Նկարագրություն Մխիթարի տված դաստիարակության – Գրադարան – Mashtoz.org

Նկարագրություն Մխիթարի տված դաստիարակության

Ճիշտ է, տղաների կրթությունն ու դաստիարակությունը հանձնվեց հատուկ Վերակացուների խնամքին, բայց Մխիթարի հովանին միշտ նրանց վրա էր: Նա հաճախ էր այցելում Նորընծայարան և Վարժարան. հետևում էր աշակերտների ժամանցին, ուշադրություն էր դարձնում նրանց կենցաղին ու վարքին, ուղղում էր յուրաքանչյուրի թերությունները, սովորեցնում էր զսպել սեփական կրքերը, խորտակել եսակենտրոն կամքը, չվհատվել դժվարությունների առաջ և չտկարանալ վշտերի մեջ: Ընտանության հետ միասին՝ ուներ նաև հարկավոր լրջությունը, խստության հետ՝ քաղցրությունը, որով միաժամանակ սիրելի էր և պատկառելի: Նրա մի հայացքն արդեն բավական էր՝ զգաստացնելու համար հանցավորին: Չսպասված պահին վրա էր հասնում, գտնվում էր ամեն տեղ, դիտում, գործերից ավելի՝ նրանց դիտավորությունն ու նպատակն էր քննում: Երբ երկու կամ երեք հոգի միասին խոսում էին, միանում էր նրանց, լսում, թե ինչի՛ մասին էր զրույցը. եթե բարի և օգտակար նյութի շուրջ էր, թողնում էր, որ շարունակեին, իսկ եթե անշահ կամ դատարկ հարցերի շուրջ էր, իսկույն ընդհատում էր և ինչ որ մի շահեկան նյութի կողմն էր ուղղում խոսակցությունը: Հանգստյան ժամերին թույլ էր տալիս, որ հանդարտորեն վիճաբանեին իմաստասիրության կամ իրենց ուսանած գիտությունների մասին. ինքն էլ էր ունկնդրում, առարկում, օգնում նրան, ով պետք է լուծեր խնդիրը կամ պատասխաներ հարցերին, լուսաբանում էր դժվարին կետերը և վերջում տալիս էր նաև լուծումը, եթե նրանք դժվարանում էին: Երբեմն այցելում էր սենյակները, տեսնելու համար, թե ի՛նչ են անում. արդյոք կարդո՞ւմ են, գրո՞ւմ են, թե՞ պարապ են մնացել կամ անիմաստ բաներով են զբաղվում: Նրանց գրածները կարդում էր, սրբագրում, խորհրդածում և խորհուրդ տալիս: Ներթափանց հայացք ուներ, որ կարդում էր սրտերն ու հոգու ներսը: Միևնույն հսկողությունն անում էր նաև քահանաների նկատմամբ: Չէր կարող տեսնել որևէ կանոնազանցություն կամ հանցանք և անցներ առանց խրատելու կամ հանդիմանելու: Զանցառուների հետ ընդհանրապես խիստ էր, բայց փոքր տղաների նկատմամբ ավելի ներողամիտ էր. առաջին անգամ կանոնազանց գտնվելիս՝ քաղցրությամբ խրատում էր առանձին. եթե հանցանքը կրկնվում էր, հանդիմանում էր բոլորի ներկայության. իսկ եթե երրորդ անգամ էին զանցառու լինում, պատժում էր: Սովորական պատիժներից էին ինչ որ մի թեթև ապաշխարանք դնելը, ընդհանուր ժամերգությունից զրկելը, մի որոշ ժամանակով ընկերությունից զատելը, և նման ա՛յլ բաներ: Սկզբից ևեթ խստություն էր գործադրում՝ կանոնները հարգել տալու համար: Ինքը պարտաճանաչ ու կանոնապահ անձ լինելով, նույնը պահանջում էր նաև ուրիշներից, քանի որ կանոնապահության թուլացումը կործանարար է Միաբանությունների համար: Սաստիկ հանդիմանում էր ու պատժում, եթե ինչ որ մեկն առանց թույլտվության, ինքնագլուխ գործեր էր անում: Ամեն բանից առաջ և ավելի, նրանց սրտերում դրոշմում էր հնազանդության առաքինության գիտակցությունը:

