Հռոմ են գնում, ճանապարհին կանգ առնելով Վենետիկում – Հռոմում, Վենետիկի դեսպանի առաջնորդությամբ, ներկայանում են Կղեմես ԺԱ Քահանայապետին – Գրադարան – Mashtoz.org

Հռոմ են գնում, ճանապարհին կանգ առնելով Վենետիկում – Հռոմում, Վենետիկի դեսպանի առաջնորդությամբ, ներկայանում են Կղեմես ԺԱ Քահանայապետին

Երկու վարդապետները վենետիկյան մի նավով բարեհաջող հասան դոժերի մայրաքաղաքը, որի հզոր պաշտպանությունը և առատ պարգևները Մխիթարը և իր միաբանները վաղուց արդեն վայելել էին, և որի դրոշը վերջապես խոստանում էր ապագայում ամուր և ապահով ապավեն լինել իրենց: Այժմ էլ, իրեն դիմող վարդապետներին ո՛չ նվազ բարեսեր հյուրընկալություն ցույց տվեց այդ հրաշակերտ, վաճառաշահ, ճոխ և իր հաղթանակների փառքով պսակված քաղաքը, որը ճիշտ տասը տարի անց (1715ին) գրկաբաց ընդունելու էր անողոք մարտերի աղետներից փախած հայ նժդեհների խմբին, որոնց կողմից այնուհետև նկատվելու էր որպես երկրորդ հայրենիք, իսկ իր փառքի վերջալույսին՝ լինելու էր Հայ Ազգի գրականության խանձարուրը: Մեր երկու ուղևորները, որոնք իրենց կարևոր նվիրակության հաջող ելքի մասին էին միայն մտածում, շուտով մեկնեցին Վենետիկից, առանց անշուշտ մտածելու, թե մի օր նրա մնայուն հյուրերն էին լինելու: Նոր հանձնարարականներ ու վկայագրեր ձեռք բերելով, նրանք ցամաքային ճանապարհով ուղևորվեցին դեպի Քրիստոնեության կենտրոնը՝ տիեզերակալ ու հռչակավոր Հռոմ քաղաքը, որ հեթանոս մեծության ավերակների վրա բարձրացած և հին ժամանակներից ավելի հանրահայտ դարձած, սիրո և կրոնի գրկախառնումով էր այլևս կամենում ներկայանալ մարդկությանը: Այդ նույն 1705 թվականի Սեպտեմբերի վերջին կամ Հոկտեմբերի առաջին օրերին հասան Հռոմ, որն իր հոյակապ եկեղեցիներով ու պալատներով, ընդարձակ հրապարակներով, մեծագործ հուշարձաններով և հսկա շքեղությամբ շլացրեց նրանց: Իրենց ամբողջ ուշադրությունը, սակայն, իրենց գործին դարձրած, առանց ուշադրություն դարձնելու երկար ճանապարհի հոգնածությանը, փութացին այցելության գնալ Հռոմում Վենետիկի դեսպանին, որն ամեն ազնվություն ցուցաբերեց՝ քաղաքում մնալու ողջ ընթացքում բոլոր առիթներով օգտակար ու առաջնորդ լինելով նրանց: Առաջին հերթին նրանց տարավ և ներկայացրեց Հավատասփյուռ Ժողովի Նախագահ Ծիրանավորին, որին էլ հանձնեցին իրենց նամակներն ու վկայագրերը: Նույն դեսպանի շնորհիվ, ապա, իրենց հարգանքը հայտնելու և իրենց փափաքը պարզաբանելու համար ներկայացան անձամբ Քահանայապետին, որը շատ սիրով ընդունեց նրանց, մանավանդ երբ դեսպանը լիուլի գովեստներ խոսեց Միաբանության և նրա Հիմնադրի մասին: Կղեմես Տասնմեկերորդը, իրոք գորովասեր մի հայր, չկարողացավ արցունքները զսպել, երբ լսեց Միաբանության կրած վշտերի ու հալածանքների համառոտ, բայց սրտահույզ պատմությունը և հայ վարդապետներից տեղեկություններ ստացավ Արևելքում ընդհանրապես քրիստոնյաների, բայց հատկապես կաթողիկեների աղետալի վիճակի մասին: Քաջալերեց նրանց և խոստացավ փութով և հոժարությամբ կատարել նրանց խնդրանքը. ապա բոլոր միաբաններին և մանավանդ նրանց հարգելի Գլխին տալով իր առաքելական օրհնությունը, սիրով արձակեց նրանց: Եվ հիրավի, ինչպես որ խոստացել էր, իսկույն Ծիրանավորների ժողովին հանձնեց Միաբանության գործը, ինչպես սովորություն էր, որպեսզի իրավասու և փորձագետ անձինք քննեին հարցը և ըստ այնմ տրվեր Սուրբ Աթոռի հավանությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։