Հրատարակում է մի քանի հոգևոր գիրք – Բերայում տուն է վարձում իր և աշակերտների բնակության համար – Գրադարան – Mashtoz.org

Հրատարակում է մի քանի հոգևոր գիրք – Բերայում տուն է վարձում իր և աշակերտների բնակության համար

Մխիթարն անհուն հրճվանքի մեջ էր, տեսնելով, որ այդքա՜ն տարիներից ի վեր իր մտքում հղացած խորհուրդը, ցավերի ու հալածանքների հնոցի մեջ զտվելուց հետո, վերջապես մոտենում էր իրականություն դառնալու: Բայց մի կացարան անգամ չուներ, ուր ժողովեր իր աշակերտներին և կանոնավոր ձևով նրանց դաստիարակությամբ զբաղվեր: Սակայն իրոք հիմնված էր արդեն սրտերի ներքին միաբանությունը, թեև դեռ կիսակատար վիճակում. և հարկավոր էր ամրացնել ու վեր բարձրացնել այդ բարոյական կառույցը, հարկավոր էր հայթայթել մտքի և հոգու սնունդը: Այդ նպատակով իսկ, այդ նույն տարվա՝ 1700 թվականի Հոկտեմբեր ամսին ձեռնարկեց հոգևոր գրքերի հրատարակության գործին: Նախևառաջ տպագրել տվեց Թովմա Գեմբացու գիրքը, որն ինքը «Ոսկեմատյան» էր անվանում և որն իր կրոնավորական կյանքի ուղենիշն էր եղել: Կամենում էր, որ իր աշակերտները ևս սնվեին այդ նույն սկզբունքներով և հետևեին այդ նույն ուղղությանը: Ապա հրատարակեց իր իսկ կողմից շարադրված կամ հավաքված ու խմբագրված Մտածական Աղոթքների մի գրքույկ: Այդ երկուսից հետո հրատարակեց աստվածաշնչյան գրքերի երկու մեկնություն. Հովհաննու Հայտնության մեկնությունը, որ գրել էր Մծխիթացի (կամ Տփխիսեցի) Պետրոս վարդապետը. և Երգ Երգոցի մեկնությունը, որ շարադրել էր Խաչատուր վարդապետը: Այդ հրատարակություններն իրականացնելու համար հարկավոր եղավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, որոնք նա կրեց իր սովորական տոկունությամբ: Իր այդ գործերը, որոնք կարելի է իր մյուս գործերի շարքին դասել, շատերի համար անծանոթ մնացին և միայն քչերը կարողացան գնահատել դրանց հեղինակին, քանի որ Մխիթարը, չափազանց համեստությունից մղված, իր անունն անգամ ծածկում էր, գրքերի վրա իրեն «չնչին բանասեր» անունով հիշատակելով միայն:

Մխիթարն ըմբռնել էր ընկերային կյանքի օգուտները, գիտեր, որ Միաբանությունն առանց սիրո և սրտերի միության՝ բանդագուշանք է. հարկ էր, որ իրար փոխադարձ սրբագրելու և հղկելու համար մտքերն ու բարքերը շփվեին միմյանց. հարկ էր, որ լիներ խոսքի և մտածումների մի առնչություն, որով իրար կապվեին հոգիները: Այդ նպատակով էլ, 1701 թվականի Ապրիլ ամսին, Բերայի առանձնացած թաղերից մեկում վարձեց ընդարձակ, բազմասենյակ և վայելչաշեն մի տուն, որ վանքի ձև ուներ և շատ հարմար էր իր նպատակներին: Այնտեղ հավաքեց իր աշակերտներին, կրկին բացատրեց նրանց իր նպատակը, սահմանեց կանոններ, որոշեց հոգևորի և ուսման հատուկ ժամեր, հորդորեց փութաջան ու եռանդուն լինել երկուսի մեջ էլ, պարզեց Հնազանդության էությունը, որ հիմքն է կրոնավորական կյանքի, և Կանոնապահությունը, առանց որի չկա ծառայություն: Այս բոլորն արեց մեծ զգուշությամբ, որպեսզի դուրսը՝ ժողովրդի մեջ չտարածվի, որ ինքը մտադիր է Միաբանություն հաստատելու, որովհետև բազմաթիվ հակառակորդներ կային, ժամանակն էլ գնալով սպառնալի կերպարանք էր ստանում և բոլորն էլ մոտալուտ փոթորիկի նախազգացումն ունեին: Մխիթարի գործերի մեջ հավասարապես փայլում են արիությունն ու խոհեմությունը, այդ երկու կարևոր առաքինությունները, որ անհրաժեշտ են որևէ առաջնորդի, որոնք եթե իրենց չափի մեջ չեն մնում, կա՛մ հանդգնության են հասցնում մարդուն, կա՛մ գցում են երկչոտության գիրկը: Նա միշտ աշակերտների հետ էր առավոտից մինչև երեկո, հսկում էր, ուղղում, կրթում և ուսուցանում: Աշակերտներից միայն մի քանիսին էր գիշերները վանատան մեջ պահում. մյուսներին, մանավանդ տեղացիներին, իրենց տներն էր ուղարկում: Ինքն էլ միայն տոն և կիրակի օրերին էր գնում Սուրբ Լուսավորիչ եկեղեցի և շարունակում իր քարոզները:

Քանի որ օրվա ընթացքում հաճախակի երթևեկ էր լինում վանատանը, ո՛չ միայն բարեկամների, այլ՝ երբեմն նաև անծանոթների և նույնիսկ կասկածելի անձանց, որևէ վտանգից ազատ մնալու համար՝ Մխիթարը գրակազմության կարևոր գործիքները գնեց և աշակերտների դիմաց դրեց: Մանավանդ որ Հայր Մանուելն արդեն տեղյակ էր այդ արվեստին: Ամեն անգամ, որ վանատուն հյուր էր գալիս, ուսման գրքերը ծածկում էին, սկսում էին թուղթ ծալել և գրակազմությամբ զբաղվել, և հյուրի մեկնելուց հետո միայն վերադառնում էին իրենց հոգևոր և ուսումնական աշխատություններին: Նման զգուշավորությամբ, Մխիթարը հուսով էր գոնե առժամանակ խուսափել հակառակորդների հալածանքներից: Անպատմելի էր աշակերտների ուրախությունը, երբ իրենց տեսնում էին խաղաղ ու երջանիկ միջավայրում, մինչդեռ իրենց շուրջը հուզվում և ծփում էր կրքերի ու թշվառության ալեսաստ մի ծով: Իրենք իրենց զգում էին տապանի մեջ, որն Աստծո առաջնորդությամբ առաջ էր ընթանում կոհակների վրայով: Սակայն երկար չտևեց այդ երջանկությունը: Շուտով սկսվեցին հակառակություններն ու հալածանքը: Բայց ինչպես որ կերևա ապագա դեպքերից, այդ հալածանքների մեջ կար Մխիթարի ձեռնարկին նպաստող նախախնամական մի բան: Պատմության կարգն անթերի պահելու համար, համառոտ կերպով մեջբերենք այդ հալածանքների գլխավոր դեպքերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։