Խաչատուր վարդապետի նկարագիրն ու գրական աշխատությունները – Գրադարան – Mashtoz.org

Խաչատուր վարդապետի նկարագիրն ու գրական աշխատությունները

Խաչատուր վարդապետն իր հանդարտ բնավորությամբ, սիրող ավելի հայեցողական, քան թե գործնական կյանքի, փախչելով ժխորից և վտանգներից, իր դեմքն այնքան ցայտուն չէ, որքան Մխիթարինը, որը նույնպես լուրջ և հանդարտ էր, բայց՝ ավելի եռանդուն, և չէր խուսափում աղմուկներից, ուր կարևոր էր իր ներկայությունը դրանք խաղաղեցնելու համար. իրեն նետում էր վտանգների ու դժվարությունների մեջ, այնտեղ, ուր հարկավոր էր գործել. պատրաստ էր իր կյանքն էլ տալու, եթե ընկերոջ օգուտը դա էր պահանջում. բայց անմտորեն չէր մնում հրդեհների մեջ, ուր կարող էր այրվել կամ ոտնակոխ լինել, այլ՝ գիտեր նաև խոհեմությամբ ետ քաշվել: Խաչատուր վարդապետը ձեռներեց չէր, նախընտրում էր նեղ շրջանակի մեջ գործել, դժվարությունների բախվելուց վախենում էր, այնպես, որ իր գործն իրենով ավարտվում է: Մխիթարը, մինչդեռ, գործելու ընդարձակ ասպարեզ էր փնտրում, հալածանքները նրա առաջ հաջողությունների դռներն էին բացում, դժվարությունների առաջ կանգ չէր առնում, որով իսկ՝ իր գործը տևական էր դառնում և մեծ ծավալ էր ստանում: Երկուսն էլ հմուտ և բանիմաց, գիտակ ու անխոնջ գրողներ էին, բայց զանազան ճանապարհներով էին հասել միևնույն նպատակին: Խաչատուրը Հռոմ էր գնացել ուսանելու լեզուներ և գիտություններ, հմուտ վարժապետների ձեռքի տակ: Մխիթարն առանց դպրոցի ու վարժապետի, իր անձնական ճիգերով ու ջանքով է հասել Խաչատուրին: Եվ սակայն, եթե նրանց գրական վաստակը համեմատենք, ապա Մխիթարն ավելի գերազանց արդյունքի է հասել: Մխիթարի երկասիրությունները մինչև այսօր պահպանում են իրենց արժեքը, դեռ զարմանք է ազդում մեր վրա նրա հրատարակած Աստվածաշունչն իր ընտիր պատկերներով, նրա Հայկազյան Բառարանն իր հմտությամբ, և մանավանդ՝ Մատթեոսի Ավետարանի մեկնությունը, որն հրաշակերտ է իր տեսակի մեջ, չհիշատակելով նրա մյուս անտիպ գրությունները: Իսկ Խաչատուր վարդապետի գրություններն ո՞վ է հիշում այսօր, կամ ո՞վ է գործածում, թեև չի ժխտվում, որ նա շատ բանիմաց էր հայերեն լեզվի գիտության մեջ, և գրել է մի Քերականության դասագիրք: Խաչատուրը պերճախոս էր քարոզների մեջ և ամբողջ տարվա համար մի Քարոզգիրք է գրել, ինչպես նաև Ճարտասանության մի դասագիրք: Բայց նրա հմտությունն ամեն բանից ավելի փայլում էր իմաստասիրության և սրբազան գիտությունների մեջ. գրել է փիլիսոփայական մի երկ ոտանավորի տեսքով, Երգ Երգոցի մեկնությունը, Բարոյական Աստվածաբանություն, և Սուրբ Թովմայի հետևողությամբ՝ Ընդհանուր Աստվածաբանություն, սա նույնպես ոտանավոր: Այդ բոլորը գրել է Պոլսում եղած ժամանակ, բացի վերջինից, որն այնտեղ սկսել, բայց վերջացրել է Վենետիկում: Հռոմում եղած ժամանակ լատիներենով գրել է այլևայլ աստվածաբանական խնդիրների մասին: Դեռ Պոլսում եղած ժամանակ Մխիթարին ուղղել է հետևյալ նամակը, որի մեջ խոսում է իր գրավոր աշխատությունների մասին. «Այն գիրքը, որի մասին քեզ ծանուցել էի, հասցրեցի մինչև Աստվածաբանության մասը: Ավարտածներս հետևյալներն են. Ընդհանուր արվեստները, քերթողություն, բանաստեղծություն, տրամաբանություն. ամբողջ բնագիտությունը՝ երկնքի, աշխարհի և աստղերի մասին, տարրերի, անկատար բաղադրությունների, բույսերի ու կենդանիների, մարդու, բժշկության, բնական բարոյագիտության և քաղաքականության մասին՝ իր բոլոր մասերով. վերջում խոսվում է օրենքների և դատաստանի մասին, և այսպես ամբողջանում է ֆիզիկան: Հետո սկսվում է մաթեմատիկան, որի մեջ բովանդակվում են թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, երաժշտություն, ենթագիտակցություն, տրամաբանություն. այստեղ վերջանում է մաթեմատիկան: Հետո սկսվում է մետաֆիզիկան, որ ճառում է արարածների, Աստծո, հրեշտակների և բանական հոգու մասին. այստեղ վերջանում է մետաֆիզիկան: Այս հիշված բոլոր գիտություններն ավարտված են, մնում է միայն գրել եկեղեցական օրենքների և դատաստանների մասին. իսկ Աստվածաբանությունը դեռ նոր սկսեցի»[1]: Խաչատուր վարդապետը գրական այնպիսի ընդարձակ պաշար և հմտություն ուներ, որ իր խոսքն իբրև պատգամ էր ընդունվում Արևելքում, ո՛ւր որ իր համբավը հասել էր: Բայց ուրիշ որևէ տեղից ավելի, նրա անունն ու ազդեցությունը մեծ էր Հռոմում. մեր Ազգի և ընդհանուր Արևելքի քրիստոնյաների վերաբերյալ խնդիրներում միշտ Խաչատուր վարդապետի կարծիքն էին հարցնում, ամենակարևոր և ամենանրբանկատ նվիրակությունները նրան էին վստահում, և շարունակ նամակագրության մեջ էր Սուրբ Աթոռի հետ: Իր այդ ազդեցությունը, պարտավոր ենք ասել, միշտ գործածել է հօգուտ և ի պաշտպանություն Մխիթարի Միաբանության. ամենադժվարին պարագաներում ինքը եղավ Միաբանության ամենաեռանդուն ջատագովը: Նա Մխիթարի հուսալի ու անկեղծ բարեկամն էր. ուղղակի հիանում էր Մխիթարի կերպարով: Փոխադարձաբար, Մխիթարը նույնպես՝ Խաչատուր վարդապետի նկատմամբ ուներ միևնույն սերը, հիացումն ու հարգանքը[2]: Նրանց այդ սուրբ և քրիստոնեական բարեկամության համար ուրիշ օրինակ չեմ կարողանում գտնել, քան Սուրբ Բարսեղի և Սուրբ Գրիգոր Նազիանզացու միջև եղած բարեկամական կապը, որի մեջ Մխիթարն իր եռանդուն բնավորությամբ, գործնականը հայեցողական կյանքին միացրած, և որպես միաբանական կյանքի հիմնադիր, ավելի Սուրբ Բարսեղին է նմանվում, մինչ Խաչատուր վարդապետը՝ Նազիանզացուն, իր մեղմ բնավորությամբ, հայեցողական կյանքի միտումով և աստվածաբանական հմտությամբ:

