Սաղմոս 57 [56] - Փառքովդ թող լցվի երկիրը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 57 [56] - Փառքովդ թող լցվի երկիրը

Առյուծների նման, չարագործները դաժանորեն հոշոտում են իրենց զոհին. նրանք ոտնակոխ են անում նրա բարի համբավը: Կարո՞ղ է հալածյալը չփափաքել, որ Աստված հայտնվի մեծվայելչությամբ, պատժելու համար թշնամուն և երկրի վրա հաստատելու Իր թագավորությունը: Սաղմոսի երկրորդ մասում սաղմոսերգուն երգում է փրկությունը, որը գործն է Աստծո, որն արշալույսի նման բարձրանում է մարդկանց թանձր գիշերվա մեջ:
 

 
Կցորդ.  
Դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք,
այլ՝ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ (հմմտ. 1Թղ 5, 4-5):
կամ.  
Այլևս քնից արթնանալու ժամանակն է,
որովհետև այժմ մեր փրկությունն ավելի մոտիկ է (Հռմ 13, 11):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մի՛ կործանիր: Դավթի: Միքթամ:
Երբ Սավուղի առջևից փախավ քարանձավ:
 
2Ողորմիր ինձ, ո՜վ Աստված, ողորմիր ինձ,
որովհետև Քեզ եմ ես ապավինում.
ապավինում եմ թևերիդ ներքո,
մինչև որ կանցնի ձախորդությունը:
 
3Ես աղաղակում եմ Աստծուն, Բարձրյալին,
Աստծուն, որ ամեն բան անում է իմ համար,
4Նա երկնքից առաքում է փրկությունը.
թող ոչնչացնի ցանկությունը նրա, ով կամենում է լափել ինձ,
թող Աստված առաքի Իր շնորհն ու Իր ճշմարտությունը:
 
5Ես բնակվում եմ առյուծներով շրջապատված,
որոնք հոշոտում են մարդկային էակներին.
նրանց ատամները նետեր են ու նիզակներ,
նրանց լեզուն՝ սրածայր սուր:
 
6Երկնքից ավելի վեր բարձրացիր, Աստված,
և թող Քո փառքը լցնի երկիրը:
 
7Ցանց նետեցին ոտքերիս առաջ,
և ահա, ընկճվելու վրա եմ ես.
առջևս փոս փորեցին,
և ահա, իրենք են ընկնում նրա խորքը:
 
8Իմ սիրտը հաստատուն է, ո՜վ Աստված,
իմ սիրտը հաստատուն է,
ուզում եմ երգել և սաղմոս ասել:
 
9Զարթնիր, ներաշխարհ իմ,
արթնացեք, տավիղ ու քնար.
արթնացնելու եմ արշալույսը:
 
10Ժողովուրդների առաջ
երախտագիտություն եմ հայտնում Քեզ, Տեր,
ազգերի առաջ երգում եմ Քեզ.
11Քո սերը երկնքից ավելի մեծ է,
Քո ճշմարտությունը՝ ամպերից ավելի վեր:
 
12Երկնքից ավելի վեր բարձրացիր, Աստված,
և թող Քո փառքը լցնի երկիրը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։