Գրական կերպերը – Գրադարան – Mashtoz.org

Գրական կերպերը

Սաղմոսների լավագույն դասակարգումը ստանում ենք գրական կերպերի ուսումնասիրությամբ: Ոճական այս տեսանկյունից դիտված, Սաղմոսարանում կարելի է զանազանել գրական երեք կերպերի գործածում. օրհներգներ, աղերսանքներ և երախտագիտության մատուցման աղոթքներ: Այս բաժանումը սպառիչ չէ, որովհետև գոյություն ունեն նաև երկրորդական կերպեր, կամ իրենց հիմնական հատկանիշներից շեղվող կերպեր, կամ էլ՝ խառը կերպեր: Ինչպես նաև, այս բաժանումները միշտ չէ, որ համապատասխանում են խմբավորումներին, որոնք ձևավորվում են սաղմոսներից յուրաքանչյուրի նյութի կամ նպատակների հիման վրա:
 
ա) Օրհներգներ:
 
Այդպիսիք են 8, 19, 29, 33, 46-48, 76, 84, 87, 93, 96-100, 103-106, 113-114, 117, 122, 135-136, 145-150 սաղմոսները: Նրանց շարադրանքը բավականին կայուն ոճ ունի: Նրանցից յուրաքանչյուրը սկսվում է Աստծուն փառաբանելու հորդորով: Օրհներգի կենտրոնական մասը ներկայացնում է այդ փառաբանության պատճառները. Աստծո կողմից բնության մեջ կատարված հրաշքները, հատկապես Նրա արարիչ գործունեությունը, և հրաշագործ միջամտությունները, որոնք Նա կատարում է պատմության ընթացքում, հատկապես Նրա կողմից Իր ժողովրդին պարգևված փրկությունը: Սաղմոսն ավարտվում է կրկնելով սկզբնական բանաձևը կամ խոսքը եզրափակում է աղոթքով:
Այս սաղմոսների ամբողջության մեջ կարելի է առանձնացնել սաղմոսների երկու խումբ, որոնք մյուսներից տարբերվում են իրենց քննարկած նյութի հիման վրա. ա) Սիոնի երգերը (46, 48, 76, 87), որոնք վախճանաբանական ակնհայտ տեսլականով պանծացնում են Սուրբ Քաղաքը, որը Բարձրյալի բնակավայրն է և ուխտագնացությունների նպատակակետը (հմմտ. Սղմ 84 և 122). բ) Աստծո Արքայության սաղմոսները (հատկապես 47, 93, 96-98), որոնցում փառաբանվում է Յահվեի տիեզերական թագավորությունը, մի ոճով, որն հիշեցնում է մարգարեական գրությունները: Քանի որ գործածում են մարդկային թագավորների գահակալման արարողակարգի բառապաշարն ու պատկերները, ուսումնասիրողներից ոմանք ենթադրել են, թե Իսրայելում գոյություն է ունեցել Յահվեի թագադրման տարեկան տոն, ինչպես Բաբելոնում կատարվում էր Մարդոք չաստծո համար: Բայց այդ ենթադրությունը գրեթե ամբողջովին անհիմն է ու անապահով:
 
բ) Աղերսանքներ կամ տառապանքի սաղմոսներ, կամ էլ՝ ողբասացություններ:
 