Մխիթարն իր հանգստյան ժամերն անցկացնում էր տղաների հետ, նրանց հետ պարտեզ էր իջնում, ուրախանում էր նրանց խաղերով ու մանկական ջինջ զվարճություններով: Դիտում էր, թե ինչպե՛ս էին մոլախոտերն արմատախիլ անում, ծաղիկներ տնկում ու ջրում, և այդ բոլորից կյանքի ուսանելիք դասեր էր քաղում: Մի օր տեսնելով, որ պատանիները բույս էին տնկում և տնկելուց առաջ դրանց արմատները շաղախի մեջ թաթախում, որպեսզի հողին լավ կպնեին ու արմատակալեին, դա որպես առիթ վերցնելով՝ երեկոյան ասաց. «Առաքինության բույսերն էլ այդպես պետք է տնկեք սրտներիդ մեջ. նախ հարկավոր է թաթախել խոնարհության տղմի մեջ, որպեսզի լավ արմատակալեն և փորձությունների տապից չչորանան»[1]: Մխիթարը, որ բնավորությամբ լուրջ ու ծանրակշիռ էր և կարգերի ու կանոնների հարցում խիստ, հանգստյան ժամերին միշտ ժպիտ էր ունենում դեմքին. նրա ներկայությունը ոգևորում էր պատանիներին և զվարթություն պատճառում: Նրանց հարցեր էր ուղղում, սովորածները կրկնել էր տալիս, առաքինությունների գործնական ձևեր էր ուսուցանում, Սրբերի կյանքից դրվագներ էր պատմում:

Մի օր փոքրիկներից մեկին հարցրեց. «Նեղությո՞ւնն է լավ, թե՞ հանգիստը»: Փոքրիկը պատասխանեց. «Նեղությունը»: Աբբահայրն ավելացրեց. «Ուզո՞ւմ ես, ուրեմն, որ ես միշտ նեղություն և վիշտ կրեմ»: Մինչ փոքրիկը տատամսում էր պատասխանելու, ինքը շարունակեց խոսքը և ասաց. «Մեղավոր մարդու համար նեղություններն օգտակար են, ինչպես լեղի դեղերը՝ հիվանդներին: Ամեն մարդ, սակայն, նեղությունն ու վիշտը ի՛ր համար պիտի փափաքի, բայց ո՛չ ուրիշների»:

Մի անգամ էլ տղաների հետ կանգնած դիտում էր գործավորներին, որոնք ամռան շոգին քրտնալից աշխատում էին: Մխիթարը, տղաների կողմը դառնալով, ասաց. «Ինչո՞ւ նրանք այսքա՜ն նեղությամբ պետք է ճարեն իրենց օրապահիկը, իսկ մենք՝ առանց նեղության առատորեն գտնենք մեր կերակուրը: Մի՞թե նրանք հանցավոր են, իսկ մենք՝ անմեղ: Արդարև, ասում եմ ձեզ, որ դատաստանի օրն Աստված մեզնից խիստ հաշիվ է պահանջելու, եթե Իրեն չծառայենք և Իրեն չսիրենք այնպես, ինչպես հարկ է»:

Մի ուրիշ անգամ էլ, երբ երիտասարդ քահանաները կանգնել, դիտում էին Աբբահոր նորակերտ սենյակի առաստաղը, որի գերաններին նկարիչը բազմաթիվ խաչեր էր գծում, Մխիթարը դարձավ և հարցրեց նրանց. «Գիտե՞ք, թե ի՛նչ են նշանակում այդ խաչերը: Ո՛չ թե սենյակիս գերանները զարդարելու համար են, այլ՝ խորհրդով եմ դրանք նկարել տալիս: Շատ հարմար է, որ խաչը մեծավորների սենյակում գտնվի, – ավելի, քան այլուր, – ցույց տալու համար, որ նրանք հպատակներից շա՜տ ավելի խաչերի ու վշտակրության առիթներ ունեն: Դուք առաջ սակավաթիվ էիք և իմ նեղություններն էլ սակավաթիվ էին: Այդ էին նշանակում առաջին՝ հին սենյակիս սակավաթիվ խաչերը: Հիմա, որ Աստծո ողորմությամբ բազմաթիվ եք, իմ վշտերն էլ բազմացել են: Սրա համար է, որ բազմաթիվ խաչեր եմ նկարել տալիս, որպեսզի գիշեր ու ցերեկ մտածեմ, որ Աստծո փառքի և Միաբանությանս օգուտի համար հարկավոր է, որ շա՜տ խաչեր կրեմ»:

[1] Խրատք Մխիթարայ Աբբայի, հտր. Բ, էջ 50:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։