Երկու կույսերի ճգնությունները, հիվանդությունն ու մահը – Գրադարան – Mashtoz.org

Երկու կույսերի ճգնությունները, հիվանդությունն ու մահը

Ուշադրություն չդարձնելով իրենց տկար բնությանը, երկու սրբասուն քույրերը գրեթե ինը տարի շարունակ ճգնություններով ճնշեցին իրենց անձերը, արիասիրտ զվարթությամբ համբերելով ամեն տեսակ հիվանդությունների ու վշտերի. այն աստիճան, որ շարժում էին բոլոր տեսնողների գութն ու հիացումը: Եվ այդպես, իրենց վարքով շատերի համար դյուրին ու սիրելի դարձրեցին առաքինության ճանապարհը: Կրտսեր քույրն, ինչպես որ ավագ քրոջից առաջ նվիրվեց կրոնավորական կյանքին, այնպես էլ նրանից առաջ ստացավ իր ճգնությունների երկնային վարձը, 1692 թվականին սրբությամբ կնքելով իր երկրային կյանքը: Մեծահանդես հուղարկավորությամբ, եկեղեցական և աշխարհիկ դասի մարդկանց հոծ բազմությամբ թաղեցին նրա մարմինն իրենց հոգևոր դաստիարակներ Հովհաննեսի և Ալեքսիանոսի շիրիմների կողքին: Ինչպես վկայել են ականատեսները, հաջորդ գիշեր մի պայծառ լույս է փայլել նրա գերեզմանի վրա: Մխիթարն այդ օրերին բացակայում էր Սեբաստիայից: Միքայել եպիսկոպոսի հետ Էջմիածին էր մեկնել, ինչպես պատմելու ենք հաջորդ գլխում: Մի տարի անց, բազմաչարչար նահատակությունից հետո հոգին սրբությամբ ավանդեց նաև ավագ քույրը՝ Մանասեն, և նույնանման հանդիսությամբ թաղվեց կրտսեր քրոջ կողքին: Վերջինիս մահվանն ու թաղմանը ներկա գտնվեց նաև Մխիթարը:

Ընթերցողների մեջ թերևս կգտնվեն ոմանք, որոնց տարօրինակ և ծայրահեղ կրոնամոլության արդյունք կթվա այն, ինչ պատմեցինք ճգնավոր եղբայրների կամ քույրերի մասին, և այն ամենն, ինչ դեռ պատմելու ենք Մխիթարի մասին. անձինք, որ պահքով, ճգնությամբ ու զգայարանների սանձմամբ հաղթեցին մարմնին, մեղքին ու աշխարհին, և այս անցավոր կյանքն արհամարհելով՝ անանցն ընտրեցին: Հոգևոր իրականությանն աշխարհային աչքով նայելով, ճգնությունն անշուշտ ծայրահեղ է թվում այդպիսիներին, և նրանք մեղադրում են կրոնին ու Եկեղեցուն, կարծելով, որ նրանք են մեզնից նման չափազանց ու խիստ ճգնություններ պահանջում: Բայց այդպիսի կարծիք ունեցողները սխալվում են: Քրիստոնեական Կրոնը կամ Եկեղեցին երբեք որևէ մեկի վրա նման պարտք կամ պահանջ չի դնում: Մարդն ազատ է իր ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք, երբ հափշտակվում է մեծ ու բարձր մի գաղափարականով, իր խանդավառ եռանդից մղված՝ թողնում է սովորական արահետը, իր համար ընտրում է փշոտ ու առապար ճանապարհը և բարձրաթռիչ սուրում է դեպի վեր, համոզված, որ միմիայն այդ ճանապարհով կարող է հասնել իր նպատակին: Նմանօրինակ անձինք հիացմունքի են միայն արժանի: Ամեն ինչից ավելի կրոնն է, որ խոր տպավորություն է թողնում մարդու սրտի վրա, ուժ և կորով է ներարկում նրա երակների մեջ, թևեր է տալիս՝ խոյանալու դեպի բարձր հորիզոններ: Նրա ազդեցության ներքո մարդն հեշտությամբ արհամարհում է աշխարհի ոչնչությունները և ձգտում է հավերժանալ մի աշխարհի մեջ, որի մուտքը բացվում է ներկա աշխարհի քայքայումով: Այս է պատճառը, որ ճանապարհ ելած հոգևոր մարդու աչքին ոչինչ են երևում ձաղկանքն ու տանջանքները, հիվանդություններն ու մահը: Ի՞նչ կա զարմանալու, երբ աշխարհի մեջ անգամ գտնվում են մարդիկ, որոնք իրենց փայփայած գաղափարներից մղված, ինչ որ մի իրավունք կամ հայրենիքը պաշտպանելու համար, բուռն թափով նետվում են վտանգների մեջ, կորցնում իրենց ազատությունն ու կյանքը՝ սրերի կամ շղթաների մեջ, չարաչար տանջանքների ու տառապանքների են մատնում իրենց: Աշխարհն այդպիսիներին իրավամբ դյուցազունների շարքն է դասում: Իսկ Եկեղեցին իրեններին «մարտիրոս», այսինքն՝«նահատակ» անունն է տալիս: Արդ, եթե անցավոր բաների համար ինքնուրացումն այդքա՜ն գնահատանքի է արժանի, որքա՜ն ավելի դրվատանքի պետք է արժանանա ինքնուրացումը, որն արվում է անանց՝ Հավիտենական Կյանքի համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։