Որոշում է թողնել Պոլիսը և գնալ Միաբանություն հիմնել քրիստոնյա մի որևէ երկրում – Գրադարան – Mashtoz.org

Որոշում է թողնել Պոլիսը և գնալ Միաբանություն հիմնել քրիստոնյա մի որևէ երկրում

Հալածանքն օրեցօր սաստկանում էր թե՛ մայրաքաղաքում և թե՛ գավառներում: Ամեն կողմ փնտրվում էին կաթողիկե հայերը, դատարաններն էին տարվում, ստիպում էին նրանց ուրանալ իրենց համոզումները, իսկ ովքեր հաստատուն էին մնում, իսկույն բանտարկվում էին, ծեծվում կամ աքսորվում, և նրանց բոլոր ունեցվածքները բռնագրավվում էին ի շահ թրքական արքունիքի: Կրոնական պայքարին խառնված լինելով նաև քաղաքական ու անձնական խնդիրները, ոչ ոք զերծ չմնաց այդ աղետալից ժխորից. շատերը վախից ամիսներով տներում փակված մնացին, ուրիշներ դեպի օտար աշխարհներ չվեցին, բազմաթիվ ընտանիքներ կործանվեցին կամ բնաջինջ եղան. քաղաքի վրայով կարծես ամեհի մի փոթորիկ անցավ, իր հետ բերելով ամայություն, ավերածություն և մահ: Շատերը զոհ դարձան ընչաքաղց դատավորների, որոնք իրենց անարգ շահադիտությանն առիթ դարձրեցին ժամանակի տխուր հանգամանքները: Ամեն ոք կասկածում էր մյուսին, մատնությունը դարձավ ամենաշահավետ արհեստը. չմնաց խիղճ, չմնաց արդարություն, ամեն տեսակ անիրավություններ էին գործվում և անպատիժ էին մնում դրամի շնորհիվ: Բայց ի վերջո, Եփրեմ Պատրիարքը, որն այս բոլոր չարիքների սկզբնապատճառն էր, գտավ իրեն արժանի պատիժը, ինչպես կպատմենք հաջորդ գլխում, իրենից ավելի հզոր բռնապետի կողմից աթոռընկեց արվելով ու աքսորվելով: Այդ օրերին Ադրիանապոլսում երկու մեծ հրդեհ բռնկվեց, որոնց պատճառով այրվեց նաև Հայոց եկեղեցին: Պոլսում ևս, ահագին մեծ հրդեհին ճարակ դարձան հազարավոր տներ և դա օրհասաբեր եղավ շատ շատերի համար: Այդ երկնառաք պատուհասներն անգամ չկարողացան, սակայն, հանդարտեցնել խժդժությունները: Բոլոր այդ հալածանքների ընթացքում Մխիթարը Վեղարավորների վանքում փակված մնաց, բայց իր ձայնը հասցնում էր բոլորին, քաջալերում, մխիթարում էր շատերին. և տառապանքի այդ օրերին էլ ողորմած ձեռքեր օգնության էին հասնում իր կարոտություններին:

Այդ վերջին իրադարձությունների լույսի ներքո Մխիթարը լիովին համոզվեց, որ Միաբանությունը երկար կյանք չէր կարող ունենալ Արևելքի մշտատատան հողի վրա: Հարկավոր էր հեռանալ, դարձյալ վերցնել պանդուխտի ցուպը և թափառել աշխարհե աշխարհ, մինչև որ գտներ խաղաղ ու ապահով մի անկյուն, ուր կարողանար դնել իր կառուցելիք շենքի հաստատուն հիմքը: Նա գերադասում էր անցնել Արևմուտք, ուր կկարողանար ազատորեն գործել քրիստոնյա մի որևէ պետության սահմաններում: Ոմանք խորհուրդ էին տալիս քաշվել Լիբանանի լեռների մեջ, ուր կաթողիկե Մարոնիթներն իրենց առանձին Պատրիարքն ունեին և իշխանը: Մխիթարը, սակայն, մտածում էր, որ լեռները բավական զորավոր ամբարտակ չէին ոսոխների չարամիտ հնարքների առաջ, և որ ամենակարևորն է, իր նպատակը Ազգին ճգնավորներ պարգևելը չէր, այլ՝ առաքինի և գիտուն քարոզիչներ: Ինչպե՞ս կարող էր ամայի բարձունքների վրա ուսումնական և գրական կյանքի միջոցներ ապահովել: Ահա այս էր պատճառը, որ երբ հալածանքը Պոլսում մի փոքր դադարեց, քարոզիչ աշակերտներին կանչեց, բոլորին իր մոտ հավաքեց, հայտնեց նրանց իր միտքը, իրեն և իրեններին Աստծուն և Սուրբ Կույսին հանձնեց ու վստահեց, խնդրելով մի լույս ծագել իրենց պաշարող մթության մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։