[1] Խաչատուր վարդապետի նամակը Մխիթար Աբբային, 1706 Հունիս 20:
[2] Խաչատուր վարդապետն իր նամակներից մեկում գրում է Մխիթար Աբբահորը. «Հայր Հովհաննեսից լսեցի, որ այդ գավառի եպիսկոպոսի նամակը հասել է Հռոմ, և ձեզնից շատ գոհ են մնացել Սրբազան Քահանայապետն ու Սուրբ Ժողովը: Ուրիշներից էլ բազմաթիվ գովեստներ լսեցի ձեր մասին, և շատ ուրախացա: Ես հնարավորություններիս ներածի չափով օգնելու եմ ձեզ, քանի որ դուք իմ փառքս ու պարծանքս եք» (1708 Ապրիլ 11): Դարձյալ նույն ինքը Վենետիկից խորհուրդ էր տալիս Մխիթարին, – երբ Միաբանությունը դեռ Մեթոնում էր գտնվում, – թե ինչպես ավելի լավ է ուսուցանել աշակերտներին աստվածաբանական և իմաստասիրական ուսումները, և կամ ավելի գործնական գետնի վրա, թե ինչպես կարող էին Պատարագների համար ողորմություն և դրամական ուրիշ օգնություններ գտնել (1711 Մայիս 23):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։