Սկսվում է Միաբանության գործի քննությունը, բայց այլևայլ դժվարությունների պատճառով երկարելով՝ Հայր Եղիա վարդապետը վերադառնում է Մեթոն – Գրադարան – Mashtoz.org

Սկսվում է Միաբանության գործի քննությունը, բայց այլևայլ դժվարությունների պատճառով երկարելով՝ Հայր Եղիա վարդապետը վերադառնում է Մեթոն

Սակայն վեց ամիս անցավ, իսկ գործը տեղից չէր շարժվում, որին ուրիշ պատճառ չկար, բացի այն ամեն տեսակ քստմնելի չարախոսությունները, որ անդադար հասնում էին Արևելքից, որոնցով հակառակորդներն աշխատում էին աղարտել Մխիթարի և Միաբանության համբավը, և այդպես ձախողել նրանց գործը: Այդ զրպարտություններն ուրիշ հետևանք չունեցան, այլ միայն ուշացրեցին Միաբանության գործը, զանազան կասկածներով շփոթելով ժողովականներից ոմանց միտքը, իսկ մյուս կողմից, անշուշտ, նորանոր կսկիծներ ու տագնապներ պատճառեցին Մխիթարի սրտին: Հազիվ էին հերքվում նախկին չարախոսությունները, իսկույն հաջորդում էին ուրիշները, որով խնդիրը գնալով ավելի կնճռոտ վիճակի մեջ էր հայտնվում, և ստեպ թղթակցություններ էին լինում Մխիթարի և Սուրբ Ժողովի միջև, ոչ սակավ կասկածներ ծագելով նաև համառոտ Սահմանադրության որոշ մթին կետերի նկատմամբ, որոնց վերաբերյալ բացատրության կարիք էր զգացվում: Եվ այդպես, գործը շատ դանդաղաքայլ էր առաջ գնում, և կարելի էր կանխատեսել, թե որքա՜ն երկար էր տևելու քննությունը, մինչև վերջնական որոշման հանգելը: Ուստի ավելորդ համարելով իրենց երկուսի միաժամանակ այնտեղ մնալը, Հայր Եղիա վարդապետը Ժողովի համաձայնությամբ վերադարձավ Մեթոն, 1706 թվականին: Միաբանները, տեղեկանալով գործի ձգձգմանն ու այդ ժամանակավոր անհաջողությանը, տխուր վիճակի մեջ էին. Միաբանության գոյությունը կախված էր Ժողովի կողմից կայացվելիք վճռից, ուստի սրտատրոփ սպասում էին, թե ի՛նչ ընթացք էր ստանալու խնդիրը: Հայր Եղիա վարդապետը, հասնելով և պատմելով Քահանայապետի կողմից իրենց տրված սիրալիր ընդունելությունը և ցույց տրված հայրական գորովը, բոլորին ուրախացրեց ու ոգևորեց: Մխիթար Աբբան իմանալով, որ Հայր Հովհաննեսը ստիպված էր տարիներով մնալու Հռոմում, նրան նամակ գրեց, որ ջանա կատարյալ կերպով սովորել իտալերեն և լատիներեն լեզուները, որոնք շատ կարևոր էին Միաբանության համար: Ինքն էլ, որ այդ լեզուներին միայն մակերեսային կերպով էր ծանոթ, իր այդքա՜ն զբաղվածության մեջ ժամանակ գտավ, իր սովորական տոկունությամբ և մեծ ընդունակությամբ, այնքան հիմնովին տիրապետելու այդ լեզուներին, որ հետո այդ լեզուներից զանազան գրքեր թարգմանեց հայերենի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։