Սաղմոս 24 [23] - Փառքի Թագավորը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 24 [23] - Փառքի Թագավորը

Այս սաղմոսը թվում է, թե հիշատակում է Ուխտի Տապանակի մուտքը Երուսաղեմի Տաճար (2Սմ 6, 12-15): Ոգևորված մարդկանց մի թափոր ուղեկցում է Տապանակին: Տերը, թեև անտեսանելի կերպով, ներկա է նրանում: Նրանք, ովքեր մասնակցում են արարողությանը, հռչակում են Աստծո գերագույն իշխանությունն ամբողջ աշխարհի վրա: Տաճարին մոտենալով զգում են, թե ինչպես է իրենց վրա իշխող դառնում Աստծո սրբության նկատմամբ խոր հարգանքը և հարցնում են, թե արդյոք ո՞վ կարող է արժանի լինել մտնելու Սրբարանից ներս: Տաճարից քահանան պատասխանում է. կարող է մտնել նա, ով հավատարիմ է և մաքուր սիրտ ունի: Երկխոսությունը շարունակվում է: Արդ խոսքը բանաստեղծականորեն ուղղվում է Տաճարի դռներին. պետք է բացվեն, ընդունելու համար փառքի թագավորին:
Հիսուսը՝ փառքի Տերը, եկել է մեր մոտ. մարդացել է: Սուրբ, անմեղ ու անբիծ, Հիսուսը մտնում է Երուսաղեմ, այնտեղ խաչվելու և Իրեն որպես զոհ ընծայելու համար, «մեկ անգամ ընդմիշտ» (Եբր 9, 12): Մտել է երկնային Սրբարանը և մեր համար ստանում է հավիտենական փրկությունը:
Քրիստոսը շարունակում է զգալի դարձնել Իր ներկայությունը – թեև տարբեր եղանակներով – ծիսական արարողություններում և եղբայրների մեջ: Այստեղ է, որ պետք է փնտրենք Նրան: Սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն: Ով սիրում է եղբայրներին, քայլում է լույսի մեջ և ճանաչում է Աստծուն: Եթե սիրում ենք միմյանց, Աստված մնում է մեր մեջ:
 

 
Կցորդ.  
Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ մտավ Սրբությունից ներս,
մեր համար ստանալով հավիտենական փրկությունը (հմմտ. Եբր 9, 12):
կամ.  
Նա, ով իջավ, նաև բարձրացավ երկինք,
լցնելու համար գոյություն ունեցող ամեն բան (հմմտ. Եփս 4, 10):

 


 
1Դավթի: Սաղմոս:
 
Տիրոջն է երկիրը և նրանում բովանդակված ամեն բան,
աշխարհը և նրանում բնակվող ամեն ոք.
2Նա է, որ այն հիմնեց ծովերի վրա,
գետերի վրա հաստատեց այն:
 
3Ո՞վ կարող է բարձրանալ Տիրոջ լեռը.
ո՞վ կարող է մտնել Նրա Սրբության վայրը:
 
4Ում ձեռքերն անմեղ են և սիրտը մաքուր,
ով ունայնությանը չի հանձնում իր կյանքը,
ով նենգ մտադրությամբ չի երդվում:
 
5Կստանա Տիրոջ օրհնությունը,
իր փրկության Աստծո արդարությունը.
6ահա՛ սերունդը, որ փնտրում է Նրան,
որ փնտրում է Հակոբի Աստծո երեսը:
 
***
 
7Բարձրացրեք, իշխաններ, ձեր դռները,
բարձրացե՛ք, դռներ հավիտենական,
և թող ներս մտնի փառքի Թագավորը:
 
8Ո՞վ է այս փառքի Թագավորը.
Տերն ուժեղ և հզոր,
պատերազմում հզոր Տերը:
9Բարձրացրեք, իշխաններ, ձեր դռները,
բարձրացե՛ք, դռներ հավիտենական,
և թող ներս մտնի փառքի Թագավորը:
 
10Ո՞վ է այս փառքի Թագավորը.
ամբողջ տիեզերքի Տերը,
Նա է փառքի Թագավորը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։