Հռոմ հասնելով, ներկայանում է Ծիրանավորներին և Սրբազան Քահանայապետին – Գրադարան – Mashtoz.org

Հռոմ հասնելով, ներկայանում է Ծիրանավորներին և Սրբազան Քահանայապետին

Հռոմ ոտք դնելու առաջին օրից իսկ բախտը սկսեց ժպտալ Մխիթարին. այնպես էր թվում, թե հաջողությունը վազում է նրա ետևից: Ճանապարհի հոգնությունը դեռ չթոթափած, երկրորդ օրն արդեն սկսեց իր այցելությունները: Նախ գնաց Վենետիկի դեսպան Նիկողայոս Դիեդոյի մոտ, որին ծերակույտի կողմից հանձնարարական նամակներ ուներ տալու: Դեսպանը սիրով ընդունեց Մխիթարին, իր աջակցությունը խոստացավ գործի հաջողության համար, ապա տարավ նրան ներկայացնելու Հավատասփյուռ Ժողովի Նախագահ և միաժամանակ հայկական հարցերի խնամակալ Ծիրանավոր Սակրիպանտեին, որը մեծ սիրով ընդունեց Աբբահորը, մխիթարեց ու քաջալերեց, ասելով, որ ամբաստանությունների պատճառով մտահոգվելու կարիք չկա, և հույս տալով, որ ամեն հարց դյուրությամբ և հաջողությամբ էր վերջանալու: Միևնույն սիրալիր ընդունելությունը և միևնույն հուսադրական խոստումները տվեցին նաև մյուս Ծիրանավորները: Ամեն ինչից գոհ է երևում Մխիթարը Հունիսի 4ին գրած իր նամակում, բացառությամբ քաղաքում տիրող չափազանց տաք եղանակի, որից ուղղակի այրվում էր:

Հունիսի 10ին, Քահանայապետը Քուիրինալեի պալատում հանդիսավոր ընդունելություն շնորհեց Վենետիկի դեսպանին: Մխիթարը ևս ընկերացավ նրան և իր երկու աշակերտների հետ ներկայացավ Սրբազան Քահանայապետին, որը մտերիմ քաղցրությամբ ու զվարթ դեմքով խոսեց Աբբահոր հետ կես ժամի չափ, ինչպես գրում է Մխիթարը. հարցեր տվեց Միաբանության ընդհանուր դրության մասին, այլևայլ տեղեկությունների հետ նաև՝ թե քանի՞ հոգի են, ինչո՞վ են զբաղվում, ինչպե՞ս հարմարվեցին նոր կյանքին. վերջում խոստանալով նաև հոգալ և կատարել Մխիթարի բոլոր խնդրանքները: Աբբահայրը, այս սիրամեծար ընդունելությունից քաջալերված և ուրախացած, դեսպանի հետ դուրս եկավ: Մի շաբաթ անց, Ծիրանավոր Սակրիպանտեի ընկերակցությամբ, կրկին ներկայացավ Քահանայապետին և այս անգամ մանրամասն պատմեց Միաբանությանը վերագրված զրպարտությունները, մանավանդ Պոլսի լատին Փոխանորդի կողմից Սուրբ Ժողովին գրվածները, որի պատճառով իրենց արգելվել էր քարոզության գնալ Արևելք: Քահանայապետն այդ բաները լսելով շատ վշտացավ և Մխիթարին հայրաբար քաջալերեց ամենևին չմտահոգվել, խոստանալով փութով քննել տալ այդ խնդիրները և անձամբ հսկել, որպեսզի արդարությունն ու ճշմարտությունը հաղթանակեն: Ապա Ժողովի ատենադպրին հրամայեց դիվանից դուրս հանել Միաբանության դեմ գրված բոլոր ամբաստանագրերը և դրանք հանձնել Աբբահորը, որպեսզի կարդալով տեղեկանա և առանձին մի տետրի մեջ մեկ առ մեկ նշի բոլոր ամբաստանությունները և դրանց յուրաքանչյուրի դիմաց գրի իր արդարացնող պատասխանները, և տպագրելով՝ մեկական օրինակ բաժանի բոլոր այն Ծիրանավորներին, որոնք քննելու էին այդ հարցը և հայտնելու էին իրենց կարծիքները: Աբբահոր պատասխաններից մի օրինակ էլ անձամբ իր համար ուզեց: Այդպիսի հայրական խորհուրդներով և հուսադրող խոսքերով հանդարտեցրեց Աբբահոր տագնապած սիրտը. վճիռ կայացնողն իր պաշտպանն էր, ուստի դատի հաջող ելքի վերաբերյալ տարակույս այլևս չկար:

Մխիթարն հաջորդ օրն իսկ գնաց Սուրբ Ժողովի ատենադպրի մոտ, որը նրա առաջ բացեց դիվանի դռները, ուր ատենական թղթերի մեջ էին գտնվում և՛ ընդհանուր Միաբանության, և՛ առանձին անձանց դեմ հարուցված բոլոր ամբաստանագրերը: Նախ գտավ Հայր Եղիայի դեմ գրված ամբաստանությունները, որոնց ներքո նշված էր. «Հայր Եղիան արդարացավ Կորնթոսի արքեպիսկոպոս Կառլինիի և այլոց ջատագովական գրությունների վկայությամբ: Զրպարտագրերը սուտ դուրս եկան», և այլն: Իսկ Հայր Գեորգի և Հայր Հովսեփի կամ ընդհանուր Միաբանության դեմ եղած զրպարտությունները ճիշտ այնպես էին գրված, ինչպես առիթն ունեցանք նշելու վերը: Միայն երկու կետ կար այդ ամբաստանություններում, որոնց Մխիթարը ծանոթ չէր. առաջինն այն էր, որ իբր թե Մեթոնի[1] հայ կրոնավորների նպատակը հոգիներին բարեգործելը չէ, այլ՝ ժողովրդից դրամ հավաքելը, և միայն այդ նպատակով են առաքելության գնում. իսկ երկրորդն այն էր, որ իբր թե Մխիթար Աբբայի աշակերտներն ասում են, թե իրենք գերբնական գիտություն ունեն, որովհետև Սուրբ Հոգին իր շնորհները Աբբահորն այնքան առատորեն է պարգևել, մանավանդ՝ գիտություն և իմաստություն, որ նա կարող է փչելով նույնը հաղորդել իր աշակերտներին: Մինչ Մխիթարը զարմանում էր, թե ինչպե՞ս կարելի էր այդպիսի անհիմն ու անտեղի հերյուրանքներ հորինել և դրանց հավատք ընծայել, Ծիրանավոր Սակրիպանտեն ժպտալով հիշեցրեց Ավետարանի խոսքը, թե «Ազգ քո և քահանայապետք մատնեցին զքեզ», և հավելեց, որ եթե ամբաստանողներն օտարազգիներ լինեին, դրանց այդքան հավատք չէր ընծայվի:

Մխիթարն իր առաքինի վարքով, խոհական ընթացքով և հմտությամբ շահում էր բոլորի, մանավանդ օտարների սերն ու հարգանքը, և հռչակվում էր նրանց կողմից: Այդուամենայնիվ, սակայն, չկարողացավ Հռոմում բնակվող հայերից ոմանց բերանը փակել, որոնք շարունակում էին զանազան զրպարտություններ տարածել իր մասին, իբր թե ինքնագլուխ կերպով եկեղեցական նորանոր կարգադրություններ է անում, փոփոխում է արարողությունները, և այլն: Այդ մեղադրանքները հասնում են մինչև Քահանայապետի ականջը. ուստի մի անգամ, երբ Մխիթարը կրկին իր հարգանքը մատուցելու էր գնացել, Քահանայապետը խոսք բացեց այդ խնդիրների մասին. Աբբահայրը պատշաճ պատասխաններով ցույց տվեց և ապացուցեց դրանց ստահոդ լինելը, այնպես, որ Քահանայապետը գոհ մնաց: Հարկավո՞ր է արդյոք ընդգծել այն փաստը, որ բոլոր այդ հակառակությունները մազաչափ անգամ չնսեմացրեցին այն լուսավոր պսակը, որ ձևացել էր Մխիթարի անվան շուրջը: Թեև նա իբրև ամբաստանյալ էր եկել Հռոմ, բայց իրեն մեղադրողներից ավելի հարգված և ընդունված էր, և օրինական քննությունները դեռ չսկսված՝ նա արդեն արդարացած էր բոլորի մտքի մեջ. և արդեն իր ամենասերտ բարեկամներն էին նրանք, ովքեր որպես դատավոր բազմելու էին իր դատին: Նա անուն առ անուն գիտեր, թե ովքեր էին նրանք, որ սիրում էին ծածուկ գործել՝ մարդու երեսին գովելով ու շողոքորթելով, իսկ ետևից մուր քսելով. քրիստոնեավայել սիրով ու անոխակալությամբ, սակայն, երբեք չնվազեցրեց նրանց նկատմամբ սիրո ու մեծարանքի ցույցերը, և ինչպես հաճախ էր ասում ու պատվիրում իրեններին, այդպիսիների հետ առավել քաղցրությամբ էր վարվում, նրանց շահելու համար: Հետևյալ դեպքը հավաստում է, թե որքան մեծ էր Մխիթարի վարկը, ո՛չ միայն պարզ անձանց մոտ, այլ նույնիսկ Քահանայապետի առաջ: Մի օր Մխիթարն իր երկու ընկերների հետ այցելության էր գնացել Հայոց եկեղեցին. այդ նույն պահին, Քահանայապետը պատահմամբ այդ կողմերով անցնելիս, կանգ է առնում, իջնում է կառքից և մտնում է եկեղեցին, տեսնելու, թե ինչպես են կատարվել իր կողմից պատվիրված նորոգությունները: Մինչ այնտեղ գտնվող հայազգի եպիսկոպոսներն[2] ու քահանաները ծնրադիր իրենց հարգանքն էին մատուցում, Քահանայապետն Աբբահորը տեսնելով՝նրան իր մոտ է կանչում և սկսում է բարեկամաբար խոսել այլևայլ հարցերի մասին: Բոլոր տեսնողները զարմանում են և այդ դեպքից հետո ավելի է հռչակվում Մխիթարի անունը, իսկ հակառակորդները զինաթափվում են, տեսնելով, որ իրենց զրպարտությունները, վնասելու փոխարեն, առավել ևս նպաստում են նրա անվան ու գործի փառավորմանը:

[1] Այդ ամբաստանությունների մի մասն այն ժամանակ էր գրվել, երբ միաբանությունը դեռ Մեթոնում էր գտնվում:
[2] Այդ ժամանակ բավական թվով հայազգի եպիսկոպոսներ էին գտնվում Հռոմում, որոնցից ոմանք տարբեր պատճառներով Արևելքից փախել և ապաստան էին գտել այնտեղ. Գրիգոր Ուռհայեցին, որը ձեռնադրիչ եպիսկոպոսն էր. Մատթեոս Սարին, Սսի նախկին Կաթողիկոսը, որի հետ անձամբ տեսակցության է գնացել Մխիթարը. մեզ ծանոթ Հովնան Սեբաստացին. Սեֆեր և Սահակ եպիսկոպոսները. Բասիլ Շեհրիմանը, Վենետիկում բնակվող Շեհրիմանյան ազնվական ընտանիքից, որը սակայն, ամենայն հավանականությամբ, պարզապես քորեպիսկոպոս էր. և այլոք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։