Ի տարբերություն օրհներգների, աղերսանքները չեն երգում Աստծո փառքը, այլ՝ ուղղակի դիմում են Նրան: Ընդհանրապես սկսվում են օգնության կանչով, որն ապա վերածվում է ավելի ծավալուն աղոթքի կամ վստահության արտահայտությունների: Սաղմոսի կենտրոնական հատվածում սաղմոսերգուն ջանում է շարժել Աստծո գութը, նկարագրելով աղերսարկուների տխուր իրավիճակը. և դա անում է մեծապես ավանդական փոխաբերություններով, որոնք միայն հազվադեպ են թույլատրում հստակ կերպով ճշտել աղոթքի պատմական հանգամանքները. խոսվում է անդնդախոր ջրերի մասին, մահվան կամ դժոխքի (շեոլ) դարանակալման մասին. թշնամիների կամ գազանների մասին (շներ, առյուծներ, եզներ), որոնք սպառնում են կամ հոշոտում. ոսկորների մասին, որոնք ցամաքում են կամ փշրվում. սրտի մասին, որն ուժգին բաբախում է ու սարսափում: Կան անմեղության ցույցեր (7, 17, 26) և մեղքերի խոստովանություններ, ինչպես «Ողորմիր ինձ, Աստված»ը (51) և ապաշխարության ա՛յլ սաղմոսները: Աստծո առաջ հիշատակվում են Նրա հինավուրց շնորհներն ու պարգևները, կամ էլ՝ Նրան են ուղղվում մի տեսակ հանդիմանություններ Իր ժողովրդին կամ Իր ծառաներին մոռացած կամ նրանց կյանքում բացակա թվալու համար (9-10, 22, 44): Բայց հաստատակամ արտահայտվում է նաև Նրա հանդեպ մշտապես վառ պահվող վստահությունը (3, 5, 42-43, 55-57, 63, 130 և ուրիշներ): Աղերսանքի սաղմոսը երբեմն ա՛յլ բան չէ, եթե ոչ միայն՝ վստահությամբ լի կոչ կամ դիմում (4, 11, 16, 23, 62, 91, 121, 125, 131): Հաճախ աղերսանքի աղոթքն ավարտվում է – և դա շատ կտրուկ ու հանկարծակի կերպով – վստահության արտահայտությամբ, որ աղոթքն արդեն իսկ ընդունվել է, և ուստի՝ նաև երախտագիտության մատուցմամբ (6, 22, 69, 140):
Այդ աղերսանքները կարող են լինել հավաքական կամ անհատական:
ա) Հավաքական աղերսանքներ են ներկայացնում 12, 44, 60, 74, 79, 80, 83, 85, 106, 123, 129, 137 սաղմոսները: Դրանց շարադրման համար առիթ են հանդիսացել ազգային եղերական իրադարձությունները, պատերազմներում պարտությունները, քաղաքներից մեկի կամ մի քանի քաղաքների կործանումն ու թալանը, կամ էլ՝ համատարած չքավորությունն ու տարբեր տեսակի նեղությունները: Այդպիսի դեպքերում սաղմոսներն հայցում են ժողովրդի փրկությունը և հոգևոր ու նյութական վերանորոգումը: 74րդ և 137րդ սաղմոսները, Երեմիային վերագրվող Ողբերի նման, մտորում են Երուսաղեմի կործանման հետևանքների մասին (Ք.ա. 587թ.): 85րդ սաղմոսն արտահայտում է աքսորից վերադարձածների զգացմունքները: 106րդ սաղմոսը ազգի մեղքերի ընդհանուր խոստովանություն է:
բ) Անհատական աղերսանքներ են ներկայացնում 3, 5-7, 13, 17, 22, 25, 26, 28, 31, 35, 38, 42-43, 51, 54-57, 59, 63-64, 69-71, 77, 86, 102, 120, 130, 140-143 սաղմոսները: Այս ոճի սաղմոսները խիստ բազմաթիվ են և նրանց բովանդակությունը շատ բազմազան է. մահվան վտանգներից, հալածանքներից, աքսորից և ծերությունից բացի, չարիքները, որոնցից այս սաղմոսների հեղինակները խնդրում են ազատվել, հատկապես հիվանդություններն են, զրպարտություններն ու հանիրավի մեղադրանքները, և մեղքը: Թշնամիները, «չարագործները», որոնց դեմ սաղմոսերգուները բողոքում են ու զայրանում, հստակ անձնավորված չեն: Համենայն դեպս, խոսքն այստեղ չի վերաբերվում կախարդների, ինչպես ոմանք ենթադրում են, որոնց կախարդանքների դեմ են պայքարում սաղմոսները: Ինչպես նաև, այս տաղերը հավաքական «ես»ի եզակի թվով արտահայտությունը չեն, ինչպես ենթադրում են ուրիշները: Անհիմն է նաև վերջերս առաջարկված վարկածը, որի համաձայն՝ բոլոր այս սաղմոսները դրվել էին թագավորի շուրթերին, որն Աստծո առաջ խոսում էր հանուն ժողովրդի: Այս աղոթքների ձայներանգը չափազանց անձնական է ու անհատական, և միաժամանակ՝ դրանք լիովին զուրկ են թագավորի անձին կամ վիճակին ուղղված ակնարկներով: Թերևս ճիշտ է, որ այս սաղմոսներից ոմանք հետագայում հարմարեցվել և գործածվել են նաև որպես ազգային ողբասացություններ (22, 28, 59, 69, 71, 102): Ճիշտ է նաև, որ այս սաղմոսների թվին են պատկանում նաև թագավորական սաղմոսներից մի քանիսը: Եվ ի վերջո ճիշտ է նաև, որ այս աղոթքները ժամանակի ընթացքում բոլորն էլ գործածվել են հասարակության կողմից (դրանով է բացատրվում նաև նրանց ներկայությունը Սաղմոսարանում): Բայց մնում է փաստը, որ դրանք շարադրվել են անհատների համար, կամ անհատների կողմից, հստակ ու մասնավոր կարիքների համար: Դրանք հոգու աղաղակն են, անձնական հավատքի արտահայտությունը: Իրոք, դրանք երբեք պարզ ողբասացություններ չեն կյանքում պատահող չարիքների դեմ, այլ՝ Աստծուն ուղղված վստահության աղոթքներ են, որովհետև Նա կարող է օգնել դժվարություններում:
 
