ հանձնարարել է Գերհարգելին»: Աբբահայրը դա լսելով՝ իսկույն ետ վերցրեց իր շապիկն, ասելով. «Եթե այդպես է, ավելի լավ է ես այս պատառոտված շապիկը հագնեմ, քան թե ուրիշների զգեստներն ուշանան»[6]:

[1] Աստուածաշունչ Մատեան, հրատ. Մխիթարայ Աբբայի, Յիշատակարան, էջ 1279:
[2] Հատք ի բանից եւ ի գործոց Մխիթարայ Աբբայի, Վենետիկ 1901, էջ 104:
[3] Խրատք Մխիթարայ, հտր. Բ, մասն Բ, էջ 48-49:
[4] Հատք, էջ 106:
[5] Խրատք Մխիթարայ, հտր. Բ, մասն Բ, էջ 46-48:
[6] Նույն, էջ 55:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։