գ) Երախտագիտության մատուցման աղոթքներ:
 
Ինչպես արդեն նշեցինք, աղերսանքները կարող էին ավարտվել երախտագիտության մատուցմամբ, ուղղված առ Աստված, որն ընդունում է աղոթքը: Շնորհակալության այս արտահայտումը կարող է տաղի էական մասը դառնալ երախտագիտության մատուցման սաղմոսներում (18, 21, 30, 33-34, 40, 65-68, 92, 116, 118, 124, 129, 138, 144): Սրանք նույնպես կարող են լինել հավաքական կամ անհատական: Ժողովուրդն Աստծուն շնորհակալություն է հայտնում ինչ որ մի վտանգից ազատվելու, բերքառատ տարի ունենալու, թագավորին տրված բարի ձիրքերի և օգնության համար: Որոշ դեպքերում սաղմոսերգուն, կրած չարիքները և իր աղոթքի ընդունված լինելը հիշատակելուց հետո, երախտագիտության զգացմունքներ է արտահայտում և հավատացյալներին հորդորում է իր հետ միասին փառավորել Աստծուն: Սաղմոսի այս վերջին մասը հաճախ առիթ է հանդիսանում նաև ուսուցումներ ներմուծելու համար: Երախտագիտության մատուցման սաղմոսների գրական կառուցվածքը մոտ է օրհներգների կառուցվածքին:
 
դ) Շեղումներ կամ գրական խառը կերպեր:
 
Գրական վերոհիշյալ կերպերի միջև սահմանները բավականին թույլ են և հաճախ պատահում է, որ դրանք խառնվում են միմյանց: Կան, օրինակի համար, ողբասացություններ, որոնք հաջորդում են վստահության աղոթքներին (27, 31), կամ որոնց հաջորդում են երախտագիտության մատուցման օրհնություններ (28, 57): 89րդ սաղմոսը սկսվում է որպես օրհներգ, շարունակվում է պատգամի խոսքերով և ավարտվում է ողբասացությամբ: 119րդերկարաշունչ սաղմոսը օրենքին ուղղված օրհներգ է, բայց նաև անհատական ողբասացություն է և ներկայացնում է իմաստասիրական ուսուցումներ: Բազմաթիվ տարրեր, ուստի, որոնք ինքնըստինքյան օտար են քնարերգությանը, ներմուծվել են Սաղմոսարանից ներս: Արդեն ակնարկեցինք իմաստասիրական նյութերին և արդեն ասացինք, որ հանդիպում են երախտագիտության մատուցման որոշ սաղմոսներում: Դրանք երբեմն այնքան ծավալուն են, որ դրանց հյուրընկալող սաղմոսները ոմանց կողմից անվանվում են – բավականին անճիշտ կերպով – ուսուցողական սաղմոսներ: Իրականում 1, 112 և 127 սաղմոսներն իմաստասիրական պարզ գրություններ են: Բայց ուրիշ սաղմոսներ պարունակում են նաև քնարերգական կերպի որոշակի հատկանիշներ. 25րդ սաղմոսը կապակցվում է ողբասացություններին, 32րդը, 37րդը և 73րդը՝ երախտագիտության մատուցման աղոթքներին, և այլն:
Ուրիշ սաղմոսներ իրենց մեջ ներառել են պատգամներ, կամ էլ՝ հենց իրենք են ձևավորվել պատգամի սկզբնական միջուկի շուրջը: Այդպիսիք են 2, 50, 75, 81, 82, 85, 95, 110 սաղմոսները: Ուսումնասիրողները վերջին ժամանակներում ավելի հակված են կարծելու, որ խոսքը վերաբերվում է իրական պատգամների, որոնք քահանաներից կամ մարգարեներից ոմանք արտասանել են Տաճարում կատարվող արարողությունների ընթացքում: Ուրիշներ շարունակում են այդ հատվածներում տեսնել պարզապես մարգարեական ոճի գործածումը, առանց պաշտամունքային արարողությունների հետ իրական կապի: Հարցը դեռ քննարկվում է, բայց հարկավոր է ընդունել, մի կողմից, որ Սաղմոսարանի և մարգարեական գրականության միջև կապերն ու հարաբերություններն ավելին են, քան միայն պատգամների թեման, և տարածվում են բազմաթիվ ա՛յլ թեմաների վրա ևս, ինչպիսիք են աստվածահայտնությունները, գավաթի, կրակի, հնոցի պատկերները, և այլն. և մյուս կողմից, որ անժխտելի կապեր գոյություն ունեն Սաղմոսարանի և Տաճարում կատարվող ծիսական պաշտամունքների միջև: Այս հարցին, սակայն, դեռ կանդրադառնանք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։